Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/75

Այս էջը հաստատված է

հիվանդությունների ախտանշան: Ա.ա. լինում է սակավ և առատ: Վերջինս կարող է հանգեցնել կյանքին վտանգ սպառնացող վիճակի (արյան ճնշման անկում, հեմոգլոբինի կտրուկ նվազում), ուստի անհրաժեշտ է շտապ բժշկ. օգնություն կանչել, իսկ մինչև բժշկի գալը հիվանդին պառկեցնել առանց բարձի, որովայնի ստորին մասին սառցապարկ դնել:

Ա.ա. կարող է համընկնել դաշտանի ժամկետի հետ (տես Դաշտանային ցիկլ): Այդպիսի դեպքերում երբեմն դաշտանը սկսվում է ժամանակին, բայց լինում է ավելի առատ և ուղեկցվում արյան մակարդուկների արտադրությամբ, իսկ երբեմն կորցրած արյան քանակը լինում է նախկինի պես, բայց դաշտանի շրջանում արյունային արտադրության տևողությունը երկարում է (10-12 և ավելի օրեր), միջդաշտանային ժամանակամիջոցը՝ կրճատվում է: Ա.ա. կարող է առաջանալ նաև միջդաշտանային շրջանում: Երբեմն Ա.ա-յանը նախորդում է ավելի կամ պակաս տևողությամբ դաշտանի կասեցումը, որը կապված չէ հղիության հետ: Դրանք կոչվում են դիսֆունկցիոնալ (ֆունկցիայի խանգարման) արյունահոսություններ և կարող են նկատվել բոլոր տարիքի կանանց մոտ:

Միջդաշտանային շրջանի տևողության կրճատումը կամ երկարատև դաշտանները, դրանց առատությունը կամ սակավ արյունային արտադրությունը, ինչպես նաև անկանոն արյունահոսությունները տարբեր հիվանդությունների ախտանշաններ են, որոնց ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի: Արդյունավետ բուժումը հնարավոր է միայն հիվանդության իսկական պատճառների վաղ ախտորոշման դեպքում: Դաշտանադադարից մի քանի տարի անց արյունային արտադրություն ի հայտ գալիս պետք է անհապաղ դիմել գինեկոլոգի: Սեռական հասունացման շրջանում հարկավոր է ուշադիր հետևել աղջիկների առողջ. վիճակին, ստեղծել մտերիմ և անկեղծ հարաբերություններ, որպեսզի նրանք, առանց ամաչելու, մայրերին հայտնեն արյունային արտադրության առկայության մասին: Դա հնարավորություն կտա հետևել դաշտանի բնույթին, հայտնաբերել դաշտանային ցիկլի շեղումները և ժամանակին դիմել բժշկի:

ԱՐԳԱՆԴԱՓՈՂԵՐ, ֆալոպյան փողեր, ձվատար փողեր, կնոջ ներքին սեռ. օրգան (երկար.՝ 10-12 սմ): Զույգ խողովակներ են, սկսվում են արգանդի մարմնի անկյուններից և ազատ ծայրով բացվում որովայնի խոռոչի մեջ: Խողովակը բաղկացած է արգանդային (ավարտվում է արգանդի պատում), նեղացած (պարանոց) և լայնացած (ամպուլա, որը վերջանում է ծոպավոր եզրեր ունեցող ձագարով) մասերից: Ա-ի պատն ունի շճային, շարակցահյուսվածքային, մկանային և լորձային թաղանթներ: Արգանդափողի լորձաթաղանթը մի կողմից վերածվում է արգանդի լորձաթաղանթի, մյուսով կպչում որովայնամզին, հետևաբար Ա. բացվում են դեպի որովայնի խոռոչ: Դրա հետ կապված՝ առաջանում է կնոջ սեռ. օրգաններից վարակը որովայնի խոռոչ թափանցելու վտանգ: Եթե բեղմնավորված ձվաբջջի տեղափոխումը կասեցվում է Ա-ում (վերջիններիս բորբոքման ժամանակ), առաջանում է փողային արտարգանդային հղիություն:

ԱՐԳԱՆԴԻ ԱՐՏԱՆԿՈՒՄ, սովորաբար առաջանում է կոնքի հատակի՝ կնոջ ներքին սեռ. օրգանները բնականոն դիրքում պահող (տես Սեռական օրգաններ, կանանց) մկանների տոնուսի իջեցման կամ դրանց ամբողջականության խախտման (օրինակ՝ ծննդաբերության ժամանակ շեքի պատռվածքի) դեպքում: Արգանդի և դրա հետ մեկտեղ հեշտոցի արտանկմանը նպաստում է արգանդի կապանային ապարատի և որովայնի առաջային պատի մկանների թուլացումը: Սկզբում կինը գանգատներ չի ունենում, այնուհետև, եթե հիվանդությունը չի բուժվում, այն աստիճանաբար խորանում է: Առաջանում են որովայնի ստորին հատվածի, գոտկատեղի, պոչուկի ձգող ցավեր, հետագայում խանգարվում է միզարձակումը (հազի, ֆիզ. ծանրաբեռնվածության ժամանակ նկատվում է լրիվ և մասնակի անմիզապահություն), առաջանում է փորկապություն: Արգանդի լրիվ արտանկման ժամանակ միզարձակումը դժվարանում է: Այդպիսի հիվանդների ընդհանուր վիճակը վատանում է, նրանք երկար ժամանակ դառնում են անաշխատունակ:

Ա.ա. կանխելու համար հարկավոր է ներքին օրգանների իջեցման ախտանշաններն ի հայտ գալիս դիմել գինեկոլոգի և խստորեն կատարել նրա բոլոր հանձնարարականները (ֆիզ. ծանրաբեռնվածության սահմանափակում, որովայնի պատի գերթուլացման դեպքում բանդաժի կրում): Մանկածնության տարիքի կանանց արգանդի և հեշտոցի արտանկման ժամանակ կարելի է կատարել վիրահատություն, որով պահպանվում է հղիության և ծննդաբերության հնարավորությունը: Վիրահատության հակացուցումների դեպքում երբեմն խորհուրդ է տրվում կրել արգանդային օղեր, որոնք ընտրում է միայն բժիշկը կամ մանկաբարձը: Արգանդային օղեր կրելիս անհրաժեշտ է կատարել (բժշկի նշանակմամբ) ամենօրյա ներլվացումներ վարակազերծող լուծույթներով և գինեկոլոգի կանոնավոր զննումներ (ամիսը 1 անգամ):

Ա.ա-ման կանխարգելման համար հարկավոր է ժամանակին կարել ծննդաբերության ժամանակ առաջացած պատռվածքները, ինչպես նաև պահպանել հետծննդյան շրջանի ռեժիմը: Հատկապես հակացուցված է լարված ֆիզ. աշխատանքը: Հղիության ժամանակ, բժշկի խորհրդով, անհրաժեշտ է ընդհանուր կազդուրող մարմնամարզության հետ մեկտեղ կատարել կոնքի հատակի և որովայնի առաջային պատի մկաններն ամրապնդող հատուկ վարժություններ:

ԱՐԳԱՆԴԻ ԻՋԵՑՈՒՄ, տես Արգանդի արտանկում հոդվածում:

ԱՐԳԱՆԴԻ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, ադնեքսիտ, արգանդափողերի և ձվարանների բորբոքում:

Հիվանդության հարուցիչներն են ստաֆիլոկոկերը, ստրեպտոկոկերը, աղիքային ցուպիկը, գոնոկոկերը, տուբերկուլոզի ցուպիկը ևն: Երբեմն առաջանում է հղիությունն ընդհատելու նպատակով արգանդի խոռոչ տարբեր քիմ. նյութեր (օրինակ՝ յոդ, սպիրտ) ներմուծելիս:

Մանրէները կարող են արգանդի հավելումներ ընկնել հեշտոցից և արգանդից՝ արհեստ. վիժման (հատկապես արտահիվանդանոցային պայմաններում), ծննդաբերության, սեռ. հարաբերությունների, ինչպես նաև արյան և ավշային անոթներով՝ տուբերկուլոզի, անգինայի և ներքին օրգանների բորբոքումների ժամանակ: Ա.հ.բ-ման առաջացմանը նպաստում են օրգանիզմի պաշտպան. ֆունկցիաները թուլացնող գործոնները (գերսառեցումը, գերհոգնածությունը, նյարդահոգեկան լարումները), ինչպես նաև անձնական հիգիենայի կանոնների խախտումները:

Ա.հ.բ-ման սուր ձևը բնորոշվում է պոչուկի և որովայնի ստորին շրջանների ուժեղ ցավերով, որոնք սաստկանում են աղիքները դատարկվելիս, միզելիս և ֆիզ. ծանրաբեռնվածության ժամանակ: Ջերմաստիճանը բարձրանում է մինչև 39° C: Ծանր դեպքերում կարող են առաջանալ սրտխառնոց, փսխում, որովայնի փքվածություն, ընդհանուր վիճակի կտրուկ վատացում: Ժամանակին և ճիշտ բուժման, ինչպես նաև ռեժիմի պահպանման դեպքերում հիվանդը լրիվ ապաքինվում է: Սովորաբար բուժումն անցկացնում են հիվանդանոցում,