Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/603

Այս էջը հաստատված է

քթային խեցիների մեծացում, քթի գեղձանմանների և պոլիպների առկայություն: Նման դեպքերում ձայնը խլանում է, աղավաղվում են «մ» և «ն» հնչյունները, արտաբերվում են որպես «բ» և «դ» (այսպես կոչված, փակ Ռ.): Ռ-յան պատճառ կարող են լինել նաև փափուկ քիմքի ֆունկցիայի խանգարումը՝ դրա լուծանքի, բնածին ոչ սերտաճման դեպքում, փափուկ և կարծր քիմքերի վնասումները, ինչպես նաև դիֆթերիայի ժամանակ քթաըմպանի ախտահարումը: Նման դեպքերում մի շարք հնչյուններ արտաբերելիս քմային վարագույրը չի հպվում ըմպանի հետին պատին և բերանաըմպանը չի բաժանում քթաըմպանից, որի հետևանքով օդն անցնում է ոչ միայն բերանով, այլև քթով (այսպես կոչված, բաց Ռ.): Այդպիսի Ռ. սովորաբար խիստ արտահայտված է, և խոսքը պարզահունչ չէ:

Ռ-յան գրեթե բոլոր ձևերը կարելի է վերացնել՝ ժամանակին բժշկի դիմելով: Երեխաների Ռ. երբեմն հնարավոր է վերացնել լոգոպեդ. վարժություններով: Մի շարք հիվանդությունների (օրինակ՝ քթի պոլիպ, քթի միջնապատի թեքումներ, գեղձանմաններ) դեպքում անհրաժեշտ է վիրահատ. բուժում: Փափուկ և կարծր քիմքի ոչ սերտաճումը շտկվում է պլաստիկ վիրահատությամբ:


Ս

ՍԱԼՋԱՐԴ, կոնտուզիա, փափուկ հյուսվածքների և օրգանների փակ մեխ. վնասվածք՝ առանց մաշկի ամբողջականության խախտման: Առաջանում է բութ առարկայի հարվածից, կարծր մակերևույթի վրա ընկնելուց: Առավել հաճախ առաջանում է ծածկույթների (մաշկի և ենթամաշկային բջջանքի), մկանների, շրջոսկրի (ծնկի առջևի մակերևույթի, գանգաթաղի) Ս.: Դրանց հիմն. ախտանշանները վնասված հատվածի ցավն ու ուռածությունն են: Վնասվածքի պահին առաջացած սուր ցավը մի քանի ր անց զգալիորեն թուլանում է: Ուռածությունը հայտնվում է ոչ անմիջապես, երբեմն նույնիսկ վնասվածք ստանալուց 2-3 օր անց, և պայմանավորված է վնասված հյուսվածքների այտուցով, իսկ առավել ծանր դեպքում՝ նաև պատռված արյունատար մանր անոթներից արյունազեղումով: Վերջին դեպքում Ս-ի տեղում հայտնվում է ենթազեղում, կարող է առաջանալ արյունային ուռուցք: Ուռածության մեծանալուն զուգընթաց ցավը կարող է նորից ուժեղանալ: Ս. կարող է հանգեցնել կենս. ֆունկցիաների ժամանակավոր խանգարման: Օրինակ՝ կրծքավանդակի ուժեղ Ս-ի դեպքում հնարավոր են շնչառության խանգարումներ, գլխի Ս. երբեմն առաջ է բերում ուղեղի ցնցում կամ արյունային ուռուցքով ուղեղի ճնշում (տես Գանգագլխուղեղային վնասվածք), որովայնի Ս. կարող է ուղեկցվել լյարդի, աղիքների պատռվածքով:

Ցավերը մեղմելու և հյուսվածքներում արյունազեղումը նվազեցնելու համար, վնասվածք ստանալուց անմիջապես հետո նպատակահարմար է Ս-ի տեղում դնել սառույց կամ սառցապարկիկ, սառը թրջոց, ապահովել տուժած օրգանի բացարձակ հանգիստը և բարձր դիրք տալով՝ ճնշող վիրակապ դնել: Ցավերով, ընդհանուր վիճակի վատացումով, սրտխառնոցով, փսխումով և տագնապալի այլ ախտանշաններով ուղեկցվող ուժեղ՝ հատկապես գլխի, կրծքավանդակի, որովայնի Ս-ի դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի: Ոչ մեծ Ս-ից հետո առաջացող կայուն ցավերի կամ տուժած օրգանի ֆունկցիայի խանգարման ժամանակ նույնպես պետք է դիմել բժշկի:

Ս-ի կանխարգելման հուսալի միջոց է արտադրության ու գյուղատնտեսության մեջ, սպորտով զբաղվելիս, մանկ. կոլեկտիվներում անվտանգության կանոնների ճշտորեն պահպանումը:

ՍԱԿԱՎԱՄՏՈՒԹՅՈՒՆ, օլիգոֆրենիա, հոգեկան ոլորտի բնածին կամ կյանքի 1-ին 3 տարիներին ձեռք բերած տարբեր աստիճանի թերզարգացում: Ս. չեն համարվում գլխուղեղի հիվանդություններից առաջացած հոգեկան թերզարգացումը, առաջադիմող հոգեկան հիվանդությունների (շիզոֆրենիա, էպիլեպսիա) հետևանքով՝ թուլամտությունը, տարբեր ֆիզ. արատների, խոսքի, լսողության խանգարումների հետևանքով՝ հոգեկան զարգացման դանդաղումը, ինչպես նաև հյուծող հիվանդություններից հետո կամ միջավայրի, դաստիարակության և ուսուցման (այսպես կոչված՝ մանկավարժ. բարձիթողության) անբարենպաստ պայմաններում ի հայտ եկած զարգացման ժամանակավոր դանդաղումները:

Հիվանդության պատճառները տարբեր են: Ս. կարող է պայմանավորված լինել ժառանգ. գործոններով (տես Ժառանգական հիվանդություններ), որոշ նյութերի, օրինակ՝ ամինաթթուների (ֆենիլկետոնամիզություն) և ածխաջրերի (գալակտոզարյունություն) փոխանակության խանգարումներով: Երբեմն առաջանում է ներարգանդային շրջանում սաղմի և պտղի գանգագլխուղեղային ախտահարումների (մոր վիրուսային վարակներ, տոքսոպլազմոզ, սիֆիլիս ևն), ինչպես նաև երեխայի կյանքի 1-ին 3 տարիներին կրած տարբեր վնասակար ազդեցությունների (նորածինների ծննդաբերական վնասվածքներ, գանգագլխուղեղային վնասվածք) հետևանքով:

Ս-յան հիմն. ախտանշանը ճանաչող. գործունեության, վերացական մտածողության և ընդհանրացման թերզարգացումն է: Նկատվում են նաև հոգեկան մյուս ֆունկցիաների՝ հիշողության, ուշադրության, խոսքի, հուզակամային ոլորտի և այլ թերզարգացումներ, այսինքն՝ չի ձևավորվում անհատն ամբողջությամբ: Հիվանդների մեծ մասի մոտ նկատվում են նաև զգայական օրգանների, շարժումների թերզարգացում, հաճախ՝ առանձին օրգանների և համակարգերի զարգացման արատներ (հասակի կասեցում, մարմնակազմվածքի անհամաչափություն, գանգի ոչ ճիշտ կառուցվածք, սեռ. թեր- կամ վաղաժամ զարգացում):

Ըստ մտավոր հետամնացության աստիճանի՝ տարբերում են խորը մտավոր թուլություն (ապուշություն), միջին (իմբեցիլություն), թեթև (դեբիլություն) Ս.:

Ապուշության ժամանակ մտածողությունը և խոսքը համարյա զարգացած չեն, հիվանդն արտասանում է միայն անհոդաբաշխ հնչյուններ, որպես կանոն, չի ընկալում խոսակցության իմաստը, խիստ դժվար է նրանց պայման. ռեֆլեքսների մշակումը, իսկ հուզ. դրսևորումները սահմանափակվում են բավականության կամ դժգոհության արտահայտությամբ: Ի վիճակի չեն կատարել որևէ խելամիտ գործունեություն և ինքնասպասարկում, սովորաբար մաքրասեր չեն, անփույթ են, խնամքի և հսկողության կարիք ունեն:

Տարբերում են էրետիկական՝ գրգռվող (գերակայում է ապաարգելակումը. հիվանդներն անվերջ ճչում են, լաց լինում) և տորպիդային՝ արգելակված ապուշություն (գերակայում է արգելակումը, հիվանդներն օրվա մեծ մասը քնում են):

Իմբեցիլների խոսքը և մտածողությունն ավելի զարգացած են, քան ապուշներինը: