Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/735

Այս էջը հաստատված է

Հարկավոր է քթի յուրաքանչյուր կեսը մաքրել առանձին՝ հակառակ կողմի քթանցքը փակելով, որպեսզի լորձը քթից չընկնի եվստախյան (լսող.) փող և միջին ականջ, դրանով կանխվում է նաև միջին ականջի բորբոքումը (տես Ականջաբորբ): Երեխաների (որոնք դեռևս չեն կարող ինքնուրույն մաքրել քիթը) քթից լորձը կարելի է մաքրել բամբակե խծուծով կամ լարանով: Եթե երեխայի քթի մեջ կեղևիկներ կան, դրանք կարելի է հեռացնել հետևյալ կերպ. բամբակե խծուծը ծծեցնել վազելինի կամ ծիթապտղի յուղով (կարելի է նաև կերակրի սոդայի տաք լուծույթով) և 10-15 ր դնել քթի մեջ, որից հետո զգուշորեն (հատկապես կրծքի երեխաների մոտ) մաքրել կեղևիկները և լորձը՝ թեթևակի խոնավացրած բամբակով կամ թանզիֆով:

Կաթիլները (սովորաբար սենյակային ջերմաստիճանի) քիթն են կաթեցնում կաթոցիչով: Նման դեպքում հիվանդը նստում է կամ մեջքի վրա պառկում, գլուխը հետ թեքում և թեթևակի շրջում դեպի օգնություն ցույց տվողի կողմը, որպեսզի կաթիլները քթի խոռոչի կողմնային պատերի մակերևույթի ավելի մեծ մասը թրջեն և ընկնեն քթային անցուղիներ: Օրինակ՝ հայմորիտի ժամանակ կաթիլները քթի միջային անցուղին ընկնելիս հեշտացնում են հայմորյան ծոցից թարախային պարունակության արտահոսքը: Այս ոչ բարդ կանոնները չպահպանելիս (երբ կաթիլները միանգամից ընկնում են քթաըմպան) բուժումը քիչ արդյունավետ է: Հարկավոր է հիշել նաև, որ ցանկացած դեղանյութ քթի խոռոչ պետք է ներմուծել՝ խստորեն պահպանելով բժշկի նշանակած դեղաչափը և ժամանակը:

Փոշի դեղանյութերի ներփչումը քթի մեջ սովորաբար կատարում են պոլիկլինիկայում կամ հիվանդանոցում՝ հատուկ փոշեցրիչներով: Տանը փոշիները պետք է քիթը քաշել պտղունցներով՝ աջ և ձախ կողմից հաջորդաբար (քիթը մաքրելուց հետո): Քսուքները քթի մեջ են մտցնում բամբակե փոքրիկ խծուծով: 10-15 ր անց խծուծը հեռացնում են:

Հավելյալ ծոցերի բորբոքումների (հատկապես հայմորիտի) կանխարգելման համար մեծ նշանակություն ունեն սուր շնչառական հիվանդությունների ժամանակին և ճիշտ բուժումը, ինչպես նաև բերանի խոռոչի առողջացումը, գեղձանմանների հեռացումը, քթի միջնապատի ծռումների շտկումը: Ք., ք. հ. ծ-ի կրկնվող սուր բորբոքումների կանխարգելման հիմն. եղանակը օրգանիզմի կոփումն է, օդային և արևային լոգանքները, ջրային բուժարարողությունները: Որևէ մարզաձևով կանոնավոր զբաղվելը նպաստում է օրգանիզմի ամրապնդմանը և շնչառ. հիվանդությունների կանխմանը:

ՔԻԹԿՈԿՈՐԴԱԿԱՆՋԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, կլինիկ. բժշկագիտության բաժին, ուսումնասիրում է քթի, կոկորդի (ըմպան, շնչափող), ականջի և դրանց հարակից մասերի հիվանդությունների առաջացման պատճառները, կանխարգելումն ու բուժումը: Ընդհանուր Ք-ից, որպես ինքնուրույն մասնագիտություններ, առանձնացել են աուդիոլոգիան՝ ուսմունք լսողության մասին (ուսումնասիրում է խլության և թույլ լսողության պատճառները, կանխարգելումը, բուժումը, շտկումն ու փոխհատուցումը), ֆոնիատրիան (զբաղվում է ձայնառաջացման ֆիզիոլոգիայի և ախտաբանության, ինչպես նաև ձայնի խանգարումների կանխարգելման ու բուժման հարցերով), օտիատրիան (ուսումնասիրում է ականջի հիվանդությունները, դրանց կանխարգելումն ու բուժումը):

Ք-յան զարգացումը ՀՀ-ում պայմանավորված է 1939-ին ԵԲԻ-ում (1995-ից՝ ԵՊԲՀ) Ա. Հարությունովի, իսկ 1962-ին՝ Բժիշկների կատարելագործման ինստ-ում (1997-ից՝ Ազգային առողջապ-յան ինստ.) համապատասխան ամբիոնների կազմակերպմամբ: Սկզբն. շրջանում ուսումնասիրվել են սոցիալ. հիվանդություն համարվող թույլ լսողության և խլության, անգինայի և նշագեղձերի քրոնիկ. բորբոքման, քթի, կոկորդի և ականջի այլ հիվանդությունների պատճառագիտության, կլինիկայի ու բուժման հարցերը: Զբաղվել են «Ականջի ֆիզիոլոգիայի և ախտաբանության» հիմնախնդրի, լսող. հաշմանդամության հարցերով, մշակվել են բուժման մեթոդներ: Հետազոտվել է ՀՀ-ում նախադպրոց. և դպրոց. տարիքի երեխաների լսողության վիճակը, պարզվել են թույլ լսողության տարածվածության աստիճանը, ձայնային վերլուծիչի ախտաբան. փոփոխությունները և ձևերը: Գործնականում ներդրվել են լսողությունը լավացնող վիրահատություններ՝ թմբկաթաղանթապատվաստում՝ տիմպանոպլաստիկա (Կ. Շուքուրյան, 1957), միջին ականջի ասպանդակի հեռացում՝ ստապեդեկտոմիա, և ասպանդակի պատվաստում՝ ստապեդոպլաստիկա (Կ. Շուքուրյան, Ի. Ազիզյան, 1962): Ստացվել են ներգանգային ականջանին (օտոգեն) բարդությունների կլինիկայի, սուր և քրոնիկ թարախային ականջաբորբերի վիրահատ. ու պահպանող. բուժման վերաբերյալ նոր տվյալներ (Կ. Շուքուրյան, Գ. Ասլանյան, Բ. Դունայվիցեր, Ս. Ավագյան, Ռ. Խանամիրյան): Աշխատանքներ են կատարվել խխունջային նյարդաբորբերի պատճառագիտության, ախտածնության, բուժման ու տարբերակիչ ախտորոշման հարցերի վերաբերյալ: Բացահայտվել են թունավոր մի շարք պատրաստուկների բացասական ազդեցությունը լսող. օրգանի վրա: Ուղղումներ են կատարվել օտոսկլերոզի դասակարգման մեջ: Մշակվել է խոսքային աուդիոմետրիայի մեթոդը, որտեղ օգտագործվում են հայերեն բառային-արտասանական աղյուսակներ: Հաստատվել է անոթահյուսվածքային թափանցելիության խանգարման դերը նշագեղձերի բորբոքման ախտածնության մեջ: Առաջարկվել են կլինիկաֆունկցիոնալ թեստեր՝ ներնշագեղձային ֆլուորեսցենտային փորձարկում, նշագեղձի ներծծող հատկության ռադիոիզոտոպային հետազոտում, ինչպես նաև նշագեղձերի քրոնիկ. բորբոքման պահպանող. բուժման մեթոդներ: Հետազոտություններ են կատարվել արյան հիվանդությունների ժամանակ քթի, կոկորդի, ականջի, հատկապես ըմպանային ավշային օղակի վիճակը պարզելու ուղղությամբ, որի հիման վրա տարբերակիչ ախտորոշման նպատակով առաջարկվել է նշագեղձի ընդծակում (Ի. Ազիզյան): Ուսումնասիրվել են նշագեղձերի հեռացման արդյունավետության հարցերը՝ սուր երիկամաբորբի, սրտի արատների ծանր ձևերի, սրտամկանի ինֆարկտի դեպքերում: Հետազոտվել են օրգանիզմի ջերմակարգավորման (Ն. Նաջարյան, Ռ. Խանամիրյան), ինչպես նաև ալերգ., իմունակենսբ., ոչ առանձնահատուկ, ախտաբանաֆիզիոլոգ. և կենսաքիմ. ռեակցիաների առանձնահատկությունները նշագեղձերի քրոնիկ. բորբոքման և ուղեկցող այլ հիվանդությունների դեպքերում: Հետազոտվել են նախա- և հետվիրահատ. շրջաններում սպիրտ-նովոկաինային էլեկտրոֆորեզի մեթոդով ցավազրկման հարցերը (Ա. Գյուլխասյան և աշխատակիցներ): 1-ին անգամ կիրառվել է նշագեղձերի քրոնիկ. բորբոքման անդրաձայնային բուժումը: Աշխատանքներ են կատարվել ՀՀ-ում վերին շնչուղիների ուռուցքների աշխարհագր. տարածվածության, քիթկոկորդականջի գիգանտ-ուռուցքների կլինիկայի և բուժման վերաբերյալ: Մշակվել են բերանի խոռոչի, կոկորդի և կերակրափողի քիմ. այրվածքների ախտածնության, կլինիկայի և բուժման հարցերը: Բացահայտվել է քթի և հավելյալ ծոցերի ախտաբանության կապը բրոնխային հեղձուկի հետ: Ուսումնասիրվել են հայմորիտների և ճակատային ծոցի բորբոքումների ժամանակ պահպանող բուժման