Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/592

Այս էջը հաստատված է

լաստանավակից ցատկելով, լողալու համար առանձնացված տեղերի սահմաներից դուրս: Չի կարելի լողալ ալկոհոլային խմիչքներ օգտագործած կամ ուտելուց հետո 1,5-2 ժ սահմաններում, հոգեկան և ֆիզ. հոգնած վիճակում: Վտանգավոր է ջուրը մտնել արևի տակ ուժեղ ջերմահարվելուց հետո, դա 1-ին հերթին վերաբերում է սիրտանոթային համակարգի խանգարումներով հիվանդներին: Արտակարգ վտանգավոր են անծանոթ վայրերում ջրացատկերը (հատկապես՝ գլխիվայր):

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, բնակչությանը, արդյունաբերությունը, տրանսպորտը, գյուղատնտեսությունը և այլ սպառիչներ ջրով ապահովելու միջոցառումների համակարգ: Առավել տարածված է կենտրոնացված (բնակչությունը ջուր ստանում է ջրմուղից) և տեղային կամ ապակենտրոնացված (մարդիկ ջուր վերցնում են գետից, ջրհորից, աղբյուրից ևն) Ջ.:

Բնակչության օգտագործած ջրի քանակը կախված է բնակավայրերի, բնակարանների բարեկարգման աստիճանից, առողջապահ. հանգույցների առկայությունից: Որքան բարձր է բարեկարգման աստիճանը, այնքան շատ ջուր է ծախսվում (աղ.):

Խմելու և կենցաղային ջրօգտագործման չափերը բնակավայրերի համար

Բնակավայրի բարեկարգման աստիճանը 1 անձի միջին սպառումը, լ/օր
1. Ներքին ջրմուղով շենքեր 125-160
2. Նույնը՝ լողարանով և ջրատաքացուցիչով 160-230
3. Նույնը՝կենտրոնացված տաք ջրամատակարարումով 230-250

Գյուղ. վայրերում ջուրը ծախսվում է նաև գյուղատնտ. կենդանիները ջրելու և խնամելու, բանջարանոցների, տնամերձերի ոռոգման համար: Ջ-ման համակարգ կազմակերպելիս բնակչության 1 շնչի համար օրական պետք է նախատեսել 40-60 լ ջուր: Անասնաբուծ. և թռչնաբուծ. ֆերմաներում 1 խոշոր եղջերավոր անասունի համար անհրաժեշտ է 80 լ, 1 մայր խոզի համար՝ 60 լ, 1 ձիու համար՝ 60-70 լ, 1 հավի, բադի, սագի համար՝ 1-1,25 լ ջուր: Ջ-ման համակարգի նախագծման և կառուցման ժամանակ հաշվի են առնվում ջրառքի, նախատեսվող աղբյուրների ջրի քանակը, որակը, ծախսի չափաքանակները, ինչպես նաև բացառվում է հետագայում ջրի որակի վատացման հնարավորությունը: Խմելու ջրի որակը և ջրաղբյուրի ընտրության կարգը սահմանվում են պետ. չափորոշիչներով:

Ջ-ման աղբյուրները լինում են մակերևութային (բաց) և ստորգետնյա:

Ստորգետնյա աղբյուրները սանհիգիենային տեսակետից առավել հուսալի են և նախընտրելի: Կախված տեղադրության մակարդակից՝ ստորգետնյա ջրերը լինում են հողային, գրունտային, միջշերտային: Հողային ստորգետնյա ջրերը երկրի մակերևույթին շատ մոտ են տեղադրված, ծավալը հաստատուն չէ և Ջ-ման համար հազվադեպ են օգտագործվում: Գրունտային ստորգետնյա ջրերն անճնշումային են, գտնվում են երկրի մակերևույթից ներքև՝ 1-ին ջրապարունակ հորիզոնում: Դրանց կազմն ու ելունքը հաստատուն են, և այդ ջրերը գյուղ. վայրերում առավել լայնորեն են օգտագործվում որպես Ջ-ման աղբյուրներ: Միջշերտային ջրերը տեղադրված են 2 անջրանցիկ շերտերի միջև գտնվող ջրապարունակ հորիզոններում, ունեն մշտապես հաստատուն կազմ, լավ պահպանված են մակերևույթի անմիջական աղտոտումից և, որպես կանոն, Ջ-ման համար օգտագործվում են առանց մաքրման և վարակազերծման: Բաց ջրաղբյուրները (գետեր, լճեր, ջրամբարներ) Ջ-ման համար օգտագործվում են այն դեպքերում, երբ բնակավայրում ջրի պահանջարկը հասնում է մեծ չափերի, իսկ ստորգետնյա ջրի պաշարները սահմանափակ են: Բաց ջրավազանների ջուրը պարունակում է մեծ քանակությամբ կախութային մասնիկներ, խիստ աղտոտված է բակտերիաներով: Այն, որպես կանոն, առանց մաքրման և վարակազերծման Ջ-ման համար պիտանի չէ:

Ջրմուղի կառույցների և կենտրոնացված Ջ-ման աղբյուրի շուրջը կառուցում են սանիտարական պահպանության գոտիներ, որոնք առանձնացվում են խիստ ռեժիմի (որտեղ կատարվում է ջրառքը, տեղադրված են պոմպակայանը, ջրի մաքրման կառույցները, մաքուր ջրի ջրամբարները) և սահմանափակման (արգելված է մարդու գործունեությունը) գոտիների:

Եթե Ջ-ման համար օգտագործում են ստորգետնյա ջրեր, որոնց որակը համապատասխանում է սանհիգիենային պահանջներին, ապա ջրմուղը բաղկացած է հետևյալ հիմն. տարրերից՝ ջրաղբյուր (արտեզյան հորատանցք), 1-ին բարձրացման պոմպակայան (ջուրը հորատանցքից բարձրացնում և ուղղում է դեպի պաշարապահ ջրամբար), 2-րդ բարձրացման պոմպակայան (ջուրը ջրամբարից մատուցում է բաշխիչ ցանցերին), խողովակաշար (ջուրը հասցնում է բնակավայր), ջրաճնշումային ջրամբար, որտեղից