Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/619

Այս էջը հաստատված է

միզուկի արտաքին բացվածքի սպիացումը կամ նեղացումը, միզուկի մեջ փականների ու նեղացումների առաջացումը: Զարգացման արատներից է նաև թլիպանեղացրոմը (ֆիմոզ), առնանդամի ծայրային թլիպի կայուն նեղացումը, որի դեպքում առնանդամի գլխիկն ուժով մերկացնելիս կարող է առաջանալ գլխիկի ճմլում՝ ծայրային թլիպի նեղացած օղակով, և հանգեցնել պարաֆիմոզի:

Զարգացման արատներից են նաև ամորձու ջրակալումը, սերմնալարի բշտուռուցքը (կիստան):

Ս. օ-ի խիստ արտահայտված զարգացման արատները բացառում են մանկածնութան և սեռ. կյանքի հնարավորությունը: Առավել թեթև արատներից կարող են խանգարվել սեռ. կյանքը, միզարձակումը: Դրանք կարող են նպաստել բորբոքային և այլ հիվանդությունների առաջացմանը:

Ս. օ-ի զարգացման արատների մեծամասնությունը լրիվ բուժվում է, եթե երեխայի ծնողները վաղ են դիմում բժշկի:

Տղամարդկանց Ս. օ-ի բորբոքային հիվանդություններն ունեն վարակիչ, սնկիկային, մակաբուծ. բնույթ և առաջանում են բակտերիաներով, սնկիկներով, նախակենդանիներով, որդերով վարակվելիս: Առնանդամի բորբոքային հիվանդություններից առավել հաճախ հանդիպում են ծեփուկաբորբը և ծեփուկաթլիպաբորբը: Երբեմն Ս. օ-ի բորբոքում են առաջացնում մարդու օրգանիզմում առկա հարուցիչները (աղիքային ցուպիկ, նախակենդանիներ, էնտերոկոկեր ևն): Օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության իջեցման ժամանակ վարակը, տարածվելով ավշային անոթներով (միզասեռ. ուղիների երկարությամբ), կարող է առաջացնել միզուկաբորբ, շագանակագեղձի բորբոքում, սերմնաբշտերի, սերմնածորանների, ամորձու և մակամորձու բորբոքումներ: Երբեմն վարակն անցնում է առնանդամի խորշիկային մարմին և առաջացնում բորբոքում: Նախակենդանիների հարուցած հիվանդություններից առավել հաճախ հանդիպում է տրիխոմոնոզը, որը փոխանցվում է սեռ. ճանապարհով:

Մի շարք վարակիչ հիվանդություններ (խոզուկ, բրուցելոզ, տիֆեր, տուլարեմիա, տուբերկուլոզ, գրիպ, վիրուսային լյարդաբորբ) կարող են ուղեկցվել ամորձաբորբով կամ մակամորձու բորբոքմամբ:

Հատուկ խումբ են կազմում վեներական հիվանդությունները, որոնք փոխանցվում են սեռ. ճանապարհով (տես Գոնոռեա, Սիֆիլիս): Առավել հաճախ վարակվում են պատահական սեռ. կապերից, սեռ. կյանքի հիգիենայի կանոնները չպահպանելիս (տես Սեռական կյանք): Դրանց նպաստում է նաև ալկոհոլային հարբեցումը (տես Ալկոհոլամոլություն):

Ս. օ-ի վնասվածքները լինում են փակ և բաց: Ս. օ-ի սալջարդը հիմնականում ընթանում է ցավով և արյունազեղումներով: Բաց վնասվածքները կարող են լինել մակերեսային (մաշկի, ծայրային թլիպի վնասում, սանձիկի պատռվածք) և խորը (առնանդամի խորշիկային մարմինների և միզուկի ամբողջականության խախտում, ամորձիների վնասում): Լինում են նաև առնանդամի վնասվածքային ծայրատման, ամորձատման դեպքեր: Բաց վնասվածքները վտանգավոր են ուժեղ արյունահոսության, միզարձակման խանգարման, վարակի հարուցիչների ներթափանցման տեսակետից:

Փակ վնասվածքները, բացի սալջարդից, պահանջում են վիրաբուժ. միջամտություն՝ ուղղված արյունահոսության դադարեցմանը, արյունային ուռուցքի հեռացմանը, անատոմ. բնականոն փոխհարաբերությունների վերականգնմանը, մեզի արտահոսը խոչընդոտող արգելքների վերացմանը:

Ս. օ-ի բաց վնասվածքների բուժման ժամանակ հեռացնում են ջնջխված և մեռուկացած հյուսվածքները, արյան մակարդուկները և օտար մարմինները, ձգտում են առավելագույն չափով վերականգնել օրգանի ամբողջականությունը:

Տղամարդկանց Ս. օ-ի ուռուցքային հիվանդություններից առավել հաճախ (տարեցների գրեթե կեսի մոտ) հանդիպում է շագանակագեղձի գեղձուռուցքը (ադենոմա), որը պայմանավորված է հորմոնային տեղաշարժերով: Շագանակագեղձի գեղձուռուցքը չբուժելիս կարող են առաջանալ միզարտադրության խանգարումներ, միզաքարեր ևն:

Շագանակագեղձի քաղցկեղը համեմատաբար հազվադեպ է: Տղամարդկանց միզուկի բարորակ ուռուցքներից առավել հաճախ լինում են սրածայր կոնդիլոմները կամ, այլ կերպ ասած, վիրուսային պտկուռուցքները, հազվադեպ՝ պոլիպներն ու գեղձուռուցքները: Միզուկի քաղցկեղը լինում է հազվադեպ. ախտահարում է հատկապես տարեց տղամարդկանց: Առնանդամի քաղցկեղը հանդիպում է հազվադեպ և սովորաբար քրոնիկ. բորբոքման հետևանք է:

Ամորձիների ուռուցքներն առավել հաճախ չարորակ են և ախտահարում են երիտասարդներին: Հաճախ այդ ուռուցքներն արտադրում են սեռ. հորմոններ, որոնք հանգեցնում են տղաների վաղաժամ սեռ. հասունացման: Ս. օ-ի հիվանդություններից անհետաձգելի շտապ բժշկ. օգնություն պահանջողը ամորձու ոլորումն է, որի դեպքում նկատվում են ամորձու արյան շրջանառության խանգարում, ուժեղ ցավեր, ուռածություն, սրտխառնոց, փսխում, ուշագնացություն: Ժամանակին չբուժելիս ամորձին կարող է մեռուկանալ:

Տղամարդկանց Ս. օ-ի հիվանդությունների (հատկապես՝ բորբոքային) կանխարգելումը հիմնականում ընդգրկում է անձնական հիգիենայի և սեռական կյանքի հիգիենայի պահպանումը՝ արտաքին Ս. օ-ի, առնանդամի գլխիկի ծայրային թլիպի ներքին մակերևույթի ամենօրյա լվացումները: Այդ կանոնների պահպանումն անհրաժեշտ է՝ մանկ. տարիքից սկսած: Տղաների սովորականից երկարատև (այսինքն 3-4 տարի տևող), այսպես կոչված, ֆիզիոլոգ. թլիպանեղացումը պահանջում է բժշկի հսկողություն:

Կանանց Ս. օ-ի զարգացման արատները կարող են դրսևորվել անատոմ. կառուցվածքի խանգարումների (հեշտոցի, արգանդի բացակայության, դրանց կրկնակիության ևն), ինչպես նաև զարգացման կասեցման (ինֆանտիլիզմ) ձևերով: