Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/645

Այս էջը հաստատված է

Ածխաջրերը որոշակի դեր ունեն նյութափոխանակության մեջ (տես Նյութերի և էներգիայի փոխանակություն): Դրանք անհրաժեշտ են ճարպերի բնականոն յուրացման համար: Սակայն շաքարի ավելցուկը բարձր կալորիականությամբ սննդի հետ կարող է հանգեցնել օրգանիզմի ճարպակալման: Շաքարի ավելցուկն անբարենպաստ ազդեցություն ունի հատկապես տարեց մարդկանց համար, որոնց մոտ այն նպաստում է աթերոսկլերոզի խորացմանը: Բացի այդ, շաքարի ավելցուկը կարող է արյան մեջ շաքարի բարձր պարունակության՝ հիպերգլիկեմիայի պատճառ դառնալ, որը բացասաբար է ազդում ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի վրա:

Բնականոն սննդի օրաբաժնում ածխաջրերը պետք է մոտավորապես 4 անգամ ավելի լինեն սպիտակուցներից: Որքան մեծ է ֆիզ. բեռնվածությունը, այնքան մեծ է մկանային աշխատանքի ծավալը, և այնքան մեծ է ածխաջրերի նկատմամբ պահանջը: Տարեց, ինչպես նաև մտավոր աշխատանքով զբաղվող և գեր մարդկանց ամենօրյա գործածվող շաքարի քանակը չպետք է գերազանցի ընդհանուր ածխաջրերի օրական քանակի 15 %-ը:

Օրաբաժնում շաքարի և շաքարային այլ մթերքների շատ օգտագործումն անցանկալի է, քանի որ դրանք նպաստում են ատամների ոսկրափուտի առաջացմանը, ճարպակալմանը, իսկ երբեմն՝ արյան մեջ լիպիդների պարունակության անցանկալի ավելացմանը:

Բուս. մթերքը, օրգանիզմն էներգիայով ապահովող ածխաջրերից բացի, պարունակում է նաև չյուրացվող ածխաջրեր, որոնք մտնում են, այսպես կոչված, բալաստային նյութերի բաղադրության մեջ: Դա թաղանթանյութն է, որը որպես էներգիայի աղբյուր նշանակություն չունի, սակայն նպաստում է աղիքների բնականոն ֆունկցիային. գրգռելով աղիքների պատերը՝ առաջացնում է գալարակծկանք: Թաղանթանյութ չպարունակող սնունդ օգտագործելիս գալարակծկանքը թուլանում է և նպաստում փորկապության առաջացմանը: Թաղանթանյութով հարուստ մթերք խորհուրդ է տրվում հատկապես աթերոսկլերոզի, փորկապության, ճարպակալման ժամանակ, սակայն դրանք պետք է սահմանափակել մեխ. խնայող. սննդակարգ պահանջող ստամոքսաղիքային հիվանդությունների դեպքում: Շատ թաղանթանյութ են պարունակում ճակնդեղը, բողկը, շաղգամը, գազարը, խոշոր աղացվածքի ալյուրի հացը, հնդկացորենը: Բալաստային նյութերից են նաև պեկտինները, որոնք աղիքներում կապում են վնասակար նյութերը՝ թուլացնելով նեխման գործընթացները: Պեկտիններով հարուստ են մրգերը և հատապտուղները:

Այսպիսով՝ ածխաջրերի նկատմամբ պահանջը պետք է ապահովվի ամենօրյա սննդի օրաբաժնում հում մրգի, բանջարեղենի, ինչպես նաև բանջարեղենից, կարտոֆիլից, ձավարեղենից, մակարոնից պատրաստված ճաշատեսակների ու խավարտների, հացի ներառումով, շաքարի ու քաղցրեղենի սահմանափակումով (օրը 50-100 գ-ից ոչ ավելի՝ ներառելով քաղցր մթերքում ու կերակրատեսակներում պարունակվող շաքարը):

Ճարպերի (լիպիդների) նշանակությունը բազմազան է: Դրանք օժտված են բարձր էներգարժողությամբ: Լինելով բջիջների ու հյուսվածքների կազմում՝ մասնակցում են փոխանակությանը: Ճարպերի հետ օրգանիզմը ստանում է անհրաժեշտ նյութեր՝ A, D, E վիտամիններ, բազմաչհագեցած ճարպաթթուներ, լեցիտին ևն: Ճարպերն անհրաժեշտ են օրգանիզմում սպիտակուցների, որոշ անօրգ. աղերի, ինչպես նաև ճարպալույծ վիտամինների բնականոն յուրացման համար: Ճարպերը բարելավում են կերակրատեսակների համը, գրգռում ախորժակը, որը կարևոր է բնականոն մարսողության համար:

Սննդի միջոցով օրգանիզմ ներմուծվող ճարպերը մասամբ ծախսվում են ճարպի պաշարի ստեղծման համար: Ճարպի ու դրա բաղադրամասերի պահանջի բավարարումը կախված է ճարպի տեսակից ու որակից: Կենսբ. առումով լավագույն հաշվեկշիռ ստեղծվում է սննդի օրաբաժնում 70 % կենդ. և 30 % բուս. ճարպերի ներառումով: Բուս. ճարպերում պարունակվում են անփոխարինելի բազմաչհագեցած ճարպաթթուներ, որոնք բջջաթաղանթի կարևոր մասն են, կարգավորում են նյութափոխանակությունը (հիմնականում խոլեստերինի), դրական ազդեցություն են ունենում մաշկի և արյունատար անոթների պատերի վրա:

Օրգանիզմ մտնող ճարպերի նորմերը սահմանում են՝ ելնելով մարդու տարիքից, աշխատանքի բնույթից, ազգային առանձնահատկություններից և կլիմայական պայմաններից: Սննդի օրաբաժնում կալորիականության մոտ 30 %-ը նախատեսվում է ճարպերի հաշվին: Ճարպի նորմավորումը կատարվում է սննդի օրաբաժնի կալորիականության արժեքին համապատասխան՝ յուրաքանչյուր 1000 կկալ-ին նախատեսվում է 35 գ ճարպ: Որոշակի նշանակություն ունի ճարպերի որակ. կազմը: Սննդում օգտագործում են տարբեր կենդանիների, թռչունների և ձկների, կաթնային (հիմնականում սերուցքային կարագ կամ յուղ), ինչպես նաև բուս. ծագման (արևածաղկի, սոյայի, ձիթապտղի և այլ ձեթեր) ճարպեր:

Ձեթը պետք է կազմի սննդի օրաբաժնի ճարպի ընդհանուր քանակի 30 %-ը: Դրա հետ պետք է ներառել տավարի ու խոզի ճարպ, սերուցքային կարագ: Կենդ. ճարպերը սննդի օրաբաժնում (միջինը) պետք է լինեն 80 գ (որից մոտ 40 գ՝ բնականոն տեսքով, մնացածը՝ տարբեր սննդամթերքում): Սննդի օրաբաժնում մտնում են նաև որոշ ճարպանման նյութեր՝ խոլեստերին և լեցիտին: Խոլեստերինը, որի պարունակությունը մեծ է կենդ. ճարպերում, ձվի սպիտակուցում, խավիարում, ուղեղում, լյարդում, երիկամում, մեծ նշանակություն ունի օրգանիզմի, մասնավորապես նյարդային համակարգի գործունեության մեջ: Այն անհրաժեշտ է մի շարք հորմոնների, լեղաթթվի առաջացման համար, բջջի անհրաժեշտ կառուցվածքային մասն է:

Լեցիտինը, որը պարունակում է ֆոսֆոր և խոլին, խոլեստերինի կենսբ. ներհակն է: Այն խթանում է աճող օրգանիզմի զարգացումը, բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի, լյարդի գործունեության վրա, խթանում է արյունաստեղծումը, բարձրացնում թունավոր նյութերի նկատմամբ դիմադրողականությունը, դյուրացնում ճարպերի յուրացումը, խոչընդոտում աթերոսկլերոզի առաջացումը: Զգալի քանակությամբ լեցիտին են պարունակում հնդկացորենը, սոյան, լոբին և այլ հատիկաընդավորներ:

Անօրգանական աղեր: Հանքային նյութերը մտնում են օրգանիզմի բոլոր հյուսվածքների կազմության մեջ: Մարդու օրական պահանջը դրանց նկատմամբ տարբեր է. նատրիումի քլորիդի (կերակրի աղ), ֆոսֆորի, կալցիումի պահանջը հաշվվում է գ-ներով, պղնձի, մագնեզիումի, մանգանի, երկաթի աղերինը՝ մգ-ներով, իսկ որոշ անօրգ աղերինը՝ մկգ-ներով: Այդ պահանջը սովորաբար ամբողջությամբ ապահովվում է տարատեսակ սննդով:

Անօրգ. աղերից, որոնք մարդը ստանում է սննդի միջոցով, հատուկ նշանակություն ունի կերակրի աղը: Այն անհրաժեշտ է արյան մեջ և հյուսվածքներում հեղուկի բնականոն քանակությունը ապահովելու համար, ազդում է միզարտադրության, նյարդային համակարգի գործունեության, արյան շրջանառության վրա, մասնակցում ստամոքսի գեղձերում աղաթթվի առաջացմանը: Խորհուրդ է տրվում օրական օգտագործել 4-6 գ աղ, ավելին դիտվում է որպես հիպերտոնիկ հիվանդության առաջացման գործոն: