Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/719

Այս էջը հաստատված է

երևում են գեղձային կառուցվածքներ, այն անվանում են ադենոմա (գեղձուռուցք), իսկ չարորակը՝ ադենոկարցինոմա: Շարակցահյուսվածքային Ու., կախված հյուսվածքի տեսակից, բաժանում են ֆիբրոմայի, լիպոմայի, խոնդրոմայի և օստեոմայի: Հատուկ խումբ են կազմում արյունաստեղծ հյուսվածքի Ու.:

Ու-ի շարքն են դասվում նաև լեյկոզները (սպիտակարյունություն): Լեյկոզների առանձին ձևերի ժամանակ արյունաստեղծ հյուսվածքի փոփոխված բջիջների տեղային տարաճումներ են նկատվում ոսկրածուծում, փայծաղում, ավշահանգույցներում, լյարդում, երիկամներում: Այլ ձևերի ժամանակ նկատվում է «սպիտակարյունություն», այսինքն՝ արյան մեջ փոփոխված սպիտակ մարմնիկների խիստ ավելացում:

Եթե չարորակ Ու. ժամանակին չախտորոշվեն և անհրաժեշտ բուժում չստանան, Ու-ի հարաճումը, ճյուղավորումը, կենսական կարևոր օրգանների քայքայումը, մարսող. համակարգի և շնչառ. օրգանների ֆունկցիաների խանգարումները, քայքայվող և խոցոտվող հյուսվածքներից մշտ. արյունահոսության հետևանքով առաջացած սակավարյունությունը և, վերջապես, Ու-ի քայքայման նյութերով օրգանիզմի ընդհանուր թունավորումը և նյութափոխանակության խանգարումները կարող են հանգեցնել օրգանիզմի հյուծման:

Ու. են նկարագրվել ոչ միայն կենդանիների բոլոր դասերի և տեսակների, այլև բույսերի մոտ՝ չնայած վերջիններիս Ու. իրենց կենսբ. էությամբ տարբերվում են կենդանիների Ու-ից: Կենդանիների տարբեր տեսակների մոտ հանդիպում են տարբեր Ու.՝ ոչ միատեսակ հաճախությամբ: Թռչունների որոշ տեսակների (օրինակ՝ հավերի) մոտ հաճախակի են յուրատեսակ սարկոմաները, որոնք օժտված են զտվածքներով միահյուսվելու հատկությամբ: Ամենից լավ ուսումնասիրված են մարդու, ընտանի և լաբորատոր կենդանիների՝ հատկապես մկների, առնետների, համստերիկների, շների Ու.: Տարբեր կենդանիների և մարդու Ու-ի հաճախությունը տարբեր է: Օրինակ՝ մարդկանց (հատկապես տղամարդկանց) մոտ ավելի հաճախ են ստամոքսի, թոքերի, կերակրափողի, ուղիղ աղիքի, կանանց մոտ՝ կաթնագեղձի, արգանդի չարորակ Ու., այնինչ տնային և լաբորատոր կենդանիների ստամոքսաղիքային համակարգի քաղցկեղը խիստ հազվադեպ է: Առնետների մոտ, ի տարբերություն մկների, սարկոման լինում է ավելի հաճախ, շների մոտ նկատվում են կաթնագեղձերի, որպես կանոն, բարդ կառուցվածքի Ու.:

Չարորակ Ու. ավելի հաճախ ախտահարում են տարեց մարդկանց: Սակայն նույնիսկ երեխաների մոտ հանդիպում են տերատոմաներ՝ սաղմնային հյուսվածքից առաջացած նորագոյացություններ, նյարդային, ավշային հյուսվածքներից գոյացած Ու., երիկամների յուրատեսակ Ու. (Վիլմսի Ու.), անոթային տարբեր նորագոյացություններ ևն:

Ու-ի խնդիրն ունի սոցիալ. նշանակություն. դրանցից մահանում են առավելապես հասուն տարիքի մարդիկ: Այն նաև տես. հետաքրքրություն է ներկայացնում, նրա արմատները հասնում են մինչև ժառանգականության և մոլեկուլային ախտաբանության ընդհանուր կենսբ. խնդիրների բացահայտմանը:

Չարորակ Ու-ով հիվանդացության և դրանցից մահացության մասին տեղեկություններ են հավաքվում ու մշակվում շատ երկրներում: ՀՀ-ում կատարվում է չարորակ Ու-ով հիվանդների պարտադիր գրանցում, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել երկրի տարբեր շրջաններում դրանց տարածվածությունը:

Տարբեր երկրներում քաղցկեղով հիվանդացությունը միատեսակ չէ. օրինակ՝ մաշկի քաղցկեղն ավելի հաճախ հանդիպում է հարավում: Այս դիտարկումները, ինչպես նաև դեմքի վրա մաշկի քաղցկեղի հաճախակի տեղադրության փաստը, հիմք են տալիս համարելու, որ բոլոր դեպքերում այն կապված է արևային, հատկապես անդրամանուշակագույն ճառագայթահարման հետ: Դա ապացուցված է նաև փորձնականորեն: Թոքերի քաղցկեղը բավականին հաճախ հանդիպում է Անգլիայում, բերանի խոռոչի, լեզվի և լնդերի քաղցկեղը՝ Հնդկաստանում, Պակիստանում և նրանց հարևան երկրներում, որը բացատրվում է այդ երկրներում պղպեղաբույս ծամելու վտանգավոր սովորույթով: Ասիայի և Հվ. Ամերիկայի որոշ երկրներում շատ հաճախակի է առնանդամի քաղցկեղը, որը պայմանավորված է թլիպանեղացում հիվանդությամբ և խորշիկային պարկում թլպաճարպի կուտակմամբ:

Համաճարակաբան. հետազոտություններով պարզվել են այս կամ այն տեղադրության քաղցկեղով հիվանդացության տեղաշարժերը՝ կախված բնակչության տվյալ խմբի կյանքի պայմանների փոփոխություններից: Օրինակ՝ Ավստրալիա, ԱՄՆ, Հվ. Աֆրիկա վերաբնակված անգլիացիների մոտ թոքի քաղցկեղը հանդիպում է ավելի հաճախ, քան բնիկների մոտ, բայց ավելի հազվադեպ է, քան Անգլիայում: Ճապոնիայում ստամոքսի քաղցկեղն ավելի հաճախակի է, քան ԱՍՆ-ում, իսկ ԱՍՆ-ում (օրինակ՝ Սան Ֆրանցիսկոյում) մշտ. բնակվող ճապոնացիների ստամոքսի քաղցկեղն ավելի հաճախակի է, քան ԱՍՆ-ի մյուս բնակիչներինը, բայց Ճապոնիայում մշտ բնակվողների մոտ այն հազվադեպ և ավելի ուշ տարիքում է առաջանում:

Այսպիսով, հիվանդացությունը (ծայրահեղ դեպքում՝ քաղցկեղի մի քանի տեսակներով) որոշակիորեն կախված է շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունից:

20-րդ դ-ում թոքերի քաղցկեղով հիվանդացության աճը բոլոր տնտեսապես զարգացած երկրներում, ամենայն հավանականությամբ, կապված է քաղցկեղածին նյութերով մթնոլորտի աղտոտվածության մեծացման հետ, որի աղբյուր կարող են դառնալ ջեռուցման համակարգի և արդ. ձեռնարկությունների թափոնները, հատկապես ներքին այրման շարժիչների (ավտոմեքենաներ, ավիացիա) արտանետած գազերը: Ու-ի առաջացմանը նպաստում է նաև ծխախոտի ծուխը: Լյարդի առաջնային քաղցկեղը, որը հաճախ է հանդիպում Աֆրիկայի և Հվ-Արլ. Ասիայի երկրներում, կապված է սնուցման խանգարումների հետ: Ստամոքսի քաղցկեղի առաջացման մեջ սնուցման բնույթի նշանակության մասին հատկապես համոզիչ կերպով վկայում է վերջին 50 տարում ԱՄՆ-ում քաղցկեղի այդ տեսակով հիվանդացության նվազումը, որը պայմանավորված է բնակչության սննդի օրաբաժնի փոփոխությամբ և վիտամինների օգտագործման ավելացմամբ: Այսպես կոչված՝ մարդու մասնագիտ. քաղցկեղի դեպքերի ուսումնասիրությունները նույնպես լույս սփռեցին Ու-ի ծագման որոշ պատճառների վրա:

Տնտեսապես զարգացած կապիտալիստ. երկրներում (ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա) և ԱՊՀ-ում Ու-ից մահացությունը գրավում է 2-րդ տեղը: Սակայն տարբեր երկրներում այդ ցուցանիշները տարբեր են՝ կախված հատկապես հիվանդության ձևերի բնույթից: Գործնականում բոլոր երկրներում, ըստ հաճախության, 1-ին տեղը գրավում է ստամոքսի, այնուհետև թոքերի քաղցկեղը, որից հետո՝ արգանդի և կաթնագեղձի (կանանց մոտ), ապա կերակրափողի քաղցկեղը (տղամարդկանց մոտ):

Համաճարակաբան. հետազոտություններով բացահայտվել են մարդու քաղցկեղի մի շարք պատճառներ և, մասնավորապես, պարզել որոշ քիմ. նյութերի ու ճառագայթների (օրինակ՝ անդրամանուշակագույն) նշանակությունը: Սակայն չարորակ Ու-ի պատճառներն ուսումնասիրելիս մեծ նշանակություն են ունեցել