Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/632

Այս էջը հաստատված է

թափվում ոչ մեծ, կլոր հատվածներում (Ս-ային ճաղատություն): Կարող են թափվել հոնքերը, թարթիչները: Պարանոցի վրա ի հայտ են գալիս սպիտակ, մանր բծեր (Ս-ային լեյկոդերմա): Հիվանդությունն ընթանում է բռնկումների ձևով, մի քանի տարվա ընթացքում նրա ախտանշանները երբեմն անհետանում են, երբեմն՝ նորից առաջանում:

Հետագայում (3-4 տարի անց) սկսվում է հիվանդության 2-րդային շրջանը, և նրա ընթացքը փոխվում է: Ախտահարվում են ներքին օրգանները, նյարդային և ոսկրային համակարգերը, առաջանում են, այսպես կոչված, Ս-ային գամմաներ՝ մեծ գնդաձև հանգույցներ, որոնք ենթարկվում են կազմալուծման՝ մասամբ քայքայելով այն օրգանը, որի վրա գոյացել են (աորտա, ստամոքս, լյարդ ևն), մաշկի վրա ի հայտ են գալիս դժվար ապաքինվող խոցեր: Եթե գամման գոյացել է քթի ոսկրերում, ապա դրանց քայքայման հետևանքով քիթը կարծես փուլ եկած լինի (թամբաձև քիթ): Ս-ի ժամանակ նյարդային համակարգի ախտահարումները բազմազան են, բայց նրանցից առավել ծանրը ողնուղեղի սմքախտն է, և, այսպես կոչված, հարաճուն լուծանքը (պրոգրեսիվ պարալիչ): Ողնուղեղի սմքախտի ժամանակ, որը պայմանավորված է ողնուղեղի նյարդային հյուսվածքի քայքայմամբ, ողնաշարում առաջանում են խոցող ցավեր, միզարձակման, կղման խանգարումներ (սկզբում դժվարացում, այնուհետև՝ ակամա միզարձակում և կղում), տեսող. նյարդի հետաճում, որը հանգեցնում է կուրության: Հարաճուն լուծանքը դրսևորվում է թուլամտությամբ, հիշողության, խոսելու, գրելու խանգարումներով: Երբեմն Ս. երկար ժամանակ ընթանում է գաղտնի և հայտնաբերվում է միայն բուժհիմնարկներում կատարվող հատուկ հետազոտությունների օգնությամբ:

Ս. չբուժելու կամ անբավարար բուժելու դեպքերում հիվանդությունը ծնողներից հաճախ փոխանցվում է սերունդներին, նման դեպքում երեխան հիվանդանում է Ս-ով դեռևս ներարգանդային շրջանում: Ս-ի ժամանակ հղիության ելքը կարող է տարբեր լինել. վիժում, վաղաժամ ծննդաբերություններ՝ մեռածածնություն, հիվանդ երեխաների ծնունդ ևն: Բնածին Ս-ով երեխաները սովորաբար ծնվում են թերզարգացած, հաճախ՝ ոսկրերի, նյարդային համակարգի, տեսողության, լսողության օրգանների զարգացման արատներով և մաշկի ու լորձաթաղանթների վրա վարակիչ ցաների ի հայտ գալով (այսպես կոչված՝ Ս-ային բշտկացան): Հաճախ նրանք մահանում են կյանքի 1-ին շաբաթում կամ ամիսներին:

Բուժումը նշանակում է բժիշկը՝ անհատականորեն՝ հիվանդության շրջանը և հիվանդի ընդհանուր վիճակը հաշվի առնելով: Առողջացումը պայմանավորված է ժամանակին սկսած, կանոնավոր և պարտադիր անցկացնում են բուժմամբ: Ս-ի վարակիչ դրսևորումների 1-ին փուլերում բուժումն անցկացնում են հատուկ հիվանդանոցներում, այնուհետև շարունակում են ամբուլատոր պայմաններում մաշկավեներաբան. դիսպանսերում (ըստ բնակավայրի): Բոլոր հիվանդները գտնվում են խիստ հաշվառման և դիսպանսերային հսկողության տակ:

Ամբուլատոր պայմաններում բժիշկը պետք է խստորեն պահպանի դեղանյութերի սրսկման ժամկետը: Բուժումից խուսափելը կամ նրա շրջանները չպահպանելը շրջապատողների վարակման սպառնալիք են ստեղծում, և հիվանդը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել:

Հիվանդը պետք է խստորեն պահպանի անձնական հիգիենայի կանոնները (ունենա առանձին սրբիչ, անկողնու սպիտակեղեն, ամանեղեն ևն), սահմանափակի ծխելը, բացարձակապես չօգտագործի ալկոհոլ: Օգտակար են ֆիզկուլտուրայով զբաղվելը, վիտամիններով հարուստ սնունդը:

Բուժումն ավարտելուց հետո հիվանդը մի քանի տարի պետք է գտնվի բժշկի հսկողության տակ: Բուժման ընթացքում, մինչև բժշկի թույլտվությունը, հիվանդը պետք է խուսափի սեռ. կյանքից: Բացարձակապես արգելվում է հիվանդից արյուն վերցնել՝ այլ անձանց փոխներարկելու համար: Հիվանդներին հաշվառումից հանում են միայն լրիվ առողջանալուց հետո: Ս-ի հանդեպ կայուն իմունիտետ չի մշակվում, ուստի հնարավոր է կրկնավարակում:

Հաջող բուժման համար պետք է ժամանակին դիմել բժշկի: Սեռ. օրգանների վրա խոցեր կամ քերծվածքներ, մաշկի վրա ցաներ ի հայտ գալիս անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: Չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ, քանի որ ախտահարման օջախները որևէ բանով լվանալը, դրանց վրա քսուքներ քսելը, դեղանյութեր (հատկապես՝ հակաբիոտիկներ) ընդունելը, չեն մեղմացնում ցավերը, բայց դժվարացնում են ախտորոշումը: Ընդհակառակն, Ս. կարող է ձեռք բերել ձգձգվող և հետագայում ավելի ծանր ընթացք: Ս-ով հիվանդը պետք է բժշկին հայտնի սեռ. մերձեցման մասին, որպեսզի ժամանակին հայտնաբերվի և բուժվի նաև այն անձը, որը վարակի աղբյուր է, և այն անձինք, որոնց նա կարող էր վարակել: Հիվանդի ընտանիքի անդամներին հետազոտում են, և նրանք, անհրաժեշտության դեպքում, ստանում են կանխարգելիչ բուժում: Դիսպանսերի բուժող բժիշկը նման դեպքում պահպանում է բժշկ. գաղտնիքը:

Բնածին Ս-ի կանխարգելման համար անհրաժեշտ է հղիության 1-ին և 2-րդ կեսերին հետազոտել բոլոր հղի կանանց արյունը (Վասերմանի ռեակցիա): Հիվանդությունը հայտնաբերելիս անցկացնել համապատասխան բուժում:

Անհատ. կանխարգելման համար կարևոր է պատահական սեռ. կապերի բացառումը: Վեներ. հիվանդությամբ վարակման հնարավորության կասկածի դեպքում սեռ. հարաբերությունից հետո (1-ին 2 ժ ընթացքում) դիմել մաշկավեներաբան. դիսպանսերի կանխարգելիչ կետ, որն աշխատում է շուրջօրյա, այնտեղ ցույց է տրվում հիվանդությունը կանխարգելող անհրաժեշտ օգնություն:

ՍԿԼԵՐՈԶ, տես Կարծրախտ:

ՍԿՈԼԻՈԶ, տես Ողնաշարի ծռումներ հոդվածում:

ՍՆԿԱԽՏԵՐ, տես Մաշկի սնկիկային հիվանդություններ հոդվածում:

ՍՆԿԱԽՏԵՐ ՈՏՆԱԹԱԹԻ. միկոզներ ոտնաթաթի, հարուցիչը մանրադիտակային սնկիկն է, որն ախտահարում է ոտնաթաթի մաշկը և մատները: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է. հարուցիչն արտաքին աշխարհ է ընկնում մաշկի թեփուկների, փշրված եղունգների հետ: Վարակվում են ավելի հաճախ ընտանիքում,