Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/606

Այս էջը հաստատված է

հետևում աշխատատեղերում և ընդհանուր օգտագործման վայրերում առողջապահ. պահանջների կատարմանը, ձեռնարկությունների առողջապահ. կետերի աշխատակիցների հետ մասնակցում են առողջապահության կանոնների տարածմանը, արտադր., գյուղատնտ., կենցաղային, սպորտային վնասվածքների, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, սանլուս. աշխատանքներին:

Պատերազմի ժամանակ Ս. կ-ի անձնակազմը 1-ին բուժօգնություն է ցուցաբերում տուժածներին և խնամում ռազմադաշտում, հավաքի կետերում, բուժհիմնարկ ճանապարհված հիվանդներին, ներգրավվում բժշկ. այլ միջոցառումների:

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄ, մարդկանց լողացնելը՝ նրանց հագուստի և անձն. իրերի վարակազերծմամբ և միջատազերծմամբ: Եթե Ս. մ. կատարվում է մշտ. կամ ժամանակավորապես մարդաշատ շինությունների և փոխադրանու վարակազերծմամբ, անվանում են լրիվ, իսկ առանց բնակարանի վարակազերծման՝ ոչ լրիվ:

Ս. մ. 1-ին անգամ կիրառվել է 1-ին համաշխարհային պատերազմում՝ բծավոր տիֆի, հետադարձ տիֆի և մարդկանց ոջլոտության դեմ պայքարելու նպատակով: Հետագայում այն օգտագործեցին որոշ այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարելու համար, ինչպես նաև մարդկանց կուտակման դեպքում (ավտոմոբիլային մայրուղիներում, տարերային աղետների շրջանում և այլուր)՝ որպես սանկանխարգելիչ միջոցառում: Ս. մ. լայնորեն կիրառվում էր ԽՍՀՄ հայրենական պատերազմի տարիներին (1941-45): Քիմ. և ատոմային արդ-յան զարգացմանը զուգընթաց՝ Ս. մ. սկսեց կիրառվել մարդու մարմնից և հագուստից վնասակար քիմ. և ռադիոակտիվ նյութերը հեռացնելու համար:

Ս. մ-ման ժամանակ մարդկանց լողացնում են սանթողարկման կետերում, այդ նպատակով հանդերձված բաղնիքներում: Լողացողները հանդերձարանից հաջորդաբար անցնում են լողասենյակ (ցնցուղասենյակ), այնուհետև՝ հագնվելու սենյակ: Միաժամանակ լողացողների հագուստը վարակազերծվում է հատուկ նախատեսված խցիկներում: Այսպիսով, բացառվում է լողացած մարդկանց շփման հնարավորությունը Ս. մ. չանցածների հետ, քանի որ սանթողարկիչի «կեղտոտ» կեսից «մաքուր» կես կարելի է մուտք գործել միայն լողասենյակով:

Բացի հատուկ կառուցված սանթողարկիչներից, այդ նպատակին հարմարեցնում են նաև սովոր. բաղնիքները: Սանթողարկիչները լինում են շարժական՝ հատուկ սարքավորված գնացքներ կամ ավտոմեքենաներ (լողացնցուղային սարքերով և վարակազերծման խցիկներով): Դաշտային պայմաններում սանթողարկիչները սարքավորում են վրաններում, գետնափոր տներում, այդ նպատակին հարմարեցված բազմապիսի շինություններում:

Ս. մ-ման ենթարկվող մարդիկ հանդերձարանում հանում են հագուստը, ծալում, դարսում իրար վրա՝ սանթողարկիչի աշխատակիցների մատնանշած կարգով, և հանձնում միջատազերծման (վարակազերծման), այնուհետև ստանում են օճառ ու սպունգ և անցնում լողասենյակ: Ոջլոտների, բծավոր կամ հետադարձ տիֆի օջախից Ս. մ-ման եկածների գլուխը խուզում են լողանալուց առաջ, իսկ անհրաժեշտության դեպքում հեռացնում են նաև անութների ու ցայլքի մազերը: Առողջապահ. տեսակետից ավելի ճիշտ է ցնցուղի տակ լողանալը, ընդ որում, մարդկանց մեծ քանակի դեպքում յուրաքանչյուր ցնցուղի տակ միաժամանակ կարող է լողանալ 2 մարդ (մեկը օճառվում և շփվում է սպունգով, մյուսը՝ մաքրաջրվում): Ողջ գործողությունը սովորաբար տևում է 15-20 ր: Լողացածներն անցնում են հագնվելու համար նախատեսված սենյակ, որտեղ ստանում են մաքուր սպիտակեղեն և վարակազերծված հագուստ, հագնվում են և առանձին ելքով դուրս գալիս սանթողարկիչից:

Ժամանակակից պատերազմի պայմաններում թշնամու կիրառած զանգվածային ոչնչացման միջոցների հետևանքները վերացնում են հատուկ մշակմամբ, որը, ըստ լիակատարության և ծավալի, լինում է մասնակի և լրիվ: Մասնակի հատուկ մշակումն իրականացնում են տեղում՝ ախտահարման վայրում, հնարավորին չափ արագ, ինքնա-

և փոխօգնության եղանակով՝ մարմնի բաց մասերը (դեմքը, պարանոցը, ձեռքերը) անհապաղ շփելով անհատական հակաքիմիական փաթեթի լուծույթով: Վերջինիս մնացորդով մշակվում են հագուստի առավել վարակված հատվածները: Ռադիոակտիվ նյութերով աղտոտվելիս մասնակի մշակումն սկսվում է հագուստի և կոշիկի մեխ. մաքրումից (տես Ապաակտիվացում): Այնուհետև մաքուր ջրով (եթե կա) լվանում են մարմնի բաց մասերը, ողողում բերանը, լվանում աչքերը և քթի խոռոչը: Եթե ջուր չկա, մարմնի բաց մասերը շփում են անհատ. հակաքիմ. փաթեթի լուծույթով: Մասնակի մշակումը չի վերացնում կամ հեռացնում զանգվածային ոչնչացման բոլոր միջոցների հետևանքները, ուստի վարակված անձինք հետագայում լրիվ մշակում են անցնում քաղպաշտպանության կամ զորքի քիմ. ծառայության միավորումների սարքավորած կետերում: Լրիվ մշակման կարիք ունեցող հիվանդները դրան ենթարկվում են համապատասխան բուժհիմնարկ ընդունվելիս: 

Լրիվ հատուկ մշակման ենթարկված մարդիկ հանդերձարանի մուտքի մոտ՝ հատուկ հատկացված տեղում, թողնում են վերնահագուստը, պաշտպան. արտահագուստը և անձն. իրերը: Փոշու հետ շնչառ. օրգաններ թափանցող հարուցիչներից և վնասակար նյութերից խուսափելու համար հակագազերը և շնչադիմակները հանդերձարանում հանում են ամենավերջին պահին՝ լողասենյակ մտնելուց առաջ: Լողանալիս օգտագործում են հատուկ մշակման արդյունավետությունը ուժեղացնող միջոցներ, օրինակ՝ լողանալու սկզբում գործածում են վարակազերծող նյութերի կամ ապագազացնող խառնուրդների թույլ լուծույթներ:

Հատուկ մշակման ենթարկվող ռադիոակտիվ նյութերով վարակված բոլոր մարդիկ լողանալուց հետո ստուգվում են բաժնաչափիչով: Նրանք, ում ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության աստիճանը թույլատրելիից ավելի է, ուղարկվում են կրկնակի մշակման:

Լրիվ հատուկ մշակում կարելի է անցնել նաև տանը, օրինակ՝ լողարանում՝ ցնցուղի տակ: Վարակված սպիտակեղենը, հագուստը, կոշիկը դասավորում են պինդ կտորից (ավելի լավ է՝ պոլիէթիլենից) պարկի մեջ և հանձնում քաղպաշտպանության ստորաբաժանումների հագուստի վարակազերծման մոտակա կայան:

Զանգվածային ոչնչացման զենքի գործածումից հետո հատուկ մշակումը որքան արագ է կատարվում, այնքան արդյունավետ է: Շատ մեծ նշանակություն ունի մշակման մանրակրկիտությունը, որը կախված է լողացողների՝ սանթողարկիչի անձնակազմի բոլոր ցուցումները կատարելու ճշգրտությունից և ջանասիրությունից:

ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐ, ջրամատակարարման աղբյուրների և առողջավայրերի շրջակայքի տարածքներ, որոնց սահմաններում ստեղծվում է դրանց աղտոտման հնարավորությունը բացառող ռեժիմ:

Ս. պ. գ. կազմակերպվում են 3 շրջանների կազմում. 1-ինը (խիստ ռեժիմի գոտի) ընդգրկում է ջրառների տեղադրման, բոլոր ջրմուղային կառույցների և ջրառբերիչ ջրանցքի տարածքները: 2-րդը և 3-րդը (սահմանափակումների գոտիներ) ընդգրկում են ջրամատակարարման աղբյուրներն