Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/6

Այս էջը հաստատված է

Մանրամասն տեղեկություններ են տրվում անձնական, երեխաների և դեռահասների աշխատանքի և սննդի հիգիենայի մասին, բժշկական կոսմետիկայի, ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, օրգանիզմի կոփման հիմնախնդիրների վերաբերյալ:

Գրքում լայնորեն լուսաբանվում են հիվանդի խնամքի, թունավորումների և կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում ցույց տրվող առաջին բժշկական օգնության հարցերը:

Առանձին հոդվածներ վերաբերում են ամուսնության, ընտանիքի, երեխաների դաստիարակությանը:

Ավանդական կլինիկական բժշկությանը զուգահեռ հանրագիտարանում ներկայացվում են նաև տեսական բժշկության, մոլեկուլային կենսաբանության, գենետիկայի, բժշկական կիբեռնետիկայի և բիոնիկայի, կլինիկական կենսաքիմիայի, ֆիզիոլոգիայի հարցերը, որոնք օգնում են ավելի խորը ճանաչել հիվանդությունների էությունը, նպաստում ախտորոշման ու բուժման արդյունավետ մեթոդների մշակմանը:

Հանրագիտարանում տեղեկություններ կան Հայաստանում տարածված դեղաբույսերի, թունավոր և ոչ թունավոր սնկերի, թունավոր կենդանիների մասին:

Սակայն, այս ամենով հանդերձ, հիվանդություններին վերաբերող բոլոր հոդվածներում նշվում է, որ բուժմիջոցների և մեթոդների ինքնուրույն օգտագործումը (ինքնաբուժումը) կարող է հանգեցնել հիվանդության բարդացման, նրա իսկական պատկերի աղավաղման ու ախտորոշման դժվարացման, իսկ երբեմն հաշմանդամության և մահվան:

Հանրագիտարանի տերմինաշարում նախապատվությունը տրված է հայկական բժշկական տերմիններին, որի հետևանքով առաջացած ժամանակավոր դժվարությունը, հուսով ենք, ընթերցողները կարող են հեշտությամբ հաղթահարել գրքի վերջում տրված առարկայական-տերմինաբանական ցուցիչի օգնությամբ: