Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/554

Այս էջը հաստատված է

օրգանիզմի պահանջներին: Արտաքին Շ-յան արդյունավետությունը մեծ չափով կախված է կեցվածքից: Արտաքին Շ. կարելի է բարելավել հատուկ մարզումների՝ շնչառ. մարմնամարզության կամ այլ վարժությունների միջոցով: Հանգիստ վիճակում մարդը 1 ր-ում շնչում և արտաշնչում է 6-9 լ օդ, և մոտավորապես 5 լ արյուն է անցնում թոքերի մազանոթներով: Թոքային մազանոթների միջոցով թոքաբշտիկների Օ2-ը անցնում է արյան մեջ, իսկ CՕ2-ը՝ արյունից թոքեր (գազերի մոլեկուլներն իրենց ավելի բարձր կոնցենտրացիայի վիճակից անցնում են ավելի նոսր վիճակի): Թոքաբշտիկների շատ բարակ պատերը (մոտ 1 մկմ) գրեթե չեն խոչընդոտում գազերի տեղափոխումը: Սովոր. պայմաններում թոքաբշտիկներում Օ2-ի կոնցենտրացիան ավելի բարձր է, քան արյան մեջ (թոքաբշտիկների օդում Օ2-ի պարունակությունը գրեթե նույնն է, ինչ մթն. օդում), ուստի Օ2-ը անցնում է արյան մեջ: Դրան հակառակ՝ արյան մեջ ածխաթթվի կոնցենտրացիան միշտ ավելի բարձր է, քան մթն. (օդաբշտիկային) օդում, հետևաբար CՕ2-ը թոքային մազանոթների արյունից անցնում է թոքաբշտիկներ, այնտեղից՝ մթն. օդ: Հաջորդ փուլում արյան հոսքով տարբեր հյուսվածքներ ու օրգաններ փոխադրված Օ2-ը անցնում է այդ հյուսվածքների և օրգանների բջիջները, քանի որ վերջիններս «մշտական» աշխատանքի հետևանքով անընդհատ օգտագործում են Օ2 և արտադրում CՕ2: Բջիջներում Օ2-ի կոնցենտրացիան միշտ ցածր է, քան արյան մեջ, իսկ CՕ2-ինը՝ բարձր: Այսպիսով՝ իր ամբողջ ճանապարհին (թոքերից արյան միջոցով՝ հյուսվածքներին) Օ2-ը իր ավելի բարձր կոնցենտրացիայի վիճակից անցնում է դեպի նոսրը և, վերջապես, օգտագործվում է հյուսվածքներում, իսկ CՕ2-ը աշխատող օրգաններից (իր բարձր կոնցենտրացիայի վիճակից) արյան միջոցով շարժվում է դեպի թոքերը՝ իր նվազագույն կոնցենտրացիան:

Այդպիսին է գազափոխանակության ընդհանուր սխեման: Օրգանիզմում Շ. իրականացվում է լրացուցիչ մեխանիզմների օգնությամբ:

Թթվածինը քիչ է լուծվում ջրում, որը կազմում է արյան պլազմայի հիմն. բաղադրամասը: Հաշվված է, եթե այն փոխանցվեր միայն արյան պլազմայի միջոցով, ապա 70 կգ քաշ ունեցող մարդու կյանքի համար կպահանջվեր 25 անգամ ավելի հզոր սիրտ, 20 անգամ մեծ թոքեր և 100 լ արյուն (և ոչ թե 5 լ) 1 ր-ում մղելու համար: Բնությունը հաղթահարել է այդ դժվարությունները: Արյան մեջ Օ2-ի և CՕ2-ի փոխադրիչը հեմոգլոբինն է: Հեմոգլոբինի շնորհիվ արյունը կարող է կապել 70 անգամ ավելի Օ2 և 20 անգամ ավելի CՕ2, քան արյան հեղուկ մասը՝ պլազման: Դա կատարվում է հետևյալ սխեմայով. Օ2-ը թոքային մազանոթներով անցնում է արյան պլազմա և այնտեղից՝ էրիթրոցիտներ: Էրիթրոցիտներում պարունակվող հեմոգլոբինը միանում է Օ2-ի հետ, առաջացնում օքսոհեմոգլոբին, որի հետևանքով ազատ Օ2-ի կոնցենտրացիան էրիթրոցիտներում խիստ նվազում է և նպաստում Օ2-ի նոր մոլեկուլների թափանցելուն էրիթրոցիտներ: Առաջացնելով օքսոհեմոգլոբին՝ էրիթրոցիտներն իրենց են «ձգում» Օ2-ը: Դա է պատճառը, որ արյունը թոքային մազանոթներով անցնելիս Օ2-ի կոնցենտրացիան դրանցում աճում է:

Օ2-ի՝ հեմոգլոբինին միանալու գործընթացը և առաջացած օքսոհեմոգլոբինի ճեղքումը կարգավորվում են Օ2-ի ընդհանուր քանակով և մասամբ Օ2-ով: Թոքերում, որտեղ Օ2-ի կոնցենտրացիան համեմատաբար բարձր է, առաջանում է օքսոհեմոգլոբին: Հյուսվածքներում, որտեղ Օ2-ի կոնցենտրացիան շատ ցածր է, օքսոհեմոգլոբինը ճեղքվում է, Օ2-ը ազատվելով անցնում է հյուսվածքներ: Կենսագործունեության ընթացքում հյուսվածքներում առաջացած CՕ2-ն անցնում է արյուն, այնտեղից՝ էրիթրոցիտներ: CՕ2-ի մի մասը միանում է հեմոգլոբինին՝ առաջացնելով կարբոհեմոգլոբին, և հասնում թոքեր, մնացած մեծ մասը էրիթրոցիտներում պարունակվող կարբոանհիդրազ ֆերմենտի մասնակցությամբ վերածվում է ածխաթթվի աղերի, որոնք անցնում են արյան պլազմա և արյան հոսքով տեղափոխվում դեպի թոքեր:

Թոքային մազանոթներում հիդրոկարբոնատները նույն կարբոանհիդրազ ֆերմենտի մասնակցությամբ ճեղքվում են. առաջացած CՕ2-ն անցնում է թոքաբշտիկներ, այնտեղից արտաշնչման միջոցով հեռանում է շրջակա միջավայր: Թոքեր հասած կարբոհեմոգլոբինը նույնպես ճեղքվում է, Օ2-ը անցնում է թոքաբշտիկներ, այնտեղից՝ շրջակա միջավայր:

Հանգիստ վիճակում, աննշան ֆիզ. բեռնվածության դեպքում արյունը հյուսվածքներին հանձնում է Օ2-ի միայն 40 %-ը: Բեռնվածության ավելացման դեպքում մեծանում է Օ2-ի ծախսը:

Շ-յան կարգավորումն իրականացնում է շնչառ. գլխ. կենտրոնը (գտնվում է երկարավուն ուղեղի ցանցանման գոյացության շրջանում և կազմված է շնչառման ու արտաշնչման բաժիններից, որոնք փոխադարձ ֆունկցիոնալ հարաբերության մեջ են՝ մեկի դրդումն ուղեկցվում է մյուսի արգելակմամբ), որի բնականոն գրգռիչներն են CՕ2-ը և Օ2-ի պակասն արյան մեջ: Շնչառման և արտաշնչման ռիթմիկ հերթափոխությունն իրականանում է թափառող նյարդի միջոցով՝ թոքաբշտիկներից դեպի շնչառ. կենտրոն գնացող գրգիռների շնորհիվ: Շ-յան կարգավորմանը մասնակցում են նաև գլխուղեղի վերին բաժինները, այդ թվում նաև մեծ կիսագնդերի կեղևը:

ՇՆՉԱՓՈՂ. տես Շնչառական համակարգ հոդվածում:

ՇՆՉԱՓՈՂԱԲՈՐԲ, տրաքեիտ, շնչափողի լորձաթաղանթի բորբոքում: Որպես կանոն՝ առաջանում է վարակիչ հիվանդությունների (գրիպ և շնչառ. այլ սուր հիվանդություններ, կարմրուկ, կապույտ հազ են) դեպքում: Նախատրամադրող գործոններ են օրգանիզմի գերսառեցումը, ինչպես նաև սրտի ու թոքերի հիվանդությունները, երեխաների մոտ՝ ռախիտը ևն: Առավել հաճախ դիտվում է գարնանը և աշնանը: Տարբերում են սուր և քրոնիկ. Շ.:

Սուր Շ-ի հիմն. ախտանշանը հազն է, որը հիվանդին անհանգստացնում է գիշերը և հատկապես՝ առավոտյան: Այն, որպես կանոն, նոպայաձև է, առաջանում է խորը շնչելիս, ծիծաղելիս, լաց լինելիս, շրջապատի օդի ջերմաստիճանի փոփոխությունից: Հիվանդության սկզբն. շրջանում խորխը դժվար է արտազատվում: Խիստ արտահայտված Շ-ի դեպքում հազից հետո ի հայտ են գալիս բութ, բկանցքը քերծող ցավեր: Հիվանդի ընդհանուր վիճակը համարյա չի փոխվում՝ չնայած երբեմն նկատվում են գլխացավ, ջերմաստիճանի բարձրացում, ջարդվածության զգացում: Սուր Շ. ապաքինվում է 1-2 շաբաթում: Ժամանակին չբուժելիս կամ բժշկի նշանակած ռեժիմը չպահպանելիս հնարավոր է հիվանդության անցումը քրոնիկի կամ գործընթացի տարածումը շնչառ. ուղիների այլ հատվածներ (տես Բրոնխաբորբ, Թոքաբորբ):

Քրոնիկ Շ. առաջանում է շնչառության օրգաններում արյան կանգի հանգեցնող հիվանդությունների (թոքափքանք, սրտի, երիկամների հիվանդություններ) ժամանակ և հիմնականում արտահայտվում է առավոտյան և երեկոյան սաստկացող հազով: Հիվանդությունը երկարատև է՝ ժամանակավոր լավացումներով:

Բուժում է բժիշկը: Սուր Շ-ի դեպքում հազը թեթևացնում է սոդայով (1/4 թեյի գդալ՝ 1 բաժակին) և կարագով (5-10 գ 1 բաժակին), հանքային ջրով կամ մեղրով տաք կաթը: Առանց բժշկի նշանակման