Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/727

Այս էջը հաստատված է

ընթացքում մշակված գենետիկ. ծրագրի, որն էլ հսկում է այդ փոփոխությունների հաջորդականությունը: Նշված ծրագրի իրականացման արդյունքում 1 ելակետային բջջից (զիգոտից) առաջանում են հարյուրավոր բջիջներ, որոնցից յուրաքանչյուրն ամբողջական օրգանիզմի կազմում ունի իրեն բնորոշ առանձնահատկությունները: Պարզվել է, որ ցանկացած, այդ թվում մարդու օրգանիզմի բջիջներն իրարից տարբերվում են, որովհետև անհատ. զարգացման ընթացքում (տես Օնտոգենեզ) զանազան բջիջներում ակտիվանում են տարբեր գեներ, այսինքն՝ բջիջների հասունացման և տարբերակման գործընթացին մասնակցում են որոշակի գեներ՝ տարբեր զուգակցություններով և տարբեր ժամանակ: Սաղմի զարգացման գործընթացում անհատ. շեղումները կապված են ոչ այնքան առանձին գեների կամ դրանց ամբողջության (գենոտիպի) փոփոխության, որքան գեների ակտիվացման կամ պասսիվացման հաջորդականության տարբերությունների հետ: Այդ պատճառով էլ նման գենոտիպով 2 օրգանիզմների բջիջների տարբերակման գործընթացները կարող են տարբեր ձևով ընթանալ:

Հասուն անհատի հատկանիշները նույնպես կարող են փոխվել: Որոշ փոփոխություններ օգտակար են և մեծացնում են շրջակա միջավայրի նկատմամբ հարմարվող. հնարավորությունները: Օրինակ՝ լեռներում երկար ժամանակ գտնվելու դեպքում արյան կարմիր մարմնիկների շատացումը հնարավորություն է տալիս ավելի հեշտորեն դիմանալ օդում թթվածնի անբավարարությանը: Բայց կան նաև վնասակար փոփոխություններ, օրինակ՝ օրգանիզմի կողմից շաքար յուրացնելու ունակության խանգարումը կարող է հիվանդության պատճառ դառնալ: Մարդն անընդհատ ձգտել է սերունդներում պահպանել որոշ օգտակար փոփոխություններ, բայց դա միշտ չէ, որ հաջողվել է. որոշ փոփոխություններ հնարավոր է լինում սերունդներում պահպանել, մյուսները՝ ոչ: Դրա հետ կապված՝ տարբերում են ժառանգ. և ոչ ժառանգ. Փ.:

Ժառանգական կամ գենոտիպային Փ-յան հիմքում ընկած է գենետիկ. նյութի փոփոխությունը՝ զարգացման ցանկացած մակարդակում: Ըստ փոփոխությունների բնույթի՝ տարբերում են մուտացիոն և ռեկոմբինացիոն (վերախմբավորման) կամ կոմբինատիվային Փ.:

Մուտացիոն Փ. որևէ հատկանիշի փոփոխությունն է, որն առաջանում է մուտացիայի հետևանքով: Կոմբինատիվային Փ. պայմանավորված է բեղմնավորման գործընթացում գեների նոր զուգակցությունների առաջացմամբ: Բեղմնավորման ընթացքում մայրական և հայրական սեռ. բջիջների գենետիկ. նյութի միաձուլումը հանգեցնում է գեների նոր հավաքակազմի՝ գենոտիպի առաջացման, որն արդեն օժտված է իր առանձնահատկությամբ և նման չէ ծնողներից ոչ մեկի գենոտիպին: Անհատի գենոտիպը խիստ համաձայնեցված, փոխկապակցված համակարգ է, որում մեկ գենի դրսևորումը պայմանավորված է մյուսներով: Կոմբինատիվային Փ-յան հետևանքով առաջացած գեների նոր զուգակցությունը կարող է փոխել գենի դրսևորման բնույթը:

Ոչ ժառանգական (ֆենոտիպային) Փ. կապված չէ գենետիկ. նյութի փոփոխության հետ: Դա օրգանիզմի պատասխան հակազդեցություն է շրջակա միջավայրի կոնկրետ փոփոխությունների նկատմամբ: Մարդու վրա նոր պայմանների ազդեցության ուսումնասիրությամբ պարզվել է, որ որոշ հատկանիշներ, օրինակ՝ նյութափոխանակության ձևը, հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածությունը, արյան խմբերը, մատների մաշկի նախշերը ևն պայմանավորված են գենոտիպով և քիչ են կախված շրջակա միջավայրի գործոններից: Իսկ այլ հատկանիշներ, օրինակ՝ բանականությունը, աճը, կենդանի զանգվածը ևն, օժտված են փոփոխությունների լայն ընդգրկույթով: Շրջակա միջավայրով պայմանավորված արտաքին տարբերությունները կոչվում են ձևափոխություններ (մոդիֆիկացիաներ): Սրանք կապված չեն անհատի գենետիկ. կառուցվածքների փոփոխությունների հետ, այլ գենոտիպի մասնավոր պատասխան հակազդեցություններն են շրջակա միջավայրի փոփոխությունների (ջերմաստիճան, թթվածնի պարունակություն օդում, սնման բնույթ, դաստիարակություն ևն) նկատմամբ: Սակայն շրջակա միջավայրի ազդեցությունների նկատմամբ հատկանիշի այդ փոփոխությունների սահմանը պայմանավորված է գենոտիպով: Կոնկրետ փոփոխությունները չեն ժառանգվում, այլ ձևավորվում են անհատի կենսագործունեության գործընթացում: Ժառանգվում է գենոտիպը՝ շրջակա միջավայրի նկատմամբ իր պատասխան հակազդեցությամբ: Այսպիսով, անհատի հատկանիշների ամբողջությունը (ֆենոտիպ) դա գենետիկ. ինֆորմացիայի իրականացումն է շրջակա միջավայրի կոնկրետ պայմաններում: Ֆենոտիպը ձևավորվում է անհատ. զարգացման ընթացքում (բեղմնավորումից սկսած): Մարդու ֆիզ., հոգեկան և մտավոր առողջությունը նրա ժառանգած առանձնահատկությունների և շրջակա միջավայրի գործոնների փոխազդեցության հետևանք է:

Ո՛չ ժառանգականությունը և ո՛չ էլ մարդուն շրջապատող միջավայրը անփոփոխ չեն, և այս կարևոր սկզբունքն ընկած է Փ-յան ու ժառանգականության հիմքում: Աշխարհում հնարավոր չէ գտնել 2 մարդ (բացառությամբ 1 բեղմնավորված ձվաբջջից զարգացող երկվորյակների), որոնք ունենան գեների միանման հավաքակազմ: Չկան նաև միատեսակ պայմաններում իրենց կյանքն ապրած 2 մարդ: Ժառանգականությունը և միջավայրը միասնական են և չեն հակադրվում միմյանց (տես Կլոն):

Եթե ֆենոտիպային Փ-յան դերը էվոլյուցիայի ընթացքում սահմանափակ է, ապա գենոտիպային Փ-յան շնորհիվ (կոմբինատիվային կամ մուտացիոն) բնական ընտրության միջոցով առաջանում են գոյության տվյալ պայմաններին առավել հարմարված անհատներ: Այսպիսով, Փ., ժառանգականությունը և բնական ընտրությունը պայմանավորում են Երկրի վրա կենդանի օրգանիզմների բազմազանությունը: Կենդ. և բուս. ձևերի նշված բազմազանությունից մարդը նպատակասլաց ձևով ընտրում է այն, ինչը համապատասխանում է իր պահանջներին: Բայց մարդը չի սահմանափակվում միայն բնական փոփոխություններով: Ներկայումս գիտությունը հնարավորություն ունի արհեստականորեն փոխել գենետիկ. ապարատը (մուտագենեզ), բավական փորձ է կուտակվել ցանկալի հատկանիշների նպատակաուղղված զուգորդություններ կատարելու համար, որը հնարավորություն է տալիս ստանալ կենդանիների նոր ցեղեր և բույսերի տեսակներ, ինչպես նաև կատարելագործել գոյություն ունեցողները: Այդ հարցերով զբաղվում է ընտրասերումնաբանությունը:

Մուտագենեզի գենետիկ. օրինաչափությունների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել պարզաբանել ժառանգական հիվանդությունների հիմնախնդիրը: Դրանք սովորաբար առաջանում են ինքնաբուխ մուտացիաների հետևանքով: Ժառանգ. հիվանդությունների առաջացման պատճառների պարզաբանումը, կանխարգելման միջոցների կատարելագործումն ընդլայնում են այդ հիվանդությունների դեմ պայքարի հնարավորությունները: Գիտության առաջընթացի շնորհիվ նախադրյալներ են ստեղծվել օրգանիզմի գենոտիպը մոլեկուլային մակարդակով նպատակաուղղված փոխելու համար: Տես նաև Գենետիկական ինժեներիա: