Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/588

Այս էջը հաստատված է

բարձր է, քան մաշկածածկույթներինը, ուղիղ աղիքում 0,3-0,4°0-ով բարձր է, քան անութափոսում: Մարդու մաշկի տարբեր հատվածներում ջերմաստիճանը տարբեր է. բարձր է անութափոսում, փոքր-ինչ ցածր՝ պարանոցի, դեմքի, իրանի, ավելի ցածր՝ ձեռքերի ու ոտքերի և.ամենացածրն է ոտքերի մատների մաշկի վրա:

Մարդու մարմնի ջերմաստիճանն անութափոսում տատանվում է 36,6°-36,7°C, որոշ առողջ մարդկանցը կարող է 36°C-ից մի փոքր ցածր և 37°C-ից բարձր լինել: Մարմնի ջերմաստիճանը կախված է շրջակա օդի ջերմաստիճանից, խոնավությունից և շարժման արագությունից, մկանային աշխատանքի ուժգնությունից, հագուստից, մաշկի մաքրությունից ու խոնավությունից և այլ հանգամանքներից: Արտաքին անբարենպաստ պայմաններում առաջանում է օրգանիզմի սառեցում կամ գերտաքացում: Օրվա ընթացքում նկատվում են մարմնի ջերմաստիճանի ֆիզիոլոգ. տատանումներ, առավոտյան և երեկոյան ջերմաստիճանի տարբերությունը միջինը 0,3-0,5°C է (առավոտյան ցածր է): Տարեց և ծեր մարդկանց մարմնի ջերմաստիճանն ավելի ցածր է, քան միջին տարիքինը: Վաղ մանկ. տարիքում նկատվում է մարմնի ջերմաստիճանի առանձնակի անկայունություն (մեծ տատանումներով):

Մարմնի ջերմաստիճանի փոփոխություններ նկատվում են տարբեր հիվանդությունների կամ ջերմակարգավորման խանգարումների ժամանակ: Բորբոքային և վարակիչ շատ հիվանդություններ ուղեկցվում են ջերմաստիճանի բարձրացումով: Առանձին վարակիչ հիվանդությունների դեպքում նկատվում է ջերմաստիճանի փոփոխության որոշակի օրինաչափություն (տես Տենդ), որն ունի ախտորոշիչ նշանակություն:

Մարմնի ջերմաստիճանը կարող է նվազել տարբեր թույներով (կուրարե, նիկոտին, եթեր) թունավորումների, կոմայի, հյուծող հիվանդությունների ժամանակ: Մարմնի ջերմաստիճանի արհեստ. իջեցման (թերջերմություն) վիճակն օգտագործվում է որոշ վիրահատությունների դեպքում: Մարմնի ջերմաստիճանը չափվում է բժշկ. ջերմաչափով:

ՋԵՐՄԻՋԵՑՆՈՂ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ, տենդային իրավիճակներում մարմնի ջերմաստիճանն իջեցնող դեղանյութեր:

Տենդի դեպքում (անկախ առաջացման պատճառից) մարմնի ջերմաստիճանը բարձրանում է օրգանիզմի ջերմային հավասարակշռության խանգարման հետևանքով, և ջերմագոյացումը գերակշռում է ջերմատվությանը: Ուստի որպես Ջ. դ. սովորաբար օգտագործում են ջերմատվությունը բարձրացնող դեղանյութեր: Դրանք ոչ նարկոզային ցավամոքիչների շարքի (տես Ցավամոքիչ դեղանյութեր) սինթետիկ պատրաստուկներ են (ացետիլսալիցիլաթթու, ամիդոպիրին, անալգին, ֆենացետին, պարացետամոլ ևն): Ջերմիջեցնող ազդեցություն են ունենում նաև մեղրը և ազնվամորին, որոնց ներգործությունն ուժեղանում է, եթե միաժամանակ մեծ քանակությամբ հեղուկ են օգտագործում:

Ջ. դ. փոխում են գլխուղեղի ջերմակարգավորման կենտրոնի դրդելիությունը, որը հանգեցնում է մաշկի արյան անոթների լայնացման և քրտնարտադրության ուժեղացման: Դրա հետևանքով ջերմատվությունը մեծանում է, և ջերմաստիճանը նվազում է: Սակայն Ջ. դ. չեն վերացնում հիվանդության պատճառը, իսկ որոշ դեպքերում (օրինակ՝ վարակիչ հիվանդությունների ժամանակ) կարող են նույնիսկ դանդաղեցնել առողջացումը, քանի որ ջերմաստիճանի բարձրացումն այդ դեպքում օրգանիզմի պաշտպան. հակազդեցություններից է: Ավելին, առանց բժշկի նշանակման Ջ.դ-ի ընդունումը (վարակիչ հիվանդությունների դեպքում) կարող է աղավաղել կլինիկ. պատկերը և դժվարացնել ժամանակին ախտորոշումն ու բուժումը: Ուստի ջերմաստիճանի բարձրացման դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ և ընդունել Ջ. դ.: Վերջիններս օգտագործելիս անհրաժեշտ է պահպանել բժշկի խորհուրդները:

ՋԼԱԲՈՒՆՈՑԱԲՈՐԲ. տենդովագինիտ, ջլերի ձուսպային բունոցների բորբոքում: Յուրաքանչյուր բունոց իրենից ներկայացնում է շարակցահյուսվածքային թաղանթ, որի 2 թերթիկները, գոյացնելով փակ խոռոչ, շրջապատում են մկանների ջլերը: Ընդ որում՝ ներքին թերթիկը սերտաճած է ջլին: Խոռոչում՝ թերթիկների միջև, կա ձուսպային հեղուկ, որը թեթևացնում է ջլի սահումը:

Ջ. առաջանում է հիմնականում դաստակի, ճաճանչադաստակային, հազվադեպ՝ ծնկային և արմնկային հոդերում, ավելի հազվադեպ՝ ոտնաթաթի շրջանում: Բորբոքումն առաջանում է ջլաբունոցների մեջ թարախածին մանրէների ներթափանցման հետևանքով՝ շրջապատող հյուսվածքների վերքերի, թարախային հիվանդությունների ժամանակ: Ջ. կարող է առաջանալ նաև առանց վարակի մասնակցության՝ ջլի գերբեռնվածությունից: Դա լինում է կայուն՝ մասնագիտության հետ կապված (ջութակահարի, մեքենագրողների դաստակի և մատների Ջ.), կամ կարճատև, անսովոր (օրինակ՝ ճաճանչադաստակային հոդի Ջ.՝ լվացք անելուց հետո, և այդ աշխատանքին անսովոր մարդկանց ձեռքերի Ջ.՝ լվացքը քամելիս):

Սուր թարախային Ջ. առավել հաճախ ախտահարում է ձեռքի մատները: Դա բունոցային մատնաշունչն է, որի դեպքում թարախակալումը կարող է արագ տարածվել ափի ջլաբունոցի և նախաբազկի վրա՝ սպառնալով ծանր բարդություններ՝ մինչև արյան վարակում, լավագույն դեպքում՝ մատների կռկվածություն: Թարախային Ջ-ի ախտանշաններն են սուր ցավերը, որոնք խիստ ուժեղանում են չնչին շարժումներից, ուռածությունը՝ ջլի ընթացքով, տենդային վիճակը: Գերբեռնվածության հետ կապված Ջ-ի ժամանակ ցավերը սուր չեն, բայց շարժումները ցավոտ են, ուղեկցվում են հոդերում խրթխրթոցով կամ ճռթճռթոցով, ընդհանուր վիճակը չի խանգարվում: Սակայն առանց ճիշտ բուժման, այդ Ջ. կարող է հանգեցնել շարժումների կայուն սահմանափակման կամ անցնել քրոնիկ. ձևի:

Բուժում է բժիշկը, ժամանակին սկսած բուժումն ավելի արդյունավետ է: Թարախային Ջ-ի ժամանակ, առանձին դեպքերում, պահանջվում է վիրահատ. միջամտություն: Գերբեռնվածության հետևանքով առաջացած Ջ-ի ժամանակ վիրահատ. միջամտության կարիք չի զգացվում, և բժիշկը սահմանափակվում է ջերմային և այլ բուժարարոդություններ ու հանգիստ նշանակելով:

Վարակ. Ջ-ի կանխարգելման համար անհրաժեշտ է արտադրության մեջ ձեռքի միկրովնասվածքների կանխում, ձեռքերի մաքրության պահպանում, միկրովնասվածքների ժամանակին բուժում (հակաբիոտիկներով) և անձնական հիգիենայի կանոնների պահպանում: Մասնագիտ. Ջ. կանխելու համար աշխատանքի ժամանակ պետք է ընդմիջումներ անել,