Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/747

Այս էջը հաստատված է

տեսակների բազմազանությամբ հարուստ են հատկապես արևադարձային երկրները:

ՀՀ-ում հայտնի է Օ-ի 22 տեսակ՝ ընդգրկված 4 ընտանիքներում. կույր Օ., վիշապներ, իժեր, լորտուներ: Օ-ի հիմն. մասը (արմ. վիշապիկ, դեղնափոր, բազմագույն սահնօձեր, հայկ. իժ, գյուրզա ևն) ապրում է նախալեռնային, կիսաանապատային, տափաստանային, որոշ տեսակներ (պղնձօձ, Դարևսկու, տափաստանային իժեր ևն)՝ անտառային և մերձալպյան գոտիների քարքարոտ զառիվայրերում, քարակույտերում և այլուր: Հանդիպում է նաև 4 թունավոր տեսակ, որոնցից առավել վտանգավորը գյուրզան է:

Օ-ի խայթոցը: Մարդու համար վտանգավոր են Օ-ի միայն որոշ տեսակներ. բացի այդ, թունավոր ոչ բոլոր Օ. կարող են մարդուն խայթել, քանի որ նրանց թունավոր ատամները բերանում բավական խորն են տեղադրված:

Օ-ի խայթոցը վտանգավոր է հատկապես արևադարձային և հասարակածային գոտիներում բնակվող մարդկանց համար, իսկ բարեխառն գոտիներում այդ վտանգը մեծ չէ: Մեր երկրում Օ-ի խայթոցից մահվան դեպքեր գրեթե չեն գրանցվում: Օ. սովորաբար մարդկանց վրա հարձակվում են միայն նրանց անհանգստացնելու (դիպչելու, տրորելու) դեպքում: Իժի խայթելուց մի քանի ր հետո խայթոցի շուրջը կարմրում է, առաջանում են թույլ ցավեր, այրոցի զգացում, բազմաթիվ արյունազեղումներ և արագ տարածվող այտուց: Վտանգավորությունը պայմանավորված է խայթոցի տեղով (գլխի և իրանի խայթոցներն ավելի վտանգավոր են, քան ոտքերինը), տուժածի տարիքով ու առողջ. վիճակով: Օրինակ՝ մինչև 3 տարեկան երեխաներն ավելի ծանր են տանում Օ-ի խայթոցը, քան մեծերը:

Կոբրայի, ծովային Օ-ի, արևադարձային շառաչող Օ-ի որոշ տեսակների թույնը, ախտահարելով նյարդային համակարգը, առաջացնում է մկանային թուլություն, գլխապտույտ, համրություն, վերջույթների մղկտացող ցավեր, սրտխառնոց, երբեմն՝ փսխում, ջերմաստիճանի բարձրացում (38—39°C): Տուժածները կարող են մահանալ շնչառ. կենտրոնի լուծանքից:

Առաջին օգնությունը: Թունավոր Օ-ի խայթելուց անմիջապես հետո (15-20 ր ընթացքում) պետք է արտածծել վերքի պարունակությունը և թքել: Այնուհետև, հնարավորության դեպքում, վերքը մշակել յոդով, սպիրտով, ադամանդականաչով, ապա խայթած վերջույթը անշարժացնել, տուժածի համար ստեղծել հանգիստ վիճակ և որքան հնարավոր է արագ հասցնել բուժհիմնարկ:

Հակացուցված է Օ-ի խայթոցի տեղում մաշկի կտրվածք անել, այրել, լարան դնել, կալիումի գերմանգանատի լուծույթով մշակել, սպիրտ կամ օղի խմել: Այս ամենը ոչ միայն չեն նվազեցնում ու կանխարգելում Օ-ի թույնի ներգործումը, այլև ուժեղացնելով՝ նպաստում են ծանր բարդությունների առաջացմանը:

Օ-ի խայթոցից խուսափելու համար պետք է հագնել կաշվե կամ ռետինե երկարաճիտ կոշիկներ, ամուր կտորից հագուստ: Օ. սովորաբար չեն հարձակվում և մարդուն խայթում են միայն պաշտպանվելիս, երբ մարդիկ (հատկապես երեխաները և պատանիները) ցանկանում են նրանց բռնել կամ սպանել: Օձաշատ վայրեր գնացողները պետք է ծանոթ լինեն Օ-ի վարքագծին և հնարավորության դեպքում ունենան հատուկ «հակագյուրզա» և «հակակոբրա» շիճուկներ, որոնք անհրաժեշտ է ներարկել խայթելուց հետո՝ 30 ր ընթացքում:

Պատմականորեն ժողովրդի մեջ ամրապնդված է Օ-ին սպանելու սովորույթը, սակայն պետք է իմանալ, որ մարդուն Օ-ի տված օգուտն ավելի մեծ է, քան վնասը: Օ-ի շատ տեսակներ ոչնչացնում են կրծողներին, վնասակար միջատներին ևն: Օ-ի թույնը լայնորեն կիրառվում է բժշկության մեջ, դրանից պատրաստված դեղանյութերն օգտագործվում են ռևմատիզմի, նյարդացավերի, մկանաբորբերի և այլ հիվանդությունների բուժման ժամանակ: Օ-ի ոչնչացման և արագ անհետացման հետ կապված՝ շատ երկրներում կան հատուկ արգելավայրեր, որտեղ Օ-ի որսն արգելվում է: Օ. բուծում են նաև արհեստ. պայմաններում՝ օձաբուծարաններում (սերպենտարիում), որտեղ ուսումնասիրում են նրանց կենսակերպը և թույն են հավաքում:

Տես նաև Թունավորումներ:

ՕՆԱՆԻԶՄ, տես Ձեռնաշարժություն:

ՕՆՏՈԳԵՆԵԶ, անհատական զարգացում, փոխարկումների ամբողջություն, որին ենթարկվում է օրգանիզմը՝ սկզբնավորումից մինչև կյանքի վերջը (մահը): Տերմինն առաջարկել է (1866) գերմ. գիտնական է. Հեկկելը՝ կենսագենետիկ. օրենքը ձևակերպելիս: Համաձայն այդ օրենքի, Օ. ֆիլոգենեզի՝ օրգ. աշխարհի (կենդանի օրգանիզմների առանձին տիպերի, դասերի, կարգերի, ընտանիքների, ցեղերի, տեսակների) պատմ. զարգացման կարճատև և սեղմ կրկնությունն է:

Ընդունված է, որ սեռ. ճանապարհով բազմացող օրգանիզմները սկզբնավորվում են սերմնաբջիջներով ձվաբջիջների բեղմնավորման պահին, որի հետևանքով գոյանում է սաղմը: Երբեմն առանձնացնում են նաև Օ-ի նախասաղմնային փուլը, որը համապատասխանում է ձվաբջիջների ու սերմնաբջիջների ձևավորմանը և շատ բանով պայմանավորում սաղմի հետագա զարգացումը:

Օ-ի հիմքում ընկած է օրգանիզմի անհատ. զարգացման յուրաքանչյուր շրջանին բնորոշ կենսաքիմ., ֆիզիոլոգ. և ձևաբան. փոփոխությունների խիստ որոշակի հաջորդական շղթա:

Համաձայն նշված փոփոխությունների՝ Օ. բաժանում են սաղմնային (նախածննդյան) և հետսաղմնային (հետծննդյան) շրջանների: 1-ինն ընդգրկում է բեղմնավորումից մինչև ծնվելն ընկած ժամանակաշրջանը, իսկ 2-րդը՝ ծնվելուց մինչև մահը:

Գործն. բժշկության մեջ մարդու Օ-ի սաղմնային շրջանը բաժանում են 2 մասի. 1-ին 8 շաբաթը, երբ զարգացող օրգանիզմը (սաղմը) դեռ նման չէ հասուն մարդու, և զարգացման 9-րդ շաբաթից սկսած մինչև ծնվելը, երբ տեղի է ունենում օրգանների ձևավորում, և սաղմը ձեռք է բերում մարդուն բնորոշ ձևեր ու հատկանիշներ (այդ պահից էլ սաղմը կոչվում է պտուղ):

Մարդու Օ-ի բեկումնային պահը ծնվելն է, երբ օրգանիզմն անցնում է գոյության նոր պայմանների (սնման և շնչառության նոր ձևեր, արյան շրջանառության համակարգի փոփոխություն):

Հետսաղմնային շրջանը տարիքային շրջանների բաժանում են հաշվի առնելով ծնվելուց հետո օրգանիզմի ձևաբան. և ֆունկցիոնալ փոփոխությունները: Տարբերում են նորածնության, կրծքի, մսուրային, նախադպրոց., դպրոց., դեռահասության և հասուն տարիք, ինչպես նաև նախածերունական և արտահայտված ծերունական փոփոխությունների շրջան: Այդ շրջաններից յուրաքանչյուրը բնորոշվում է որևէ ֆունկցիոնալ համակարգի հասունության տարբեր աստիճանով, մարմնի որոշակի համամասնություններով, աճման տեմպերով, ուսուցման արդյունավետությամբ, աշխատանքային գործունեությամբ ևն (տես Կրծքի երեխա, Մսուրային տարիք, Նախադպրոցական տարիք, Դպրոցական տարիք, Դեռահասություն, Ծերացում):

Մարդու և կենդանիների Օ-ում առանձնացնում են կրիտիկ. շրջաններ, երբ օրգանիզմը հատկապես զգայուն է շրջակա միջավայրի ներգործությունների նկատմամբ: Մարդու համար դա վաղ սաղմնագոյացման (սաղմի զարգացման 1-ին օրեր),