Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/662

Այս էջը սրբագրված է

աշխատանքի խելամիտ կազմակերպումը, համբերատարությունը և բարյացակամ վերաբերմունքը շրջապատի նկատմամբ նույնպես կարող են կանխել Ս.ի.հ.:

ՍՐՏԻ ԽԹԱՆՈՒՄ (սրտի էլեկտր. խթանում), հատուկ սարքերի՝ սրտախթանիչների օգնությամբ սրտի ռիթմերի որոշ խանգարումների բուժման մեթոդ:

Կիրառում են դանդաղեցնող և արագացնող Ս.խ., 1-ինը՝ անոթազարկի և սրտի կծկումների ռիթմի արագանալու, 2-րդը՝ դանդաղելու դեպքում:

Սրտախթանիչը որոշակի պարբերականության էլեկտր. ազդակների գեներատոր է, որը կատարում է սրտի մկաններում տեղադրված հատուկ հանգույցների ֆունկցիան և կարգավորում է առողջ մարդուն հատուկ սրտի գործունեության ինքնավարությունը (ավտոմատիզմ): Այն բաղկացած է 2 մասից՝ էլեկտրոդներից և էլեկտրամատակարարման աղբյուրից:

Սարքը կիրառվում է նաև սրտի մշտ. խթանման նպատակով: Վիրահատման միջոցով էլեկտրոդները տեղադրվում են սրտամկանի մեջ, իսկ էներգիայի աղբյուրը՝ որովայնի, կրծքի կամ անութային շրջանների մաշկի տակ: Ռադիոհաճախային սրտախթանիչը հիվանդն օգտագործում է հաճախասրտության հանկարծակի նոպաները ճնշելու համար: Կան նաև խթանիչներ, որոնք սրտի կծկումների հաճախության որոշակի մակարդակի նվազման կամ բարձրացման դեպքում ավտոմատ են միանում:

ՍՐՏԻ ՀԱՂՈՐԴԱԽԱԽՏ, տես Սիրտանոթային համակարգ հոդվածում:

ՍՐՏԽԱՌՆՈՑ, յուրատեսակ տհաճ զգացողություն սրտագդալի շրջանում և ըմպանում, որը հաճախ ավարտվում է փսխումով: Առաջանում է հիմնականում սննդային թունավորումների (տես Սննդային թունավարակում) և որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունների, ալկոհոլով (տես Ալկոհոլային հարբեցում), շմոլ գազով և այլ թույներով թունավորումների ժամանակ, հղիության վաղ շրջանում (տես Հղիության տոքսիկոզներ), կենտր. նյարդային համակարգի ախտահարումից, սուր վարակիչ և այլ հիվանդություններից: Ս. կարող է լինել անհետաձգելի բուժօգնություն պահանջող հիվանդության (որդանման ելունի բորբոքում, լեղապարկի բորբոքում) վաղ ախտանշան, վկայել քրոնիկ. հիվանդության ընթացքի վատացման և նյութափոխանակության ծանր խանգարումների (օրինակ՝ միզարյունության, շաքարախտի սրացման)

                  • պես սննդից զզվելուց: Նման դեպքում վիճակը թեթևացնելու համար քթին պետք է մոտեցնել անուշադրի սպիրտով թրջած բամբակ, լեզվի տակ դնել վալիդոլի հաբ կամ խմել 10-15 կաթիլ անանուխի թուրմ (1 ճաշի գդալ ջրում նոսրացրած), օգտակար է նաև մաքուր օդը: Համառ Ս-ի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի՝ պատճառը պարզելու և համապատասխան բուժում նշանակելու համար:

ՍՐՏԽՓՈՑ, սրտի կծկումների արագացման կամ հաճախացման զգացողություն: Առողջ մարդկանց Ս-ին նպաստում են նյարդային համակարգի դրդողականության, սրտի կարգավորող գործունեության փոփոխությունները՝ ուժեղ ֆիզ. լարվածությունից, հուզմունքից, օդի բարձր ջերմաստիճանից, ծխախոտի, ալկոհոլի չարաշահումից, մուգ թեյից, սուրճից: Ս. առաջանում է նաև սիրտանոթային համակարգի (սրտի իշեմիկ հիվանդություն, հիպերտոնիկ հիվանդություն, սրտի արատներ, սրտամկանի բորբոքում) և այլ օրգանների ու համակարգերի ծանր հիվանդությունների, տենդով ընթացող հիվանդությունների դեպքերում ևն: Հաճախ Ս. նկատվում է ընդհանուր նևրոզների, կլիմաքսի շրջանում, կյանքի փոփոխված պայմաններին հարմարվողականության խանգարման դեպքում: Ս. լինում է նաև թեթև ֆիզ. լարվածությունից կամ նույնիսկ հանգիստ վիճակում, երբեմն ուղեկցվում է վախի զգացողությամբ:

Բուժումը. եթե Ս. հիվանդության հետ է կապված, ուստի պետք է բուժել հիմն. հիվանդությունը:

Տես նաև Սիրտանոթային համակարգ:

ՍՈՒԼՖԱՆԻԼԱՄԻԴԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ (սուլֆանիլամիդներ), սինթետիկ հակամանրէային դեղանյութեր, սուլֆանիլաթթվի ածանցյալներ: Ս. պ., թափանցելով մանրէային բջիջներ, պարաամինաբենզոյական թթվին քիմ. նմանության շնորհիվ նրան դուրս են մղում ֆոլաթթվի սինթեզի ռեակցիայից, որի հետևանքով դանդաղում են մանրէների աճն ու բազմացումը: Հետաքրքիր է, որ մարդու օրգանիզմի բջիջների աճն ու զարգացումը նույնպես կախված են դրանցում ֆոլաթթվի պարունակությունից: Բայց, ի տարբերություն մանրէային բջիջների, դրանցում ֆոլաթթու չի սինթեզվում, և օգտագործում են հիմնականում սննդի հետ ընդունած, ինչպես նաև աղիքների մանրէային ֆլորայի կողմից

Ս.պ. օգտագործում են որոշ թարախային վարակների, համաճարակային ուղեղապատյանաբորբի, թոքաբորբի, սիֆիլիսի, դիֆթերիայի, դիզենտերիայի և այլ հարուցիչների հարուցած հիվանդությունների դեպքերում: Շատ հիվանդությունների բուժման համար նշանակում են ներքին օգտագործման Ս.պ.: Վերքերի և մաշկի թարախային հիվանդությունների բուժման համար օգտագործում են քսուքներ, ցնդող օծանելիքներ (լինիմենտներ) և ցանափոշիներ, իսկ աչքի որոշ հիվանդությունների դեպքում Ս.պ. պարունակող քսուքներ և կաթիլներ: Տարբեր Ս.պ-ի հակամանրէային ազդեցության մեխանիզմը նույնն է, սակայն դրանք խիստ տարբերվում են ներծծման աստիճանով, արդյունավետության տևողությամբ, օրգաններում ու հյուսվածքներում կուտակվելու ունակությամբ: Ս.պ-ի մեծ մասը լավ է ներծծվում ստամոքսաղիքային համակարգում, համեմատաբար հեշտ են թափանցում տարբեր օրգաններ և օրգանիզմից հեռանում մեզի միջոցով: Տարբերում են կարճատև՝ մինչև 8 ժ (էթազոլ, ստրեպտոցիդ, սուլֆադիմեզին, նորսուլֆազոլ, ուրոսուլֆան ևն) և երկարատև՝ 24-48 ժ (սուլֆապիրիդազին, սուլֆադիմետօքսին ևն) ազդեցությամբ Ս.պ.:

Բուժման ընթացքում անհրաժեշտ է խիստ պահպանել բժշկի նշանակած դեղաչափը, ընդունման կարգը, հակառակ դեպքում բուժման արդյունավետությունը նվազում է, և օրգանիզմում ստեղծվում է Ս.պ-ի նկատմամբ կայուն մանրէների առաջացման նախապայման:

Երկարատև, առանց հսկողության Ս.պ-ի օգտագործումը կարող է առաջացնել արյունաստեղծման խանգարում, սրտխառնոց, փսխում, ալերգ. հակազդեցություններ (տես Ալերգիա) և այլ կողմնակի երևույթներ: Ս.պ-ով բուժման ընթացքում ալերգ. հակազդեցությունների ախտանշանների ի հայտ գալու դեպքում (ցան, քոր, այտուց) անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի: Բացի այդ, երբեմն որոշ Ս.պ. կարող են նպաստել երիկամներում քարի առաջացմանը:

ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏ, մարզաձև, սահմանված կանոններով մենամարտ մարզ. սառը զենքի (ճկասուսեր, թրասուսեր, խոցասուսեր ևն) օգտագործմամբ: Կանայք մենամարտում են միայն ավելի թեթև զենքով՝ ճկասուսերով: Ս. կատարելագործում է զենքի տիրապետման տեխնիկան, զարգացնում ինքնատիրապետում, համարձակություն, վճռա