Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/715

Այս էջը հաստատված է

ՑԻՍՏԻՏ, տես Միզապարկի բորբոքում:

ՑԻՍՏԻՑԵՐԿՈԶ, տես Տենիիդոզներ հոդվածում:

ՑՆՑՈՒՂՈՒՄ, ջրային բուժարարողություն, կիրառվում է հիգիենային և բուժկանխարգելիչ նպատակներով: Հիգիենային Ց. օճառով ընդունում են 36-38°C ջերմաստիճանի ջրով, սովորաբար 15-20 ր տևողությամբ:

Բուժիչ Ց. կիրառվում է ջրաբուժարանում, բժշկի նշանակմամբ: Բուժարարողության առանձնահատկությունն այն է, որ հիվանդի մարմնի վրա ջուրը տրվում է հատուկ սարքի միջոցով՝ որոշակի, խիստ չափավորված շիթի ճնշմամբ: Ց-ման ֆիզիոլոգ. ազդեցությունը պայմանավորված է մաշկի նյարդային վերջույթների և անոթների ջերմային ու մեխ. գրգռմամբ (տես Ջրաբուժություն): Ըստ ջրի շիթի ձևի և ուղղվածության՝ տարբերում են շիթային (Շարկոյի և շոտլանդ.), անձրևային, ասեղնաձև, փոշենման, շրջանաձև, վերել (շեքային), ստորջրյա Ց-մերսում ևն:

Շարկոյի Ց-ման բուժարարողությունն սկսում (և ավարտում) են հովհարաձև շիթով, այնուհետև հոծ շիթով ջուրը որոշակի հաջորդականությամբ (սկսելով ոտքերից) թափվում է հիվանդի մարմնին: Մաշկը կարմրելուց հետո բուժարարողությունը պետք է ավարտել: Բուժման կուրսի սկզբում ջրի ջերմաստիճանը 35-32°C (անհրաժեշտության դեպքում՝ 42-40°C) է, որը, կախված հիվանդի ինքնազգացողությունից, ամեն օր կամ օրընդմեջ, իջեցվում է 10-ով և հասցվում 20-15°C: Որպեսզի հիվանդը կտրուկ տաքի կամ սառի տհաճ զգացողություն չունենա, իջեցնելով ջրի ջերմաստիճանը՝ բարձրացնում են շիթի ճնշումը և հակառակը:

Շոտլանդական Ց. 2 շիթով, հակադիր ջերմաստիճանների ջրով բուժարարողություն է: Հիվանդը փոխ առ փոխ, 4-6 անգամ ենթարկվում է տաք ու սառը ջրի ազդեցությանը: Որպես կանոն՝ սկսում են տաքից, ավարտում սառով: Սկզբում ջերմաստիճանների տարբերությունը մեծ չէ, սակայն աստիճանաբար այն ավելացվում է և մինչև բուժման կուրսի ավարտը հասցվում 35°C:

Անձրևային Ց-ման ժամանակ ջուրը, անցնելով բազմաթիվ մանր անցքերով հատուկ ցանցով, թափվում է մարմնին առանձին շիթերով:

Ասեղնաձևի ժամանակ ջուրը, անցնելով սակավաթիվ անցքերով (որոնց վրա դրված են նեղ մետաղե խողովակներ) ցանցով, թափվում է առավել բարակ՝ «սուր» շիթերով:

Փոշենման Ց-ման դեպքում ջուրը մանր անցքերից դուրս է գալիս ջրային փոշու տեսքով:

Շրջանաձև Ց. կատարվում է ուղղաձիգ օղակաձև դասավորված խողովակներով սարքի միջոցով: Ջուրը բարակ հորիզոն. շիթերով բարձր ճնշման տակ թափվում է սարքի կենտրոնում կանգնած հիվանդի վրա: Բուժարարողությունն սկսում են 36—34°C ջերմաստիճանի ջրով, աստիճանաբար ջերմաստիճանն իջեցնելով՝ բուժման կուրսի վերջում հասցնում 25°C:

Վերել Ց-ման դեպքում հիվանդը նստում է օղակաձև նստատեղով աթոռին, որի տակ տեղադրված է ցանցաձև ծայրոց: Ցանցից ճնշման տակ ջուրը թափվում է հիվանդի շեքի վրա: Ջրի ջերմաստիճանը (բժշկի նշանակմամբ) կարող է լինել տաք, գոլ, սառը.

Ց-մերսում բուժարարողության ժամանակ մերսումը (տեղային և ընդհանուր) կատարվում է անձրևային Ց-ման տակ: Շատ տարածված է ստորջրյա Ց-մերսումը, երբ մերսումը կատարվում է հատուկ ապարատի միջոցով՝ ճնշման տակ ջրի շիթն ուղղվում է տաք ջրով լոգնոցում պառկած հիվանդի մարմնին:

Անձրևային, փոշենման, ասեղնաձև Ց. կիրառում են հիմնականում նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների, Շարկոյի, շոտլանդ. Ց-ները՝ նյութափոխանակության խանգարումների (հատկապես՝ ճարպակալումով ուղեկցվող), վերել Ց.՝ ուղիղ աղիքի, ուրոլոգ., գինեկոլոգ. և այլ հիվանդությունների դեպքերում:

Ց-մերսումը ցուցված է մկանների, հոդերի, ողնաշարի որոշ հիվանդությունների և վնասվածքների, նյութափոխանակության խանգարումների դեպքում: Ց-ման ձևերը նշանակում է բժիշկը:

Տնային պայմաններում տաք Ց. նյարդային համակարգի վրա ունենում է հանգստացնող ազդեցություն: Սառը Ց. բարձրացնում է նյարդային համակարգի տոնուսը, գերսառեցման հանդեպ օրգանիզմի կայունությունը, նպաստում օրգանիզմի կոփմանը:

ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ, օրգանիզմի հյուսվածքների վնասումը ցրտից: Հիմն. պատճառն արյունատար անոթներում երկարատև կծկանքի (ցրտի նկատմամբ օրգանիզմի պաշտպան. հակազդեցության) հետևանքով առաջացած փոփոխություններն են (տես Ջերմակարգավորում): Ց. կարող է առաջանալ ոչ միայն սառնամանիքի, այլև 0°C-ին մոտ ջերմաստիճանի, հատկապես խոնավության և քամու պայմաններում: Պատերազմի ժամանակ մարդկանց ոտնաթաթերը հաճախ են ցրտահարվում խոնավ խրամատներում երկարատև մնալուց, երբեմն նույնիսկ 0°C-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում: Ց. լինում է ջրում երկարատև մնալուց՝ նավի վթարից, ձկնորսության ժամանակ ևն: Նման պայմաններում հատկապես չմարզված, ցրտի նկատմամբ գերզգայուն մարդկանց բնական ջերմակարգավորման մեխանիզմներն ի վիճակի չեն պահպանելու մարմնի ծայրամասերի ջերմաստիճանը: Դրանցում աստիճանաբար դանդաղում և այնուհետև դադարում է արյան շրջանառությունը: Իսկ երբ օրգանիզմն այլևս ի վիճակի չէ դիմադրելու ցրտին, հյուսվածքներում տեղի են ունենում խորը փոփոխություններ՝ բջիջները մահանում են: Վտանգավոր աստիճանի