Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/697

Այս էջը հաստատված է

Ցունամիները (ճապոն.՝ tsunami - խոշոր ալիք նավահանգստում) ստորջրյա և մերձափնյա ուժեղ երկրաշարժերի, հազվադեպ՝ հրաբխային ժայթքումների հետևանքով առաջացած ծովային գրավիտացիոն ալիքներն են: Հսկա ալիքները ծովափին հասնում են 15-30 մ և ավելի բարձրության, ունեն վիթխարի ավերիչ ուժ: Հայտնի է ցունամիի 1000 դեպք, որոնցից 100-ն ունեցել են աղետալի հետևանքներ: Ցունամիների 80 %-ը առաջանում է Խաղաղ օվկիանոսի ափերին: Առավել կործանիչ էր 1896 թ. երկրաշարժից առաջացած Մեյձի-Սանրիձու ցունամին, որն ավերել է Ճապոնիայի մերձակա շրջանները՝ Հոկայդո կղզուց սկսած՝ մինչև Օհա թերակղզին: Ալիքների առավելագույն բարձրությունն անցել է 2 կմ-ից, զոհվել է 27 հզ, վիրավորվել 9 հզ. մարդ, ոչնչացել ավելի քան 10 հզ. տուն և 7 հզ. նավ:

Ցեխահեղեղները (սելավները) լեռնային գետերի հուներում հանկարծակի ձևավորված ցեխի կամ ցեխաքարերի ժամանակավոր հոսքեր են, որոնք բնորոշվում են հանքապարների քայքայման արգասիքների մեծ (10-15 % և ավելի) պարունակությամբ: Առաջանում են ուժգին և երկարատև տեղատարափներից, սառցադաշտերի կամ ձյունածածկույթի բուռն հալումից: Որպես կանոն՝ ցեխահեղեղները շարժվում են առանձին ալիքներով՝ մինչև 10 մ/վրկ, երբեմն՝ ավելի մեծ արագությամբ, տեղափոխելով մեծ քանակությամբ մանրահող, գլաքարեր ու խոշոր քարեր (մինչև 3-4 մ տրամագծով, 100- 200 տ զանգվածով) և իրենց ճանապարհին ավերում ամեն ինչ:

Առաջացման և գործողության մեխանիզմով ցեխահեղեղին նման են սողանքները, փլուզումները, ձնահյուսերը, որոնք ամենից հաճախ լանջերով վայր հոսող, մեծ արագությամբ շարժվող հանքապարներ և ձյունազանգվածներ են: 1921-ին Փոքր Ալմա Աթինկա գետի հովտով հոսած ցեխահեղեղը Ալմա Աթա քաղաք է բերել 1,5 մլն մ3 ցեխ, գլաքար, ավազ, 50-70 տ զանգվածով ժայռաբեկորներ: 1970 թ. Պերուում ցեխահեղեղի աղետի հետևանքով ավերվել են մի քանի քաղաքներ, զոհվել ավելի քան 50 հզ. և անօթևան մնացել 800 հզ. մարդ: 1946-ի մայիսի 26-ին Գետառի հովտով անցնող սելավը մեծ վնաս է պատճառել Երևան քաղաքին: Այդ օրը ջրի ծախսը մեծացել է մոտ 100 անգամ, գետի բերած քարերի տրամագիծն անցնում էր 1,5 մ-ից:

Զգալի կորուստներ և մեծ վնաս կարող են պատճառել պատվարների և ամբարտակների ճեղքումները: 1928-ին Սանտա Պաուլոյի (Կալիֆոռնիա, ԱՍՆ) ամբարտակի ճեղքումից զոհվել է 450 հզ. մարդ:

Ցիկլոնները (հուն. χνχλον - պտտվող) դեպի կենտրոն նվազող օդի ճնշմամբ մթն. վիթխարի պտտահողմերն են, որոնք պտտվում են իրենց կենտրոնի շուրջը՝ Հս. կիսագնդում ժամացույցի սլաքի հակառակ, իսկ Հվ. կիսագնդում՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ: Առավել վտանգավոր են հասարակածային ցիկլոնները, որոնք ուղեկցվում են մրրիկներով և փոթորիկներով (քամու արագության ուժը հասնում է 9-12 բալի՝ ըստ Բոֆորտի, արագությունը՝ երբեմն մինչև 70 մ/վրկ), օդի ուժգին վերընթաց շարժումով, առատ տեղատարափներով (օրական մինչև 1000 մմ և ավելի) և ամպրոպաբեր ամպերի հզոր համակարգի զարգացումով: Հվ-Արմ. Ասիայում արևադարձային ցիկլոններն անվանում են թայֆուն, իսկ Կարիբյան ծովի շրջանում՝ փոթորիկ: Ամպրոպների ժամանակ ամպրոպաբեր ամպերում հաճախ առաջանում են մթն. պտտահողմեր, որոնք ծովի վրա հազարավոր, իսկ ցամաքի վրա հարյուրավոր մ տրամագծով մութ ամպաթևքի կամ կնճիթի տեսքով տարածվում են ներքև՝ հաճախ հասնելով մինչև Երկրի մակերևույթ: Այդպիսի պտտահողմն անվանում են մրրկասյուն կամ թարթառ (ԱՍՆ-ում՝ տորնադո): Այդտեղ օդը պտտվում է վայրկյանում մի քանի տասնյակ մ արագությամբ և պարուրաձև բարձրանում վեր: Մրրկասյունն անցնում է 40-60 կմ, ուղեկցվում է ամպրոպով, տեղատարափով, կարկուտով և Երկրի մակերևույթ հասնելիս համարյա միշտ մեծ ավերածություններ է պատճառում՝ իր մեջ ներքաշելով ջուր և ճանապարհին հանդիպած առարկաներ, որոնց բարձրացնում է շատ վեր և տեղափոխում մեծ տարածություններ:

Հրդեհները՝ չվերահսկվող այրման գործընթացները, ուղեկցվում են մեծաքանակ ջերմության և այրման արգասիքների անջատումով: Հրդեհի տարածքում սովորաբար տարբերում են ջերմային ազդեցության և ծխարձակման գոտիներ: Ջերմային ազդեցության գոտում օդի և այրման գազանման արգասիքների խառնուրդի ջերմաստիճանը 60-80°C է, իսկ գազի հոսքի մակերևութային խտությունը 4 կՎտ/մ2-ից [60 կկալ/(ր.մ2)] բարձր է:

Տ. ա-ի ոչնչացնող գործոնների ազդեցության շրջանում գտնվող տարածքը (բնակչությամբ, շենքերով, ճարտարագիտ. ցանցերով և հաղորդակցման ուղիներով, սարքավորումներով և տեխնիկայով) անվանում են Տ. ա-ի օջախ: Ըստ Տ. ա-ի ընդգրկման մեծության՝ օջախներն իրարից տարբերվում են չափերով, ձևով, բնույթով: Տ. ա-ի մի քանի ոչնչացնող գործոնների ազդեցությամբ առաջանում են բարդ օջախներ: Օրինակ՝ երկրաշարժը և փոթորիկը, շենքերի փլուզումից բացի, կարող են ուղեկցվել նաև մերձափնյա շերտի հեղեղումով, էլեկտրահաղորդալարերի կարճ միացումից առաջացած հրդեհներով, ուժեղ ներգործող թունավոր նյութերի արտահոսքից թունավորումներով:

Հնարավոր վնասվածքների կանխումը, փրկարար. ու անհետաձգելի վթարային վերականգնման աշխատանքները կախված են Տ. ա-ի օջախի բնույթից և չափերից: Ուստի այդ օջախում գտնվող մարդկանց գործողություններին և փրկարար. ու անհետաձգելի վթարային-վերականգնման աշխատանքների ժամանակ անվտանգության տեխնիկայի միջոցառումներին տրվող հանձնարարականներն ունեն էական նշանակություն:

Ավերածությունների չափերով և տուժածների թվով ամենամեծ Տ. ա-ի՝ երկրաշարժերի ժամանակ հարկավոր է անմիջապես դուրս գալ շենքից, հնարավորին չափ արագ հեռանալ շենքերից, կառույցներից, գնալ դեպի լայն պողոտաներ, հրապարակներ, մարզահրապարակներ, դատարկ տարածություններ և չկառուցապատված այլ վայրեր: Չի կարելի թաքնվել շենքերի և կառույցների պատերի տակ՝ դրանք կարող են փլվել: Փրկարար. աշխատանքներին հավաքագրված անձանց արգելվում է առանց անհրաժեշտության շրջել փլատակներում, մտնել փլված շենքերի և կառույցների մեջ, կանգնել փլուզվող շենքերի հարևանությամբ, առանց ապահովական միջոցների (զսպանակեռիկներ, փրկարար պարաններ, գոտիներ) աշխատել մեծ բարձրություններում, կառույցներում կրակով փնտրել գազի արտահոսքը, մերկ ձեռքերով (առանց ռետինե ձեռնոցների) բռնել էլեկտր. հաղորդալարերը և դրանց ամրացրած մետաղե առարկաները: Փլվածքը հարկավոր է քանդել զգուշությամբ, որպեսզի շենքի փլատակների տակ մնացած մարդիկ նոր վնասվածքներ չստանան: 1-ին հերթին հարկավոր է ազատել տուժածի գլուխն ու կուրծքը:

Ջրի վրա փրկարար. աշխատանքներ կատարելիս արգելվում է օգտվել անսարք լողամիջոցներից: Չի կարելի շարժիչավոր նավակը ծանրաբեռնել. նավակողի չընկղմված մասի բարձրությունը անհողմ եղանակին չպետք է փոքր լինի 20, ալեկոծության ժամանակ՝ 35 սմ-ից:

Փոթորկի մոտենալու մասին հայտարարություն լսելիս հարկավոր է նախապատրաստել ապաստարանները, նկուղները,