Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/73

Այս էջը հաստատված է

անբավարարության ժամանակ, ինչպես նաև սեռ. հասունացման (հատկապես՝ աղջիկների) շրջանում: Հաճախ Ա.ո-ի առաջացումը կապված է հղիության հետ, որը պայմանավորված է կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգ. վերակառուցմամբ, ներզատիչ գեղձերի գործունեության փոփոխություններով, նյութափոխանակության խանգարումներով, ինչպես նաև պտղի կմախքի կառուցման համար անհրաժեշտ կալցիումի բարձր պահանջով:

Ա.ո-ի սկիզբը սովորաբար մնում է աննկատ, քանի որ այն ընթանում է գրեթե անախտանշան, երբեմն միայն կարելի է ատամի պսակի վրա նշմարել կրանման կամ դեղնավուն բիծ, որն արծնի՝ ատամի մակերեսային և ամենակարծր հյուսվածքի փոփոխության նշան է (տես Ատամներ): Հետագայում այդ հատվածում արծնը փափկում է, որը, որպես կանոն, բժիշկը կարող է հայտնաբերել միայն ատամնաբուժ. հատուկ գործիքով: Այդպիսի թերությունը կոչվում է մակերեսային ոսկրափուտ (նկ. բ. 1): Այդ շրջանում ատամում առաջանում է ցավային զգացողություն քաղցրից, թթվից և ատամները խոզանակով մաքրելիս: Ոսկրափուտն, աստիճանաբար խորանալով, ախտահարում է դենտինը (միջին ոսկրափուտ) (նկ. բ. 2): Հետագայում ատամի դենտինը փափկում է, ատամը ցավում է ոսկրափուտային խոռոչը սնունդ ընկնելիս, սառից, տաք ջրից: Գրգռիչը հեռացնելուց հետո ատամի ցավն անմիջապես անցնում է (խորը ոսկրափուտ) (նկ. բ. 3): ժամանակին բժշկի չդիմելու և ոսկրափուտի խորացումը չկանխելու դեպքում արծնի և դենտինի քայքայմանը մասնակցող մանրէները թափանցում են ատամի կակղենի և առաջացնում կակղենու բորբոքում: Վերջինս չբուժելու դեպքում հետագա բարդությունների՝ ատամի արմատը շրջապատող հյուսվածքի բորբոքման (տես Հարատամնաբորբ) պատճառ է դառնում:

Դպրոց. տարիքի երեխաների կաթնատամների և մնայուն ատամների ոսկրափուտն ընթանում է ավելի արագ, քան հասուն մարդկանցը: Ատամը քայքայվում է 1-1,5 տարվա ընթացքում, արագ առաջանում են բարդություններ, երբեմն քայքայումը շարունակվում է նաև ատամնալիցքի տակ: Դա պայմանավորված է երեխաների ատամների կրակալման անբավարարությամբ և մանրէների ազդեցության հանդեպ անկայունությամբ:

Բուժում է ստոմատոլոգը: Այն հարկավոր է սկսել որքան հնարավոր է արագ, մինչև ոսկրափուտային խոռոչի առաջացումը. կարելի է ժամանակին հայտնաբերել կանխարգելիչ զննումներով: Բուժում են՝ ատամի ոսկրափուտային խոռոչը հատուկ մշակելով և ատամնալիցք անելով:

Կանխարգելումը հարկավոր է սկսել դեռևս հղիության շրջանում, անհրաժեշտ է կանխել և ժամանակին բուժել հղի կնոջ հիվանդությունները, սնունդն ապահովել անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներով, ճարպերով, ածխաջրերով, վիտամիններով և հանքային աղերով՝ հատկապես կալցիումով և ֆոսֆորով, որոնք ծախսվում են պտղի կմախքի կառուցման վրա և կարևոր են հղի կնոջ օրգանիզմում նյութափոխանակության համար (տես Սնուցում, հղի կնոջ և կերակրող մոր սնուցումը): Այս բոլորը խիստ կարևոր են ատամների ճիշտ սաղմնավորման և հետագա ձևավորման համար: Նորածիններին և կրծքի երեխաներին կրծքով կերակրելու հնարավորության բացակայության դեպքում անհրաժեշտ է նշանակել հատուկ սննդախառնուրդներ (տես Կրծքի Երեխա): Մսուրային տարիքում երեխաները պետք է ստանան կենդ. ծագման սպիտակուցներ պարունակող սնունդ (կաթ, միս, ձու ևն): Կաթնատամ աղորիքներն ի հայտ գալուն պես (2 տարեկանից սկսած) երեխային տալիս են հում գազար, խնձոր, կաղամբ: Նախադպրոց. տարիքում սննդի օրաբաժնում պետք է սահմանափակել շաքարը, հրուշակեղենը: Այդ տարիքում հարկավոր է երեխաներին կանոնավոր կերպով ցույց տալ ստոմատոլոգին, որը (մանկաբույժի հետ համատեղ) անհրաժեշտության դեպքում նշանակում է օրգանիզմն ամրացնող բուժում: Եթե բժիշկը հայտնաբերել է կաթնատամների ոսկրափուտ, բուժումը նշանակում է անհապաղ և սահմանում հետագա հսկողություն: Ատամների 2-րդային ոսկրափուտի (ատամնալիցքի տակ) ժամանակ ատամնալիցքը թարմացնում են, քանի որ կաթնատամները, նույնիսկ ոսկրափուտով ախտահարված, անհրաժեշտ է պահպանել մինչև մնայունների ծկթելը: ժամանակից շուտ կաթնատամները հեռացնելը կարող է հանգեցնել ծնոտի զարգացման դանդաղման, մնայուն ատամների ոչ ճիշտ ծկթման, ատամնաշարերի հարաբերակցության խանգարման: Հարկավոր է երեխաներին սովորեցնել ատամի խոզանակ, ատամմաքրիչ օգտագործել, ուտելուց հետո բերանը ողողել:

Զանգվածային կանխարգելման հիմն/ ձևը արտադրությունում աշխատող մարդկանց որոշակի խմբերի, դպրոց., մանկապարտեզի երեխաների, հղի կանանց բերանի խոռոչի հիվանդությունների բուժումն է: Բերանի խոռոչի բուժումը բնակչության դիսպանսերացման բաժիններից է: Խմելու ջրում ֆտորի անբավարարության դեպքում կատարում են ջրի ֆտորացում (ատամները մշակում ֆտորային մածուկներով, նշանակում հակաոսկրափուտային սննդակարգ), իսկ ավելցուկի դեպքում (կարող է քայքայել արծնը)՝ ջրի աղբյուրների ֆտորազերծում:

ԱՏԱՄՆԵՐԻ ՊՐՈԹԵԶՆԵՐ, բացակա ատամներին փոխարինող, ինչպես նաև առանձին ատամների պսակների արատները վերացնող հատուկ հարմարանքներ: Մանկ. տարիքում ատամների ոչ ճիշտ դիրքի կամ ծնոտների ոչ ճիշտ կցման դեպքում (տես Ատամնակծվածք) դեմքի և ծնոտների ձևախախտումները կանխելու և բուժման նպատակով օգտագործում են հատուկ գործիքներ և պրոթեզներ (ձևախախտումների բուժում): Ա.պ. պատրաստում են օրգանիզմի համար անվտանգ նյութից (ճենապակի, պլաստմասսա, ազնիվ և ոչ ազնիվ մետաղների համաձուլվածքներ ևն)՝ յուրաքանչյուր մարդու համար անհատականորեն: Ատամները պետք է ժամանակին պրոթեզավորել, որովհետև նույնիսկ մի քանի ատամների բացակայության դեպքում սնունդը լիարժեք չի ծամվում, և խանգարվում է ստամոքսի ու աղիքների ֆունկցիան: Սակայն 1-2 բացակա ծամող ատամների փոխարինումը հաճախ աննպատակահարմար է, ուստի այդ հարցը պետք է որոշի բժիշկը:

Պրոթեզավորումը կատարում է ստոմատոլոգը, իսկ աշխատանքի տեխ. մասը՝ ատամնատեխնիկը: Ըստ կառուցվածքի՝ տարբերում են չհանվող Ա.պ., որոնք ատամնաբուժ. ցեմենտով ամրացվում են սեփական ատամներին, և հանովի, որոնք կարելի է հանել բերանի խոռոչից:

Չհանվող Ա.պ-ից են ատամի ներդրուկները, գամատամները (շտիֆտային), արհեստ. պսակները և կամրջակային պրոթեզները: Ատամների ներդրուկները պատրաստում են մետաղե համաձուլվածքներից, պլաստմասսայից կամ ճենապակուց, օգտագործում են հիմնականում