Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/566

Այս էջը հաստատված է

է կարմիր ոսկրածուծ: Մարդու կմախքում խողովակավոր ոսկրերից հիմնականում կազմված են վերջույթները:

Սպունգանման և տափակ ոսկրերը հիմնականում կազմված են սպունգանման նյութից, որը ծածկված է հոծ նյութի բարակ թիթեղիկներով: Սպունգանման ոսկրերից են ողների մարմինները, տափակներից՝ կրծոսկրը, գանգի հիմի ոսկրերը:

Ոսկրի կազմի մեջ մտնող օրգ. և անօրգ. նյութերի զուգակցումը ոսկրին մեծ ամրություն է տալիս: Կմախքի ոսկրերն իրար են միացած ընդհատվող (հոդեր) և անընդհատ միացումներով՝ աճառի կամ շարակցական հյուսվածքի օգնությամբ (օրինակ՝ կոնքի ցայլոսկրերը):

Ո. հ. օրգանիզմում կատարում է մեխ. և կենսբ. ֆունկցիաներ: 1-ինի շարքն են դասվում մարմնի հենման և շարժողության ֆունկցիաները, արտաքին վնասակար ազդակներից առանձին օրգանների և համակարգերի պաշտպանումը: Օրինակ՝ գլխուղեղը պաշտպանված է գանգի ոսկրերով, ողնուղեղը՝ ողնաշարով (տես Մարդ), որի մեջ էլ այն գտնվում է, սիրտը և թոքերը՝ կրծքավանդակով:

Մարմնի շարժումներն իրականացվում են շարժողության օրգաններով, որոնց շարքն են դասվում ոսկրերը, նրանց միացումները և մկանները: Ո. հ-ի կենսբ. ֆունկցիաներից է նրա մասնակցությունը նյութափոխանակությանը: Կմախքում կենտրոնացած է մարդու օրգանիզմի անօրգ. նյութերի հիմն. մասը (կալցիումի, ֆոսֆորի, մագնեզիումի և այլ աղեր), որոնք մասնակցում են բոլոր օրգանների և համակարգերի հյուսվածքային փոխանակային գործընթացներին: Ոսկրերում պարունակվող կարմիր ոսկրածուծն արյան բջջային տարրերի հիմն. աղբյուրն է (տես Արյուն, արյունաստեղծ համակարգ):

Կենսբ. տեսակետից Ո. հ. շատ շարժուն է և մարդու կյանքի ընթացքում բավականաչափ փոխվում է: Սաղմի Ո. հ. կազմված է աճառային հյուսվածքից, և ծնվելու պահին ոսկրացումը տեղի է ունենում միայն երկար խողովակավոր ոսկրերի (օրինակ՝ ազդրոսկր, բազկոսկր, սրունքի ոսկրեր) միջնահատվածներում: Ո. հ-ի մնացած բաժինների ոսկրացումը տեղի է ունենում տարբեր ժամկետներում, բայց որոշակի տարիքում: Ո. հ-ի տարիքային փոփոխություններն այնքան բնորոշ են, որ մարդաբաններին հնարավորություն են տալիս պեղումների ժամանակ հայտնաբերած ոսկրերով որոշել հարյուրավոր տարիներ առաջ տվյալ բնակավայրում ապրած մարդկանց տարիքը: Երեխաների ոսկրերում գերակշռում են օրգ. նյութերը, որով պայմանավորված է ոսկրի առաձգականությունը. դրանով է բացատրվում մանկ. տարիքում երեխաների ոսկրերի կոտրվածքների հազվադեպությունը և համեմատաբար թեթև ընթացքը: Տարեց մարդկանց ոսկրերում օրգ. նյութերը նվազում են, որի հետևանքով դառնում են փխրուն, և ոսկրաբեկորների սերտաճումը դժվարանում է:

Ո. հ-ի զարգացումը և նրանում փոխանակային գործընթացները տեղի են ունենում նյարդային ու ներզատիչ համակարգերի ազդեցությամբ: Ներզատիչ գեղձերի արտադրած հորմոնները որոշակի նշանակություն ունեն ոսկրերի, նրանց չափերի, կենսաքիմ. կազմի և այլ հատկությունների ձևավորման համար: Ո. հ-ի զարգացման վրա բավականաչափ ազդում է մարդու ապրելակերպը: Առանձին ոսկրերը և ամբողջ կմախքը համաչափ են զարգանում ֆիզ. բեռնվածության ներքո: Անշարժությունը հանգեցնում է հետադարձ երևույթների, ոսկրերը կորցնում են մեխ. ամրությունը և կարող են ձևափոխվել: Դրա վրա է հիմնված բուժ. ֆիզկուլտուրայի կիրառումը, որը հնարավորություն է տալիս խելամիտ ձևով ազդել կմախքի և նրա բաղադրամասերի վրա, օրինակ՝ կոտրվածքների ժամանակ ոսկրաբեկորների սերտաճումն արագացնելու, հոդերում շարժումները մշակելու, առանձին ձևախախտումներ շտկելու նպատակով:

Ո. հ-ի ձևավորման մեջ կարևոր դեր է կատարում ռացիոնալ սնունդը: Այս դեպքում ամենից առաջ հարկավոր է նկատի ունենալ երեխաների սնունդը՝ հաշվի առնելով օրգ. և հանքային տարբեր նյութերի հանդեպ աճող օրգանիզմի պահանջները, որոնք անհրաժեշտ են ոսկրերի աճման ու զարգացման համար: Օրինակ՝ վիտամինների անբավարարությունը կարող է հանգեցնել ոսկրերի ձևախախտումների, նրանց աճման կասեցման, կալցիումի և ֆոսֆորի անբավարարությունը՝ ոսկրերի փխրունացման և ձևախախտումների: Կարևոր է նաև, որ կալցիումի և ֆոսֆորի աղերն օրգանիզմ ներմուծվեն ճիշտ հարաբերակցությամբ: Այդ պահանջները հիմնականում լրացնում են կաթն ու կաթնամթերքը: Կալցիումի աղերի պահանջն աճում է հղի կանանց և կերակրող մայրերի մոտ, քանի որ նրանց օրգանիզմի սեփական կալցիումն օգտագործվում է պտղի կմախքի կառուցման վրա կամ արտազատվում է կաթի հետ: Սննդում կալցիումի անբավարարությունը փոխհատուցվում է ոսկրերից օրգանիզմ անցնող կալցիումի հաշվին, որը կարող է Ո. հ-ի նշանակալի խանգարումների և կմախքի կոպիտ ձևախախտումների պատճառ դառնալ: Կարևոր նշանակություն ունի նաև սննդում տարբեր միկրոտարրերի, օրգ. և այլ նյութերի բնականոն փոխհարաբերությունը (տես Սնուցում):

Ո. հ-ի հիվանդությունները բազմատեսակ են ու բազմաթիվ, հիմնականներից են բնածին (դիսպլաստիկ), սնուցախանգարումային (դիստրոֆիկ), բորբոքային և ուռուցքային հիվանդությունները:

Ո. հ-ի բնածին հիվանդությունների շարքն են դասվում ախտահարումների բազմաթիվ խմբեր, որոնց հիմն. ախտանշանը ներարգանդային շրջանում կամ ծնվելուց հետո առանձին ոսկրերի կամ ամբողջ կմախքի զարգացման խանգարումն է: Այդ հիվանդությունները կարող են զուգակցվել այլ օրգանների և համակարգերի ֆունկցիաների խանգարումներով: Ո.հ-ի բնածին հիվանդությունները սովորաբար ուղեկցվում են ոսկրերի ձևախախտումներով: Դրանց պատճառները դեռևս լրիվ ուսումնասիրված չեն, բայց հայտնի է, որ հաճախ պայմանավորված են արյունակցական ամուսնություններով, առաջանում են նաև հղի կանանց օրգանիզմի վրա վնասակար գործոնների (վնասվածքներ, քիմ. ազդակներ, նյարդային ծանրաբեռնվածություն, ծխելը, ալկոհոլը) ազդեցությամբ: Սնուցման խանգարման հետ կապված հիվանդություններն առաջանում են ոսկրային հյուսվածքի սնուցման (այդ թվում՝ սննդի մեջ տարբեր բաղադրամասերի անբավարարություն) խանգարումների հետևանքով: Սնուցման խանգարման օրինակ է ռախիտը, որն առաջանում է երեխայի օրգանիզմում D վիտամինի անբավարարությունից: Հասուն մարդկանց մոտ այդ վիտամինի անբավարարությունը նույնպես հանգեցնում է նյութափոխանակության խանգարման (այդ թվում նաև ոսկրային հյուսվածքում),