Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/648

Այս էջը հաստատված է

գործատուների և վարձու աշխատողների սոցիալ. գործընկերությունը, ապահովագր. վճարների և ծրագրերի կախվածությունն ապահովագիրների եկամուտների չափերից: Կամավոր ապահովագրության ընդհանուր պայմանները, դրա կատարման կարգը սահմանում է ապահովագրողը՝ ազգային օրենսդրության դրույթներին և ապահովագրության միջազգային իրավ, ակտերին համապատասխան:

Բժշկական ապահովագրական համակարգն ապահովում է քաղաքացիների բժշկ. և դեղորայքային օգնությունը որոշակի ծավալով և պայմաններով: Պարտադիր բժշկ. ապահովագրության պայմանագիրը համաձայնագիր է ապահովագրվողի և բժշկ. ապահովագր. կազմակերպության միջև, որին համապատասխան՝ վերջինս պարտավորվում է ապահովագրվածի համար կազմակերպել և ֆինանսավորել որոշակի ծավալի և որակի բժշկ. կամ այլ ծառայությունների օգնություն: Յուրաքանչյուր անձ, որի վերաբերյալ կնքվել է այդպիսի պայմանագիր, կամ ինքն է այդպիսին կնքել, ստանում է բժշկ. ապահովագիր: Սովորաբար բժշկ. ապահովագր. կազմակերպությունները չեն մտնում առողջապահության համակարգի մեջ, իսկ առողջապահության կառավարման մարմինները և բժշկ. հիմնարկներն իրավունք չունեն հիմնելու բժշկ. ապահովագր. կազմակերպություններ: Պարտադիր բժշկ. ապահովագրության ժամանակ որպես ապահովագրող հանդես են գալիս պետ. մարմինները (չաշխատող բնակչության համար), ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, անհատ. աշխատանքային գործունեությամբ զբաղվող և ազատ մասնագիտությունների տեր անձինք, կամավոր ապահովագրության ժամանակ՝ առանձին քաղաքացիները (որոնք հիմնականում անաշխատունակ են) կամ նրանց շահերը ներկայացնող ձեռնարկությունները: Պարտադիր բժշկ. ապահովագրության համակարգը գործում է աշխարհի զարգացած երկրների մեծ մասում (բուժման ոչ բոլոր ծախսերն են փոխհատուցվում, բայց որոշ հիվանդությունների հետ կապված ծախսերը վճարվում են լրիվ): ՀՀ-ում 1991-95-ին գործել են «Ապավեն», 1996-1998-ին՝ «Թայմ», 1997—99-ին՝ «Արինմեդ» բժշկ. կամավոր ապահովագր. ընկերությունները: 2000-ից գործում է «Էրմեդ» բժշկ. կամավոր ապահովագր. գործակալությունը:

Ս. ա-յան համակարգն առավելագույնս է համապատասխանում շուկայական տնտեսության հարաբերություններին, և ՀՀ-ում արդեն դրվում են դրա հիմքերը:

1997-ի դեկտ-ին ընդունված «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում նախանշված են Ս. ա-յան սկզբունքները: Այդ օրենքով դրվել են Հայաստանում պարտադիր Ս. ա-յան և պետ. սոցիալ. ապահովության տարանջատման հիմքերը՝ նպատակ ունենալով կատարվող ապահովագր. վճարներն առանձնացնել պետբյուջեի միջոցներից և օգտագործել առավել նպատակային: «Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» օրենքը սահմանում է պարտադիր Ս. ա-յան տեսակները, դրանցում ընդգրկվողների շրջանակը, ապահովագր. վճարների դրույքաչափերը: Ըստ այդ օրենքի՝ աշխատող քաղաքացիների սոցիալ. ապահովությունը սահմանադրությամբ նախատեսված դեպքերում իրականացվում է ապահովագր. բյուջեի (ՀՀ Ս. ա-յան պետ. հիմնադրամի) միջոցների հաշվին, իսկ չաշխատող և նշված համակարգում չընդգրկված քաղաքացիների սոցիալ. ապահովությունը՝ պետ. բյուջեի միջոցների հաշվին:

Պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունը (ապահովագր. բյուջեի միջոցների հաշվին) երաշխավորում է քաղաքացիների սոցիալ. ապահովության իրավունքի իրականացումը՝ տարիքի, հաշմանդամության, կերակրողին կորցնելու և օրենքով նախատեսված այլ դեպքերում: Ապահովագր. (աշխատանքային) կենսաթոշակի իրավունք ունեն գործատուների հետ (անկախ ձևից) աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, անհատ ձեռներեցները, ձեռնարկատերերը, մտավոր գործունեությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվողները: Կենսաթոշակային ապահովագրությունը կարգավորվում է «ՀՀ քաղաքացիների պետ. կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքով, ըստ որի՝ կենսաթոշակները հաշվարկվում են՝ բազային կենսաթոշակին ավելացնելով յուրաքանչյուր 1 լրիվ տարվա աշխատանքային (ապահովագր.) ստաժի համար տրվող հավելումը: Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության սկզբունքներն են գործատուների և վարձու աշխատողների կողմից ապահովագր. վճարների պարտադիր կատարումը՝ պարտադիր կենսաթոշակային ապահովագրության բյուջեին, ապահովագր. վճարների և աշխատանքային ստաժի անհատ. (անձնավորված) հաշվառումը (կենսաթոշակի չափի հաշվարկման համար), ՀՀ պարտադիր կենսաթոշակային ապահովագրության բյուջեի հաշվեկշռվածությունը և անկախությունը:

ՀՀ պարտադիր կենսաթոշակային ապահովագրության բյուջեի միջոցները պետ. սեփականություն են, չեն մտնում այլ բյուջեների մեջ, չեն կարող օգտագործվել ուրիշ նպատակներով: Պարտադիր կենսաթոշակային ապահովագրությունից կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, կենսաթոշակի տեսակները, նշանակման պայմաններն ու վճարման կարգը կարգավորվում են «Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության մասին» ՀՀ օրենքով:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ, պետության սահմանած և սահմանադրությամբ երաշխավորված միջոցառումների համակարգ, որն ուղղված է ապահովելու ծերության, հիվանդության, աշխատունակության լիակատար և մասնակի կորստի, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված անձանց նյութ, կարիքները:

ԽՍՀՄ-ում Ս. ա-յան տեսակները բազմազան էին (կենսաթոշակներ՝ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու, երկարամյա ծառայության, նպաստներ՝ հիվանդության, խեղման, հիվանդության կապակցությամբ ժամանակավոր այլ աշխատանքի փոխադրվելու, ընտանիքի հիվանդ անդամին խնամելու, կարանտինի, առողջարանային բուժման և պրոթեզավորման դեպքերում, հղիության և ծննդաբերության, երեխայի ծննդյան ևն) և իրականացվում էին պետ. ու հաս. միջոցների հաշվին՝ առանց աշխատավորների աշխատավարձից պահումներ կատարելու (միջոցները գոյանում էին հիմնարկների, ձեռնարկությունների, կոլտնտեսությունների մուծումներից և պետ. լրավճարներից կամ բացառապես պետբյուջեի ուղղակի հատկացումներից):

Տնտեսության շուկայական հարաբերություններին անցման արդի փուլում առանձին ճյուղերի և ոլորտների զարգացման անբավարար տեմպերի, համախառն ներքին արդյունքի, ազգային եկամտի և պետբյուջեի եկամուտների դանդաղ աճի և բնակչության իրական եկամուտների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության բացակայությունը խիստ սահմանափակում են արդյունավետ ու հասցեական Ս. ա-յան քաղաքականության իրականացման հնարավորությունները: Ս. ա-յան ռազմավարությունը նպատակաուղդված է բնակչության զբաղվածության ապահովմանը, սոցիալ. տարբեր ռիսկերից քաղաքացիների պարտադիր և կամավոր ապահովագր. համակարգերի ներդրմանը, աղքատության մեղմացմանը (աստիճանաբար նաև դրա վերացմանն ուղղված