Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/567

Այս էջը հաստատված է

ոսկրի ամրության նվազման, առանձին ոսկրերի ձևախախտման: D վիտամինն օրգանիզմ է ներմուծվում սննդի հետ և, բացի այդ, գոյանում է մաշկում՝ արևի ճառագայթների ազդեցությունից: Ուստի յուրաքանչյուրին անհրաժեշտ են տարիքին համապատասխան արևային ճառագայթում և զբոսանքներ մաքուր օդում: Կարևոր է բնակավայրերում օդի աղտոտման կանխումը, որը նպաստում է արևային ճառագայթման թուլացմանը:

Հոդերում և ողներում տեղային արյան շրջանառության խանգարումը հանգեցնում է կազմափոխ. սնուցախանգարումային հիվանդությունների՝ հոդերի (հոդախտ) և ողնաշարի (օստեոխոնդրոզ) ոչ բորբոքային հիվանդությունների: Հիվանդները դրանց ոչ ճիշտ անվանում են «աղերի կուտակում»: Օստեոխոնդրոզը վերջին տասնամյակում հաճախացել է, որը հիմնականում պայմանավորված է նստակյաց ապրելակերպով: Ուստի նշված հիվանդությունների կանխարգելման համար ամենից առաջ անհրաժեշտ է խելամիտ ապրելակերպ (ֆիզ. բեռնվածությունների չափավորում):

Ո. հ-ի սնուցախանգարումային հիվանդությունների շարքն է դասվում օստեոխոնդրոպաթիաների մեծ խումբը (նկատվում է հիմնականում երեխաների և դեռահասների մոտ), պայմանավորված է Ո. հ-ի այս կամ այն հատվածի սնուցման խանգարմամբ, որի հետևանքով ոսկրը մեռուկանում է, փափկում և բեռնվածության տակ (եթե այն չի ընդհատվում) ձևախախտվում: Ավելի ուշ այն փոխարինվում է առողջ հյուսվածքով, սակայն ձևախախտումը, մեկ անգամ առաջանալով, կայուն մնում է և կարող է ցավերի, որևէ հոդի կամ ամբողջ ծայրանդամի ֆունկցիայի խանգարման պատճառ դառնալ:

Օստեոխոնդրոպաթիաների ժամանակ հաճախ ախտահարվում են ազդրոսկրի գլխիկը, թաթոսկրի գլխիկը, ոլոքի վերին ծայրը: Ժամանակին բժշկի դիմելը և վաղ բուժումը հնարավորություն են տալիս խուսափել ախտահարված հատվածի բեռնվածությունից, ձևախախտման առաջացումից և նպաստում առանց որևէ բարդության լրիվ բուժվելուն:

Ո. հ-ի հաճախակի հիվանդություններից է սկոլիոզը (ողնաշարի կողմնային ծռումը): Այն կարող է առաջանալ երեխայի և դեռահասի կեցվածքի խանգարման հետևանքով (սխալ ընտրած կահույքը, պարապմունքի ժամանակ երեխայի դիրքը ծնողների կողմից չհսկվելը, տեսողության կամ լսողության խանգարման ժամանակ երեխայի հարկադրական դիրքը ևն): Իմանալով այդ գործոնները՝ հարկավոր է ձեռք առնել կեցվածքի խանգարման կանխարգելման միջոցներ: Բժշկի ուշ դիմելիս այդ շեղումները կարող են խորանալ և հանգեցնել կմախքի մյուս բաժինների 2-րդային ձևախախտումների: Կեցվածքի խանգարումներն ինքնուրույն կարելի է շտկել բուժ. ֆիզկուլտուրայով և պահպանող. բուժման մյուս մեթոդներով:

Սկոլիոզը կարող է առաջանալ նաև նյութափոխանակության բնածին խանգարումների, ողների կողմնային բաժինների քայքայմամբ ուղեկցվող հիվանդությունների (օրինակ՝ տուբերկուլոզային ողնաշարաբորբի, ուռուցքների) ժամանակ: Նման դեպքերում սկոլիոզը պահանջում է ավելի բարդ, հաճախ վիրահատ, միջամտություն: Այդպիսի ախտահարումների ելքը հիմնականում որոշվում է ժամանակին սկսած բուժումով: Ո. հ-ի որոշ հիվանդություններ առաջանում են ողնաշարի գերբեռնվածության պատճառով՝ հատկապես երեխաների և դեռահասների մոտ: Գերբեռնվածությունը շատ վնասակար է Ո. հ-ի տարրերի բնածին թուլության ժամանակ: Այդպիսի հիվանդություններից է տափակաթաթությունը, որն առաջանում է կապանային ապարատի բնածին թուլության ֆոնի վրա՝ ոտնաթաթի գերբեռնվածության դեպքում: Վաղ բուժումը հնարավորություն է տալիս կասեցնել հիվանդությունը և շտկել արդեն առաջացած ձևախախտումը: Բժշկի ուշ դիմելիս առավելապես առաջանում են ոտնաթաթի կայուն, վիրահատ. բուժում պահանջող ձևախախտումներ և կարող են հանգեցնել ոտքի արտահայտված ֆունկցիոնալ անլիարժեքության:

Ո. հ-ի բորբոքային հիվանդություններից ավելի հաճախ հանդիպում են ոսկրածուծաբորբը և ոսկրերի ու հոդերի տուբերկոզոզը: Ոսկրային հյուսվածքի բորբոքումը կարող է առաջանալ նաև որպես կրած հիվանդությունների՝ ֆուրունկուլոզի, որովայնային տիֆի և պարատիֆերի, բծավոր տիֆի, գոնոռեայի, սիֆիլիսի բարդություն: Երբեմն դրանք առաջանում են բաց կոտրվածքների ժամանակ վարակի հարուցիչները մերկացած ոսկրային հյուսվածք ներթափանցելիս:

Ո. հ-ի բորբոքային գործընթացները կարելի է կանխել տարբեր վարակիչ հիվանդությունների և ոսկրերի վնասվածքների կանխարգելմամբ ու բուժմամբ: Ո. հ-ի բորբոքային հիվանդության ախտանշան կարող են լինել ոսկրերի և հոդերի շրջանում առաջացող ցավերը, արագ հոգնելիությունը. դրանք ի հայտ գալիս հարկավոր է անհապաղ դիմել բժշկի: Բորբոքային հիվանդությունների մեծամասնության բուժումը ներկայումս ավարտվում է ապաքինմամբ (դա վերաբերում է նաև վերականգնման ֆունկցիային), սակայն հիվանդից պահանջվում է բժշկի նշանակումները կատարելու համբերություն:

Ո. հ-ի ուռուցքները կարող են լինել բարորակ և չարորակ, որից էլ կախված է բուժման եղանակի ընտրությունը: Ցանկացած դեպքում դրանց վաղ հայտնաբերումը թեթևացնում է բուժման ընթացքը և նպաստում ախտահարված հատվածի ֆունկցիայի վերականգնմանը:

Ո. հ-ի ախտահարումները հանդիպում են հաճախ: Դրանց շարքն են դասվում կոտրվածքները, հոդախախտումները, ինչպես նաև հոդերի ախտահարումները: Եթե կոտրվածքներով և հոդախախտումներով հիվանդները, որպես կանոն, բժշկի դիմում են անմիջապես վնասվածքից հետո, ապա ավելի մանր վնասվածքների ժամանակ հաճախ գալիս են ուշացումով, որը երբեմն հանգեցնում է վնասված վերջույթի ֆունկցիայի խանգարմամբ ուղեկցվող անվերադարձ փոփոխությունների: Ժամանակակից վնասվածքաբանությունը և օրթոպեդիան տրամադրում են Ո. հ-ի վնասվածքների գերակշռող մեծամասնության արդյունավետ բուժման բավարար միջոցներ:

Արդ-յան և կենցաղի տեխ. հագեցվածության հետ կապված՝ հարկավոր է պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները, դաստիարակչ. աշխատանք ծավալել երեխաների և դեռահասների շրջանում:

Ո. հ-ի հիվանդությունների և վնասվածքների բուժման համար ներկայումս կիրառվող միջոցները նախատեսված են ինչպես հիվանդության տեղային օջախի, այնպես էլ ամբողջ օրգանիզմի համար: Բուժման պահպանող. մեթոդները ներառում են դեղանյութեր, բուժ. ֆիզկուլտուրա, մերսում, ֆիզիոթերապևտիկ բուժարարողություններ, որոնք հաճախ հնարավորություն են տալիս շտկել Ո. հ-ի ձևախախտումները:

Ոսկրերի կոպիտ ծռումների և հոդերի ձևախախտումների կամ կմախքի այս կամ այն հատվածի քայքայման ժամանակ դիմում են վիրահատ. միջամտության: Բուժման արդյունավետությունն ապահովվում է կատարելագործված սարքերով և կոնստրուկցիաներով, որոնք ներկայումս կիրառում են վնասվածքաբանները և օրթոպեդները: Օրինակ՝ ճնշող-ձգող ապարատները հնարավորություն են տալիս, առանց փափուկ հյուսվածքները հատելու, շտկել ոսկրերի կոպիտ ձևախախտումները, երկարացնել դրանք, վերականգնել