ազդեցություն: Ուստի Ս-ի յուրացման և ներծծման գործընթացների խանգարման ժամանակ մթերքների մեծ մասը կարող է դառնալ ալերգեն (տես Ալերգիա):
Պարզ Ս-ի յուրացման ու ներծծման խանգարումները: Ս. սննդի օրաբաժնի հիմն. կառուցվածքային մասն են: Ստամոքսաղիքային համակարգ սննդի հետ ներթափանցած Ս. յուրացվում են մարսող. հյութերում պարունակվող ֆերմենտների ազդեցության տակ: Սննդի Ս. ճեղքվում են մինչև ամինաթթուների, որոնք աղիքներից անցնում են արյան մեջ: Սյսպիսով, սննդի Ս. կորցնում են իրենց ձևային առանձնահատկությունը, իսկ դրանցից առաջացած ամինաթթուներից օրգանիզմը սինթեզում է իր սեփական՝ կառուցվածքային, ֆերմենտային, կծկող, և այլ Ս.: Հիվանդությունների ժամանակ մեծանում է աղիքներ անփոխարինելի (օրգանիզմի կողմից չսինթեզվող) ամինաթթուներ ներթափանցելու և դրանց ներծծվելու միջև ընկած ժամանակի խզումը՝ հանգեցնելով հյուսվածքներում սպիտակուցային փոխանակության և Ս-ի սինթեզի խանգարման: Ստամոքսի վիրահատությունից հետո հաճախակի հանդիպող ազոտային փոխանակության խանգարումներն առանձին ամինաթթուների առաջացման ու դրանց ներծծման միջև հենց այդ խզման հետևանք են: Որոշ Ս-ի (օրինակ՝ գլիադինի) թերճեղքումը ստամոքսաղիքային համակարգում կարող է լուրջ հիվանդությունների պատճառ դառնալ:
Սպիտակուցային անբավարարությունը և դրա հետ կապված խանգարումները: Մարդու օրգանիզմում Ս-ի անբավարարության պատճառ կարող են դառնալ հետևյալ գործոնները.
1. սննդի միջոցով օրգանիզմ մտնող Ս-ի անբավարարությունը՝ լրիվ կամ մասնակի քաղցը, սննդի օրաբաժնում Ս-ի պարունակության նվազումը կամ բավարար կալորիականության դեպքում դրա ցածր կենսբ. արժեքը, սննդի ընդունման սահմանափակումը (ծխողների, ալկոհոլամոլների, հոգեկան հիվանդների մոտ, անզուսպ փսխումների, խոցային և այլ հիվանդությունների ժամանակ), թեկուզ 1 անփոխարինելի ամինաթթվի բացակայությունը սննդում:
2. Սննդային Ս-ի անբավարար յուրացումն ու ներծծումը (ուժեղ լուծ, մարսողության խանգարում, դիզենտերիա, մարսող. գեղձերի ֆունկցիայի խանգարում):
3. Ս-ի բարձր փոխանակությունը, հետևաբար և դրանց նկատմամբ մեծ պահանջը ֆիզիոլոգ. վիճակներում (հղիություն, կաթնարտադրություն ևն), այրվածքների, կոտրվածքների, վիրահատությունների, վարակիչ հիվանդությունների (տուբերկուլոզ, տիֆ, վիրուսային լյարդաբորբ ևն), վահանաձև և այլ ներզատիչ գեղձերի գերֆունկցիաների հետևանքով առաջացող գերհույզային հակազդեցությունների, չարորակ նորագոյացությունների ժամանակ:
4. Ս-ի կորուստը տարբեր հիվանդությունների (երիկամախտ, արյան կորուստ, վերքերից հյուծում, ոսկրաբորբ ևն) հետևանքով:
5. Ս-ի սինթեզի խանգարումները հյուսվածքներում, հիմնականում լյարդում, արյան շիճուկում ալբումինների (անալբումինարյունություն) և գամմա-գլոբուլինների (ագամմա-գլոբուլինարյունություն) սինթեզի բնածին անընդունակությունը ևն:
6. Որոշ հիվանդությունների (ստամոքսաբորբ, հաստ աղիքի խոցային բորբոքում ևն) ժամանակ Ս. աղիքների էպիթելի միջոցով դուրս են գալիս լուսանցք, ապա հեռացվում օրգանիզմից:
Սպիտակուցային քաղցի ժամանակ հյուսվածքների սեփական Ս. արագ ճեղքվում են՝ հանգեցնելով դրանցում ազոտային բացասական հավասարակշռության: Ս-ի պարունակությունը նվազում է նախ արյան շիճուկում՝ առաջացնելով, այսպես կոչված, թերսպիտակուցարյունություն (հիպոպրոտեինեմիա), որի հետևանքով հեղուկն արյունից անցնում է հյուսվածքներ՝ առաջացնելով այտուցներ: Ս-ի պարունակությունն արյան շիճուկում կարող է նվազել մինչև 3-5 % (բնականոն վիճակում 6,0-8,2 % է): Այնուհետև սպառվում են լյարդի, միջաձիգ զոլավոր մկանների, մաշկի, ավելի ուշ՝ սրտամկանի ու գլխուղեղի Ս.:
Օրգանիզմում Ս-ի պաշարի սպառման առավել վաղ ցուցանիշ է մեզում միզանյութի նվազումը (բնականոն վիճակում՝ օրական 20-35 գ):
Սննդում Ս-ի սահմանափակումը թույլատրելի է որոշակի սահմաններում, այլապես հիմն. հիվանդությանը կգումարվի նաև սպիտակուցային քաղցը:
Կենտր. նյարդային համակարգի խանգարումները զգալի ազդեցություն են ունենում սպիտակուցային փոխանակության վրա. Ս. արագ կազմալուծվում են և դանդաղ սինթեզվում` դառնալով ապաճման, սնուցման և այլ խանգարումների պատճառ:
Սպիտակուցային փոխանակության վրա մեծ ազդեցություն ունեն նաև հորմոնները: Վահանաձև գեղձի հորմոնները նպաստում են օրգանիզմում Ս-ի արագ կազմալուծմանը և արագ վերականգնմանը, հիպոֆիզի աճման հորմոնը՝ Ս-ի արագ վերականգնմանը և սինթեզին՝ հանգեցնելով Ս-ի զանգվածի ավելացմանն ու օրգանիզմի աճին:
ՍՊԻՐՈԽԵՏՆԵՐ, տես Սպիրոխետոզներ հոդվածում:
ՍՊԻՐՈԽԵՏՈԶՆԵՐ, մարդու և կենդանիների վարակիչ հիվանդություններ: Հարուցիչներն ախտածին սպիրոխետներն են: Պարուրաձև բակտերիաներ են, արագ ոչնչանում են 60°C ջերմաստիճանում, զգայուն են վարակազերծող նյութերի և մի շարք դեղապատրաստուկների նկատմամբ:
Ս. տարածված են ամենուր: Դրանցից շատերն անբավարար են ուսումնասիրված: Առավել ուսումնասիրված են արյունային Ս., որոնք փոխանցվում են ոջիլների և տզերի միջոցով (տես Հետադարձ տիֆ), աղիքային (տես Լեպտոսպիրոզ), սեռ. ճանապարհով փոխանցվող (տես Սիֆիլիս) և տաք երկրների (ֆրամբեզիա, բեջել, պինտա) Ս.:
Բուժման մեթոդներն ու կանխարգելումը յուրաքանչյուր սպիրոխետոզի դեպքում տարբեր է:
ՍՊՈՆԴԻԼԻՏ, տես Ողնաշարաբորբ:
ՍՊՈՆԴԻԼՈԶ, տես Ողնաշարախտ:
ՍՊՈՐՏ, ֆիզիկական կուլտուրայի բաղադրիչ մաս, որն ընդգրկում է մրցումների ձևով անցկացվող ֆիզ. վարժությունների համակարգը, ինչպես նաև այդ մրցումներին նախապատրաստվելը (մարզումներ):
Ֆիզ. դաստիարակության համակարգում Ս-ով պարապելը նախատեսված է հանրակրթ. դպրոցների, միջնակարգ և բարձրագույն ուս. հաստատությունների ծրագրերով (ուս., ֆակուլտատիվ պարապմունքներ, արտաուս. ժամերին պարապմունքներ սպորտային խմբերում, մանկ. և մանկապատանեկան մարզադպրոցներում): Ս. նախատեսված է ՀՀ զինված ուժերի անձնակազմի ֆիզ. պատրաստականության ծրագրերում:
Ս-ային մարզումներին և մրցումներին մասնակցելը առողջության ամրապնդման և ընդհանուր ֆիզ. զարգացման լավ միջոց է: Ս. զարգացնում է համարձակություն, հաստատակամություն, տոկունություն, կարգապահություն, կամք՝ հաղթանակի նկատմամբ և աշխատանքային գործունեության ու հայրենիքի պաշտպանության համար անհրաժեշտ այլ հատկություններ: Ուժերը չափելու, մարզ. լավագույն արդյունքների հասնելու պայքարում իրենց ունակությունները ցուցաբերելու հնարավորությունը երիտասարդությանը գրավում է դեպի Ս.: