Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/709

Այս էջը հաստատված է

շնորհիվ սովորաբար հաջողվում է հասնել լրիվ առողջացման: Ավելի ծանր ընթացքի դեպքում հարկավոր է երեխային տեղափոխել հիվանդանոց կամ հատուկ առողջարան:

Երկրորդային Տ. թոքերի Տ-ի առավել հաճախ հանդիպող ձևն է: Այն առաջանում է թոքերի և ավշահանգույցների հին օջախներում՝ «նիրհող» վարակի հարուցիչների ակտիվացումից, որը պայմանավորում է գործընթացի սրացումը (ակտիվ ձև): Հնարավոր է նաև կրկնակի վարակում՝ Տ-ային միկոբակտերիաներ արտազատող հիվանդի հետ երկարատև շփման ժամանակ:

Երկրորդային Տ. կարող է սկսվել ցանկացած տարիքում, ժամանակին չբուժելիս հիվանդությունն անընդհատ խորանում է: Առավել հաճախ առաջանում են մանր օջախներ՝ սովորաբար թոքերի վերին բլթերում (օջախային ձև): Երբեմն ի հայտ են գալիս տարբեր ձևերի ու մեծության խոշոր բորբոքային օջախներ (ներսփռական՝ ինֆիլտրատիվ ձև): Որոշ դեպքերում հիվանդությունը երկար ժամանակ ընթանում է անախտանշան, բայց հիվանդը սովորաբար կորցնում է ախորժակը, նիհարում է, բարձրանում է ջերմաստիճանը, ի հայտ են գալիս հազը, գիշերային քրտնարտադրությունը, արագ հոգնելիությունը: Հիվանդության սկզբում հազը լինում է չոր, միկոբակտերիաները խորխի հետ արտազատվում են համեմատաբար ոչ հաճախ, հետագայում սրացման շրջանները փոխարինվում են գործնթացի մեղմացման շրջաններով՝ թոքերի օջախների լվացման հակումով: Ակնհայտ բարելավումը տևում է մի քանի շաբաթ, երբեմն՝ մի քանի ամիս, որից հետո նորից վրա է հասնում սրացումը: Ի հայտ են գալիս թուլությունը, հևոցը: Հազն ուժեղանում է, խորխարտադրությունը՝ ավելանում, ջերմաստիճանը՝ բարձրանում:

Սրացումների շրջանում առաջանում են նոր օջախներ, երբեմն մանր օջախները տարածվում են թոքերի ամբողջ հյուսվածքի վրա՝ թոքերի սերմնացրիվ (դիսեմինացված) Տ.: Թոքային հյուսվածքի մի մասը ենթարկվում է լոռանման քայքայման: Լոռանման զանգվածները, անցնելով բրոնխների լուսանցքը, խորխի հետ դուրս են գալիս, և դրանց տեղում մնում է խոռոչ, որը կարող է արյունախխման, թոքային արյունահոսության, հնարավոր է նաև այլ օրգանների վարակման պատճառ դառնալ: Սովորաբար խոռոչի առաջացման հետ մեկտեղ զարգանում է թելքավոր (ֆիբրոզ) շարակցական հյուսվածք (թոքերի ֆիբրոկավեռնոզ Տ ), որին բնորոշ է երկարատև ալիքաձև ընթացքը՝ պարբերական բռնկումներով և բուժման ազդեցությամբ ժամանակավոր մեղմացումներով:

Թոքերում, Տ-ային գործընթացի խորացման աստիճանի հետ կապված, ուժեղանում է հիվանդների հազը, առաջանում է մշտ. հևոց, վատանում է ախորժակը, աղիքներում խանգարվում է սննդանյութերի ներծծումը, հիվանդը նիհարում է, թուլանում, հաճախ աչքի է զարնում այտերի տենդային կարմրությունը: Միայն արագ և երկարատև բուժումը, երբեմն նաև վիրաբուժ. միջամտությունը, կարող են նման դեպքերում կանխել թոքերում տեղի ունեցող անվերադարձ փոփոխությունները:

Արտաթոքային Տ. նկատվում է բավականին հազվադեպ, քան թոքայինը:

Ոսկրերի և հոդերի Տ.: Առավել հաճախ ախտահարվում են ողնաշարը (տես Ողնաշարաբորբ), ոտքերի խոշոր (կոնքազդրային, ծնկային, սրունքաթաթայիև), ոչ հաճախ՝ ձեռքերի հոդերը, խոշոր և մանր ոսկրերը: Հոդերի և ոսկրերի ախտահարման ընդհանուր ախտանշաններն ավելի թույլ են արտահայտվում, քան Տ-ային գործընթացի այլ տեղադրոթյունների ժամանակ: Երեխաների հիվանդության վաղ ախտանշանը տրամադրության փոփոխությունն է: Երեխան դառնում է ինքնամփոփ, քմահաճ, հրաժարվում է խաղալիքներից, գիշերը վատ է քնում: Խանգարվում է ընդհանուր ինքնազգացողությունը, երեխան նիհարում է, գունատվում, ի հայտ են գալիս հոգնածությունը, ընդհանուր թուլությունը, վատանում է ախորժակը: Ուշադիր հետևելիս կարելի է նկատել, որ երեխան քիչ է շարժվում, երբեմն գանգատվում է ողնաշարի, կոնքազդրային կամ ծնկային հոդերի ոչ սուր ցավերից, որոնք կարող են ուժեղանալ երեկոյան կամ գիշերը և մեղմանալ առավոտյան: Փոքր երեխաները գիշերները բարձր ճչում են, արթնանում, այնուհետև արագ հանգստանում են ու նորից քնում: Հաճախ կարելի է նկատել նաև կոնքազդրային կամ ծնկային հոդերի հիվանդության այլ վաղ ախտանշան. երեխան միշտ պառկում է նույն կողքի՝ խնայելով ախտահարված կողմը: Հիվանդության խորացմանը զուգընթաց ցավերը դառնում են ավելի պարզորոշ, առաջանում են հոդի ուռածություն, շարժումների սահմանափակում: Թեթևակի և ոչ միշտ ի հայտ եկող կաղությունն աստիճանաբար դառնում է նկատելի: Ախտանշանների սաստկացումը պայմանավորված է հոդաճառների և հոդապարկի վրա Տ-ային գործընթացի տարածմամբ: Հետագայում, եթե հիվանդը չի բուժվում, հոդում շարժումները դժվարանում են, հոդը ձևախախտվում է, վերջույթի աճումը հապաղում է, առաջանում է ախտահարված ոսկրերի և հոդի շրջանի փափուկ հյուսվածքների թարախային քայքայում՝ խուղակների առաջացմամբ: Երբեմն թարախն իր ծանրության ուժի տակ հիվանդ հոդից տարածվում է՝ առաջացնելով, այսպես կոչված, Տ-ային մակահոսուկ (մակածորուկ):

Ավշահանգույցների Տ. (ենթածնոտային, պարանոցային, անութային, աճուկային ևն) դրսևորվում է ավշահանգույցների մեծացմամբ. դրանք դառնում են քիչ շարժուն, ցավոտ, վրայի մաշկը բարակում է, կարմրում, թարախային բորբոքման ժամանակ թարախը կարող է արտահոսել՝ առաջացնելով խուղակ, որի տեղում լավանալուց հետո սպի է մնում:

Երիկամների Տ. սովորաբար սկզբում սուբյեկտիվ զգացողություններ չի առաջացնում: Գործընթացը երիկամի ավազանի վրա տարածվելիս նկատվում են գոտկատեղի ցավեր, ջերմաստիճանի բարձրացում, միզապարկն ախտահարվելիս առաջանում են հաճախակի միզարձակման ցավագին ցանկություններ:

Աղիքների Տ. հանդիպում է հազվադեպ, հիմնականում վարակվում են, երբ կուլ տված խորխի հետ միկոբակտերիաներն ընկնում են աղիքների մեջ: Դրսևորվում է որովայնի ցավերով, փորկապությամբ, լուծով, աղիքների փքվածությամբ: Մաշկի Տ., վերջույթների, դեմքի, կրծքի և մարմնի այլ հատվածների վրա գոյանում են թմբիկներ, հանգույցներ, հիվանդության այլանդակող ձևը՝ մաշկի Տ-ային գայլախտը (սովոր, գայլախտ), հանդիպում է հազվադեպ:

Տ-ային ուղեղապատյանաբորբը և Տ-ի մյուս սուր ու ծանր ձևերը հանդիպում են ոչ հաճախ: Տ-ային ուղեղապատյանաբորբի ժամանակ նկատվում են համառ գլխացավեր, փսխում, ցնցումներ, գիտակցության կորուստ: Տ-ի այս ձևը նախկինում անխուսափելիորեն հանգեցնում էր մահվան, ներկայումս հաջողվում է այն լրիվ բուժել:

Բուժումն իրականացվում է խիստ բժշկ. հսկողության տակ, սկզբում՝ հիվանդանոցում, այնուհետև՝ ամբուլատոր պայմաններում: Հակատուբերկուլոզային նորագույն պատրաստուկներն օգտագործում են՝ հաշվի առնելով հիվանդության ձևն ու ծանրությունը: Որպես կանոն՝ այդ միջոցների զուգորդումները նշանակում են երկար ժամանակով (9-12 ամիս, երբեմն նաև ավելի):

Տ-ի բուժման համար օգտագործվող պատրաստուկներն արագ վերացնում են հիվանդության ախտանշանները, ջերմաստիճանը