Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/628

Այս էջը հաստատված է

կյանքի համար վտանգավոր արյունահոսությամբ, որն անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել մինչև շտապ վիրաբուժ. օգնությունը: Ուստի 1-ին օգնություն ցույց տալու ձևերն իմանալն արյունահոսությունների դեպքում անհրաժեշտ է. դա պետք է իմանան բոլորը և հատկապես՝ վարորդները, երկրաբանները, զբոսաշրջիկները և տրանսպորտի միջոցներից օգտվողները: Չպետք է մոռանալ, որ կրծքավանդակի բութ վնասվածքը հաճախ ուղեկցվում է սրտի սալջարդով և սրտամկանի, ինչպես նաև սրտապարկի արյունազեղումներով և առաջացնում է վերջինիս վնասվածքային բորբոքում:

Երակային անոթային հունի հիվանդությունների մեջ զգալի տոկոս է կազմում երակների հանգուցավոր լայնացումը, որը հաճախ դիտվում է ստորին վերջույթի ենթամաշկային երակներում, ուղիղ աղիքի լորձաթաղանթի երակային հյուսակներում (տես Թութք) և պայմանավորված է այդ երակների կառուցվածքի բնածին առանձնահատկություններով: Լինում են նաև երակների բորբոքումներ՝ երակաբորբեր և թրոմբոֆլեբիտ, որոնց դեպքում բժշկի ցուցումները չկատարելու հետևանքով գործընթացը կարող է տարածվել խորանիստ երակային անոթների վրա՝ առաջացնելով թրոմբոզ (արյան մակարդուկով անոթի լուսանցքի խցանում) և վերջույթի տևական ախտահարում: Երբեմն ստորին վերջույթի երակի թրոմբոզը դրսևորվում է հյուսվածքների այտուցով, և հիվանդները, դա համարելով «սրտային ախտանշան», ընդունում են միզամուղ դեղանյութեր կամ կարծելով՝ հոդերի հիվանդություն է, մերսում են ոտքը: Ինքնաբուժման նշված 2 եղանակն էլ չեն հակազդում թրոմբոզին և խիստ մեծացնում են թրոմբի պոկման և արյան հոսքով դեպի թոքերը տարվելու վտանգը, որտեղ թրոմբը խցանում է թոքային զարկերակի ճյուղերից մեկը, որի հետևանքով կարող է առաջանալ ծանր հիվանդություն՝ թոքի խցանում (էմբոլիա):

Զարգացած երկրներում 20-րդ դ. վերջին քառորդում Ս.հ-ի հիվանդություններից առավել տարածված են հիպերտոնիկ հիվանդությունը և աթերոսկլերոզը:

Հիպերտոնիկ հիվանդությունը դրսևորվում է զարկերակային ճնշման բարձրացումով՝ զարկերակային գերճնշումով:

Բուժման ժամանակակից մեթոդները բավականին արդյունավետ են և ապահովում են զարկերակային ճնշման կայուն իջեցումը (տես Արյան ճնշում), բայց կարևոր է, որպեսզի հիվանդը գիտակցորեն նպաստի հիվանդության հաջող բուժմանը: Կանոնավոր բուժումը խիստ փոքրացնում է գլխուղեղի և երիկամների ախտահարման վտանգը՝ միաժամանակ դառնալով աթերոսկլերոզի կանխարգելման միջոց, որի առաջացումն արագանում է բարձր զարկերակային ճնշման հետևանքով:

Աթերոսկլերոզը, ախտահարելով զարկերակները, աստիճանաբար նեղացնում է նրանց լուսանցքը և վատացնում սնուցվող օրգանների արյունամատակարարումը: Շատ հաճախ այն ախտահարում է սրտի պսակային անոթները (պսակային անոթների կարծրախտ), որով պայմանավորված՝ հիվանդությունը կոչվում է սրտի պսակային իշեմիկ հիվանդություն: Վերջինիս կլինիկ. դրսևորումներն են հիմնականում կրծքային հեղձուկի (ստենոկարդիա) նոպաները: Շատ հաճախ սրտի իշեմիկ հիվանդության բարդություն է սրտամկանի ինֆարկտը: Պսակային հիվանդությունը կարող է դրսևորվել սրտի կարծրախտով (կարդիոսկլերոզ), որն արտահայտվում է սրտամկանում սպիական հյուսվածքի օջախների առաջացմամբ (նախկին ինֆարկտի տեղում) կամ նույն հյուսվածքի փոքր օջախների շատ դանդաղ զարգացմամբ, որը սրտի բազմամյա անբավարար արյունամատակարարման արդյունք է: Սրտի իշեմիկ հիվանդության 1-ին ախտանշաններից է ծանրության զգացումը, որը սուբյեկտիվ զգացում է, ուստի հիվանդը որքան շուտ դիմի բժշկի, այնքան հիվանդությունն արագ կբացահայտվի: Սրտի շրջանի ցանկացած տհաճ զգացում, ցավ կամ ինքնազգացողության ճնշող փոփոխություն (որոնք նախկինում չեն եղել) առաջանալիս պետք է անմիջապես դիմել բժշկի: Այդ ախտանշաններն առաջանում են ֆիզ. կամ հուզ. լարվածության դեպքում, ունեն նոպայաձև բնույթ և անցնում են բեռնվածությունը վերացնելուց անմիջապես հետո: Սակայն միայն կասկածելի ցավերի բնույթն իմանալը միանգամայն անբավարար է կրծքային հեղձուկի ինքնուրույն ախտորոշման համար: Նշված ախտանշանները պետք է օգնեն ազատվելու լայնորեն տարածված մոլորությունից. շատ մարդիկ (հատկապես երիտասարդ տարիքում) ենթադրում են, որ հետկրծոսկրային շրջանում առաջացած ցավը կամ ճնշման զգացումը ուշադրության արժանի չեն, քանի որ դրանք չեն վերաբերում սրտին: Բայց հենց այդ միալար բնույթի ցավը բժշկի դիմելու բացարձակ հիմք է: Չպետք է նաև կարծել, թե երիտասարդ տարիքում բացառվում է կրծքային հեղձուկի առաջացման հնարավորությունը, կամ վազելիս, սարն արագ բարձրանալիս հետկրծոսկրային շրջանում այրոցի զգացումը չի կարող սպորտով զբաղվող մարդու համար նշված հիվանդության ախտանշան լինել: Նման դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի: Միայն ժամանակին կատարված ախտորոշումն է հիվանդի համար ապահովում աշխատանքային, մարզ. և այլ ծանրաբեռնվածությունների անհրաժեշտ կարգորոշում և դեղորայքային օգնություն, որի հետևանքով կրծքային հեղձուկի նոպաները հաճախ դադարում են և չեն վերսկսվում շատ տարիների ընթացքում: Միաժամանակ ձեռնարկվում են կրծքային հեղձուկի կանխարգելման միջոցառումներ: Նշված հիվանդության ստույգ հաստատված նոպաներով տառապող մարդու օրգանիզմում դրանք ազդանշանի դեր են կատարում, որով սիրտը «հաղորդում է», որ իրեն տրված բեռնվածությունը գերազանցել է թույլատրելիի սահմանը: Նոպայի դեպքում անհրաժեշտ է անմիջապես նվազեցնել ֆիզ. բեռնվածությունը և նիտրոգլիցերին ընդունել:

Ամենավտանգավորը նիտրոգլիցերինի ընդունման սահմանափակումն է. կրծքային հեղձուկի յուրաքանչյուր նոպայի դեպքում պետք է պարտադիր ընդունել այդ պատրաստուկը (անգամ, եթե բժիշկն այլ նշանակում չի արել): Նիտրոգլիցերինին հարմարվելու վախն անհիմն է:

Սրտի իշեմիկ հիվանդության բուժումը համալիր է, տևական և անպայման բժշկի հսկողությամբ: Քանի որ այն ուղղված է նաև կրծքային հեղձուկի դեմ, ուստի բուժկանխարգելիչ միջոցառումներն անխուսափելիորեն վերաբերում են նաև հիվանդի կենսակերպին:

Սրտամկանի ինֆարկտը սրտի իշեմիկ հիվանդության լուրջ բարդություն է: Ժամանակին ցուցաբերած բուժօգնությունը կարող է թեթևացնել հիվանդության ընթացքն ու հետևանքները: Բժշկին ուշ դիմելը մեծ մասամբ պայմանավորված է հիվանդագին լուրջ զգացումների թերագնահատմամբ: Անհրաժեշտ է իմանալ, որ կրծքավանդակում, հատկապես հետկրծոսկրային հատվածում կամ սրտագդալի շրջանում առաջացող ցանկացած ցավ, եթե չի դադարում հանգստի պայմաններում, նիտրոգլիցերին ընդունելիս կամ հանդարտվելուց հետո վերսկսվում է, ապա պետք է շտապ բժշկ. օգնություն կանչել:

Սրտամկանի ինֆարկտը բուժում են հիվանդանոցում: Աշխատունակությունը վերականգնելուց հետո հիվանդը սովորաբար վերադառնում է մասնագիտ. գործունեության: Սրտի աշխատունակության հետագա բարձրացումն ապահովվում է հիմնականում 2 կենսբ. գործընթացներով, սրտամկանում համակողմային (կոլատերալ)