Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/710

Այս էջը հաստատված է

դառնում է բնականոն, հազն ընդհատվում է, ընդհանուր ինքնազգացողությունը՝ լավանում: Բայց դա չի նշանակում, որ հիվանդը լրիվ բուժվել է: Հաճախ հիվանդները գերագնահատում են իրենց վիճակը և բժշկի խորհուրդները չկատարելով՝ ընդհատում դեղանյութերի ընդունումը՝ դրանով անուղղելի վնաս հասցնելով իրենց: Բուժված լինելու փաստը կարող է հաստատել միայն բժիշկը: Բժշկ. հանձնարարականները չկատարելիս (օրինակ՝ դեղանյութերի անկանոն ընդունում, ռեժիմի խախտում) բուժ. արդյունքը նվազում է, իսկ երբեմն հանգեցնում է կայուն, դեղանյութերի հանդեպ ոչ զգայուն միկոբակտերիաների զարգացման: Ծխելը նույնպես նվազեցնում, իսկ ալկոհոլամոլությունն անհաղթահարելիորեն խոչընդոտում է բուժման արդյունավետությունը:

Տ-ի բուժման ժամանակ պարտադիր օգտագործում են օրգանիզմի պաշտպան. ուժերն ամրապնդող մեթոդներ: Հատուկ նշանակություն ունի առողջարանային ռեժիմը՝ բնական բուժիչ գործոնների օգտագործմամբ, ուժեղացված սնունդը, չափավորված ֆիզ. բեռնվածությունը (առանձին դեպքերում նշանակում են ֆիզկուլտուրա, կոփում, հանգիստ): Որոշ դեպքերում վիրաբուժ. ճանապարհով հեռացնում են թոքերի, երիկամների և Տ-ով ախտահարված այլ հատվածներ: Ոսկրահոդային Տ-ի բուժումն ունի իր առանձնահատկությունները: Ամենից առաջ հարկավոր է հիվանդին, հատկապես երեխային, նախապատրաստել երկարատև բուժմանը, բացատրել, որ ոսկրահոդային Տ-ի ժամանակ միջոցառումների ոչ լրիվ կատարումն անարդյունավետ է, և բուժումը պարտադիր պետք է հասցնել ավարտին: Բուժման ժամանակ ընդմիջումները կամ ժամանակից շուտ հանգստի ռեժիմի խանգարումները կարող են հանգեցնել հիվանդության սրացման: Ապահովում են հիվանդի հանգիստ վիճակը, սակայն նա չպետք է կտրվի բնականոն կյանքից: Լավ տրամադրությունը նպաստում է առողջացմանը: Հիվանդ օրգանի հանգիստն ապահովելու նպատակով կատարում են տեղային բուժում: Սովորաբար, երկար ժամանակով դնում են գիպսակապ կամ կիրառում այլ մեթոդներ, անհրաժեշտության դեպքում՝ վիրահատ. միջամտություն: Տ-ի ոսկրահոդային ձևով հիվանդների բուժումը երկարատև է և, որպես կանոն, անցկացվում է հատուկ առողջարաններում, որտեղ նրանք նաև սովորում են հանրակրթ. դպրոց. ծրագրով: Որոշ դեպքերում, գիպսակապը դնելուց հետո, երեխաներին դուրս են գրում հիվանդանոցից՝ ամբուլատոր հսկողությամբ: Նման դեպքերում ծնողները պետք է խստորեն կատարեն բժշկի նշանակումները, հետևեն, որ երեխան ոտքի չկանգնի (եթե դա արգելված է): Կարևոր է գիպսակապի ամբողջականությունը պահպանելը: Որպեսզի այն չճաքի, հիվանդը պետք է քնի հարթ, չճկվող ներքնակի վրա (սովորաբար մահճակալի վրա դնում են փայտե վահանակ): Գիպսակապը երկարատև կրելիս նրա տակ կարող է թարախակույտ առաջանալ և տհաճ հոտ արձակել: Մաշկի մատչելի հատվածները մաքրում են օդեկոլոնով, քացախային սպիրտով, պարբերաբար «օդափոխում» են գիպսակապը՝ նրա տակ օդի շիթ ուղղելով, օրինակ՝ փոշեկուլի օգնությամբ կամ այլ մեթոդով:

Հիվանդների վաղ հայտնաբերումը, կանոնավոր հսկողությունը, բուժումն ապահովվում են հակատուբերկուլոզային դիսպանսերների ցանցի միջոցով՝ ըստ տարածաշրջանային պատկանելության: Տ. հայտնաբերելու նպատակով դիսպանսերը հետազոտում է բնակչության տարբեր խմբերին, հոգում հիվանդների (1-ին հերթին՝ միկոբակտերիաներ արտադրող) բնակարանային պայմանների բարելավման, աշխատանքի տեղավորման մասին, հանձնարարականներ է տալիս աշխատանքի ռեժիմի վերաբերյալ: Նրա խնդիրների մեջ են մտնում սան. պրոպագանդան, հիգիենային և հակահամաճարակային կայանի (ՀՀԿ) հետ համատեղ Տ-ի օջախներում սանկանխարգելիչ միջոցառումների իրականացումը, այդ աշխատանքները կանոնավոր հսկում են տեղամասային ֆթիզիատրները (թոքախտաբույժ) և տեղամասային բուժքույրերը: Դիսպանսերը կատարում է հիվանդների (մեծերի և երեխաների) հաշվառում, ապահովում նրանց հսկողությունը, անցկացնում անհրաժեշտ բուժ. միջոցառումներ, ինչպես նաև հիվանդներին ապահովում վարակազերծող միջոցներով: Դիսպանսերը հիվանդներին հոսպիտալացնում է հատուկ մասնագիտացված հիվանդանոցներում և առողջավայրերում:

Տ-ի բոլոր ձևերի հաջող բուժման նախադրյալներն են բժշկի սահմանած ռեժիմի պահպանումը, բազմատեսակ, վիտամիններով հարուստ սնունդը, մաքուր օդը (սենյակի օդափոխությունը, բարենպաստ կլիմայական պայմաններում՝ մաքուր օդի գրեթե շուրջօրյա ապահովումը), մարզումը՝ լրիվ կամ հարաբեր. հանգստից անցումը չափավորված, այնուհետև՝ սովոր. աշխատանքին: Ժամանակին կիրառած համալիր բուժումը հնարավորություն է տալիս բուժել հիվանդների ճնշող մեծամասնությանը:

Կանխարգելումն ընդգրկում է սոցիալ., սան. առանձնահատուկ կանխարգելման միջոցառումներ:

Սոցիալական կանխարգելումը միջոցառումների ամբողջություն է, որի նպատակը բնակչության առողջության բարելավումն է. այն ներառում է աշխատանքային օրենսդրությունը, մայրության և մանկության պահպանությունը, բնակարանային շինարարությունը և բնակավայրերի բարեկարգումը, կյանքի նյութ. պայմանների բարելավումը, բնակչության ընդհանուր կենցաղավարման մակարդակի բարձրացումը և սան. գիտելիքների ներդրումը, ֆիզկուլտուրայի և սպորտի լայնորեն կիրառումը (տես Ֆիզիկական կուլտուրա, Սպորտ):

Սանիտարական կանխարգելումը. Տ-ով վարակումը կանխարգելող միջոցառումներ: Տ-ի բաց ձևով հիվանդներին (բակտերիա արտազատողներ) հոսպիտալացնում են մինչև միկոբակտերիաների արտազատման բացառումը: Իշխանության տեղական մարմինները դիսպանսերի եզրակացությամբ բնակարան են հատկացնում 1-ին հերթին Տ-ի բաց ձևով, հատկապես մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող հիվանդներին: Շատ դեպքերում հիվանդների հետ շփման մեջ գտնվող երեխաներին ուղարկում են հատուկ առողջարանային մանկամսուրներ, մանկապարտեզներ կամ գիշերօթիկ դպրոցներ, ինչպես նաև մանկատներ:

Պարբերաբար հետազոտվում են հանրակացարաններում ապրողները. Տ-ի բաց ձևեր հայտնաբերելիս հիվանդին հոսպիտալացնում են, իսկ դիսպանսերը և ՀՀԿ միջոցներ են ձեռնարկում նրան մեկուսացված բնակտարածությամբ ապահովելու համար:

Վարակման վտանգն առավել իրական է ընտանեկան սերտ շփման պայմաններում, դրա համար բակտերիա արտազատող բոլոր հիվանդների հետ շփված անձինք գտնվում են հակատուբերկուլոզային դիսպանսերի հսկողության տակ: Տեղամասային բուժքույրն ամեն ամիս այցելում է հիվանդին, հետևում, որ նա կատարի բժշկի նշանակումները: Բուժքույրը հիվանդին և նրա ընտանիքի անդամներին սովորեցնում է անհատ. կանխարգելման միջոցառումները և հիգիենային հմտությունները, հատկապես խորխի, ամանեղենի, անձն. օգտագործման առարկաների վարակազերծման մեթոդները: Խորխը հավաքելու համար յուրաքանչյուր հիվանդ պետք է ունենա թքաման՝ պտուտակով ամրացվող կափարիչով, խորխը հավաքում են մինչև թքամանի կեսը լցվելը, այնուհետև վրան ավելացնում չոր քլորակիր (10 մլ-ին՝ 2 գ), խառնում են և թողնում 2 ժ, թքամանի մեջ կարելի է լցնել կրկնակի ծավալով 5 %-անոց քլորամինի լուծույթ (թողնել 6 ժ) կամ 2,5 %-անոց ակտիվացրած քլորամինի լուծույթ (թողնել 2