Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/611

Այս էջը հաստատված է

մանկավարժներից պատասխան չստանալով՝ նրանք հաճախ դիմում են պատահական, երբեմն էլ արատավոր աղբյուրների, որպես կանոն, իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ աղավաղված պատկերացումներ կազմելով: Հատուկ հետազոտություններով պարզվել է, որ շատ աղջիկներ և տղաներ սեռ. կյանքի մասին տեղեկություններ են ստանում պատահական աղբյուրներից, դրա հետ կապված՝ միանգամայն ակնհայտ է Ս. դ-յան հատուկ նշանակությունն աճող սերնդի դաստիարակության ընդհանուր համակարգում:

Ս. դ. պայմանականորեն բաժանվում է մի քանի փուլերի: Նախադպրոց. տարիքի երեխաներին անհրաժեշտ է սովորեցնել հիգիենայի և վարքի տարրական կանոնների պահպանումը: Կարևոր նշանակություն ունի երեխայի օրգանիզմի կոփումը, քանի որ ճիշտ սեռ. զարգացումը սերտորեն կապված է ընդհանուր ֆիզ. զարգացման հետ: Երեխաներին խնամելիս հարկավոր է մասնավորապես վերացնել տարփածին (էրոգեն) գոտիները (տես Սեռական կյանք) գրգռող ազդեցությունները (չկրել անհարմար, կիպ հագուստ, ժամանակին բուժել ճիճվային հիվանդությունները): Շատ կարևոր է ընտանիքում փոխադարձ հարգանքով ու սիրով համակված առողջ մթնոլորտի ապահովումը: Ծնողները պետք է խրախուսեն տնային աշխատանքներում երեխաների մասնակցությունը, տղաներից պահանջեն, որ նրանք օգնեն աղջիկներին ֆիզ. աշխատանք կատարելիս:

Երեխայի հետագա ճիշտ զարգացմանը կարող են նպաստել մարդկանց հանդեպ ձևավորված պարտքի ու պատասխանատվության, սիրո և հարգանքի զգացումները:

Ս. դ-յան մեջ կարևոր նշանակություն ունի տանը և դպրոցում երեխաների զբաղվածությունը որոշակի աշխատանքով և պարտականություններով: Որոշ ծնողների՝ աշխատանքից և ցանկացած պարտականություններից երեխաներին զերծ պահելու ձգտումը, նրանց համար առավելագույն բարօրության ստեղծումը և դժվարությունները նվազագույնի հասցնելը հանգեցնում են բարոյական բթացման, տաղտուկի և ստոր մղումների հետամուտ լինելուն:

2-3 տարեկան երեխաների մոտ աստիճանաբար ձևավորվում է որոշակի սեռին պատկանելու գիտակցությունը, և որպես շրջապատող աշխարհը ճանաչելու բնական գործընթացի հետևանք՝ ի հայտ են գալիս սեռի հարցերի նկատմամբ հետաքրքրության սաղմերը: Դա արտահայտվում է բազմաթիվ հարցերով, որոնք երեխաներն անխուսափելիորեն տալիս են ծնողներին՝ միևնույն ժամանակ նրանց անհարմար և դժվարին վիճակի մեջ գցելով: Երեխաների լույս աշխարհ գալու վերաբերյալ «գաղտնի» հարցերով հետաքրքրվող նախադպրոց. տարիքի երեխաների հարցերին կամ իրենք իրենց տված հարցերին («Որտեղի՞ց եմ ես լույս ընկել») պետք է պատասխանել պարզ և մատչելի՝ չմանրամասնելով ու չդիմելով մտացածին բաների և «արագիլների» ու «կաղամբի» մասին հեքիաթների: Ավելորդ բացատրությունը կարող է երեխաների մեջ հետաքրքրություն արթնացնել այն սեքսուալ մանրամասնությունների հանդեպ, որոնց մասին նրանք նույնիսկ չեն կասկածել և, բնականաբար, չեն հարցրել: Վաղ մանկ. տարիքի երեխաները բավարարվում են մոր պատասխաններով («Ես քեզ ունեցել եմ ծննդատանը» կամ «Դու մեծացել ես իմ փորում»): Միևնույն ժամանակ, այդ հարցերին պատասխանելուց խուսափելը, սովորաբար, բորբոքում է այդ թեմայի շուրջ երեխայի հետաքրքրությունը, ստիպում պատասխան փնտրել ավելի «գիտակ» ավագ ընկերների մոտ: Ինչ վերաբերում է մտացածին բաներին կամ հեքիաթներին, ապա վաղ թե ուշ գալիս է այդ խորամանկությունների վերջը, երեխաները ծնողի հանդեպ կորցնում են հավատը և հետագայում ակտիվորեն ձգտում «լուսավորվել» կյանքի համեմատաբար խորհրդավոր ու խնամքով թաքցված կողմով: Նախադպրոց. տարիքի երեխաներին երեխայի ծնվելու փաստը բացատրելու համար կարելի է համեմատություններ բերել կենդանիների կյանքից: Եթե երեխաները պատահաբար ականատես են լինում կատվի ձագերի ծնվելուն, ապա պետք է նրանց ուշադրությունն ուղղել կատվի խիստ արտահայտված մայրական բնազդների վրա, որ երեխաները թույլ տան՝ կատուն խնամի իր ձագերին: Հարկավոր է երեխայի մեջ հարգանք սերմանել այն բոլոր երևույթների նկատմամբ, ինչը կապված է ծննդյան հետ. 1-ին հերթին հարգալից վերաբերվել մորը: Այդ բոլոր, կարծես ոչ բարդ բացատրությունները և դաստիարակչ. միջոցառումները պետք է անցկացնել համապատասխան տարիքում, ժամանակը բաց թողնել, նշանակում է նպաստել ծնողների հանդեպ երեխաների անվստահությանն ու քննադատ. վերաբերմունքին:

Կրտսեր դպրոց. տարիքում ծնողների մանկավարժ. խնդիրը զարգացման տվյալ շրջանում երեխայի ֆիզիոլոգ. և հոգեբան. առանձնահատկությունները հաշվի առնելն է: Բնականոն սեռ. զարգացման և աղջիկների ու տղաների միջև ճիշտ փոխհարաբերություններ հաստատելու համար այդ շրջանում հարկավոր է ձևավորել այնպիսի բարոյական որակներ, ինչպիսիք են ամաչկոտությունը, զսպվածությունը, ընկերոջը կամ ընկերուհուն օգնություն ցույց տալու պատրաստականությունը ևն: Աղջիկների և տղաների միջև առողջ փոխհարաբերությունների հաստատմանը նպաստում են մեծերի կողմից կոլեկտիվ այցելությունների (թատրոն, թանգարան), արշավների և այլ միջոցառումների կազմակերպումը, որոնց հետևանքով ձևավորվում են ընդհանուր հայացքներ ու հետաքրքրություններ: Հաճախ կրտսեր տարիքի դպրոցականների (ինչպես նաև նախադպրոցականների) մոտ կարող է առաջանալ համակրանքի զգացում, որը երբեմն հասնում է «սիրահարվածության», և դա, սովորաբար, ուղղված է լինում իրենից մեծ, գեղեցիկ և ուժեղ մարդուն: Նման դեպքում երեխան ձգտում է մոտ լինել այդ մարդուն, նրա հանդեպ սիրալիր է. սիրահետում է նրան: Այդպիսի դեպքերում չի կարելի երեխայի ուշադրությունը սևեռել նման սիրահարվածությանը: Հարկավոր է փոխել նրա հետաքրքրությունների շրջանակը: Սովորաբար, այդպիսի սիրահարվածությունը ժամանակի ընթացքում ինքնաբերաբար անցնում է:

Սեռ. հասունացման շրջանում Ս. դ. 1-ին հերթին պետք է հաշվի առնի դեռահասի օրգանիզմում կատարվող և անձի փոփոխությունները: Աղջիկների դեռահասության շրջանն սկսվում է 10-12 տարեկանից, տղաներինը՝ 12-14: Այդ տարիքը բնորոշվում է դեռահասի ներքնաշխարհի արագ հարստացմամբ, ներզատիչ գեղձերի (հատկապես՝ սեռ.) ֆունկցիայի ուժեղացմամբ, սեռական հակման աստիճանական արթնացմամբ: Երեխաների մոտ ի հայտ են գալիս նաև հասունության գծեր, ինքնուրույնության, ինքնահաստատման ձգտում, ցանկանում են հասնել այն բանին, որ մեծերը հաշվի նստեն իրենց հետ: Դեռահասի անձի մեջ հատկապես արտահայտված է աններդաշնակությունը՝ սեռ. հասունացման գործընթացի, սեռ. հակման դրսևորումների և հասունության մակարդակի միջև: Դրա համար չափազանց կարևոր է, որ դեռահասը սեռ. զարգացման և հիգիենային հմտությունների մասին ճիշտ պատկերացումներ ստանա ծնողներից, այլ ոչ թե պատահական մարդկանցից (տես Անձնական հիգիենա): Ամենից առաջ սեռ. հասունացման ժամանակ աղջկան պետք է նախապատրաստել դաշտանի (տես Դաշտանային ցիկլ), իսկ տղաներին՝ երազախաբության ի հայտ գալուն: Մայրերը պետք է աղջիկներին սովորեցնեն դաշտանի