Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/748

Այս էջը հաստատված է

որևէ օրգանի ձևավորման, նորաձևության, սեռ. հասունացման շրջաններն են: Նշված կրիտիկ շրջաններում առավել հաճախ են լինում օրգանիզմի զարգացման ախտաբան. տեղաշարժեր:

Մարդու օրգանիզմի տարբեր հատկանիշների առաջացման և զարգացման հաջորդականությունը տեղի է ունենում գենետիկ ապարատի հսկողությամբ (տես Գենետիկա): Այսպիսով՝ Օ. ծնողներից ստացված ժառանգ. ինֆորմացիայի իրականացման գործընթացն է շրջակա միջավայրի կոնկրետ պայմաններում: Օ-ի տարբեր փուլերում տեղի է ունենում որևէ հատկանիշի առաջացման համար պատասխանատու գեների ակտիվության համաձայնեցված կարգավորում: Որևէ հատկանիշի զարգացման և առանձին գեների գործունեության միջև գոյություն ունի բարդ կապ: Մի ամբողջ շարք հատկանիշներ (օրինակ՝ օրգանի կազմավորումը, աչքերի և մազերի գույնը ևն) ձևավորվում են մեծ թվով գեների հսկողությամբ, ընդ որում՝ գեների միջև գոյություն ունի բարդ և մինչև վերջ չուսումնասիրված կապ:

Գեների և ամբողջ գենետիկ ապարատի գործունեության խիստ ծրագրավորված հաջորդականության հետ մեկտեղ շրջակա միջավայրը Օ-ի ընթացքում ունենում է բազմազան ազդեցություն գեների ակտիվության վրա: Միաձվածին երկվորյակների վրա կատարված դիտումները ցույց են տվել, որ, գործնականում ունենալով միանման գենետիկ. ծրագրեր, հետագայում ի հայտ են գալիս էական տարբերություններ նրանց ֆիզ. և մտավոր զարգացման մեջ:

Օ-ի գենետիկ. ծրագրի ուսումնասիրումը զգալի չափով նպաստել է գենետիկ. ապարատի գործունության խանգարման հետ կապված հիվանդությունների առաջացման պատճառների բացահայտմանը, ինչպես նաև բուժման մեթոդների մշակմանը (տես Ժառանգական հիվանդություններ): Նշված հիվանդությունների ընթացքի առանձնահատկությունների առաջացման պատճառներն իմանալը բարձրացնում է բուժման արդյունավետությունը: Այդ տվյալներն անհրաժեշտ են բժշկագենետիկական խորհրդատվության համար, քանի որ որևէ հիվանդության առաջացումը պայմանավորող գեների առկայության բացահայտումը բժշկին հնարավորություն է տալիս խորհուրդ տալ սերունդներին այդ գեների փոխանցվելու հավանականության աստիճանի մասին: Տես նաև Գենետիկա բժշկական, Ժառանգականություն:

ՕՍՏԵՈՄԻԵԼԻՏ, տես Ոսկրածուծաբորբ:

ՕՏԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ, օտար առարկաներ, որոնք մաշկի, մարմնի բնական անցքերի կամ մաշկածածկույթների վերքերի միջով թափանցում են հյուսվածքներ, խոռոչներ ու օրգաններ: Վերքի միջով Օ.մ. սովորաբար թափանցում են հրազենային վնասվածքների ժամանակ, նման դեպքում գնդակը, արկի բեկորները ևն հաճախ մտնում են խորանիստ հյուսվածքների և օրգանների մեջ: Խաղաղ պայմաններում մաշկի վերքի միջով հաճախ թափանցում են մանր Օ.մ. (կարի ասեղը և նրա կտորները, սուր տաշեղիկներ, հատիչների բեկորներ, մետաղի, ապակու փշուրներ ևն): Դրանք սովորաբար տեղադրվում են ոչ խորը՝ մաշկի հաստության մեջ կամ նրա տակ: Վերքի միջով մաշկի, ենթամաշկի, մկանների և որոշ օրգանների մեջ թափանցած Օ.մ., որոնք չեն ուղեկցվում թարախակալմամբ, սովորաբար հյուսվածքում «հարմարվում են» և կարող են այնտեղ մնալ երկար տարիներ, երբեմն ամբողջ կյանքի ընթացքում և որևէ խանգարում չառաջացնել: Այն պատկերացումը, թե սուր Օ.մ. (հատկապես ասեղը) օրգանիզմում «թափառում» են, անհիմն է: Սուր ասեղը հյուսվածքներում անցնում է չնչին տարածություն: Իրենց տեղադրությունը կարող են փոխել միայն մարմնի մեծ խոռոչներ (օրինակ՝ որովայնային) կամ խոշոր արյան անոթ ընկած Օ մ.:

Մանրէներով աղտոտված Օ.մ-ի ներթափանցումը հաճախ ուղեկցվում է վարակի առաջացմամբ: Օ.մ-ի շուրջը շատ արագ կամ ժամանակի ընթացքում (երբեմն մի քանի տարի անց) թարախակալում է: Նման դեպքերում Օ.մ. անհապաղ պետք է հեռացվեն: Խորը տեղադրված Օ.մ-ի հեռացման անհրաժեշտության և ժամանակի հարցը որոշում է վիրաբույժը՝ հաշվի առնելով Օ.մ-ի առաջացրած խանգարումները և անհրաժեշտ վիրահատության բնույթը:

Օ.մ-ի (ծեղ, փուշ) մաշկի հաստության մեջ թափանցումը հաճախ ուղեկցվում է ցավերով և թարախակալմամբ: Հատկապես վտանգավոր է ձեռքերի մատները փուշ մտնելը, որը կարող է մատնաշունչի պատճառ դառնալ: Ուստի հարկավոր է անհապաղ հեռացնել ւպն: Աչքով տեսանելի ծեղերը սովորաբար հաջողվում է ինքնուրույն հեռացնել կարի ասեղով: Դրա համար ասեղը և այդ հատվածի մաշկը վարակազերծում են յոդի սպիրտային լուծույթով, այնուհետև սպիրտով: Մշակած ասեղը մտցնում են վերնամաշկի տակ, ծեղի դրսային ծայրի կողքով՝ ուղիղ անկյան տակ, և ասեղը չխորացնելով մաշկի մեջ՝ջանում են ասեղի սուր ծայրը մտցնել փշի մեջ և այն դուրս հանել վերքի միջով: Եթե դա չի հաջողվում, ասեղով մերկացնում են ծեղի ծայրը և ունելիով կամ եղունգների ծայրերով (ձեռքերը մաքուր լվանալուց հետո) դուրս հանում այն: Ծեղը հեռացնելուց հետո վերքը մշակում են յոդի սպիրտային լուծույթով:

Եղունգի տակ մտած ծեղը հեռացնելը բարդ է և ցավոտ, ուստի նման դեպքում պետք է դիմել բուժօգնության: Աչքի Օ. մ.:

Աչքի մեջ Օ.մ. սովորաբար ընկնում են փողոցում (փոշոտ և քամոտ եղանակին), շարժվող գնացքի պատուհանից, արտադրությունում (մետաղ, քար, ապակի, փայտ մշակելիս) ևն: Շարժման արագությունից, մեծությունից և տեսակից կախված՝ Օ.մ. կարող են մնալ ակնագնդի մակերեսին, թափանցել շաղկապենու և եղջերենու մեջ կամ աչքի ներսը: Աչքի մեջ Օ.մ-ի թափանցումն ուղեկցվում է ցավով, լուսավախությամբ, արցունքահոսությամբ: Հատկապես վտանգավոր են մետաղի, ապակու, քարի մեծ արագությամբ թռչող բեկորները, որոնք սովորաբար ճեղքում են աչքի պատը, թափանցում ակնագնդի մեջ, վնասում նրա հյուսվածքները՝ հաճախ ներս տանելով թարախային բորբոքում առաջացնող ախտածին մանրէներ: Աչքի վնասվածքների ելքը կախված է ժամանակին ցուցաբերած բուժօգնությունից: Աչքի մեջ Օ.մ. ընկնելիս հարկավոր է հիվանդ աչքը կապել մաքուր թանզիֆով և որքան հնարավոր է շուտ տեղափոխել բուժհիմնարկ: Չի կարելի աչքից Օ.մ. հեռացնել ինքնուրույն կամ ուրիշի օգնությամբ, եթե նույնիսկ թվում է, թե այն խորը չի թափանցել: Ոչ մի դեպքում չի կարելի տրորել աչքը, ջանալով հեռացնել Օ.մ., որովհետև դրանք կարող են ավելի խորը թափանցել:

Աչքի մեջ մետաղե Օ մ երկարատև մնալիս ենթարկվում են քիմ. քայքայման, որից առաջացող նյութերը կարող են խիստ վնասակար ազդեցություն ունենալ աչքի ցանցաթաղանթի և տեսող նյարդի վրա: Աչքի Օ մ. պետք է հեռացնի բժիշկը:

Աչքի Օ.մ-ի տեղադրության որոշման մեթոդները և Նրանց հեռացման եղանակները լավ մշակված են: Պողպատե, երկաթե, չուգունե Օ.մ. հեռացնում են հատուկ մագնիսներով:

Արտադրությունում աչքի վնասվածքների կանխարգելումն ավելի դյուրին է, քան բուժումը: Կանխարգելումը նախատեսում է սանհիգիենային պայմանների բարելավում, սարքավորումների հարմար տեղադրում, աշխատանքի ճիշտ կազմակերպում, պաշտպան. միջոցների (պաշտպան.