Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/65

Այս էջը հաստատված է

Անհայտ ծագման ուռուցքային, արյան հիվանդությունների, ինչպես նաև ցավային համախտանիշների և տենդային վիճակների ժամանակ Ա. հակացուցված է: Անհրաժեշտության դեպքում մեթոդը զուգակցվում է դեղորայքի ընդունմամբ:

Բուժումը նշանակում և անցկացնում է բժիշկը:

ԱՍԹԵՆԻԱ, տես Նյարդաթուլություն:

ԱՍԹՄԱ, տես Հեղձուկ:

ԱՍԿԱՐԻԴՈԶ, ճիճվային հիվանդություն, որի հարուցիչները կլոր որդերն են՝ ասկարիդները:

Ասկարիդները խոշոր բաժանասեռ որդեր են, մակաբուծում են մարդու բարակ աղիքներում: Ա-ի հարուցչի միակ աղբյուրը հիվանդ մարդն է: Ասկարիդի էգն օրական կարող է դնել մինչև 200 հզ. անհաս ձու: Բարեկարգ արտաքնոցի բացակայության դեպքում, հիգիենայի կանոնները չպահպանելիս ասկարիդի ձվերը կղանքի հետ ընկնում են տան շրջապատի, բակի, բանջարանոցի, այգու տարածքի հողի, ինչպես նաև բանջարեղենի և հատապտուղների վրա, և հողի մակերևույթին ու վերին շերտերում 10-36°C ջերմաստիճանի և բավարար խոնավության պայմաններում հասունանում են 2-6 շաբաթում (ամենաբարենպաստը 24° C է, երբ հասունանում են 14 օրում): Ասկարիդի ձվերը շատ դիմացկուն են արտաքին ազդակների նկատմամբ և կենսունակ են մնում անգամ ձյան տակ՝ մինչև -30°C ջերմաստիճանի պայմաններում: Բարեխառն գոտում 20 սմ խորության վրա դրանք պահպանվում են 5-7 տարի և ավելի: Այն ձվերը, որոնց հասունացումն աշնանը չի ավարտվել, ձմեռում են և հասունանում գարնանը: Մարդն ասկարիդի հասուն ձվերով վարակվում է չլվացած բանջարեղենի, հատապտուղների, մրգերի, հաճախ կեղտոտ ձեռքերի, հազվադեպ՝ չվարակազերծված ջրի միջոցով: Բարեխառն գոտում Ա-ով կարող են վարակվել ապրիլից հոկտեմբեր, իսկ ձմռանը հնարավոր է ջերմոցային բանջարեղենի միջոցով կամ ներբանների միջոցով բնակարան թափանցած ասկարիդի ձվերով: Ա. շատ տարածված է այն շրջաններում, որտեղ բանջարանոցների հողը պարարտացնում են մարդու չվարակազերծված արտաթորանքով: Ասկարիդի հասուն ձվերը, ընկնելով մարդու աղիքներ, առաջացնում են թրթուրներ, որոնք «ծակում» են աղիքների պատերի լորձաթաղանթը և երակային արյան հոսքով ընկնում թոքային բշտիկների պատերի մազանոթները, այնուհետև մանր բրոնխներ, թարթիչավոր էպիթելի թարթիչների շարժումով անցնում են բերանի խոռոչ, թքի հետ կուլ գնում և նորից հայտնվում աղիքներում, որտեղ դրանցից առաջանում են հասուն ասկարիդներ: Ասկարիդների զարգացման ամբողջ փուլը (մարդու վարակման պահից մինչև նրա կղանքում մակաբույծի ձվերի ի հայտ գալը) տևում է 2,5-3 ամիս: Ա. ընթանում է 2 փուլով. վաղ՝ գաղթի (երբ թրթուրը նորից անցնում է աղիքներ) և ուշացած՝ աղիքային: Վաղ փուլը հաճախ ընթանում է առանց ախտանշանների: Երբեմն նկատվում են տկարություն, հազ, ջերմաստիճանի բարձրացում, հնարավոր է եղնջացան: Ուշացած փուլում հիվանդները գանգատվում են սրտխառնոցից, տկարությունից, որովայնի կծկումային ցավերից: Սրտագդալի տակ լինում է տհաճ զգացողություն, նկատվում են թքահոսություն, ախորժակի անկում, գլխացավ, գլխապտույտ, թուլություն, հազվադեպ՝ գիշերավախություն: Բազմակի վարակվելու դեպքում երեխաները քնի մեջ ատամները կրճտացնում են, նրանք դառնում են նյարդային, ցրված, աշակերտների առաջադիմությունն ընկնում է: Կարող են առաջանալ նաև բրոնխաբորբ, շնչարգելություն, սակավարյունություն: Հնարավոր են նաև լուրջ բարդություններ՝ ասկարիդները, ընկնելով լեղապարկ, լեղուղիներ, կարող են առաջացնել լեղապարկի թարախային բորբոքում, լյարդի թարախակույտ, որովայնամզի բորբոքում, արյան վարակում, ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքում, որդանման ելունի բորբոքում, աղիքների անանցանելիություն: Ա. ծանրացնում է դիզենտերիայի, որովայնային տիֆի, կարմրուկի, քութեշի և վարակիչ այլ հիվանդությունների ընթացքը:

Հիվանդությունն ի հայտ գալիս անպայման պետք է դիմել բժշկի: Գծվարասերմը և լուծողական դեղանյութերը չեն նպաստում մակաբույծների հեռացմանը, և հնարավոր է հիվանդի վիճակն ավելի ծանրանա: Ա-ի դեմ պայքարի միջոցներն են՝ բնակչության շրջանում զանգվածային հետազոտությունները՝ հիվանդների վաղ հայտնաբերման և բուժման նպատակով, բնակավայրերի բարեկարգումը, ջրի աղբյուրների, հողի սանպահպանությունը, սանլուս. աշխատանքը: Ա-ի կանխարգելման նպատակով պետք է պահպանել անձնական հիգիենայի կանոնները (ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, զուգարան գնալուց, այգում կամ բանջարանոցում աշխատելուց հետո), ջրհորներում և արտաքնոցներում, չկոյուղացված տնամերձ հողամասերում պահպանել պատշաճ սանվիճակ: Հողը կարելի է պարարտացնել աղբահորի պարունակությամբ, միայն դրա կոմպոստացումից (5-12 ամսվա ընթացքում) կամ փակ աղբահորում 2 տարի թողնելուց հետո: Բակերից, տնամերձ հողամասերից, բանջարանոցներից, այգիներից մարդու արտաթորանքը պետք է հեռացնել կեղտոտված հողի շերտի հետ միասին, իսկ տեղը եռ. ջուր լցնել: Թարմ բանջարեղենը և միրգը մինչև օգտագործելը պետք է լավ լվանալ: Երեխաներին ժամանակին սովորեցնել հիգիենայի կանոները (պետքանոթից օգտվել, ձեռքերը լվանալ, մատները բերանը չտանել, եղունգները չկրծոտել ևն):

ԱՍԿՈՐԲԻՆԱԹԹՈՒ, տես Վիտամիններ հոդվածում:

ԱՍՏԻԳՄԱՏԻԶՄ, տես Աչքի տարաբեկություն: ԱՍՖԻՔՍԻԱ, տես Շնչահեղձություն:

ԱՎԻՇ, բաց դեղնավուն թափանցիկ հեղուկ, բաղադրությամբ նման է արյան պլազմային, բայց ավելի քիչ սպիտակուցներ է պարունակում:

Ա. օրգանիզմի բջիջներին և հյուսվածքներին մատակարարում է սննդանյութեր և հեռացնում նյութափոխանակության արգասիքները: Ավշագոյացումը սերտորեն կապված է հյուսվածքային հեղուկի հետ, որի առաջացումն էլ իր հերթին պայմանավորված է արյունից դեպի հյուսվածքներ թթվածին և սննդանյութեր պարունակող հեղուկի մշտ. հոսքով: Մյուս կողմից՝ բջիջներից հյուսվածքային հեղուկ են անցնում փոխանակային նյութեր, որոնք մասամբ նորից անցնում են արյան մեջ, մասամբ էլ, հեղուկի հետ միասին թափանցելով ավշային մազանոթներ, առաջացնում են Ա.:

Ավշային անոթների համակարգն սկսվում է մազանոթների ցանցով, որոնց պատերն օժտված են բարձր թափանցելիությամբ և կոլոիդ լուծույթներ ու կախույթներ ներծծելու հատկությամբ: Այդ մազանոթներից Ա. մտնում է ավշային անոթներ,