Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/737

Այս էջը հաստատված է

տարբեր բաժինների աշխատանքը, որով և բացատրվում է դրանց ազդեցության արդյունքը:

Ք. դ-ի շարքն են դասվում բենզոդիազեպինի ածանցյալները, օրինակ՝ նիտրազեպամը (էունոկտին), բարբիտուրաթթուն կամ բարբիտուրատները, օրինակ՝ ֆենոբարբիտալը ևն, ինչպես նաև այլ քիմ. կառուցվածքի նյութեր: Քնի բնականոնացմանը նպաստում են նաև հանգստացնող դեղանյութերը: Նվազեցնելով հուզ. գրգռվածությունը, վերացնելով լարվածությունն ու անհանգստությունը՝ դրանք նպաստում են քնելուն և խորացնում այն:

Ք դ-ի մեծամասնության ազդեցությամբ առաջացած քունը մասամբ տարբերվում է բնականոնից: Պատրաստուկները խանգարում են քնի շրջանների ֆիզիոլոգ. հերթափոխությունը՝ ընկճելով նրա որոշակի փուլերը: Օրինակ՝ բարբիտուրատները, նպաստելով քնելուն, նվազեցնում են արագ (պարադոքսային) քնի փուլերի տևողությունը: Ք. դ-ի ընդունումը դադարեցնելիս արագ քնի փուլը խիստ երկարում է, որի հետ կապված ուժեղանում է անքնության զգացումը, առաջանում է տհաճ երազատեսություն:

Ք. դ-ի ամենօրյա ընդունումը կարող է հանգեցնել օրգանիզմում դրանց կուտակման (կոմուլյացիա), որն ուղեկցվում է մշտ. քնկոտությամբ, շարժողության խանգարումներով: Ք. դ. երկարատև օգտագործելիս հնարավոր է ընտելացում, իսկ կրկնակի օգտագործման հանդեպ օրգանիզմի զգայնությունն իջնում է, և պահանջվող արդյունքն ստանալու համար հարկ է լինում դեղաչափն ավելացնել: Մի շարք դեպքերում առաջանում է հիվանդագին հակում՝ Ք. դ. ընդունելու անդիմադրելի ցանկություն (տես Թմրամոլություն):

Ք. դ-ի մեծ մասն ուժեղ ազդող կամ թմրադեղեր են, ուստի դրանք կարելի է ընդունել միայն բժշկի նշանակմամբ: Անզգույշ օգտագործումը, դեղաչափն ինքնուրույն ավելացնելը կարող են թունավորման պատճառ դառնալ: Ք. դ-ի դեղաչափի գերազանցումն առաջացնում է գլխում ծանրության զգացում, թուլություն, շնչառության դժվարացում՝ ընդհուպ մինչև գիտակցության կորուստ: Այդպիսի դեպքերում անհրաժեշտ է անհապաղ բժիշկ կանչել (տես Թունավորումներ):

Տես նաև Հանգստացնող դեղանյութեր:

ՔՈՍ, մաշկի վարակիչ հիվանդություն, որի հարուցիչը Ք-ի տիզն է: Մարդը վարակվում է հիվանդի հետ անմիջական շփումից, նրա սպիտակեղենն ու հագուստը, սրբիչը, ճիլոպն օգտագործելուց: Ք-ի տիզը մակաբուծում է մարդու մաշկում, արուի երկար. 0,18-0,27 մմ է, էգինը՝ 0,25- 0,4 մմ: Արուներն էգերին բեղմնավորելուց հետո սատկում են: Էգ տիզը թափանցում է մաշկի եղջերային շերտի մեջ, քոսային մուտքեր է բացում և ձվադրում մինչև 50 ձու, որոնցից 3-7 օր անց գոյանում են թրթուրներ: Վերջիններս հասուն տիզ են դառնում մի քանի շաբաթում: Հիվանդությունը սովորաբար առաջանում է 7-14 օր անց:

Ք-ի տզերը հիմնականում թափանցում են մաշկի բարակ հատվածներով՝ մատների կողմնային, ձեռքերի ու ոտքերի ծալվող մակերևույթների, որովայնի, ազդրերի, կրծքավանդակի կողմնային մակերևույթների մաշկի մեջ: Այդ հատվածներում առաջանում են վարդագույն մանր հանգույցներ՝ գագաթին բշտիկի կամ արյունային կեղևի առաջացմամբ: Ցաների միջև տեսանելի են գորշ, բարակ, ոլորուն, մի քանի մմ երկար. տզային մուտքերը: Հիվանդությունն ուղեկցվում է ուժեղ քորով, որը սաստկանում է հատկապես գիշերը, երբ տիզն առավել ակտիվ է: Քորելիս հաճախ միանում է թարախածին վարակ, առաջանում են մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ:

Քորն ի հայտ գալիս անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի, որն ախտորոշում է և բուժում նշանակում: Բուժման ընթացքում հարկավոր է կանխել հիվանդի շփումն առողջների հետ: Հիվանդը պետք է ունենա անձն. սրբիչ, քնի առանձին անկողնում: Առողջանալուց հետո նա խնամքով պետք է լողանա (բժշկի ցուցումով), փոխի ներքնաշորը և անկողնու սպիտակեղենը, որոնք հարկավոր է եռացնել 1 ժ կամ թրջել լիզոլի, նավթալիզոլի 10 %-անոց լուծույթով և թողնել 1 ժ:

Արտահագուստը և անկողինն ավելի լավ է մշակել հատուկ ախտահանման խցիկում, իսկ դրա բացակայության դեպքում՝ արդուկել տաք արդուկով, ծայրահեղ պայմաններում դրանք մաքուր օդում թողնել մինչև 5, սառնամանիքի ժամանակ՝ 1 օր: Բնակարանի հատակը և կահույքը մաքրել խոնավ շորով:

Ք-ով հիվանդների ժամանակին հայտնաբերումը, նրանց բուժումը, հիվանդի հետ ապրող անձանց կամ մանկ. կոլեկտիվների (որտեղ հիվանդ երեխա է հայտնաբերվել) բժշկ. զննումները կանխարգելում են հիվանդության տարածումը:

Ք-ի կանխարգելման համար մեծ նշանակություն ունի անձնական հիգիենայի կանոնների պահպանումը:

Ք-ով հիվանդ երեխաներին և սպասարկող անձնակազմին (մինչև լրիվ առողջանալը) չի թույլատրվում հաճախել մանկ. կոլեկտիվներ (մսուր, մանկապարտեզ, դպրոց ևն):

ՔՈՐ, ենթադրվում է, որ Ք. ցավի տեսակափոխված զգացողություն է՝ պայմանավորված մաշկի ցավընկալիչ նյարդային վերջույթների գրգռմամբ:

Մաշկի Ք. առաջանում է միջատների խայթոցից և մաշկի վրա դրանց սորալիս (տես Ոջլոտություն, Քոս), մաշկը եղինջով դաղելիս, մաշկային առանձին հիվանդությունների (էկզեմա, նյարդամաշկաբորբ, քորպտիկ), ալերգ. վիճակների, որևէ սննդամթերքի կամ դեղանյութի հանդեպ անհանդուրժողականության (տես Ալերգիա) ժամանակ: Մաշկի Ք. կարող է ուղեկցել ստամոքսաղիքային համակարգի, լյարդի, երիկամների հիվանդություններին, նյութափոխանակության խանգարումներին (օրինակ՝ շաքարախտ, պոդագրա): Հաճախ Ք. է առաջանում նյարդային և հոգեկան, արյան (լիմֆոգրանուլեմատոզ, լիմֆոսարկոմա ևն) հիվանդությունների, օրգանիզմի ծերունական փոփոխությունների (ծերունական Ք.) ժամանակ:

Ք. կարող է տարածվել ամբողջ մաշկի վրա կամ նկատվել մաշկի սահմանափակ հատվածներում: Օրինակ՝ հետանցքի Ք. նկատվում է թութքի, ճիճվային հիվանդությունների, ուղիղ աղիքի բորբոքման ժամանակ՝ հատկապես անձնական հիգիենայի կանոնները չպահպանելիս: Սեռ. օրգանների Ք. հաճախ լինում է կանանց բորբոքային հիվանդությունների ժամանակ և կլիմաքսի շրջանում, ինչպես նաև ուղեկցում է շաքարախտին, պոդագրային:

Սեռ. օրգանների Ք. իրականում առաջանում է մեզի գրգռող ազդեցությունից, երեխաների հետանցքի և սեռ. օրգանների Ք. հաճախ ճիճվային հիվանդությունների (տես Էնտերոբիոզ) հետևանք է: Ք. երբեմն լինում է շատ տանջալից:

Միջատների (մոծակներ, լվեր, մլակներ) խայթոցից առաջացած Ք-ի ժամանակ խորհուրդ է տրվում մաշկը մաքրել օղիով, սալիցիլային սպիրտով, վաղենակի սպիրտային կամ սոդայի ջրային (1 բաժակ ջրին՝ 1 թեյի գդալ սոդա) լուծույթներով: Դրանք վերացնում են Ք. և կանխում թարախային վարակումը: Համառ, տանջալից Ք-ի ժամանակ անհրաժեշտ է դիմել բժշկի:

Բուժումն անհատական է, նշանակում է բժիշկը՝ հետազոտությունների արդյունքների հիման վրա: Բոլոր դեպքերում սննդում պետք է բացառել գրգռիչ կերակրատեսակները, ալկոհոլը, սահմանափակել քաղցրեղենը: Ք. հանգստացնելու համար խորհուրդ է տրվում լոգանք ընդունել (37°C, տևողությունը՝ 20-25 ր)՝ ջրին