Քթի խեցու մնացած մասը և քթի խոռոչի հակադիր կողմը կոչվում են շնչառական շրջան: Քթի ստորին խեցու և միջին խեցու հետին ծայրի լորձաթաղանթի հաստության մեջ կա խորշիկավոր շերտ, որը գոյանում է արյունատար անոթների խիտ ցանցի շնորհիվ: Քթի հավելյալ ծոցերը նույնպես ծածկված են լորձաթաղանով:
Ք., ք. հ. ծ. կատարում են շնչառ., պաշտպան., հոտառ. և ձայնի հնչեղությունն ուժեղացնող (ռեզոնանսային) ֆունկցիաներ: Շնչած օդը, անցնելով քթի խոռոչով, մաքրվում է փոշու մասնիկներից: Խոշոր մասնիկները պահվում են քթի խոռոչի մուտքի մոտ աճած մազիկներով, փոշու մանր մասնիկները և մանրէներն օդի հոսքով անցնում են ոլորապտույտ անցուղիներով, նստում լորձապատ լորձաթաղանթի վրա. թարթիչավոր էպիթելի թարթիչների անընդհատ շարժումների շնորհիվ քթի խոռոչից լորձը (օտար մարմինների հետ մեկտեղ) իջնում է քթամպանի մեջ, այնուհետև խորխի հետ դուրս է գալիս կամ կուլ գնում: Քթի խոռոչն ընկած մանրէները բավականաչափ վնասազերծվում են քթի խոռոչի լորձում պարունակվող նյութերով: Սառը օդը, անցնելով նեղ և ոլորապտույտ անցուղիներով, տաքանում ու խոնավանում է լորձաթաղանթի շնորհիվ, որն առատորեն մատակարարվում է արյունով: Հոտառ. նյարդային բջիջները, որոնք գտնվում են քթի լորձաթաղանթում, հնարավորություն են տալիս տարբերել զանազան հոտերը: Քթի խոռոչը և հավելյալ ծոցերը ձայնին տալիս են հնչեղություն և անհատ. հնչերանգ (տեմբր):
Քթի խոռոչի առավել հաճախ հանդիպող հիվանդություններից են լորձաթաղանթի սուր և քրոնիկ. բորբոքումը (տես Հարբուխ): Քթային շնչառության դժվարացման դեպքում հարկ է լինում շնչել բերանով. չմաքրված և սառը օդը թափանցում է կոկորդ, ըմպան, շնչափող և բրոնխներ (տես Շնչառական համակարգ), որի հետևանքով ստեղծվում է շնչառ. համակարգի նշված հատվածներում բորբոքային գործընթացների (բրոնխաբորբ, կոկորդաբորբ, շնչափողաբորբ, ըմպանաբորբ) առաջացման վտանգ: Քթային շնչառության դժվարացումը կամ բացակայությունը բացասաբար է անդրադառնում հոտառ. ֆունկցիայի վրա (մարդը մասամբ կամ լրիվ կորցնում է հոտերն զգալու կարողությունը), ձայնը դառնում է ոչ հնչեղ, խուլ, առաջանում է ռնգախոսություն, նվազում է օրգանիզմի հյուսվածքների թթվածնամատակարարումը: Բերանով երկարատև շնչառությունը մանկ. տարիքում հանգեցնում է մի շարք խանգարումների. դեմքի կմախքը, կրծքավանդակը, ատամներն անկանոն են զարգանում, նկատվում են ուշադրության, հիշողության, լսողության խանգարումներ, ուստի քթային շնչառության ցանկացած խանգարման դեպքում հարկավոր է դիմել բժշկի:
Վնասվածքների և ճանկռվածքների հետևանքով քթի ծայրին և թևերին կարող է առաջանալ ֆուրունկուլ (հատկապես ֆուրունկոզոզի հակում ունեցող անձանց մոտ): Քթի ֆուրունկուլի ժամանակ քթի ծայրի և թևերի մաշկը կարմրում է, առաջանում են ուժեղ ցավեր, որոնք տարածվում են քունքի, ատամների և աչքերի վրա: Նման դեպքերում մարմնի ջերմաստիճանը, որպես կանոն, բարձր է: Բորբոքային այտուցը կարող է տարածվել դեմքի շրջակա հյուսվածքների վրա: Քթի և վերին շրթունքի ֆուրունկուլը բուժում է բժիշկը, ոչ մի դեպքում չի կարելի սեղմել կամ ծակել այն, որովհետև մանրէները կարող են արյան հոսքով տարածվել գանգի խոռոչ և ծանր բարդությունների պատճառ դառնալ:
Հավելյալ ծոցերի սուր և քրոնիկ. բորբոքումները (սինուսիտներ) հաճախ գրիպի, կարմրուկի, քութեշի և վարակիչ այլ հիվանդությունների բարդություններ են: Տարբերում են հայմորյան ծոցի լորձաթաղանթի բորբոքում (հայմորիտ), ճակատային ծոցի բորբոքում (ֆրոնտիտ), մաղոսկրի բջիջների բորբոքում (էթմոիդիտ) և սեպոսկրային ծոցի բորբոքում (սֆենոիդիտ): Նշված ծոցերի բորբոքումը կարող է լինել միակողմանի, երկկողմանի կամ գործընթացի մեջ ընդգրկել բոլոր ծոցերը (պանսինուսիտ): Երբեմն սուր կամ քրոնիկ. հայմորիտը կարող է լինել վերին աղորիքների շուրջն ընթացող բորբոքման հետևանք:
Սուր ծոցաբորբերի ժամանակ հիվանդները գանգատվում են ախտահարված ծոցի կողմում ցավագին ճնշման զգացողություններից, թարախային հարբուխից, քթային շնչառության դժվարացումից, հոտառության կորստից: Բացի այդ, մտավոր աշխատանքի ժամանակ սովորաբար նկատվում են արագ հոգնելիություն, գլխացավ, ջերմաստիճանի հաճախակի բարձրացում: Երբեմն նկատվում են հայմորիտի ժամանակ այտի, ֆրոնտիտի ժամանակ՝ ճակատի ցավոտ ուռածություն, վերին կոպի այտուց, ակնագնդի ցավեր, լուսավախություն, արցունքահոսություն:
Հավելյալ ծոցերի քրոնիկ. բորբոքման ժամանակ ախտանշաններն ավելի թույլ են արտահայտվում, հիվանդությունն ընթանում է առանց ջերմաստիճանի բարձրացման և գլխացավերի, բայց հիվանդների մոտ նկատվում են աշխատունակության, հոտառության նվազում, քթային շնչառության դժվարացում: Քրոնիկ. ծոցաբորբի ժամանակ քթի լորձաթաղանթի վրա կարող են առաջանալ յուրատեսակ գերաճումներ (պոլիպներ):
Հավելյալ ծոցերի հիվանդությունները կարող են հանգեցնել լուրջ, կյանքին վտանգ սպառնացող բարդությունների (օրինակ՝ գլխուղեղի պատյանների բորբոքման):
Հավելյալ ծոցերի վնասվածքները խաղաղ պայմաններում հազվադեպ են, բայց քիթը վնասվում է հաճախ (անզգուշության, դժբախտ պատահարների, անվտանգության տեխնիկայի կանոնների խախտումների հետևանքով): Քթի ծակած և կտրած վերքերը լինում են ավելի հաճախ, քան բութ վնասվածքները: Վերջինիս ժամանակ մեծ մասամբ վնասվում են քթի ոսկրերը՝ հաճախ ուղեկցվելով քթի տեղախախտումով և ձևախախտումով: Կարող են առաջանալ նաև քթի միջնապատի ծռում, հոդախախտում, տեղախախտում և ձևախախտում: Նման դեպքում դեմքի արտաքին ծածկույթներն ուռչում են, աչքի շուրջն առաջանում է կապտավուն այտուց, քթային արյունահոսություն, շնչառությունը խիստ դժվարանում է, հոտառությունը՝ խանգարվում: Բութ վնասվածքի հաճախակի բարդություններից է քթի միջնապատի ենթալորձաթաղանթային արյունազեղումը, որը կարող է բարդանալ թարախակույտով: Քթի ծակած և կտրած վերքերի ժամանակ կարող է լինել ուժեղ արյունահոսություն:
Երեխաները երբեմն քիթն են խցկում տարբեր առարկաներ (մետաղադրամ, կոճակ, արևածաղկի սերմ ևն), որի հետևանքով խանգարվում է քթի խոռոչի անցանելիությունը, հաճախ առաջանում է տհաճ հոտով առատ թարախային հարբուխ, երբեմն քթի մի կեսից արյան խառնուրդով (տես Օտար մարմիններ քթի):
Ք., ք.հ.ծ-ի վնասվածքների կամ հիվանդության արտաքին ախտանշաններից անկախ՝ բոլոր տուժածները և հիվանդները պետք է հետազոտվեն բուժհիմնարկում:
Ժամանակին բժշկի դիմելը նպաստում է ծոցերի սուր բորբոքման արդյունավետ բուժմանը, կանխում քրոնիկ. ձևի, ինչպես նաև ավելի ծանր բարդությունների առաջացումը: Քթի վնասվածքների հետևանքները բուժում են վիրահատ. ճանապարհով:
Ընդհանուր հանձնարարականներ բժշկի նշանակած բուժարարողությունների կատարման վերաբերյալ: