Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/749

Այս էջը հաստատված է

ակնոց) վիճակի խիստ հսկողություն և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանում:

Ականջի Օ.մ. (մետաղե գնդիկներ, ուլունքներ, արևածաղկի սերմ) ավելի հաճախ բնորոշ են երեխաներին: Ականջի մեջ կարող են ընկնել նաև միջատներ (հաճախ՝ կենդանի) և առաջացնել տհաճ զգացողություններ ու ցավ: Ականջի մեջ միջատներ ընկնելիս 1-ին օգնությունը նրանց սատկացնելն է, որը կատարվում է՝ ականջի մեջ մի քանի կաթիլ հեղուկ յուղ (ձիթապտղի, վազելինի) կամ բորաթթվի սպիրտային լուծույթ կաթեցնելով: Ականջից Օ.մ. պետք է հեռացնի բժիշկը, որովհետև ոչ հմուտ փորձերի ժամանակ կարող է Օ.մ. շարժվեն խորը և հեռացնելը ավելի դժվարանա: Բացի այդ, թմբկաթաղանթը կարող է պատռվել:

Քթի Օ.մ. նույնպես հաճախ հանդիպում են երեխաների մոտ: Երբեմն Օ.մ. կարող են քթի խոռոչում մնալ երկար ժամանակ՝ վերածվելով քարանման գոյացության և մեծ անհանգստություն չպատճառել: Քթի Օ.մ-ի ախտանշաններն են քթային շնչառության դժվարացումը, քթի մի կեսից թարախային արտադրությունը: Քթի մեջ ընկած Օ.մ. նույնպես չի կարելի ինքնուրույն հեռացնել, եթե նույնիսկ 1-ին հայացքից դա շատ հեշտ է թվում: Նման դեպքում հարկավոր է դիմել բժշկի:

Մարսողական ուղու Օ.մ.: Ըմպանի մեջ կարող են խցկվել տարբեր Օ.մ. որոնք հիմնականում այդտեղ են ընկնում սնունդը շտապ կուլ տալիս, ուտելու ժամանակ խոսելիս, ծիծաղելիս, փռշտալիս, հանկարծակի հազալիս, ինչպես նաև հարբած վիճակում: Կարող են ըմպանն ընկնել սննդի մեծ կտորներ (հատկապես ատամների բացակայության պատճառով դժվար ծամելիս), բայց հաճախ խցկվում են մանր սուր Օ.մ., օրինակ՝ ձկան փշեր: Երբեմն ըմպան կարող են ընկնել ատամներով բռնած առարկաները (օրինակ՝ քորոցը, ասեղը՝ դերձակների, մեխերը՝ կոշկակարի և պաստառագործի մոտ):

Օ.մ. ըմպան ընկնելիս կլման ժամանակ առաջացնում են ցավեր (հաճախ՝ միակողմանի): Ըմպանի սուր Օ.մ. պետք է անհապաղ հեռացնել, որը կարող է անել միայն բժիշկը: Ըմպանի Օ.մ. սովորաբար առաջացնում են քերծվածք կամ ճանկռվածք, որը կարող է երկար ժամանակ տհաճ զգացողություն պատճառել նույնիսկ այն հեռացնելուց կամ կերակրափող տեղափոխվելուց հետո:

Կերակրափողի Օ.մ. հաճախ լինում են խոշոր (մսի կամ հավի ոսկրեր, ատամների հանովի պրոթեզներ ևն): Դրանք սովորաբար խցկվում, մնում են կերակրափողի նեղացումներում, դժվարացնում են սննդի անցումը և ցավ պատճառում: Կերակրափողի սուր Օ.մ. շատ վտանգավոր են. դրանք կարող են վնասել նրա պատը, ուստի հարկավոր է շտապ դիմել բժշկի:

Հաճախ նույնիսկ խոշոր Օ.մ. կերակրափողով ազատորեն անցնում են դեպի ստամոքս, որտեղ կարող են մնալ կամ ստամոքսաղիքային ուղիով տեղաշարժվել և բարեհաջող դուրս գալ արտաթորանքի հետ: Ստամոքսում կամ աղիքների որևէ հատվածում Օ.մ-ի երկարատև մնալը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, բացի այդ, սրածայր Օ.մ. կարող են ծակել ստամոքսի կամ աղիքների պատը, որը չափազանց վտանգավոր է, ուստի, ստամոքսաղիքային ուղու մեջ Օ.մ. ընկնելիս անհրաժեշտ է դիմել բժշկի:

Կոկորդի Օ.մ. շատ վտանգավոր են (հատկապես երեխաների համար): Խաղալիս երեխաները կարող են կուլ տալ մանր մետաղադրամ, կոճակ և այլ առարկաներ: Շնչելիս այդ առարկաները կարող են ընկնել կոկորդը և մնալ այնտեղ, քանի որ այն շնչափողի ամենանեղ հատվածն է: Հասուն մարդկանց մոտ Օ.մ. հաճախ կոկորդ են ընկնում հարբած ժամանակ: Կոկորդի Օ.մ. առաջացնում են շնչարգելություն և ջղաձգային հազ, որոնք կարող են ժամանակավորապես անհետանալ, հետո նորից սկսվել: Կոկորդի Օ.մ. կյանքին վտանգ են սպառնում, ուստի անհապաղ պետք է դիմել բժշկի:

Մի շարք դեպքերում ռեֆլեքսային հազը հանգեցնում է վերին շնչուղիներից Օ.մ-ի տեղափոխության: Որպեսզի այն արդյունավետ լինի, տուժածը պետք է նախապես խորը շնչի, ապա արտաշնչի: Նման դեպքում ձայնաճեղքը փակ է մնում, շնչուղիներում ճնշումը կտրուկ բարձրանում է, ձայնաճեղքը բացվում է, և թոքերից եկող օդի շիթը դուրս է հրում Օ.մ.: Եթե Օ.մ. տեղադրվում են ձայնաճեղքի շրջանում կամ ենթաձայնալարային տարածության մեջ, ապա նախապես խորը շնչելն անհնար է: Նման դեպքերում հազի հրումները կատարում են սովոր. շնչառումից հետո թոքերում միշտ մնացող օդի հաշվին: Այդ ժամանակ տուժածը չպետք է խոսի, օգնություն կանչի և փորձի խորը շնչել: Եթե նշված ձևերը չեն օգնում, ապա տուժածը որպես ինքնօգնություն պետք է 2 ձեռքով ընդհատվող հրումներով սեղմի վերորովայնային շրջանը կամ կտրուկ թեքվի առաջ, որովայնով հենվի աթոռի թիկնակին և կախվի նրա վրայով: 2 դեպքում էլ որովայնի խոռոչում ստեղծված բարձր ճնշումը ստոծանու միջոցով փոխանցվում է կրծքի խոռոչ, որը նպաստում է վերին շնչուղիներից Օ.մ-ի դուրս հրմանը:

Եթե ինքնօգնությունը որևէ պատճառով անհնար է կամ ցանկալի արդյունք չի տալիս, տուժածին պետք է օգնություն ցույց տա մեկ ուրիշը՝ հաջորդաբար կիրառելով 2 եղանակը: Օգնություն ցույց տվողը տուժածին մոտենում է հետևից և ափով 3-4 անգամ ընդհատ հարվածներ հասցնում ողնաշարին՝ թիակների վերին ծայրի մակարդակին: Եթե դրանով Օ.մ. դուրս չգան, ապա օգնություն ցույց տվողը, շարունակելով կանգնել տուժածի հետևում, նրան գրկում է 2 ձեռքով՝ 1 ձեռքի բռունցքը դնելով վերորովայնային շրջանին, 2-րդ ձեռքի ափով ծածկում է բռունցքը և 3-4 անգամ տուժածին սեղմում դեպի իրեն՝ կատարելով ընդհատվող հրումներ առջևից հետ և ներքևից վեր ուղղություններով:

Եթե տուժածը կորցրել է գիտակցությունը և շնչառ. շարժումները բացակայում են, օգնություն ցույց տվողը սկսում է «բերան-բերանի» արհեստական շնչառություն: Եթե այդ դեպքում կրծքավանդակը չի լայնանում, պետք է ենթադրել, որ շնչառության կանգն առաջացրել են Օ.մ.: Օգնություն ցույց տալու համար օգնողը պետք է ծունկի իջնի տուժածի կողքին (որը պառկած է մեջքի վրա) և տուժածին դեմքով շրջի դեպի իր կողմը, տուժածին մեկ ձեռքով բռնի այդ դիրքում և մյուս ձեռքի ափով 3-4 ընդհատվող հարվածներ հասցնի թիակների միջև: Տուժածին կրկին պետք է պառկեցնել մեջքի վրա, մեկ ձեռքի ափը դնել վերորովայնային շրջանին, մյուս ձեռքինը՝ 1-ինի թիկնային մակերևույթին, 2 ձեռքով 3-4 անգամ ուժեղ սեղմել վերորովայնային շրջանը՝ առջևից-հետ և ներքևից-վերև ուղղություններով: Այնուհետև բացել տուժածի բերանը և մատով դուրս հանել շնչուղիներ ընկած Օ.մ.:

Շնչափողի և բրոնխների Օ.մ.: Երբեմն Օ.մ. կարող են ընկել կոկորդի լուսանցք և այնտեղից հայտնվել շնչափողում կամ բրոնխներում: Դա ուղեկցվում է ջղաձգային հազի նոպայով, երբեմն մաշկածածկույթների կապտությամբ, հևոցով ևն: Շնչափողի և բրոնխների Օ.մ. կարող են շնչահեղձության, թոքերի թարախային բորբոքման պատճառ դառնալ: Օ.մ-ի շնչափող և բրոնխներ ընկնելը չափազանց վտանգավոր է, ուստի պետք է անհապաղ դիմել բժշկի:

Օ.մ-ի կոկորդ, շնչափող և բրոնխներ ընկնելը կանխարգելելու համար հարկավոր է հետևել հատկապես փոքր երեխաներին, երբ նրանք խաղում են մանր առարկաներով (որպեսզի դրանք բերանը չտանեն), միրգ ուտեցնելիս կորիզները