Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/704

Այս էջը հաստատված է

շինություններում: Ակտիվ շարժումները սահմանափակված են: Իքսոդային Տ. ապրում են անտառներում, տափաստաններում, լեռներում, թփուտներում և այլուր: Ակտիվ շրջանում լինում են բույսերի վրա, կարող են հարձակվել նաև մարդու և կենդանիների վրա:

Պաշտպանության ամենամատչելի միջոցը՝ հատուկ հագուստը (կարելի է տոգորել վանող նյութերով) և ճտքակոշիկներն են: Տ-ի տարածման շրջաններում աշխատելիս պարբերաբար (օրը մի քանի անգամ) ստուգել (առանձնապես գարնանն ու ամռանը) մարմինը, հատկապես մաշկի ծալքերը: Տ. հեռացնել ձեռքով կամ ունելիով, բայց շատ զգոuշորեն, որպեսզի կնճիթիկը չպոկվի և չմնա մարմնի մեջ: Մաշկի այդ մասը մշակել յոդով, սպիրտով ևն: Սահմանափակ տարածքները կարելի է մշակել տզասպան նյութերով:

Գամազոիդային և զրահավոր Տ. ապրում են բոլոր կլիմայական շրջանների հողի վերին շերտերում, կրծողների բներում, անտառի փռոցաշերտում: Դրանց դեմ պայքարի համար կատարել կրծողների ոչնչացում, իսկ թռչունների Տ-ի դեմ կիրառել տզասպան նյութեր: Քոսի Տ-ից պաշտպանվելու համար պահպանել անձնական հիգիենայի կանոնները, չշփվել հիվանդ մարդու հետ:

Քիմ. նյութերով միջատազերծման դեպքում օգտագործել շնչադիմակներ, պաշտպան. ակնոց, ձեռնոց, հատուկ արտահագուստ:

ՏԶՐՈՒԿՆԵՐ, օղակավոր որդերի դաս: Մարմինը մուգ դարչնագույն է, կանաչավուն կամ սև՝ 0,2-15 սմ երկար., տափակած: Ունեն 2 (առջևի և հետին) ծծան, սովորաբար 1-5 զույգ աչք:

Շնչառությունը մաշկային է, որոշ տեսակներ ունեն շնչառ. բշտիկներ կամ խռիկային հավելվածներ: Տ-ի մեծամասնությունը սնվում է զանազան կենդանիների արյունը և մարմնի հյութերը ծծելով, կան նաև գիշատիչ տեսակներ: Ապրում են քաղցրահամ ջրերում, ծովերում և խոնավ հողում:

Օրգանիզմից արյունը ծծելու, ինչպես նաև որպես հակամակարդիչ միջոց դեռ հնուց օգտագործում են բժշկական Տ., որոնց թքագեղձերն արտադրում են արյան մակարդումը դանդաղեցնող հիրուդին նյութը:

Այդ նպատակով օգտագործվող Տ. պահում են սառը ջրով լցված ապակե անոթներում և բերանը ամուր կապում թանզիֆով: Ջուրը պետք է փոխել օրը 1 անգամ, անոթը լվանալ նրանց լորձից և լցնել կիսով չափ: Տ. պետք է կիրառել միայն բժշկի նշանակմամբ՝ արյան անոթների որոշ հիվանդությունների, արյան բարձր մակարդելիության և այլ դեպքերում:

Տ. մարմնի համապատասխան հատվածին է կպցնում բուժաշխատողը: Տ. պետք է լինեն քաղցած (բարակ և շարժունակ), այլապես պիտանի չեն օգտագործման համար:

Յուրաքանչյուր տզրուկ 0,5-1 ժ ընթացքում ծծում է 10-15 մլ արյուն, որից հետո ինքնուրույն պոկվում է: Հակառակ դեպքում պետք է սպիրտով թրջած բամբակով դիպչել տզրուկի գլխի ծայրին, իսկ պոկվելուց հետո տեղը դնել մանրէազերծ վիրակապ: Վերքն արյունահոսում է 6-24 ժ, երբեմն՝ ավելի: Վիրակապը ներծծվում է արյունով, որի համար վրան պետք է դնել բամբակ, բինտով փաթաթել և չբացել առանց բուժքրոջ թույլտվության:

Հնարավոր բարդություններից խուսափելու համար Տ-ով ինքնաբուժում չի թույլատրվում: Տ. կրկնակի կիրառման համար պիտանի չեն:

ՏՅՈՒԲԱԺ, բուժարարողություն. լավացնում է լեղու արտազատումը և վերացնում լեղականգը, որն առաջանում է լեղապարկի որոշ հիվանդությունների ժամանակ: Տնային պայմաններում Տ. կատարվում է բժշկի խորհրդով և նրա հանձնարարած մեթոդով: Առավել հաճախ առաջարկվում է առավոտյան (քաղցած վիճակում) խմել սոդայի լուծույթ (1-2 թեյի գդալ կերակրի սոդան՝ 0,5 բաժակ ջրում) ու պառկել աջ կողքի, աջ ենթակողային հատվածում դնել տաք ջեռակ և այդ դիրքում մնալ 45 ր, ապա խմել 1 բաժակ մագնեզիումի սուլֆատի լուծույթ (1 թեյի գդալը՝ 1 բաժակ եռացրած գոլ ջրում) և պառկել աջ կողքի՝ դարձյալ 30 ր: Այնուհետև դանդաղ խմել 0,5-1 բաժակ 40-50°C ջերմաստիճանի հանքային ջուր և նույն դիրքում պառկել 45 ր: Չի կարելի Տ. կատարել որպես ինքնաբուժում:

ՏՈՀՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, սերնդաբանություն, գենեալոգիա, ազգակցական կապերի հւսստատումն անհատների միջև՝ 1 սերնդի կամ սերունդների շարքի շրջանակներում:

Տ-յան տվյալները (փաստաթղթեր ու նյութեր, որոնք վկայում են տվյալ մարդու ծնողների և ավելի հեռավոր նախնիների մասին), կարևոր նշանակություն ունեն մարդու գենետիկայի, բժշկ. գենետիկայի (տես Գենետիկա բժշկական) և այլ բնագավառների համար, քանի որ նպաստում են պարզելու բնականոն կամ ախտաբան. հատկանիշների ժառանգման բնույթը (տես Ժառանգականություն)՝.

Բժշկության մեջ ժառանգական հիվանդությունների ուսումնասիրման համար կիրառվում է հատուկ մեթոդ, որը հնարավորություն է տալիս սերունդների շարքում հաստատել և հետևել ժառանգաբար փոխանցվող ախտաբան. հատկանիշները:

Տ. ունի նաև օժանդակ պատմ. առարկայի բնույթ, օգնում է հետազոտող պատմաբանին՝ ազգակցական կապերն ու ծագման հարցերն ուսումնասիրելիս:

ՏՈՆԶԻԼԻՏ, տես Նշագեղձերի բորբոքում:

ՏՈՔՍԻՆՆԵՐ, թունավոր նյութեր, միկրոօրգանիզմների կենսագործունեության արգասիքներն են: Առավել ուսումնասիրված են բակտերիային Տ., որոնք ստորաբաժանվում են արտաթույների (բակտերիաների կողմից շրջակա միջավայր արտազատվող սպիտակուցային նյութեր) և ներթույների (բակտերիաների կառուցվածքային բաղադրիչներ, լինում են ածխաջրային կամ ճարպաբազմաշաքարային բնույթի և միջավայր են անցնում բակտերիային բջիջների քայքայումից հետո): Արտաթույները պայմանավորում են մանրէների ախտածին հատկությունները և օժտված են արտահայտված թունավորությամբ: Դրանց ազդեցությունն օրգանիզմի վրա արտահայտվում է գաղտնի շրջանից հետո: Ներթույներն ավելի արագ են ազդում, բայց պակաս թունավոր են, քան արտաթույները: Վերջիններիս մեծամասնությունը քայքայվում է 60-80°C-ի պայմաններում՜ 10-20 ր ընթացքում: Ներթույներն ունեն ավելի բարձր ջերմակայունություն,