Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/612

Այս էջը հաստատված է

ընթացքում կիրառվող հիգիենայի կանոնները, դաշտանի օրագիր վարելը, պատմեն երևույթի ֆիզիոլոգիայի և այդ շրջանում պահանջվող հագուստի, սննդի և ռեժիմի մասին: Տղաները պետք է գիտենան, որ երազախաբությունն օրինաչափ, բնական երևույթ է, որի ժամանակ անհրաժեշտ է հիգիենայի տարրական կանոնների պահպանում: Սեռ. հասունացման շրջանում անհրաժեշտ է դեռահասին զերծ պահել ցանկասիրության վաղաժամ արթնացումից, և դրա մեջ որոշիչ դեր են կատարում դեռահասի կյանքի պայմաններն ընտանիքում, դպրոցում, փողոցում: Ընտանիքում անառողջ մթնոլորտը (հարբեցողությունը, հայհոյանքը, մեծերի անբարոյական վարքը) ձևավորում են սանձարձակություն, լկտիություն:

Երեխաների վրա գրգռող ազդեցություն են թողնում էրոտիկ տեսարանները կինոնկարում և կյանքում, ինչպես նաև համապատասխան գրականության ընթերցումը՝ հսկողության բացակայության պայմաններում: Վնասակար ազդեցություն են թողնում նաև անկողնում գրգանքին երկարատև անձնատուր լինելը, ճարպերով և համեմունքներով առատ սնունդը, քաղցրեղենը: Բացարձակապես անթույլատրելի է ալկոհոլը, որը կործանարար ազդեցություն է ունենում դեռահասների ձևավորվող օրգանիզմի վրա: Անհրաժեշտ է նրբանկատորեն բացատրել սեռ. հասունացման շրջանում ձեռնաշարժության երևույթի անթույլատրելիությունը, միևնույն ժամանակ չի կարելի դեռահասին ահաբեկել դրա «սարսափելի հետևանքներով»:

Կանխել սեռ. զգացմունքի վաղ ի հայտ գալը, դեռևս չի նշանակում ճնշել այն ընդհանրապես: Դեռահասների Ս. դ-յան հիմն. նպատակը նրանց սեռ. զգացմունքը գիտակցաբար ղեկավարել սովորեցնելն է, ամեն տեսակ անառակ ազդեցությունների հանդեպ բարոյական կայունության դաստիարակումը: Անհրաժեշտ է մինչև սեռ. հասունացումը ճիշտ կազմակերպել դեռահասի կյանքը, որպեսզի նրան նախապատրաստեն այն պահին, երբ ի հայտ կգան սեռ. հակումը բավարարելու իրական հնարավորություններ: Ավագ դպրոց, տարիքի երեխաների, դպրոցն ավարտած աղջիկների ու տղաների Ս. դ-յան նպատակը սեռերի փոխհարաբերության բարոյական, սոցիալ. և հիգիենային կողմերի բացահայտումն է, սեռ. կյանքի հիգիենայի և ֆիզիոլոգիայի հիմունքներին ծանոթացնելը:

Այդ շրջանում աղջիկների մոտ առաջանում է շրջապատողներին, 1-ին հերթին տղամարդկանց դուր գալու ցանկություն, ապրումակցման, սիրո և քնքշանքի ձգտում: Նրանք շատ են հետևում իրենց արտաքինին, մեծանում է հետաքրքրությունը սիրո «գաղտնիքների» հանդեպ: Պատանիներն աղջիկ են հավանում, ջանում են ավելի մեծ երևալ և հաճախ ընդօրինակում են մեծերի, այդ թվում նաև՝ վնասակար (ծխելու, ալկոհոլ օգտագործելու) սովորությունները: Տղաների նախկին կապվածությունն ընկերներին, աղջիկներինը՝ ընկերուհիներին, սովորաբար 2-րդ պլան է մղվում: Առաջացած անորոշ ցանկությունները երիտասարդ մարդիկ ոչ միշտ են կարող ճնշել, և հակառակ սեռի հասակակիցների ընկերակցությամբ նրանք իրենց անճարակ են զգում: Դրա համար կարևոր է պատշաճորեն օգնել նրանց այդ բարդ վիճակից դուրս գալու համար: Այդ շրջանում, ռեժիմի ճիշտ կազմակերպման շնորհիվ, եթե երիտասարդ մարդկանց կյանքը լի է հետաքրքրաշարժ գործերով, տոգորված է իրար նկատմամբ բարյացակամ փոխհարաբերություններով, սեռի հարցերի հանդեպ չափից ավելի հետաքրքրություն չի առաջանում: Դրա հետ կապված՝ բացառիկ նշանակություն ունի յուրաքանչյուր երիտասարդ մարդու մեջ ստեղծագործ, հակումների, բազմակողմանի հետաքրքրությունների դաստիարակումը: Հարկավոր է ակտիվորեն քարոզել ֆիզկուլտուրայով (տես Ֆիզիկական կուլտուրա) և սպորտով զբաղվելը, որը կլանում է դեռահասի ավելցուկային էներգիան, նպաստում նրա օրգանիզմի ներդաշնակ զարգացմանը, արժեքավոր կամային որակների դաստիարակմանը:

Դեռահասության տարիքում ընդլայնվում է հետաքրքրությունների շրջանակը, դրանք աստիճանաբար մոտենում են հասուն մարդկանց հետաքրքրություններին: Պատանիները և աղջիկները բավականաչափ խոհեմ են և ինքնուրույն իրենց դատողությունների և արարքների մեջ, առավել քննադատաբար են վերաբերվում իրենք իրենց և ուրիշներին:

ՍԵՌԱԿԱՆ ԺՈՒԺԿԱԼՈՒԹՅՈՒՆ, սեռական կամ սեքսուալ աբստինենցիա, սեռական կյանքի ոլորտում գոյություն ունեն սեռ. ակտիվության խիստ տարբեր մակարդակներ, որոնք պայմանավորված են ամենից առաջ անհատ. առանձնահատկություններով (տարիք, սեռական հակման արտահայտվածություն ևն):

Սեռահասունության շրջանում (տես Սեռական կյանք) յուրաքանչյուր մարդու մոտ հաստատվում է սեռ. ակտիվության իր անհատ. ռիթմը կամ մակարդակը: Այդ սովոր. ռիթմի խանգարման ժամանակ (օրինակ՝ կայուն սեռ. զուգընկերոջ կորուստ) առաջանում են հարկադրական Ս. ժ-յան բազմազան դրսևորումներ: Դրանց արտահայտվածությունը և սուբյեկտիվ ապրումների բնույթը կարող են շատ տարբեր լինել՝ կախված տարիքից, խառնվածքից, սեռ. հակման ուժգնությունից: Հարկադրական Ս. ժ. հիմնականում դրսևորվում է նևրոզանման խանգարումներով (տես Նևրոզներ), դյուրագրգռությամբ, քնի խանգարումներով, անհարմարավետության զգացումով, սեքսուալ թեմայի շուրջ հիվանդագին սևեռումով ևն: Ս. ժ-յան դրսևորումները ցայտուն են արտահայտված հիմնականում պատանիների մոտ՝ սեռ. հասունացման շրջանում: Հասուն մարդիկ և տարեցները Ս. ժ. թեթև են տանում: Նման դեպքում յուրահատուկ ֆիզիոլոգ. պաշտպան. մեխանիզմ է երազախաբությունը, որը թեթևացնում է տղամարդկանց մոտ տանջալից դրսևորումները:

Սովորաբար սեռ. կյանքը բնականոն է դառնում սեռ. ակտիվության և ռեժիմի բավարար մակարդակի հաստատումով (հիմնականում՝ ամուսնությամբ): Ամուսնության մեջ սեռ. կյանքի սովոր. ռիթմով Ս. ժ-յան երկարատև շրջանները բացառվում են:

ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔ, մարդու Ս. կ. ձևավորվում է որպես մարմնական (սոմատիկ), հոգեկան և սոցիալ. գործընթացների բարդ համալիր, որի հիմքում ընկած է սեռական հակումը: Սակայն մարդու Ս. կ-ի համար բնազդային, անպայման ռեֆլեքսային հիմքն այնքան բացարձակ որոշիչ նշանակություն չունի, որքան կենդանիներինը: Մարդու Ս. կ. ձեռք է բերել որակ. նոր հատկանիշներ, այն ծառայում է ոչ միայն սերունդը շարունակելու բնազդին, այլև ենթադրում է կնոջ և տղամարդու միջև անձնային միավորում և հոգեկան հաղորդակցություն: Մարդու սեռ. վարքի և Ս. կ-ի բնույթի ձևավորման մեջ որոշիչ նշանակություն ունեն անհատ. փորձը, անհատի դաստիարակությունը և բարոյագեղագիտ. հայացքները:

Սեռ. սերը՝ որպես անհատ. ընտրող. հակում, մարդկության երկարատև զարգացման հետևանք է և մարդկային խառնվածքի անքակտելի մասը, որը միշտ ուղղել և կարգավորել է սեքսուալության բազմազան դրսևորումները:

Հասարակության զարգացմանը զուգընթաց՝ Ս. կ. բարդացել և ձեռք է բերել ավելի ցայտուն անհատ. գծեր: Բայց Ս. կ-ում հոգեկանի և մարմնականի փոխհարաբերությունը, ինչպես նաև սեքսուալության տարբեր ձևերի հանդեպ վերաբերմունքը տարբեր հասարակարգերում տարբեր են, դրանցից