Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/66

Այս էջը հաստատված է

որտեղից, հոսելով 2 խոշոր ավշածորաններով (աջ ավշային և կրծքային), թափվում է ենթաանրակային երակների մեջ:

Ա-ի հոսքն անոթներում շատ դանդաղ է, մոտ 300 մմ/ր: Մարդու և բարձրակարգ ողնաշարավորների Ա-ի շարժումը պայմանավորված է ավշային մազանոթներում (որտեղ այն բարձր է մթն-ից) և ծորաններում (որտեղ այն ցածր է մթն-ից) ճնշումների տարբերությամբ, ավշային անոթները ճնշող կմախքային մկանների կծկումներով, ինչպես նաև ավշային անոթների պատերի գալարակծկանքով: Ավշային անոթների փականներն արգելում են Ա-ի հետհոսքը, ապահովում նրա շարժումը կրծքային ծորանի ուղղությամբ: Ձկների, երկկենցաղների և սողունների Ա. շարժվում է «ավշային սրտերի» (հաստացած մկանային պատերով ավշային անոթների լայնացած հատվածներ) ինքնաբերաբար կծկման շնորհիվ:

Ենթադրվում է, որ մարդու մարմնում միջին հաշվով պարունակվում է 1-2 լ Ա.:

Ա. բաղկացած է հեղուկ մասից (ավշապլազմա) և ձևավոր տարրերից: Ավշապլազման պարունակում է սպիտակուցներ (շատ քիչ), խաղողաշաքար, հանքային նյութեր, չեզոք ճարպեր: Ա-ի ձևավոր տարրերից են լիմֆոցիտները, մոնոցիտները և լեյկոցիտների այլ տեսակներ (տես Արյուն, արյունաստեղծ համակարգ): Ցանկացած օրգանի ֆունկցիան ուժեղանալիս ավելանում է նաև ավշագոյացումը: Բացի դրանից, Ա-ի քանակը և քիմ. բաղադրությունը, մասնավորապես դրանում ճարպերի և սպիտակուցների պարունակությունը պայմանավորված են տվյալ օրգանով, որից հոսում է և այդ օրգանի փոխանակային նյութերի ու ֆունկցիայի առանձնահատկություններով: Օրինակ՝ ճարպային սնունդ ընդունելիս աղիքների ավշային անոթներում Ա. սպիտակ է (ճարպի մեծ քանակի պատճառով): Ներզատիչ գեղձերից հոսող Ա. պարունակում է որոշակի քանակությամբ հորմոններ: Ա. լիմֆոցիտներով հարստանում է ավշային հանգույցներում: Այդ հանգույցներով բազմիցս հոսելով՝ Ա. մաքրվում է, ազատվում հյուսվածքներից թափանցած բակտերիաներից և այլ կախութային մասնիկներից, ինչպես նաև վնասակար նյութերից: Տես նաև Ավշային համակարգ:

ԱՎԻՏԱՄԻՆՈԶՆԵՐ, տես Վիտամինային անբավարարություն:

ԱՎՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, ավշային անոթների և հանգույցների ամբողջություն, որով տեղի է ունենում ավշի շրջանառությունն օրգանիզմում: Կազմված է ավշային մազանոթներից, որոնք առաջացնում են ավշային անոթների (դրանց հյուսակների, ավշային հանգույցների, ցողունների և ծորանների) ավշամազանոթային ցանց: Ա.հ. ապահովում է օրգանիզմի հեղուկաքաշման (դրենաժ), արյունաստեղծման, պաշտպան. և այլ ֆունկցիաներ ու մտնում է սիրտանոթային համակարգի կազմի մեջ: Ավշային մազանոթները մի ծայրը փակ խողովակիկներ են կամ տարբեր ձևի կույր արտափքվածքներ, տրամագիծը՝ 10-200 մկմ: Դրանց պատը կազմված է բարձր թափանցելիությամբ օժտված էնդոթելային բջիջներից: Միանալով միմյանց՝ մազանոթներն առաջացնում են ավշամազանոթային ցանց, որի բնույթը որոշվում է օրգանի կազմությամբ և ֆունկցիայով: Ավշային մազանոթները տեղադրված են բոլոր օրգաններում (բացառությամբ վերնամաշկի, աճառների, աչքի սպիտապատյանի ու ոսպնյակի, ընկերքի, գլխուղեղի): Մազանոթներում տեղի է ունենում հյուսվածքներից տարբեր նյութերի (ջուր, կոլոիդային լուծույթներ, սպիտակուցներ, ճարպեր) ներծծում, ինչպես նաև բջիջների քայքայման նյութերի, իսկ որոշ ախտաբան. (օրինակ՝ վարակ.) վիճակների ժամանակ՝ միկրոօրգանիզմների հեռացում:

Ավշամազանոթային ցանցից սկսվում են ավշային անոթները, որոնք առաջանում են մի քանի ավշային մազանոթների միաձուլումից: Դրանց բնորոշ առանձնահատկությունը լուսանցքում փականների առկայությունն է: Ավշային անոթն ունի համրիչաձև տեսք (փականների տեղադրման մասերում նեղացումների և հարևան փականների միջև եղած լայնացումների հաշվին): Ըստ տրամագծի և կազմության՝ տարբերում են մանր, միջին և խոշոր անոթներ: Մանր անոթների պատը կազմված է էնդոթելից և շրջակա շարակցական հյուսվածքից, իսկ միջին և խոշոր անոթներինը՝ էնդոթելից, հարթմկանային բջիջներից և շարակցահյուսվածքային թաղանթից:

Ավշային անոթները, օրգանների ներսում միաձուլվելով, առաջացնում են ավշային հյուսակներ: Օրգանից դուրս են գալիս արտատար ավշային անոթները, որոնք թափվում են մոտակա ավշային հանգույցների մեջ: Օրինակ՝ ստորին վերջույթների ավշային անոթներն ուղղվում են դեպի աճուկային ավշային հանգույցներ: Վերին վերջույթների և կրծքի անոթները թափվում են անութային, իսկ դեմքինը և բերանի խոռոչինը՝ ենթածնոտային ավշային հանգույցների մեջ: Յուրաքանչյուր օրգանում տարբերում են մակերեսային և խորանիստ ավշային անոթներ: Օրգաններից դուրս նույնպես կան մակերեսային ավշային անոթներ, որոնք սկսվում են մաշկում, ենթամաշկային բջջանքում և փակեղներում գտնվող մազանոթներով. վերջիններով ավիշն արտահոսում է մակերեսային ավշային հանգույցների մեջ: Խորանիստ ավշային անոթներն սկսվում են վերնոսկրում, հոդերում, մկաններում, ջլերում, նյարդերում և արյունատար անոթների պատերում գտնվող մազանոթներով և ավիշը տանում են դեպի խորանիստ ավշային հանգույցներ: Ավշի շարժումն ավշային անոթներով տեղի է ունենում դրա հիդրոստատիկ ճնշման, մարմնի մկանների և ավշային անոթների պատերի կծկման, ինչպես նաև կրծքի խոռոչի ներծծող ուժի հաշվին: Ավշային անոթների փականները խոչընդոտում են ավշի հետհոսքը, որի շնորհիվ այն հոսում է 1 ուղղությամբ՝ մազանոթներից դեպի ավշային հանգույցներ, ապա ավշային ծորաններով անցնում երակային հուն:

Ավշային հանգույցը 1-22 մմ մեծությամբ կլորավուն կամ ձվաձև գոյացություն է: Ունի փոսություն՝ դրունք, որտեղից դուրս են գալիս արտատար ավշային անոթները: Առբերող անոթներն ավշային հանգույց են մտնում ուռուցիկ կողմից: Հանգույցը պատված է պինդ շարակցահյուսվածքային պատյանով, որից դեպի ներս են գնում միմյանց միացած նուրբ միջնապատեր՝ տրաբեկուլներ: Պատյանի տակ գտնվում է ծայրային ծոցը, տրաբեկուլների երկարությամբ անցնում են կեղևային միջանկյալ ծոցերը, որոնք շարունակվում են միջուկային միջանկյալ ծոցերում: Ավշային հանգույցի կտրվածքի վրա ցայտուն կերպով երևում են առավել մուգ՝ կեղևային, և բաց՝ միջուկային նյութերը: Վերջինս բաղկացած է ցանցանման հյուսվածքից, որը տրաբեկուլների հետ միասին կազմում է ավշային հանգույցի հենքը: Կեղևային նյութը կազմված է մեծ քանակությամբ լիմֆոցիտներ պարունակող բշտիկներից (ֆոլիկուլներ): Մարմնի առանձին մասերի ավշային հանգույցները տարբերվում են ինչպես կազմությամբ, այնպես էլ բջջային կազմով: Դրանք կատարում են պատնեշային, պաշտպան., նյութափոխանակության և պահեստային ֆունկցիաներ, մասնակցում են իմունիտետի գործընթացներին: Իսկ կեղևային և միջուկային նյութերում առաջանում են լիմֆոցիտներ (արյան սպիտակ