Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/620

Այս էջը հաստատված է

Զարգացման արատների որոշ ձևերի ժամանակ (օրինակ՝ արգանդի, հեշտոցի կրկնակիություն) Ս. օ-ի ֆունկցիան երբեմն չի խանգարվում, դաշտանը պահպանվում է, կինը հղիանում է և ծննդաբերում: Որոշ ձևերի ժամանակ առաջանում է հղիության ինքնաբեր ընդհատում վաղ ժամկետում, իսկ անհասության դեպքում ծննդաբերությունն ընթանում է ծննդաբեր. ուժերի առաջնային թուլությամբ, ուստի հղի կանայք պետք է անպայման գտնվեն խիստ բժշկ. հսկողության տակ: Հեշտոցի բացակայությունն ուղեկցվում է դաշտանի բացակայությամբ (ամենոռեա). նման դեպքում սեռ. կյանքն անհնար է: Այդ արատը բուժում են վիրահատությամբ:

Ս. օ-ի անկանոն դիրքը (հատկապես՝ արգանդի), տեղաշարժը դեպի ներքև՝ մինչև սեռ. ճեղքից արտանկումը (տես Արգանդի արտանկում), գերծռումները և թեքումները դեպի հետ ու առաջ կապված են արգանդի լարվածության խանգարման, արգանդը կոնքի խոռոչում կախված վիճակում պահող կապանների և կոնքի հատակի մկանների գերձգվածության հետ: Բացի այդ, արգանդի հետթեքումը կարող է առաջանալ ներքին Ս. օ-ի բորբոքումներից հետո, որոնք ուղեկցվում են կպումների առաջացմամբ և երբեմն հանգեցնում արգանդի շարժունակության կորստի: Վերջին հանգամանքը կարող է հղիության ախտաբան. ընթացքի պատճառ դառնալ (հղի արգանդի ճմլում, ինքնաբեր վիժումներ): Բորբոքումների հետևանքով առաջացած հետթեքումը կանխելու համար անհրաժեշտ է ժամանակին կատարել բժշկի նշանակած հակաբորբոքային բուժումը՝ մինչև նրա լրիվ վերացումը: Անհրաժեշտ է նաև հետևել միզապարկի կանոնավոր դատարկմանը: Ս. օ-ի անկանոն դիրքի կանխարգելմանը նպաստում է մարմնամարզությունը:

Բորբոքային հիվանդությունների պատճառ կարող է դառնալ ախտածին մանրէների ներթափանցումը կնոջ սեռ. ուղիներ: Կախված այս կամ այն օրգանի ախտահարման գերակշռությունից՝ տարբերում են հետևյալ հիվանդությունները՝ արգանդի հավելումների բորբոքում (ադնեքսիտ), արգանդի մկանալորձենաբորբ, արգանդի վզիկի բորբոքում (ցերվիցիտ), ինչպես նաև արգանդի վզիկի լործենախախտ, հեշտոցաբորբ, արտաքին Ս. օ-ի բորբոքում՝ ամոթույքաբորբ ևն: Ախտածին մանրէների թափանցմանը կնոջ սեռ. ուղիներ նպաստում են անձն. հիգիենայի կանոնները չպահպանելը, ինչպես նաև պատահական սեռ. կապերը, որոնք կարող են տրիխոմոնոգով, գոնոռեայով և սիֆիլիսով վարակման պատճառ դառնալ:

Կնոջ Ս. օ-ում (հաճախ՝ արգանդում և ձվարաններում) կարող են առաջանալ ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ ուռուցքներ: Բարորակ ուռուցքներից առավել հաճախ հանդիպում են արգանդի մկանուռուցքը և ձվարանների բշտուռուցքը: Մեծ մասամբ արգանդի մկանուռուցքի ժամանակ խանգարվում է դաշտանային ցիկլը (առատ երկարատև դաշտան, նույնիսկ՝ արգանդային արյունահոսություն): Մեծ չափերի մկանուռուցքը կարող է ճնշել հարևան օրգաններին, որն արտահայտվում է հաճախակի միզարձակմամբ կամ փորկապությամբ: Փոքր մկանուռուցքի դեպքում կինը կարող է հղիանալ նույնքան հաճախ, որքան առողջները, սակայն երբեմն հղիությունը կարող է ավարտվել ինքնաբեր վիժումով, անհասության դեպքում՝ առաջանալ ծննդաբեր. առաջնային ուժերի թուլություն, հետծննդյան շրջանում՝ արյունահոսություն: Արգանդի մկանուռուցքը՝ նույնիսկ մեծ չափերի հասնող, երբեմն կարող է ընթանալ անախտանշան: Այդպիսի հիվանդություն ունեցող կանայք կանանց կոնսուլտացիաներում պարտադիր պետք է գտնվեն բժշկ. հսկողության տակ:

Ձվարանների բշտուռուցքը կարող է ընթանալ անախտանշան և հաճախ հայտնաբերվել միայն գինեկոլոգ. հետազոտության ժամանակ: Սակայն հնարավոր է բշտուռուցքի ոլորում, որն ուղեկցվում է որովայնի ստորին հատվածի ուժեղ ցավերով, փսխումով, երբեմն՝ ջերմաստիճանի բարձրացմամբ: Այդպիսի հիվանդները կարիք ունեն շտապ հոսպիտալացման:

Արգանդի և ձվարանների չարորակ ուռուցքները հաճախ առաջանում են դաշտանադադարի կամ դրան մոտ շրջանում: Ուստի ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման և ժամանակին բուժման համար կանայք պետք է կանոնավոր՝ տարին 2 անգամ, դիմեն գինեկոլոգի, եթե նույնիսկ ոչինչ չի անհանգստացնում նրանց, և լիովին առողջ են: Հարկավոր է չխուսափել նաև կանխարգելիչ զննումներից (տես Բժշկական զննումներ):

ՍԵՎԵՌՈՒՆ ՎԻՃԱԿՆԵՐ, հիվանդի ցանկությունից անկախ առաջացող մտքեր, հիշողություններ, վախեր, հակումներ, գործողություններ ևն: Հիվանդը հասկանում է դրանց ավելորդությունը, պայքարում այդ վիճակների դեմ, սակայն ազատվել չի կարողանում, հիվանդի մոտ պահպանված է դրանց հիվանդագին լինելու գիտակցումը և քննադատ. վերաբերմունքն այդ վիճակների հանդեպ: Հաճախ Ս. վ. ծայրահեղ տանջալից են հիվանդների համար: Դրանք կարող են նկատվել տարբեր հոգեկան հիվանդությունների ժամանակ (երբեմն նկատվում են նաև առողջ մարդկանց մոտ), բայց առավել ամբողջական և ցայտուն են արտահայտված Ս. վ-ի նևրոզի ժամանակ: Վերջինիս առաջացմանը կարող են նախորդել երկարատև գերհոգնածությունը, քրոնիկ. թունավորումները (այդ թվում ալկոհոլով), տարբեր հիվանդությունները, ընդ որում՝ Ս. վ-ի նևրոզը հեշտությամբ է առաջանում խռովահույզ, կասկածամիտ բնավորությամբ անձանց մոտ: Ս. վ-ի նևրոզի առաջացման անմիջական պատճառը սովորաբար հոգեկան վնասվածքն է: Հիվանդության ձևավորման ժամանակ տեղի է ունենում ծանր ապրած, տվյալ մարդու համար անսովոր (գլխապտույտ, սրտխփոց, թուլություն ևն) կամ հանկարծակի առաջացած որևէ վիճակի սևեռում, որի հետևանքով հիվանդի մոտ առաջանում են այդպիսի նոպայի կրկնվելու տագնապալի սպասում, իր առողջության համար ծայրահեղ անհանգստություն: Սրտային հիվանդությունից որևէ մեկի մահվան լուրը տանջալից, սևեռուն անհանգստությունների պատճառ է դառնում: Հաճախ տհաճ զգացողությունների կրկնվելու այդպիսի տագնապալի սպասումները, որոնք ուղեկցվում են սևեռուն վախով՝ փաստացի լրիվ ֆիզ. առողջության առկայության պայմաններում, խանգարում են առօրյա պարտականությունների կատարմանը: Այդպիսի հիվանդներն սկսում են միայնությունից վախենալ՝ իբր նման «սրտային նոպաներ» առաջանալիս իրենց չեն կարող ժամանակին օգնություն ցույց տալ: Նույնիսկ փոխադրամիջոցներում նրանք ձգտում ոն երթևեկել հարազատների ուղեկցությամբ, թեպետ նման դեպքերում նրանք աշխատում են թաքցնել իրենց տագնապալի անհանգստությունները: Ս. վ-ի նևրոզները կարող են դրսևորվել մետրոյով երթևեկելու վախով՝ «սրտային նոպայի» հնարավորության պատճառով, այնուհետև միանում է նաև փոխադրամիջոցների մյուս տեսակների հանդեպ վախը, ի վերջո, վախն առաջանում է նույնիսկ երթևեկելու մասին պատկերացումից: Երբեմն հիվանդի մոտ ի հայտ են գալիս սևեռուն գործողություններ (այսպես կոչված՝ ծեսեր), որոնց կատարումը երևակայական վտանգից իրեն «պահպանելու» նպատակ ունի: Օրինակ՝ հիվանդը հագնվում է միայն որոշակի հաջորդականությամբ, ընթերցելիս բաց է թողնում որոշակի էջեր ևն: Ս.վ-ի երկարատև ընթացքի