Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/644

Այս էջը հաստատված է

սուր շնչառ. հիվանդություններ ևն) նկատմամբ՝ ընկալունակ: Չնայած գիրությանը՝ գունատ են, «փխրուն»: Միօրինակ կաթնային սնուցման և ոչ ժամանակին լրացուցիչ կերով կերակրման հետևանքով հաճախ առաջանում է փորկապություն՝ դեղնամոխրագույն, չոր, գարշահոտ կղանքով, իսկ միօրինակ ալյուրեղենով կերակրելիս՝ կղանքը գորշ է, թույլ, մածուցիկ, թթվահոտ:

Բուժում է բժիշկը: Քանակ. թերսնուցման հետևանքով առաջացած Ս. խ-ման դեպքում նշանակում են հավելյալ սնունդ, իսկ ստամոքսաղիքային համակարգի զարգացման արատների հետևանքով առաջացած Ս. խ-ման բուժումը վիրահատական է:

Կանխարգելումը պետք է սկսել մինչև երեխայի ծնվելը: Ապագա մայրը պետք է հետևի օրվա ռեժիմին, որպեսզի սնունդը միօրինակ չլինի (տես Հղիություն, Սնուցում, հղի կնոջ և կերակրող մոր սնուցում): Երեխայի ծնվելուց հետո անհրաժեշտ է, որ մայրը բժշկի հետ խորհրդակցի լրացուցիչ սնունդ տալու ժամկետների, սննդի քանակի, բաղադրության, ճիշտ խնամքի, սուր և քրոնիկ. հիվանդությունների կանխման վերաբերյալ: Կարևոր նշանակություն ունի ճիշտ ֆիզ. դաստիարակությունը (տես Կրծքի երեխա):

ՍՆՈՒՑՈՒՄ, օրգանիզմի կողմից կյանքի, առողջության և աշխատունակության պահպանման համար անհրաժեշտ սննդանյութերի յուրացումը:

Ճիշտ Ս-ման դեպքում մարդը քիչ է հիվանդանում տարբեր հիվանդություններով և հեշտությամբ հաղթահարում է դրանք:

Ռացիոնալ Ս. կարևոր նշանակություն ունի նաև վաղաժամ ծերացման կանխարգելման համար: Ստամոքսաղիքային, սիրտանոթային և այլ հիվանդությունների դեպքերում հատուկ կազմված սննդի օրաբաժինն ու ռեժիմը բուժ. նշանակումներից են (տես Բուժական սնունդ): Ուստի սննդի օրաբաժինը քանակով ու որակով անհրաժեշտ է հավասարակշռել մարդու պահանջների հետ, նրա մասնագիտությանը, տարիքին, սեռին համապատասխան: Օրգանիզմի ֆիզիոլոգ. պահանջները կախված են շատ պայմաններից, որոնք, որպես կանոն, մշտապես փոխվում են, և գործնականորեն հնարավոր չէ կյանքի յուրաքանչյուր պահին Ս. ստույգ հավասարակշռել: Սակայն օրգանիզմում կան հատուկ կարգավորիչ մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս ընդունած սննդից յուրացնել տվյալ պահին իրեն անհրաժեշտ քանակի սննդանյութեր:

Այս հարմարվող. ունակությունները, սակայն, սահմանափակ են մանկ. և տարեց հասակներում: Բացի այդ, շատ սննդանյութեր, օրինակ՝ որոշ վիտամիններ, անփոխարինելի ամինաթթուներ (տես Սպիտակուցներ) մարդու օրգանիզմում չեն սինթեզվում, օրգանիզմը դրանք պետք է ստանա սննդի հետ, այլապես առաջանում են ոչ լիարժեք Ս-ման հետ կապված հիվանդություններ:

Սննդանյութերի հատկությունները և օրգանիզմի պահանջը դրանց նկատմամբ: Օրգանիզմը սննդի միջոցով ստանում է կենսագործունեության համար անհրաժեշտ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, ինչպես նաև կենսբ. ակտիվ նյութեր՝ վիտամիններ և անօրգ. աղեր (տես Հանքային նյութեր): Այս կամ այն սննդամթերքի յուրացման ժամանակ առաջացած էներգիայի քանակը կոչվում է այդ մթերքի էներգիական արժեք կամ կալորիականություն: Տարբեր սննդանյութերի ու էներգիայի նկատմամբ պահանջը կախված է սեռից, տարիքից և աշխատանքի բնույթից: Սննդի օրաբաժնի ճիշտ կազմման համար, հաշվի առնելով աշխատանքի բնույթը, Ս-ման հիգիենայի ոլորտի մասնագետները բոլոր հասուն (18-59 տարեկան) մարդկանց բաժանում են 5 խմբի. 1-ինում նրանք են, որոնց աշխատանքը կապված չէ ֆիզ. լարվածության հետ կամ պահանջում է աննշան ֆիզ. լարվածություն, դրանք մտավոր աշխատանքով զբաղվող մարդիկ են, կառավարման կետերում աշխատողները, կարգավարները և ուր., որոնց աշխատանքը կապված է որոշակի նյարդային լարվածության հետ (մանկավարժ, քարտուղար, գործավար): 2-րդ խումբը կազմում են թեթև ֆիզ. աշխատանքով զբաղվող մարդիկ՝ սպասարկման ոլորտի, ճարտարագիտատեխ. աշխատողներ, գյուղատնտեսներ, անասնաբույծ-տեխնիկներ, բուժքույրեր և ուր.: 3-րդ խմբում են միջին ծանրության աշխատանք կատարողները՝ հաստոցի մոտ աշխատողներ, փականագործներ, վիրաբույժներ, վարորդներ, տպագրիչներ և այլք: 4-րդ խումբը ծանր ֆիզ. աշխատանքով զբաղվող մարդիկ են՝ շինարար, բանվորներ, գյուղատնտ. բանվորների հիմն. մասը և մեխանիզատորներ, նավթի, գազի, թղթի և փայտամշակման արդ-յան աշխատողներ, ատաղձագործներ և ուր.: 5-րդ խմբին դասվում են շատ ծանր ֆիզ. աշխատանք կատարողները՝ ստորերկրյա հանքագործներ, պողպատագործներ, որմնադիրներ, բետոնագործներ, հողափորներ, բեռնակիրներ և շինանյութերի արտադրությունում աշխատողներ, որոնց աշխատանքը մեքենայացված չէ:

Ռացիոնալ Ս. նախատեսում է սննդանյութերի պահանջի նկատմամբ ֆիզիոլոգ. նորմերի ապահովում: Հիմն. սննդանյութերի՝ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի օգտագործման մեծությունները պետք է գտնվեն նրանց միջև ֆիզիոլոգիորեն անհրաժեշտ հարաբերակցության սահմաններում:

Սպիտակուցները սննդի կարևորագույն մասն են: Սննդում դրանց անբավարարությունը վարակիչ հիվանդությունների նկատմամբ օրգանիզմի գերընկալունության պատճառներից է: Սպիտակուցների անբավարար քանակության դեպքում նվազում է արյունաստեղծումը, դանդաղում օրգանիզմի աճը, խախտվում է նյարդային համակարգի, լյարդի և այլ օրգանների գործունեությունը, ծանր հիվանդություններից հետո դանդաղում է բջիջների վերականգնումը: Սպիտակուցների ավելցուկը սննդի օրաբաժնում նույնպես վնասակար է օրգանիզմի համար:

Ս-ման նորմերում խորհուրդ է տրվում, որ սննդի օրաբաժնի ընդհանուր կալորիականության 12 %-ը (միջինը) ապահովվի սպիտակուցով: Ձվի, կաթի, մսի, ձկան սպիտակուցները տարբերվում են բարձր կենսբ. արժեքներով, ամինաթթուների հաշվեկշռով, լավ մարսվում և յուրացվում են:

Բուս. մթերքը (հատիկաբույսեր, լոբազգիներ, կարտոֆիլ) օրգանիզմը սպիտակուցներով ապահովելու արժեքավոր և կարևորագույն աղբյուր է: Սակայն սննդի օրաբաժնում բուս. սպիտակուցները պետք է կազմեն սպիտակուցի ընդհանուր քանակի միայն 45 %-ը: Կարևոր նշանակություն ունեն մսի, ձկան, սնկի մեջ պարունակվող ազոտային մզվածքանյութերը: Մսի, ձկան արգանակները, սնկի եփուկը վերը նշված նյութերի առկայության շնորհիվ բարելավում են մարսողությունը, խթանում մարսող. հյութերի արտադրությունը: Բացի այդ, ազոտային մզվածքանյութերը, պարունակելով, այսպես կոչված, պուրինային հիմքեր, պահանջում են լյարդի լարված աշխատանք:

Ածխաջրերի միջոցով մարդու օրգանիզմն ստանում է բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիայի կեսից ավելին: Դրանք պարունակվում են հիմնականում բուս. մթերքում: Շատ ածխաջրեր օսլայի տեսքով պարունակվում են հացի մեջ, ձավարեղենում, կարտոֆիլում, իսկ շաքարների տեսքով՝ շաքարում, հրուշակեղենում, մրգերի ու հատապտուղների քաղցր տեսակներում: Ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մկանների, նյարդային համակարգի, սրտի, լյարդի և այլ օրգանների գործունեության համար: