Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/728

Այս էջը հաստատված է

ՓՌՇՏՈՑ, պաշտպան. հակազդեցություն, որի օգնությամբ քթի խոռոչից հեռանում են գրգռիչ ազդակները (կծու, քիմ. նյութերի գոլորշի, փոշի, օտար մարմիններ, լորձ), և կանխվում է դրանց թափանցումը շնչառ. ուղիների ստորադիր բաժիններ: Գրգռիչներն ազդում են քթի խոռոչում տեղադրված եռվորյակ նյարդի զգացող վերջույթների վրա: Դրան ի պատասխան՝ ռեֆլեքսային կերպով առաջանում է խորը շնչառում: Փափուկ քիմքը բարձրանում է և փակում քթի ներքին բացվածքը՝ կրծքի խոռոչում ստեղծելով բարձր ճնշում: Այնուհետև, քթի ներքին բացվածքը հանկարճակի բացվում է, և տեղի է ունենում ուժեղ արտաշնչում քթով: Օդի հոսանքի հետ հեռանում են լորձաթաղանթը գրգռող նյութերը: Անհրաժեշտ է հիշել, որ Փ. կարող է լինել շնչառ. ուղիների վարակիչ հիվանդությունների ախտանշան և նպաստել դրանց հարուցիչների տարածմանը, ուստի փռշտալիս անհրաժեշտ է քիթը փակել թաշկինակով:

ՓՍԽՈՒՄ, բարդ ռեֆլեքսային գործողություն, որի ժամանակ ստամոքսի պարունակությունն ակամա դուրս է շպրտվում բերանից: Պայմանավորված է երկարավուն ուղեղում գտնվող Փ-ման կենտրոնի գրգռմամբ: Փ. կարող է տեղի ունենալ ստամոքսի գրգռման կամ հիվանդության, ինչպես նաև այլ ներքին օրգանների (ընդերային Փ.), կենտր. և ծայրամասային նյարդային համակարգի ախտահարման հետևանքով: Հայտնի է նաև արյունածնաթունային Փ. և հղի կանանց Փ.:

Փ. հաճախ օրգանիզմի պաշտպանահարմարվող. հակազդեցությունն է ստամոքսի լորձաթաղանթի գրգռմանը, որն առաջանում է օտար մարմինների, անորակ սննդի, թունավոր նյութերի ընդունումից: Փ. օգնում է օրգանիզմն ազատել վնասակար, իսկ երբեմն կյանքի համար վտանգավոր նյութերից: Ստամոքսի որոշ հիվանդությունների (օրինակ՝ խոցային հիվանդություն, ստամոքսաբորբ) ժամանակ, որպես կանոն, Փ-մանը նախորդում է սրտխառնոցը, իսկ Փ-ից հետո հիվանդը սովորաբար թեթևություն է զգում: Փ. կարող է առաջանալ նաև ստամոքսի վրա ռեֆլեքսային ազդեցության հետևանքով, որը տեղի է ունենում սրտի, լեղապարկի, որդանման ելունի, երիկամների և այլ օրգանների ախտահարման դեպքերում: Այն նաև գլխուղեղի և ուղեղապատյանների բորբոքումների, գլխուղեղի ուռուցքների և վնասվածքների, գլխուղեղային արյան շրջանառության խանգարման ախտանշան է: Երբեմն էլ առաջանում է հուզ. խանգարումների հետևանքով՝ արյուն կամ Փ-ային զանգվածներ տեսնելիս, որոշ սննդամթերքներից տհաճություն զգալիս: Հղի կանանց Փ. առավել հաճախ հղիության տոքսիկոզների ախտանշան է:

Խիստ կարևոր է Փ-ման ժամանակ հիվանդի (հատկապես ծանր և անգիտակից վիճակում գտնվող) ճիշտ խնամքը, քանի որ այդ դեպքում Փ-ային զանգվածը կարող է թափանցել շնչուղիներ և առաջացնել թոքաբորբ, իսկ երբեմն՝ շնչահեղձություն: Փ-ման ժամանակ հիվանդին պետք է նստեցնել կամ կողքի պառկեցնել՝ գլուխը դեպի ցած, իսկ եթե պառկած է, շրջել որովայնի վրա և գլուխը դարձյալ դեպի ցած: Փ-ից հետո հիվանդին պետք է ջուր տալ՝ բերանը ողողելու համար (ծանր վիճակում՝ բերանի խոռոչը մաքրել խոնավ բամբակով): Փ-ման զանգվածում արյան առկայության դեպքում որովայնի շրջանին սառույց դնել, հանգիստ պառկեցնել և շտապ բժշկ. օգնություն կանչել:

Եթե Փ. կապված է սննդի կամ դեղորայքի ընդունման հետ, ապա դրանց հետագա օգտագործումը դադարեցնել: Երեխաների Փ-ման բոլոր դեպքերում անհապաղ դիմել բժշկի: Միայն բժշկ. հետազոտությամբ կարելի է պարզել պատճառը և ստանալ անհրաժեշտ բուժում:

ՓՏԱԽՏ, գանգրենա, որևէ օրգանի կամ նրա մասի մեռուկացումը կենդանի օրգանիզմում: Պատճառները տարբեր են, առավել հաճախ՝ արյունամատակարարման խանգարումները: Այդպիսի դեպքերում հյուսվածքները կա՛մ չորանում են (մումիֆիկացիա), կա՛մ ենթարկվում նեխական քայքայման:

Առավել հաճախ հյուսվածքների արյունամատակարարումը խանգարվում է սնող անոթների մեխ. վնասման (սալջարդ, ջնջխում, պատռվածք) հետևանքով: Փ. կարող է առաջանալ նաև ոսկրերի մոտակա հյուսվածքները մարմնի ծանրությամբ ճնշվելուց, հյուծված ու թուլացած հիվանդների մոտ՝ երկարատև անշարժ պառկելուց (տես Պառկելախոց): Փ. երբեմն առաջանում է արյունահոսությունը դադարեցնող լարանով վերջույթը երկարատև ձիգ կապելուց: Ներքին օրգանների Փ. կարող է առաջանալ ճողվածքի ճմլման, աղիքների ոլորման (տես Աղիքների անանցանելիություն) ժամանակ:

Սրտի գործունեության խանգարումները, թուլացումը, անոթների երկարատև կծկանքն ու նեղացումը (աթերոսկլերոզի, խցանող էնդարտերիտի, շաքարախտի դեպքում) կարող են արյան շրջանառության խանգարումների, հյուսվածքների ու օրգանների մեռուկացման պատճառ դառնալ: Բարձր կամ ցածր ջերմաստիճանի, բարձր լարման էլեկտր. հոսանքի, թթուների և հիմքերի անմիջական ազդեցությունը հյուսվածքների վրա նույնպես կարող են Փ-ի պատճառ դառնալ (տես Այրվածքներ, Ցրտահարություն, Էլեկտրավնասվածք):

Տարբերում են չոր և թաց Փ.: Չոր Փ. առավել հաճախ առաջանում է վերջույթների ծայրային հատվածներում՝ արյան շրջանառության հարաճուն խանգարման պայմաններում, և խորանում է դանդաղ: Հյուսվածքներն աստիճանաբար չորանում են և ստանում մուգ դարչնագույն կամ սևակապտավուն երանգ: Բարենպաստ ընթացքի դեպքում մեռուկացող և առողջ հյուսվածքների միջև առաջանում է ցայտուն սահման, և մեռուկացած հյուսվածքն անջատվում է: Չոր Փ-ի ժամանակ մեռուկացած հյուսվածքները հազվադեպ են քայքայվում, ուստի թունավոր նյութերի ներծծումը չնչին է, և հիվանդի ընդհանուր վիճակը քիչ է տուժում: Միկրոօրգանիզմների զարգացման համար չոր հյուսվածքներում բավարար պայմաններ չկան: Սակայն չոր Փ-ի նախն. փուլերում աննեխության կանոնները չպահպանելիս (տես Հականեխություն, աննեխություն) այն կարող է վերածվել թացի:

Թաց Փ. առաջանում է արյան շրջանառության արագ խանգարման ժամանակ: Մեռուկացումը տեղի է ունենում հեղուկների բարձր պարունակությամբ հյուսվածքներում: Հաճախ այդ երևույթին նախորդում է երակային կանգը: Բարձր խոնավությունը մեռուկացած հյուսվածքներում գերազանց սննդարար միջավայր է ստեղծում մանրէների (հատկապես նեխական) զարգացման համար: Մարմնի՝ Փ-ով ախտահարված հատվածի ծավալը մեծանում է, գույնը դառնում է կապտավուն, սևակապտավուն կամ սև, իսկ թարախային վարակ միանալիս՝ մուգ դարչնագույն կամ կանաչ: Մաշկը ծածկվում է պղտոր, գարշահոտ հեղուկով լցված բշտերով: Առատ թարախակալման ժամանակ մաշկի տակ առաջանում են գազեր, այդպիսի հյուսվածքները սեղմելիս կարող է զգացվել մեղմ ճարճատյուն: Մեռուկացած հյուսվածքների և առողջների միջև խիստ սահմանազատում չի նկատվում, և Փ. արագ առաջադիմում է: Փ-ի այդ ձևի ժամանակ թարախային ու մեռուկացած նյութերը ներծծվում են օրգանիզմ, որի հետևանքով ջերմաստիճանը բարձրանում է, առաջանում է ցնցող դող, խանգարվում են աղիքների ֆունկցիան, քունը, վատանում է ախորժակը, իջնում զարկերակային ճնշումը, անոթազարկը թույլ է և հաճախացած, լեզուն՝ չոր, նկատվում են թորշոմածություն,