Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/698

Այս էջը հաստատված է

մառանները, իսկ եթե այդպիսիք չկան՝ պատրաստել պարզագույն թաքստոցներ: Սկսվող փոթորկի մասին նախազգուշացում ստանալիս անհրաժեշտ է դադարեցնել արտադր. շինություններից դուրս աշխատանքները, ամրակայել այն սարքավորումները, որոնք կարող են փոթորկից վնասվել, և թաքնվել ապաստարաններում (թաքստոցներում):

Հրդեհի գոտում գտնվող մարդկանց և այն վերացնող անձանց գործողությունները կանոնակարգվում են մի ամբողջ շարք կանոններով: Դրանց պահպանությունն էապես փոքրացնում է բարձր ջերմաստիճանների, օդի ծխահարության, այրման արգասիքների թունավոր բաղադրիչների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Այրվող շինությունով անցնելիս հարկավոր է մինչև գլուխը փաթաթվել թաց ծածկոցով, հաստ կտորով, վերնահագուստով: Խիստ ծխացող շինությունում ավելի լավ է առաջ շարժվել սորալով կամ կռացած: Այդպիսի շինության դուռը պետք է բացել զգուշորեն, այլապես օդի արագընթաց հոսքը բոցի բռնկում կառաջացնի: Այրվող հագուստով չի կարելի վազել, այլ հարկավոր է վրան գցել վերմակ, ծածկոց, վերարկու կամ որևէ ծանր գործվածք՝ դադարեցնելու համար օդի հոսքը դեպի այրվող մակերևույթ: Եթե բռնկվել է էլեկտրահաղորդալարերի մեկուսապատվածքը, անհրաժեշտ է ստուգել դրանց լարման տակ լինելը: Այս դեպքում կրակը կարելի է մարել միայն էլեկտր. հոսանքն անջատելուց հետո (թուլացնելով էլեկտր. ապահովիչները, անջատելով անջատիչը): Տանը, բնակարանում հրդեհի փոքրիկ օջախը հանգցնում են ջրով կամ ծածկում թաց, ծանր գործվածքով: Բռնկված այրվող հեղուկները հարկավոր է հանգցնել կրակմարիչի փրփրագոյացնող բաղադրություններով, ծածկել ավազով կամ հողով, իսկ փոքր օջախը՝ թաց հագուստով, գործվածքով: Կրակը հարկավոր է հանգցնել ամենաուժեղ այրվող տեղերում՝ կրակմարիչի հոսքն ուղղելով ոչ թե բոցի, այլ այրվող մակերևույթի վրա:

Տ. ա-ի օջախում գտնվող մարդիկ ստանում են բազմաբնույթ վնասվածքներ կամ հիվանդություններ՝ մեխ. վնասվածքից մինչև նյարդահոգեկան ռեակցիաներ (ռեակտիվ վիճակ):

Երկրաշարժերի ժամանակ հաճախ առաջանում են գանգի, վերջույթների, կրծքավանդակի և կոնքի ծանր փակ վնասվածքներ (տես Գանգագլխուղեղային վնասվածք, Հոդախախտումներ, Կոտրվածքներ), արյունազեղումով ուղեկցվող փափուկ հյուսվածքների վնասվածքներ, հողով աղտոտված վերքեր: Հրդեհներով ուղեկցվող երկրաշարժերի ժամանակ հայտնաբերվում են նաև այրվածքներ ստացած մարդիկ: Այդ պայմաններում հաճախ են հանդիպում նյարդահոգեկան խանգարումներով հիվանդներ:

Ցանկացած տեսակի ջրհեղեղների բնորոշ հետևանքներն են ջրահեղձությունը, մեխ. վնասվածքները (մեծ մասամբ վերջույթների և իրանի), մահացու ավարտով թոքաբորբը, գերսառեցումից ցրտահարությունը, բազմապիսի քրոնիկ. հիվանդությունների սաստկացումը, սիրտանոթային, նյարդահոգեկան և վարակիչ հիվանդությունների թվի աճը և ընթացքի վատացումը:

Հրդեհների ժամանակ այրվածքներից և մեխ. վնասվածքներից (վերքեր, կոտրվածքներ ևն) զատ, ջերմային ազդեցության կամ ծխահարության գոտում գտնվող մարդիկ կարող են թունավորվել պոլիմերների այրման թունավոր արգասիքներով: Որոշ դեպքերում ոչ լրիվ այրման արգասիքները (օրինակ՝ շմոլ գազը) օդի թթվածնի հետ առաջացնում են այրվող և պայթյունավտանգ խառնուրդներ:

ՀՀ-ում Տ. ա-ից տուժածների բժշկ. օգնությունը, տարահանումը (էվակուացումը), բուժումը կազմակերպում և նյութապես ապահովում է պետությունը: Դրանք անմիջականորեն իրականացվում են արտակարգ իրավիճակների վարչության (ԱԻՎ) և ՀՀ առողջապ-յան նախ-յան ուժերով ու միջոցներով, որոնց մասնակցում են քաղաքացիական պաշտպանության (ՔՊ) բժշկ. ծառայության չռազմականացված միավորումները: Փրկարար. և անհետաձգելի վթարավերականգնող. աշխատանքները ղեկավարելու, Տ. ա-ի շրջանում մարդկանց կյանքն ու գործունեությունը կարգավորելու համար ստեղծվում են լայն լիազորություններով պետ. հանձնաժողովներ: Բժշկափրկարար. աշխատանքները սովորաբար ներառում են Տ. ա-ի օջախի բժշկ. հետախուզումը, տուժածների հայտնաբերումը, փրկումը, առաջին օգնությունը և բժշկ. օգնությունը, տարահանումը, սանիտարական մշակումը և բուժումը: Բժշկափրկարար. աշխատանքներում ներգրավվում են Տ. ա-ի օջախում գտնվող աշխատունակ բնակչությունը, ԱԻՎ, ՔՊ միավորումները, տուժած շրջանի ձեռնարկությունների ճարտարագիտ. ուժերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ազգային բանակի ստորաբաժանումներն ու միավորումները, ՀՀ վարչ. այլ մարզերի տարբեր կազմակերպություններ: Անմիջականորեն Տ. ա-ի օջախում կազմակերպվում է տուժածների 1-ին օգնությունը և բժշկ. օգնությունը, իսկ օջախի սահմաններից դուրս գտնվող բուժ. հաստատություններում՝ մասնագիտացված բուժօգնությունն ու բուժումը: Վնասվածքներ ստանալու վայրում 1-ին օգնությունը ցույց են տալիս տուժածները՝ ինքնակամ փոխօգնության եղանակով (տես Արյունահոսություն, Արհեստական շնչառություն, Մերսում սրտի), իսկ հետագայում դա անում են տեղ հասած սանդրուժինաները, որոնք գործում են համահավաք ջոկատների (խմբերի) հետ կամ դրանց կազմում: 1-ին բուժօգնությունից հետո, անկախ ախտահարման կամ հիվանդության ծանրության աստիճանից, տուժածները պետք է տեղափոխվեն պահպանված մոտակա բուժհիմնարկ կամ Տ. ա-ի օջախում ՔՊ բժշկ. ծառայության ստեղծած 1-ին օգնության ջոկատ: Թեթև վիրավորներն ու հիվանդները գնում են ոտքով (ցանկալի է փոքր խմբերով), իսկ ծանր և միջին վնասվածքներով անձանց տեղափոխում են տրանսպորտով, մեծ մասամբ՝ սան.: Տուժածներին ուղեկցում են սանդրուժինայի անդամները: Փրկարար. աշխատանքների շրջանից ոչ հեռու, անվտանգ վայրում ստեղծված 1-ին օգնության ջոկատներում և պահպանված բուժհիմնարկներում կազմակերպվում են տուժածների ընդունում և բժշկ. տեսակավորում, բժշկ. օգնություն (այդ թվում՝ անհետաձգելի վիրահատ. միջամտություն), հիվանդների և հոգեկան խանգարումներով անձանց ժամանակավոր մեկուսացում, տուժածներին նախապատրաստում են տարահանման՝ բուժհիմնարկներում հատուկ մասնագիտ. բժշկ. օգնություն և բուժում ստանալու նպատակով:

Նյարդահոգեկան խանգարման կանխարգելման համար մեծ նշանակություն ունեն կշռադատված տեղեկությունները, որոնք հանգստացնում են մարդկանց և ժխտում բացասական լուրերը: Չափազանց կարևոր է հնարավորին չափ արագորեն բնակչությանը զբաղեցնել որևէ օգտակար գործունեությամբ՝ ավերածությունների ծանր պատկերներից ուշադրությունը շեղելու նպատակով:

Տ. ա-ի օջախում իրադրությունը կարող է բարդանալ սան. իրավիճակի կտրուկ վատթարացմամբ և վարակիչ հիվանդությունների (գլխավորապես աղիքային) առաջացման և տարածման վտանգով: Այդ պատճառով Տ. ա-ի շրջանում հետևանքների վերացման ժամանակաշրջանում կարևոր նշանակություն են ձեռք բերում հակահամաճարակային և սանհիգիենային միջոցառումները, որոնք կազմակերպում են առողջապահության մարմինները