Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/729

Այս էջը հաստատված է

արգելակում: Այդ ամենը սպառնալիք են ստեղծում հիվանդի կյանքի համար: Ներքին օրգաններում արյունամատակարարումը խանգարվելիս, որպես կանոն, առաջանում է թաց Փ.: Որդանման ելունի և լեղապարկի Փ. կարող է առաջանալ նույնիսկ անոթների ժամանակավոր կծկանքից: Այդպիսի հիվանդությունների ժամանակ պահանջվում է անհետաձգելի վիրաբուժ. միջամտություն:

Ցանկացած ձևի Փ. բուժում են միայն հիվանդանոցում:

Կանխարգելումը. Փ-ով բարդացող հիվանդությունների և ախտաբան. վիճակների ժամանակին բուժում: 1-ին օգնություն ցուցաբերելիս կարևոր է խստորեն պահպանել արյունահոսությունը դադարեցնող լարանի կիրառման կանոնները:

Ք

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (ՔՊ), խաղաղ և պատերազմ. ժամանակաշրջանում բնակչությանն ու տնտեսությունը թշնամու զանգվածային ոչնչացման զենքից ու հարձակման այլ միջոցներից պաշտպանելու նպատակով կատարվող համապետ. պաշտպան. միջոցառումների համակարգի բաղադրիչ մաս:

Ժամանակակից պատերազմներում, զենքի սովոր. տեսակներից զատ, կարող են կիրառվել միջուկային զենք (ՄԶ), քիմ. զենք (ՔԶ) և կենսբ. (մանրէաբան.) զենք (ԿԶ), ուստի կարևոր նշանակություն է ստանում բնակչության պաշպանությունը զանգվածային ոչնչացման զենքից: Բնակչության պաշտպանության ժամանակ կարևոր նշանակություն ունի մարդկանց պաշտպան. կառույցներում թաքցնելը, նրանց պաշտպանության անհատ. միջոցներով ապահովելը, անաշխատունակ անձանց քաղաքներից քաղաքամերձ գոտի տեղափոխելը, բանվորներին և ծառայողներին աշխատավայրից ապակենտրոնացնելը, ինչպես նաև ողջ բնակչությանը ՔՊ-յան հարցեր ուսուցանելը: Տնտեսության անխափան աշխատանքն ապահովվում է տնտեսության տարբեր ճյուղերի օբյեկտներում կազմակերպչ. և հատուկ ճարտարագիտատեխ. միջոցառումների անցկացմամբ, հումքի և սարքավորումների պաշարների ստեղծմամբ, վերականգնման աշխատանքների համար անհրաժեշտ նյութերի և միջոցների կուտակմամբ:

Զանգվածային ոչնչացման զենքի կիրառման հետևանքները վերացնելու համար ստեղծվում են ՔՊ կառավարման օրգաններ և ուժեր, կազմակերպվում են փրկարար. և անհետաձգելի վթարային-վերականգնման աշխատանքներ, տուժած բնակչությանը ցույց է տրվում բժշկ. օգնություն:

ՀՀ տարածքում ՔՊ իրականացվում է ըստ տարածքային և արտադր. սկզբունքի:

Տարածքային սկզբունքը ՔՊ կազմակերպումն է հանրապետության մարզերում, վարչ. կենտրոններում, քաղաքներում, ավաններում՝ ըստ ՀՀ տարածքի վարչ. բաժանման: Ուստի ՀՀ տարածքում ՔՊ վիճակի համար պատասխանատվություն են կրում գործադիր մարմինների ղեկավարները: Արտադրական սկզբունքը ՔՊ կազմակերպումն է յուրաքանչյուր նախարարությունում, գերատեսչությունում, հիմնարկում, օբյեկտում: Ձեռնարկության, կազմակերպության, հիմնարկի, ուս. հաստատության ՔՊ պետերն այդ օբյեկտների ղեկավարներն են, որոնք լիակատար պատասխանատվություն են կրում ՔՊ կազմակերպման և վիճակի, դրա ուժերի և միջոցների մշտ. պատրաստության՝ փրկարար և անհետաձգելի վթարային-վերականգնման աշխատանքներ կատարելու համար: Օբյեկտում ստեղծվում է նաև ՔՊ շտաբ՝ պետին ենթակա կառավարման մարմին: Շտաբի կազմը պայմանավորված է օբյեկտի կարևորությամբ և համալրվում է ինչպես ՔՊ շտաբային աշխատողներով, այնպես էլ իրենց հիմն. պարտականություններից չազատված անձանցով: Շտաբի աշխատանքը կազմակերպվում է օբյեկտի ՔՊ պետի, ՔՊ վերադաս շտաբի հրամանների, կարգադրությունների և ցուցումների, ինչպես նաև պետ. գործադիր մարմինների որոշումների հիման վրա: Շտաբի պետը ՔՊ պետի 1-ին տեղակալն է:

Կախված արտադր. գործունեության բնույթից՝ օբյեկտում ստեղծվում են ՔՊ ծառայություններ՝ ազդարարման և կապի, բժշկ., հակաճառագայթային և հակաքիմ. պաշտպանության, հաս. կարգի պահպանության, հակահրդեհային, էներգամատակարարման և լուսաքողարկման, վթարատեխ., ապաստարանների և թաքստոցների, տրանսպորտի ևն: ՔՊ ծառայություններ ստեղծվում են յուրաքանչյուր վարչ. տարածքում: Այդ ծառայությունները ղեկավարում են դրանց պետերը, որոնք նշանակվում են ՔՊ համապատասխան վերադասի հրամանով:

ՔՊ ուժերը ոչ ռազմ. միավորումներն ու ՔՊ զորամասերն են: Այդ ուժերի հիմքը կազմում են տնտ. օբյեկտներում ստեղծված ոչ ռազմ. միավորումները:

Միավորումները ստեղծվում են խաղաղ ժամանակաշրջանում: Դրանք համալրվում են անձնակազմով, տրանսպորտով, տեխնիկայով, սարքավորումներով, նյութերով և գույքով՝ ըստ հանդերձման ցուցակի: Միավորումներում ընդգրկվում է երկրի ողջ աշխատունակ բնակչությունը (ազատվում են հաշմանդամները, հղի կանայք և մինչև 8 տարեկան երեխա ունեցող մայրերը): Գոյություն ունեն 2 տիպի՝ ընդհանուր նշանակման և ՔՊ ծառայություններ: Ընդհանուր նշանակման միավորումների պարտականություններն են փրկարար, և անհետաձգելի վթարային-վերականգնման աշխատանքների ինքնուրույն կատարումը, իսկ ՔՊ ծառայության միավորումներինը՝ հատուկ խնդիրների լուծումը և ընդհանուր նշանակման միավորումների ուժեղացումը: Ըստ ենթակայության՝ միավորումները կարող են լինել օբյեկտային և տարածքային:

ՔՊ բժշկ. ծառայությունը նախատեսված է բնակչության բժշկ. սպասարկման համար՝ թշնամու զանգվածային ոչնչացման զենք և հարձակման այլ միջոցներ կիրառելու դեպքում, ինչպես նաև տարերային աղետների, աղետալի ջրհեղեղների և խոշոր վթարների գոտում: Այդ ծառայությունը ստեղծվում է խաղաղ ժամանակաշրջանում գոյություն ունեցող առողջապահ. մարմինների ու հիմնարկների հիման վրա, և գլխավորում են առողջապահության համապատասխան մարմինների ղեկավարները:

Բժշկ. միավորումների և հիմնարկների աշխատանքի կարգը որոշվում է, 1-ին հերթին, ախտահարման օջախում ընդհանուր ռազմավար. և բժշկ. իրադրությամբ՝ սան. կորուստների քանակով ու ծանրությամբ, դրանց բնույթով և կառուցվածքով, բժշկ. ծառայության ուժերի և միջոցների վիճակով, այն տեղանքի վարակման աստիճանով, որտեղ պետք է կատարվեն փրկարար. աշխատանքներ, հրդեհների օջախներով, քանդված շինություններով, փլուզումներով, որոնք դժվարացնում են տուժածների որոնումը, դուրսբերումը և բժշկ. օգնություն ցույց տալը: