Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/694

Այս էջը հաստատված է

հիմնահարցերը, մշակվում են անվտանգության տեխնիկայի նոր կանոններ՝ արտադրության տեխ. հանդերձման մակարդակին համապատասխան, արտադր. վնասակարությունների դեմ պայքարի նոր մեթոդներ ևն: Արտադր. Վ-ի կանխարգելման համար կարևոր դեր ունեն նաև արդ. ձեռնարկությունների առողջապահական կետերն ու բժշկասանիտարական մասերը, գյուղ. բուժհիմնարկները:

Մեր երկրում Վ-ի մեծ մասը ոչ արտադրական են: Դրանք հիմնականում հետիոտների և ուղևորների ճանապարհատրանսպորտային Վ. են: Ավտոմեքենաների թվի ավելացման, դրանց հզորության, հետևաբար՝ արագության աճի հետ կապված՝ դիտվում է ճանապարհատրանսպորտային Վ-ի աճման միտում: Այս Վ. մյուսների համեմատ ավելի ծանր են: Ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետ կապված Վ-ի պատճառներն առավել հաճախ վարորդների ու հետիոտների՝ ճանապարհային երթևեկության կանոնները չպահպանելն ու տրանսպորտային միջոցների տեխ. անսարքություններն են: Վ-ի հաճախությունն աճում է հատկապես ճանապարհային անբարենպաստ պայմաններում (մերկասառույց): Ճանապարհներին դժբախտ պատահարների կեսից ավելին տեղի է ունենում հետիոտնի մեղքով: Ճանապարհատրանսպորտային շատ պատահարների ուղղակի կամ անուղղակի պատճառն ալկոհոլի օգտագործումն է (տես Ալկոհոլամոլություն): Օդատրանսպորտային Վ. դժբախտ պատահարների հաճախությամբ որոշ չափով զիջում են ճանապարհատրանսպորտայինին, բայց բնութագրվում են հատուկ ծանրությամբ: Փողոցային (տրանսպորտի հետ չկապված) Վ. առաջանում են հիմնականում սայթաքուն մայթերին վայր ընկնելիս: Տուժում են հատկապես ծերերը: Այս Վ-ից խուսափելու համար պետք է մայթերը բարեկարգել, ժամանակին սառույցը մաքրել ևն:

Երեխաների Վ. պայմանավորված են հիմնականում տարիքային առանձնահատկություններով՝ մտավոր ու ֆիզ. զարգացածությամբ, կյանքի անհրաժեշտ փորձի պակասով, գերհետաքրքրությամբ, չարաճճիությամբ ևն: Երեխաների Վ. կանխելու համար կարևոր են մանկ. հիմնարկներում և տանը առօրյայի ճիշտ կազմակերպումը, նրանց նկատմամբ պատշաճ հսկողությունը, կանոնավոր դաստիարակչ. աշխատանքները: Երեխաների կենցաղային Վ. հաճախ առաջանում են տանը կարգ ու կանոնի բացակայությունից, դյուրավառ, պայթուցիկ և այլ նյութերի նկատմամբ անփույթ վերաբերմունքից: Բացի վերը նշվածներից, ճանապարհատրանսպորտային և փողոցային մանկ. Վ-ի հիմն. պատճառներից է ճանապարհային երթևեկության կանոնների չիմացությունը: Երեխաները Վ. կարող են ստանալ անբարեկարգ խաղահրապարակներում և սպորտով զբաղվելիս (որպես կանոն՝ պարապմունքները վատ կազմակերպելու և ոչ պատշաճ հսկողության դեպքում):

Վ-ի ժամանակ ցույց են տրվում առաջին օգնություն (ինքնաօգնություն, փոխօգնություն և 1-ին բուժ. օգնություն), ամբուլատոր և հիվանդանոցային բուժում: Հաճախ ժամանակին ու ճիշտ ցույց տրված փոխօգնությունը դառնում է հետագա բուժման հաջողության գրավական: Տուժածներին (հատկապես գյուղ. վայրերից) հաճախ բուժհիմնարկ են տեղափոխում պատահական տրանսպորտով, ուստի անհրաժեշտ է, որ մարդիկ կարողանան վիրակապել (սովոր.), արյունահոսությունը դադարեցնելու համար լարան դնել, ոսկրերի կոտրվածքների դեպքում վերջույթներն անշարժացնել, արհեստական շնչառություն կատարել ևն: Անհրաժեշտ են բնակչության շրջանում բժշկ. գիտելիքների լայն պրոպագանդում, ոստիկանության, պետավտոտեսչության աշխատողներին, վարորդներին, դաստիարակներին, մանկավարժներին 1-ին օգնություն ցույց տալու ուսուցանում:

Արդ. ձեռնարկությունների բոլոր արտադրամասերում կան 1-ին օգնություն ցույց տալու անհրաժեշտ միջոցներով ապահովված սանիտարական կետեր: Որոշ դեպքերում բոլոր աշխատողներն ապահովվում են անհատ. դեղարկղիկներով: Տրանսպորտի բոլոր տեսակներում դեղարկղիկները պարտադիր են:

Կատարելագործվում են տուժածներին շտապ բուժհիմնարկ հասցնելու մեթոդներն ու եղանակները: Շտապ օգնության բրիգադներում (պատահարի վայրում և տեղափոխման ճանապարհին բուժմիջոցառում իրականացնելու համար անհրաժեշտ սարքավորումներով հանդերձված) առանձնացված են որակյալ վնասվածքաբաններով համալրված հատուկ խմբեր: Վ-ով հիվանդներին հիվանդանոցային բուժման անհրաժեշտության դեպքում հասցնում են վնասվածքաբան. կամ վիրաբուժ. մասնագիտացված հիվանդանոցներ:

ՎՈԼԵՅԲՈԼ, մարզախաղ գնդակով: Զարգացնում է արագություն և հակազդեցությունների ճշգրտություն, ճարպկություն, աչքաչափ, նպաստում շարժումների համաձայնեցմանը: Խաղի ժամանակ կատարվում են բազմազան շարժումներ (գնդակի փոխանցումներ ու հարվածներ տարբեր դիրքերից, ցատկեր, պտույտներ, թեքումներ առաջ և դեպի կողքեր ևն), որոնք նպաստում են ընդհանուր ֆիզ. զարգացմանը, կեցվածքի լավացմանը:

Բարձր մարզ. որակավորմամբ մասնակիցների խաղը լարված է՝ տեխ. և տակտիկ բազմազան հնարքներով, տևում է 1,5-2 ժ, որի հետ կապված մեծանում է խաղացողների ֆիզ. բեռնվածությունը:

Վ-ի մշտ. պարապմունքները երեխաներին խորհուրդ է տրվում սկսել 10-12 տարեկանից, իսկ մրցումներին մասնակցել թույլատրվում է կանոնավոր մարզումներից 1-1,5 տարի հետո: Վ-ի պարապմունքների ժամանակ հնարավոր են ձեռքի մատների վնասվածքներ, սալջարդեր, կապանների գերձգվածություն: Վնասվածքների կանխարգելման համար անհրաժեշտ են խաղի տեխնիկայի ճիշտ տիրապետում, խաղահրապարակի և մարզակոշիկների պատշաճ վիճակ:

Խաղի ոչ բարդ լինելը, դահլիճում և դրսում ցանկացած տեմպով խաղալու հնարավորությունը Վ. դարձնում են ակտիվ հանգստի և ֆիզ. դաստիարակության լավագույն միջոց: Վ. կարող են խաղալ տարբեր տարիքի առողջ. վիճակի լուրջ շեղումներ չունեցող անձինք:

Միջին և բարձր տարիքի մարդիկ նախքան կանոնավոր պարապմունքներ սկսելը պետք է խորհրդակցեն բժշկի հետ:

ՎՈՒԼՎԱ, տես Ամոթույք:

ՎՈՒԼՎԻՏ, տես Ամոթույքաբորբ: