Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/608

Այս էջը հաստատված է

Հեռավոր կամ լեռնային, դժվարամատչելի վայրերից հիվանդներին փոխադրում, ինչպես նաև բուժանձնակազմ, բժշկ. գույք, դեղորայք, արյան պատվաստանյութ են հասցնում քաղաքաց. սան. ավիացիայի միջոցներով:

Դժվարամատչելի վայրերից հիվանդների փոխադրումն ուղղաթիռներով առավել նպատակահարմար է: Այս դեպքում վայրէջքի մեծ հրապարակներ չեն պահանջվում: Առանձին բարդ դեպքերում հնարավոր է նաև հիվանդներին ուղղաթիռ բարձրացնելը՝ առանց վերջինիս վայրէջքի: Ուղղաթիռները կարող են հանդերձվել օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների վերականգնման (թռիչքի ընթացքում) համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

Պատերազմի ժամանակ ախտահարվածների և հիվանդների փոխադրման համար կարող են կիրառվել սայլային տրանսպորտը (հատկապես լեռնային վայրերում), մարդատար ավտոբուսները (նստելատեղերի փոխարեն տեղակայում են պատգարակների հենասարքեր), թրթուրավոր և անվավոր փոխադրիչները, քաղաքաց. ավիացիայի վերասարքավորված ինքնաթիռները, ծովային և գետային նավերը: Ախտահարվածներին կարելի է փոխադրել նաև բեռնատար ավտոմոբիլներով, որոնք նույնպես հանդերձվում են համապիտանի սարքավորումներով՝ ցնցումը մեղմող տարրերով ներկառուցված պատգարակների տեղափոխման համար, կամ էլ թափքի հատակը պատում են փռոցաշերտով (խոտ, հարդ, ճյուղեր): Ախտահարվածներին արևից, քամուց, անձրևից պատսպարելու համար թափքը հանդերձվում է վրանածածկով, իսկ ձմռանը՝ ջեռուցիչ սարքերով:

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱԲԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ, տես Հիգիենային և հակահամաճարակային ծառայություն հոդվածում:

ՍԱՊՐՈՖԻՏՆԵՐ, միկրոօրգանիզմներ, որոնք որպես սնման աղբյուր օգտագործում են ոչ կենդանի օրգանիզմների նյութերը: Դրանով տարբերվում են մակաբույծ մանրէներից, որոնք ապրում են միայն կենդանի օրգանիզմների հյուսվածքների նյութափոխանակության հաշվին: Ս. լայնորեն տարածված են բնության մեջ՝ հողում, ջրում, օդում, մարդու և կենդանիների օրգանիզմներում:

Ս., որպես կանոն, հիվանդություններ չեն առաջացնում, սակայն կան սապրոֆիտ-մանրէներ, որոնք՝ ախտածին են մարդու համար: Ս. հայտնաբերվում են առողջ մարդու օրգանիզմում, հատկապես՝ արտաքին միջավայրի հետ կապ ունեցող խոռոչներում: Բնական իմունիտետի մեխանիզմների խանգարման դեպքում որոշ Ս. (բակտերոիդներ, աղիքային ցուպիկ ևն), օրգանիզմում իրենց սովոր. տեղից թափանցելով այլ օրգաններ ու հյուսվածքներ, կարող են առաջացնել հիվանդություններ (արյան վարակում, ուղեղապատյանաբորբ ևն):

ՍԱՌԵՑՈՒՄ օրգանիզմի, առաջանում է մարմնի ընդհանուր գերսառեցման հետևանքով, երկար ժամանակ ցուրտ պայմաններում (հատկապես խոնավ, քամոտ եղանակին) երկարատև գտնվելու դեպքում: Բարձր խոնավության և ուժեղ քամու ժամանակ Ս. հնարավոր է օդի նույնիսկ զրոյից բարձր ջերմաստիճանի դեպքում: Որքան այն ցածր է, այնքան ավելի արագ է Ս. տեղի ունենում: Դրան նպաստում են նաև հոգնածությունը, քաղցածությունը և ալկոհոլային հարբեցումը: Մարդը հատկապես արագ է սառչում ջրում: Սառցաջրում 0,5-1 ժ գտնվելը մահացու վտանգավոր է, իսկ հանկարծակի այդպիսի ջրում խորասուզվելիս հնարավոր է շոկի առաջացում: Ս. հաճախ ուղեկցվում է ցրտահարությամբ:

Ս-ման ժամանակ սկզբում առաջանում է մկանային դող, հաճախանում են շնչառությունը և անոթազարկը, մաշկածածկույթները գունատվում են: Հետագայում ջերմաստիճանը զգալիորեն նվազում է (թերջերմություն), նկատվում է քնկոտություն, մկանային թուլությունն անհետանում է, իսկ մաշկային անոթների լայնացման հետևանքով առաջանում է ջերմության զգացում: Բայց դա խաբուսիկ երևույթ է, քանի որ մաշկային անոթների լայնացումը նպաստում է օրգանիզմից ջերմության կորստին, իսկ դա հանգեցնում է ավելի ուժեղ Ս-ման: Ընդ որում՝ սրտի կծկումների ռիթմը դանդաղում է, զարկերակային ճնշումը՝ ընկնում, շնչառությունը դառնում է մակերեսային և դանդաղ (րոպեում՞ 4-6 անգամ), մարդը գիտակցությունը կորցնում է, և դա կարող է ավարտվել մահով:

Տուժածին անհրաժեշտ է անհապաղ, ցանկացած միջոցով տաքացնել (տաք փաթաթել, ջեռակ դնել ևն), մի փոքր ալկոհոլային խմիչք խմեցնել և տեղափոխել հիվանդանոց: Տևական, խոր Ս. առաջացնում է լուրջ բարդություններ (սիրտանոթային համակարգի ֆունկցիաների, միզազատության խանգարումներ, գլխուղեղի և թոքերի այտուց ևն), որոնք պահանջում են արագ բուժում: Միանգամայն անթույլատրելի է ձյունով շփումը (դա կարող է կտրուկ վատացնել վիճակը):

Ս. կանխելու համար ցրտի պայմաններում երկարատև գտնվելիս (օրինակ՝ ձմեռային արշավների, փողոցային և անտառային աշխատանքների ժամանակ) անհրաժեշտ է հագնել համապատասխան հագուստ և կոշիկ, ունենալ տաք սնունդ և ըմպելիք:

ՍԱՐԿՈՄԱ, տես Ուռուցքներ հոդվածում:

ՍԵԲՈՌԵԱ, տես Ճարպահոսություն:

ՍԵԴԱՏԻՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ, տես Հանգստացնող դեղանյութեր:

ՍԵՂՄԻՐԱՆ ՕՐԹՈՊԵԴԻԱԿԱՆ, ողնաշարի վնասվածքների և հիվանդությունների ժամանակ այն անհրաժեշտ դիրքով սևեռելու կամ ձևախախտումներն ուղղելու օրթոպեդ. հարմարանք:

Ս. օ. պատրաստում են գործվածքից, կաշվից, դոնդողանյութից, նիտրոլաքից, պոլիէթիլենից ևն, օգտագործում են նաև մետաղե սևեռաձողեր (սևեռաթիթեղներ): Ողնաշարի լավ սևեռման համար Ս. օ. պետք է կիպ հարմարեցվի իրանին, ուստի այն պատրաստում են ըստ հիվանդի գիպսային ծեփապատճենի: Որոշ սեղմիրաններ պատրաստում են առանց ծեփապատճենի, ուղղակի իրանի չափերով կամ անմիջապես իրանի վրա՝ արագ պնդացող պլաստմասսայից:

Տարբերում են սևեռող, բեռնաթափող և շտկող Ս. օ.: Սևեռող Ս. օ. նշանակում են ողնաշարի տուբերկուլոզով հիվանդացածներին, ողնաշարի կոտրվածքների և վիրահատությունների դեպքերում, ախտահարված ողների համար հանգիստ վիճակ ստեղծելու և վերջիններիս վրա ճնշումը թուլացնելու նպատակով, հաճախ էլ ողնաշարի գոտկասրբոսկրային հատվածի մի շարք հիվանդությունների (օստեոխոնդրոզ, գոտկային ողների տեղաշարժեր՝ ողնասահումներ ևն) հետևանքով առաջացող գոտկացավերի ժամանակ: Բեռնաթափող և շտկող սեղմիրանները կիրառում են երեխաների ողնաշարի ծռումների (սկոլիոզ) ժամանակ՝ հետագա ձևախախտման կանխարգելման և մասնակի ուղղման նպատակով: Ողնաշարի պարանոցային հատվածի վնասվածքների և հիվանդությունների ժամանակ կիրառում են գլուխը պահող, կառուցվածքով ու ազդեցության սկզբունքով Ս. օ-ին համանման հարմարանք:

Ս. օ-ի նշանակումը, հարմարեցումը և վերահսկումը կատարում է բժիշկը: Նա որոշում է նաև սեղմիրան կրելու ժամկետները: Ս. օ-ի երկարատև գործածումը թուլացնում է իրանի մկանները, հետևաբար (բժշկի ցուցումով) հիվանդին խորհուրդ է տրվում բուժմարմնամարզություն և մերսում: