Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/708

Այս էջը հաստատված է

դեպքում Տ. գործնականում վտանգավոր չէ շրջապատողների համար (ստորև տես Տ-ի կանխարգելումը):

Տ. ժառանգաբար չի փոխանցվում: Որպես կանոն՝ հիվանդ ծնողների երեխաները ծնվում են առողջ: Բայց եթե ծնողներն ակտիվորեն չեն բուժվում և նախազգուշ. միջոցառումներ չեն պահպանում, երեխան կարող է վարակվել և հիվանդանալ:

Տ. առավել հաճախ տարածվում է օդակաթիլային ճանապարհով. հազալիս, փռշտալիս միկոբակտերիաներ պարունակող խորխի և թքի մանր կաթիլներն ընկնում են օդի մեջ, սենյակի հատակի և պատերի, կենցաղային առարկաների վրա: Խորխը չորանալուց հետո մանրէների կենսունակությունը երկար պահպանվում է (հատկապես թույլ լուսավորված տեղերում): Դա նպաստում է Տ-ի շփումակենցաղային փոխանցմանը (ամանեղենի, սպիտակեղենի, գրքերի, խաղալիքների ևն միջոցով): Բնակարանի չոր մաքրման ժամանակ, հիվանդի իրերը թափ տալիս շրջապատողների շնչուղիներ կարող են ընկնել Տ-ի կենսունակ միկոբակտերիաներ:

Դրանց ներթափանցման հիմն. ուղին թոքերն են, հազվադեպ՝ մարսող. համակարգը (հիմնականում միկոբակտերիաներով վարակված հում կաթ օգտագործելիս), ինչպես նաև մաշկի (կթվորուհիների, մսի կոմբինատում աշխատողների) քերծվածքները:

Օրգանիզմում միկոբակտերիաների ներդրումը կարող է հանգեցնել վարակման, սակայն հիվանդությունը կարող է չառաջանալ: Այն ի հայտ է գալիս օրգանիզմի այլ հիվանդությունների պատճառով՝ դիմադրողականության անկման, ոչ լիարժեք սննդի (հատկապես կենդ. սպիտակուցների, վիտամինների անբավարարության ժամանակ), անբավարար սանհիգիենային պայմանների առկայության, ինչպես նաև Տ-ի միկոբակտերիաներ արտադրող հիվանդից կրկնակի վարակման ժամանակ: Հաճախ հիվանդանում են թույլ զարգացած իմունիտետ ունեցող անձինք, դեռահասները՝ սեռ. հասունացման շրջանում (նյարդաներզատ. կարգավորման անկայունության հետ կապված), ինչպես նաև տարեցները, որոնց օրգանիզմում վարակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է:

Տ-ի հարուցիչն 1-ին հերթին ախտահարում է թոքերը: Հյուսվածքներում՝ միկոբակտերիաների տեղադրման հատվածներում, առաջանում են բորբոքային գործընթացներ՝ մանր թմբիկների կամ խոշոր օջախների տեսքով, որոնք կարող են ենթարկվել լոռանման (կազեոզ) մեռուկացման (նեկրոզ), այնուհետև՝ քայքայման: Եթե օրգանիզմի դիմադրողականությունը բավականին բարձր է, այդ օջախները կարող են ներծծվել, հաճախ դրանց շուրջն առաջանում է ամուր պատիճ, իսկ թմբիկները կազմափոխվում են շարակցական հյուսվածքի, այսինքն տեղի է ունենում օջախի սպիացում՝ երբեմն կրային աղերի կուտակումով: Անբարենպաստ պայմաններում հյուսվածքներում առանձնահատուկ փոփոխություններն ուժեղանում են, օջախը քայքայվում է, և նրա տեղում առաջանում է խոռոչ (կավեռնա): Խոռոչում միկոբակտերիաները բազմանում են և բրոնխներով անցնելով՝ ախտահարում թոքերի մյուս բաժինները, որի հետևանքով հիվանդության ընթացքը ծանրանում է: Այդպիսի հիվանդների խորխի մեջ մշտապես հայտնաբերվում են բազմաթիվ միկոբակտերիաներ, բացի այդ, խոռոչի առակայության դեպքում կարող է առաջանալ թոքային արյունախխում և նույնիսկ արյունահոսություն:

Տ-ային միկոբակաերիաներն ախտահարում են ոչ միայն թոքերը, այլև թոքերից և ավշահանգույցներից արյան ու ավշային անոթներով կարող են տարածվել օրգանիզմում, «նստել» հոդերում, ոսկրերում, գլխուղեղի թաղանթներում, խորխի հետ ընկնել բերանի խոռոչի, ըմպանի, կոկորդի լորձաթաղանթների վրա. խորխը կուլ տալիս կարող է առաջանալ աղիքների Տ.: Նշված բոլոր օրգաններում նույնպես առաջանում են բորբոքման առանձնահատուկ օջախներ: Թոքային Տ.: Ախտանշանները կախված են հիվանդության ձևից, հիվանդի տարիքից և այլ գործոններից:

Առաջնային Տ-ի ժամանակ, որը սովորաբար առաջանում է մանկ. տարիքում՝ հարուցչի հետ 1-ին շփումից հետո, վարակման 1-ին օրերին (և նույնիսկ շաբաթներին) հիվանդության ոչ մի ախտանշան չի նկատվում, քանի որ երեխայի ներքին օրգաններում առաջացած փոփոխությունները սովորաբար այնքան աննշան են, որ չեն հայտնաբերվում անգամ ռենտգենաբան. մանրակրկիտ հետազոտությամբ: Բայց եթե Մանթուի ներմաշկային տուբերկուլինային փորձը դրական է (սովորաբար վարակումից 2 ամիս անց), և երեխայի մոտ ի հայտ են գալիս հիվանդության ընդհանուր ախտանշաններ (գունատություն, թորշոմածություն, քնի և ախորժակի վատացում, արագ հոգնելիություն, լացկանություն, ջերմաստիճանի բարձրացում, գիշերային քրտնարտադրություն), ապա դրանք վկայում են Տ-ային թունավորման (ինտոքսիկացիա) առկայությունը. նման դեպքերում երեխաները հաճախ են հիվանդանում սուր շնչառական հիվանդություններով: Տ-ային թունավորումը Տ-ի առավել հազվադեպ հանդիպող ձևերից է:

Միկոբակտերիաները թոքերում տեղադրվելիս կարող են առաջացնել բորբոքային օջախ՝ լոռանման քայքայումով, որը զուգակցվում է բրոնխային ավշահանգույցների բորբոքման հետ (առաջնային Տ-ային համալիր): Հիվանդությունը մեծ մասամբ ընթանում է բարեհաջող, օջախը շրջապատվում է պատիճով, այնուհետև աստիճանաբար կրակալվում, և առաջանում է, այսպես կոչված, Հոնի օջախ, որը կարող է մարդու ամբողջ կյանքի ընթացքում զգացնել չտալ և հայտնաբերվել միայն ռենտգենաբան. հետազոտության ժամանակ: Եթե օրգանիզմը (հատկապես երեխայի) որևէ պատճառով թուլանում է, առաջնային Տ-ային համալիրը կարող է հիմք ծառայել գործընթացի տարածման համար: Այդպիսի դեպքերում ջերմաստիճանը բարձրանում է, խանգարվում է ընդհանուր վիճակը, ի հայտ է գալիս հազը: Փոքր երեխաների հիվանդությունն ընթանում է ավելի ծանր, քան նախադպրոց. և կրտսեր դպրոց. տարիքներում: Կրծքի երեխաների մոտ հաճախ առաջանում են բարդություններ (Տ-ային ուղեղապատյանաբորբ, կրծքամզի բորբոքում): Ժամանակին բժշկի դիմելը, ճիշտ բուժումն ու խնամքը հանգեցնում են լրիվ առողջացման:

Առաջնային վարակումից հետո բավականին հաճախ Տ-ային փոփոխությունները տարածվում են ներկրծքային ավշահանգույցների վրա (առանց թոքային հյուսվածքի արտահայտված ախտահարման): Այդ ձևը կոչվում է Տ-ային բրոնխադենիտ և սովորաբար ընթանում է բարեհաջող, քանի որ ավշահանգույցներում գոյանում են ախտահարման ոչ մեծ օջախներ: Սակայն վաղ մանկ. տարիքում կարող են նկատվել բրոնխադենիտի բավականին ծանր ձևեր, որոնք ուղեկցվում են հաչոցանման հազով, շնչառության դժվարացմամբ: Հարկավոր է հիվանդ երեխային ժամանակին բուժել և ապահովել լիարժեք սնունդ, ճիշտ ռեժիմ, մաքուր օդում հաճախակի զբոսանքներ: Այդ միջոցառումների