Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/633

Այս էջը հաստատված է

հանրակացարանում՝ ուրիշի (հիվանդի) կիսագուլպաները, գուլպաները, հողաթափերը, ներքնաշորը, ոտքերը լվանալու թասը, ճիլոպը, մկրատը և խնամքի այլ առարկաներ օգտագործելիս: Հնարավոր է վարակվել բաղնիքում, ցնցուղարանում, լողավազանում, լոգարանում, եթե խախտվում են անձն. և հաս. հիգիենայի կանոնները: Նկատվում են վարակման դեպքեր պեդիկյուրի ժամանակ, եթե գործիքներն օգտագործելուց առաջ վարակազերծված չեն: Նախատրամադրող գործոններ են ոտնաթաթի քրտնոտությունը, հարուկները, մաշկի ամբողջականության խախտումները, ոտքերի երակների հանգուցավոր լայնացումները ևն:

Սնկիկն ավելի հաճախ ներթափանցում է ոտնաթաթի, ներբանի, միջմատնային ծալքերի մաշկի մեջ, և 1-ին ախտանշաններն արտահայտվում են այդ հատվածների մաշկի թեփոտմամբ, որոնք հաճախ հիվանդը կարող է չնկատել: Թեփոտումը հետագայում փոխարինվում է տարբեր չափերի բշտիկներով, որոնք սկզբում լցված են լինում թափանցիկ, այնուհետև՝ պղտոր հեղուկով: Բշտիկները միաձուլվում են և պատռվելով՝ առաջացնում բորբոքային կարմիր թացացող հատվածներ, որոնք ուղեկցվում են ցավերով և քորով: Մատների կողմնային մակերևույթների մաշկը սպիտակում է, փխրունանում և թիթեղիկների ձևով պոկվում, ծալքերի խորքում առաջանում է ճաք, որն ուղեկցվում է ցավերով, քորով: Հետագայում բոլոր ախտանշանները մեղմանում են, մնում է միայն թեթևակի թեփոտումը: Սակայն հիվանդությունը դեռևս չի բուժվում, սնկիկը շարունակում է ապրել մաշկի եղջերաշերտում: Առանց բուժման հիվանդությունը դառնում է քրոնիկ.: Սնկիկներով ախտահարված եղունգները կորցնում են փայլը, նրանց հաստության մեջ ի հայտ են գալիս դեղին բծեր և զոլեր, եղնգաթիթեղիկները հաստանում են, փխրունանում և փշրվում: Եղունգների փշրունքների, ինչպես նաև ոտնաթաթի և միջմատնային ծալքերի թեփերի մեջ պարունակվում են սնկիկների միցելների թելեր և սպորներ:

Ախտորոշում է բժիշկը: Մաշկի թեփերի և եղունգների քերուկների մանրադիտակային հետազոտության ժամանակ հայտնաբերվում են սնկիկներ, իսկ սննդարար միջավայրերի վրա նրանց ցանքսն օգնում է որոշել սնկիկի տեսակը: Ոտնաթաթի սնկախտի բարձիթողի դեպքերում (հատկապես՝ ախտահարված եղունգների) բուժումը շատ դժվար է, երկարատև: Դրա համար հիվանդության 1-ին ախտանշաններն ի հայտ գալիս անհրաժեշտ է դիմել բժշկի: Ինքնաբուժումը հանգեցնում է ծանր բարդությունների: Օրինակ՝ ոտնաթաթի էպիդերմոֆիտիայի ժամանակ կարող են առաջանալ ալերգ. ցաներ, որոնք հիշեցնում են էկզեմա և չափազանց դժվար են բուժվում:

Անհատական կանխարգելման համար խորհուրդ է տրվում չօգտվել ուրիշի կոշիկներից, կիսագուլպաներից, մկրատներից, բաղնիքում, ցնցուղարանում, լողավազանում հարկավոր է հագնել ռետինե կամ պլաստմասսայե հողաթափեր: Ոտնաթաթի (հատկապես՝ միջմատնային ծալքերի և ներբանների) մաշկը չորացնել առանձին չոր սրբիչով: Անհրաժեշտ է բուժել ոտնաթաթերի քրտնոտությունը: Ընտանիքի բոլոր անդամները պետք է հետազոտվեն դիսպանսերում: Հասարակական կանխարգելման նպատակով պետք է ամեն օր մաքրել ու վարակազերծել շինությունը և բաղնիքի, ցնցուղարանի, մարզ. դահլիճների գույքը, վարսավիրանոցներում ու բաղնիքներում՝ պեդիկյուրի և մանիկյուրի գործիքները:

Տես նաև Մաշկ, խնամքը, Եղունգներ, խնամքը, Սնկիկներ մանրադիտակային:

ՍՆԿԵՐ, ցածրակարգ, քլորոֆիլազուրկ տարասուն բույսերի ինքնատիպ խումբ: Ս. օրգ. աշխարհի առանձին թագավորություն են: Հայտնի է Ս-ի մոտ 100 հզ. տեսակ: Մեծամասնության սնկամարմինն ունի սարդոստայնանման, բամբականման, խմորանման փառի կամ բծերի տեսք: Առանձին Ս. տեսանելի են միայն մանրադիտակի օգնությամբ: Կենցաղում Ս. են անվանում միայն որոշ բարձրակարգ Ս-ի սնկամարմինների վրա զարգացող պտղամարմինները: Ս. կենդանիներին նման են նյութափոխանակության արգասիքներում՝ միզանյութի, բջջթաղանթում խիտինի (որը մարդու ստամոքսաղիքային համակարգում դժվարացնում է Ս-ի մարսումը) առկայությամբ, որպես պաշարանյութ գլիկոգեն և ոչ թե օսլա կուտակելու հատկությամբ, իսկ սնման մակակլանման (ադսորբցիոն) եղանակով, չսահմանափակված աճով, լավ արտահայտված բջջթաղանթով՝ բույսերին: Ս. ուսումնասիրող գիտությունը կոչվում է սնկաբանություն (միկոլոգիա): Պարզունակ Ս-ի վեգետատիվ մարմինը պլազմոդիումն է կամ ռիզոմիցելիումը (միակորիզ, թույլ զարգացած թելիկներով բջիջ): Խմորասնկերի վեգետատիվ մարմինը կազմված է բողբոջող միայնակ բջիջներից, որոնք կարող են չանջատվել և առաջացնել ճյուղավորված շղթաներ (կեղծ սնկամարմիններ): Բարձր կազմակերպված Ս-ին բնորոշ է ճյուղավորված թելերից՝ հիֆերից բաղկացած, հիմնանյութի մակերևույթին կամ ներսում զարգացող սնկամարմինը, որը ձևափոխվելով՝ կարող է առաջացնել տարբեր (փոխադրող, անբարենպաստ պայմաններում գոյատևման ևն) ֆունկցիաներ կատարող գոյացություններ (թելեր, ռիզոմորֆներ, սկլերոցիումներ): Ս. բազմանում են վեգետատիվ, անսեռ ու սեռ. ճանապարհներով: Վեգետատիվ բազմացումը կատարվում է սնկամարմևի կտորների կամ սնկամարմնից առաջացած գոյացությունների, առանձին բջիջների՝ սպորների և բողբոջման (խմորասնկեր) միջոցով: Անսեռ բազմացումը տեղի է ունենում սնկամարմնից