Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/598

Այս էջը հաստատված է

սիրտանոթային համակարգը, լյարդը, երիկամները և ստամոքսաղիքային համակարգը (տես Գերվիտամինություն): Ռ-ով հիվանդներին բժիշկը վիտամին D նշանակում է անհատականորեն՝ մյուս պատրաստուկների համալիրում և ճիշտ կերակրման ֆոնի վրա: Անհրաժեշտության դեպքում բժշկի հանձնարարականով կատարում են բուժ. մարմնամարզություն, մերսում, քվարցային լամպով ճառագայթահարում:

ՌԵԱԲԻԼԻՏԱՑՈՒՄ, տես Վերականգնում բժշկության մեջ:

ՌԵԱՆԻՄԱՑՈՒՄ, տես Վերակենդանացում օրգանիզմի:

ՌԵԶՈՒՍ-ԳՈՐԾՈՆ, տես Արյան խմբեր հոդվածում:

ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ, օրգանների և հյուսվածքների հետազոտումը ռենտգենյան ճառագայթների օգնությամբ: Բժշկության մեջ կիրառվում է մարդու մի շարք վնասվածքների և հիվանդությունների ախտորոշման նպատակով:

1895-ին գերմ. ֆիզիկոս Վ. Ռենտգենը հայտնագործեց նոր, մինչ այդ անհայտ ճառագայթների տեսակ (X-ճառագայթներ), որոնք նրա պատվին կոչվեցին ռենտգենյան: Դեռևս 1896-ին հաստատվել է, որ այդ ճառագայթումն օժտված է մի շարք արտասովոր հատկություններով. 1. մարդու աչքի համար անտեսանելի ռենտգենյան ճառագայթումն ընդունակ է թափանցել անթափանց մարմինների և առարկաների, այդ թվում նաև մարդու օրգանների ու հյուսվածքների միջով: 2. Այն կարող է հյուսվածքների կողմից կլանվել այնքան ուժեղ, որքան մեծ է տվյալ հյուսվածքի պարունակած տարրերի կարգահամարը (Մենդելեևի աղյուսակում): Այսպիսով, ոսկրային հյուսվածքը, որի կազմում 70 %-ը հանքային աղեր են, 20 %-ը՝ օրգ. նյութեր և 10 %-ը՝ ջուր, նույնիսկ ոչ մեծ հաստության դեպքում կարող է պահել ավելի շատ ռենտգենյան ճառագայթներ, քան մեծ ծավալով, բայց ավելի թեթև տարրերից բաղկացած շարակցական հյուսվածքը, մկանները, ճարպաբջջանքը և ոսկրը շրջապատող մաշկը: 3. Ռենտգենյան ճառագայթումը տեսանելի լույսի ճառագայթների նման ներգործում է լուսանկարչական թղթի կամ ժապավենի վրա: 4. Ռենտգենյան ճառագայթումն առաջացնում է մի քանի քիմ. նյութերի և միացությունների լուսարձակում: Եթե դրանք հավասար շերտով քսեն ստվարաթղթի թերթիկի վրա, կստացվի ֆլոուրադիտ. (լուսարձակող) էկրան, որը ռենտգենյան ճառագայթման ազդեցության տակ կարող է մթության մեջ դեղնականաչավուն լույս արձակել: Թվարկած հատկությունները հնարավորություն են տալիս որպես մարդու մարմնով անցնող ռենտգենյան ճառագայթման ընդունիչ օգտագործել ռենտգենյան ժապավենը (ռենտգենագրություն) կամ ֆլուորադիտ. էկրանը (ռենտգենադիտում): Ռ.հ-յան այս 2 հիմն. մեթոդները կիրառվում են կա՛մ առանձին, կա՛մ միմյանց հետ զուգակցված: Ռենտգենագրությունն սկսեցին կիրառել ռենտգենյան ճառագայթների հայտնագործումից անմիջապես հետո: Ռադիոյի գյուտարար Ա. Պոպովը 1896-ին նախագծել է Ռուսաստանում 1-ին ռենտգենյան ապարատը, որի օգնությամբ հետազոտել է հրազենով վիրավորված մարդուն: Նույն թվին Սանկտ Պետերբուրգի համալսարանում, բժշկավիրաբուժ. ակադեմիայում և Մոսկվայի համալսարանի բժշկ. ֆակ-ում ստացան 1-ին ռենտգենագրերը՝ չնայած այն ժամանակվա սարքերն էապես տարբերվում էին ժամանակակիցներից: Այժմ Ռ.հ. կատարում են հատուկ առանձնասենյակներում, որոնք ունեն ճառագայթների աղբյուրով սարքեր (ռենտգենյան խողովակ): Ռենտգենախտորոշման ցանկացած մեթոդի դեպքում ճառագայթումը հիվանդին վնաս չի տալիս, քանի որ առողջապահության մարմինների կողմից հաստատվել են այդ հետազոտությունների ժամանակ ռենտգենյան ճառագայթման սահմանային թույլատրելի չափաքանակները: Ռ.հ. և նրա անցկացման ժամկետները նշանակում է բժիշկը: Հիվանդը բժշկից չպետք է թաքցնի նախորդ Ռ.հ-յան փաստն ու տարեթիվը:

Ռենտգենադիտման ժամանակ հիվանդը գտնվում է ռենտգենյան խողովակի և լուսարձակող էկրանի միջև: Էկրանի լուսարձակումը պայծառ չէ, և նրա վրա ստվերային պատկերի ուսումնասիրությունը պահանջում է առանձնասենյակի մթնեցում և մթության մեջ բժիշկ-ռենտգենաբանի աչքի հարմարում: Ռենտգենյան պատկերի ուժեղացուցիչներով ժամանակակից սարքերը հնարավորություն են տալիս հետազոտություններն անցկացնել չմթնեցրած շինություններում՝ հեռուստատեսային հարմարանքի օգնությամբ:

Ռենտգենադիտումը հաճախ կիրառում են կրծքի խոռոչի օրգանների հետազոտության ժամանակ: Այս դեպքում ռենտգենյան ճառագայթների ճանապարհին գտնվում են օդ պարունակող թոքերը, որոնք մասամբ կլանում են ճառագայթները, արյուն պարունակող պինդ մկանային օրգանը (սիրտ), արյունով լցված խոշոր արյունատար անոթները (կրծքավանդակը կազմող ոսկրերի հետ մեկտեղ) այս կամ այն չափով կասեցնում են ճառագայթները: Այսպիսով, կրծքի խոռոչի օրգաններն այնքան տարբեր չափով են պահում ճառագայթները, որ առաջանում է բնական հակադրություն (կոնտրաստ), որը և հնարավորություն է տալիս այն օգտագործել ռենտգենախտորոշման մեջ: Օդ պարունակող թոքերը գրեթե թափանցիկ են ռենտգենյան ճառագայթման համար և էկրանի վրա ներկայանում են պայծառ լույս արձակող հատվածներով, մինչդեռ սիրտը, ողնաշարը և կողերը, տարբեր ձևերով պահելով ճառագայթները, նվազեցնում են թափանցիկությունը կամ առաջացնում բնորոշ «ստվերներ» (ողնաշարի անշարժ ստվերը, շնչառության ժամանակ շարժուն կողերը և սրտի առավել պինդ, «բաբախող» ստվերը): Թոքերի հիվանդությունների ժամանակ թոքային հյուսվածքի օդայնությունը խանգարվում է, որը և հայտնաբերվում է ռենտգենադիտման ժամանակ: Թոքերի հիվանդությունների ախտորոշումը հիմնվում է հայտնաբերված փոփոխությունների մեծության, ձևի, պնդության և դիրքի վրա: Կրծքավանդակի օրգանների ռենտգենադիտումը նույնպես հնարավորություն է տալիս դատել սրտի և խոշոր անոթների մեծության, ձևի, դիրքի և բաբախման, թոքերը և կրծքի խոռոչը ներսից ծածկող նուրբ թաղանթի (կրծքամիզ) վիճակի մասին: Ռենտգենադիտումը լայնորեն կիրառում են հատուկ հակադր. հետազոտությունների ժամանակ և մեծ մասամբ զուգակցում են ռենտգենագրության հետ. այն անփոխարինելի է օտար մարմինների որոնման ժամանակ: Ռենտգենադիտման նկատմամբ ռենտգենագրության առավելությունը հետազոտության ժամանակ հիվանդի դիրքը փոխելու, օրգանների շարժումներին (սրտի կծկումներ, ստամոքսի գալարակծկանք) հետևելու, օրգանների տեղաշարժը որոշելու հնարավորությունն է:

Ռենտգենագրությունն ամենից հաճախ կիրառում են ոսկրամկանային համակարգի ուսումնասիրության համար՝ ոսկրային հյուսվածքի (որն ավելի շատ է կլանում ռենտգենյան ճառագայթները) և փափուկ հյուսվածքների (մաշկ, մկաններ, ճարպային և շարակցական հյուսվածքներ) միջև բնական հակադրության շնորհիվ: Ավելի հաճախ ոսկրերի ռենտգենագրությունը կատարում են հատուկ սեղանի վրա՝ հիվանդի հորիզոն. դիրքում, իսկ թոքերի և ստամոքսի լուսանկարները՝ ռենտգենյան խողովակի և ռենտգենյան