Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/750

Այս էջը հաստատված է

հանել, ընկույզ, արևածաղկի սերմ չտալ ևն:

ՕՏՈՍԿԼԵՐՈԶ, բնորոշվում է ականջներում աղմուկի զգացումով և լսողության թուլացմամբ՝ լսող. ոսկրիկների համակարգով ներքին ականջ ձայնի հաղորդումն ընդհատվելու հետևանքով: Հիվանդության հիմքում ընկած են ականջի հյուսվածքների փոփոխությունները, որոնց հետևանքով լսող. ոսկրիկներից որևէ մեկը դառնում է անշարժ, ասպանդակը կարծես «զնդանվում» է իր շուրջն աճող ավելցուկային ոսկրով:


Օ. սովորաբար առաջանում է սեռ. հասունացման շրջանում կամ դրան հաջորդող տարիներին և ունենում է քրոնիկ. ընթացք: Ավելի հաճախ բնորոշ է կանանց: Հիվանդության առաջացումը հաճախ արագանում է ծննդաբերությունից հետո: Հիվանդության 1-ին ախտանշաններն են աղմուկի զգացումը ականջներում (տես Աղմուկ ականջներում) և լսողության թուլացումը: Սովորաբար Օ. ընթանում է դանդաղ: Բնորոշ է ժամանակի ընթացքում լսողության կայուն վատացումը: Ալկոհոլի օգտագործումը, ծխելը, գերհոգնածությունը, աղմուկը, թրթռումը խորացնում են ախտաբան. գործընթացը: Առաջադրվել են Օ-ի առաջացման պատճառների վերաբերյալ մի շարք ենթադրություններ, բայց դրանցից ոչ մեկը դեռևս լրիվ հաստատված չէ: Հետազոտությունների նորագույն մեթոդների լայնորեն կիրառմամբ մոտավորապես են պարզվում Օ-ի առաջացման պատճառները: Սակայն այդ հարցը վերջնականապես լուծված չէ, և, հետևաբար, այդ հիվանդության բուժման համար հնարավոր չէ կիրառել առանձնահատուկ մեթոդներ: Օ-ի բուժման համար օգտագործում են դեղորայքային և ֆիզիոթերապևտիկ. տարբեր միջոցներ, որոնք ուղղված են հիմնականում ականջներում աղմուկի զգացողության թուլացմանը: Հիվանդության հիմն. ախտանշանը (լսողության թուլացումը) պահպանող. բուժման մեթոդներով վերացնել չի հաջողվում: Ուստի բուժման հիմն. մեթոդը մնում է վիրահատությունը, որի նպատակը ձայնային գրգիռները լսող. նյարդին հասնելու ճանապարհին եղած խոչընդոտների վերացումն է, այսինքն՝ ասպանդակի շարժունության վերականգնումը. եթե դա չի հաջողվում, ասպանդակը փոխարինում են պրոթեզով: Լսողությունը վերականգնվում է վիրահատությունից անմիջապես հետո: Արդեն վիրահատ. սեղանին նա լսում է վիրաբույժի ցուցումները, սարքերի աղմուկը, ճիշտ պատասխանում է հարցերին: Սակայն վիրաբուժ. միջամտությունն արդյունավետ է միայն այն հիվանդների համար, որոնց լսող. նյարդն ախտահարված չէ:

Լսողության թուլացման և ականջներում աղմուկի զգացողության ժամանակ հարկավոր է անհապաղ դիմել բժշկի:

ՕՐԳԱԶՄ, տես Սեռական կյանք հոդվածում:

ՕՐԳԱՆԻԶՄԻ ԿՈՓՈՒՄ, օրգանիզմի կայունության բարձրացումը կլիմայական ոչ բարենպաստ ներգործությունների (օդի բարձր և ցածր ջերմաստիճաններ, արևի ճառագայթում, մթն. ճնշում ևն) նկատմամբ:

Բնակարանի, հագուստի, տրանսպորտի և կյանքի արդի այլ հարմարավետ պայմանները փոքրացնում են եղանակի փոփոխության ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, նվազեցնում նրա կայունությունը օդերևութաբան. գործոնների հանդեպ: Օ.կ., լինելով ֆիզ. դաստիարակության կարևոր մաս, վերականգնում է այդ կայունությունը:

Օ.կ. հիմնվում է շրջակա միջավայրի փոփոխվող պայմանների նկատմամբ մարդու օրգանիզմի հարմարվելու հատկության վրա (տես Հարմարվողականություն): Կոփման լավ արդյունք է ստացվում որևէ գործոնի (ցուրտ, տաք ևն) մշտ., բազմակի ազդեցության և այն աստիճանաբար մեծացնելու դեպքում, միայն այդ պայմաններում են օրգանիզմում առաջանում հարմարվող. փոփոխություններ՝ կատարելագործվում են նյարդահումորալ և նյութափոխանակության գործընթացները, բարձրանում է ընդհանուր դիմադրողականությունը շրջակա միջավայրի ոչ բարենպաստ գործոնների ազդեցության հանդեպ: Օ.կ. ունի առանձնահատուկ բնույթ, այն որոշվում է միայն որոշակի ֆիզ. գործոնի ազդեցության հանդեպ օրգանիզմի զգայնության աստիճան. իջեցմամբ: Այսպես, մշտ. չափավորված ցրտի ազդեցությունը բարձրացնում է կայունությունը հիմնականում ցածր ջերմաստիճանի հանդեպ, իսկ ջերմայինը՝ բարձրի: Օ.կ. ցրտի հանդեպ չի երաշխավորում կայունության զարգացումը տաքի կամ ցածր մթն. ճնշման հանդեպ ևն: Կոփման արարողությունները դադարեցնելիս կոփվածության աստիճանը թուլանում է, և սովորաբար 1-1,5 ամիս անց կայունությունը որևէ ֆիզ. գործոնի հանդեպ անհետանում է:

Գործնականում կարևոր է Օ.կ. ցրտի հանդեպ, քանի որ գերսառեցումը սուր շնչառական հիվանդությունների առաջացման նախատրամադրող գործոններից մեկն է: Ցրտի հանդեպ օրգանիզմը կոփելու համար սառեցման աստիճանն աստիճանաբար մեծացվում է: Ցրտին հարմարված մարդկանց օրգանիզմում ջերմագոյացումը տեղի է ունենում ավելի ուժգին, որն ապահովում է մաշկի ավելի լավ արյան մատակարարումը և բարձրացնում է կայունությունը վարակիչ հիվանդությունների ու ցրտահարումների հանդեպ: Ցրտի հանդեպ զգայնությունը նվազում է նաև մաշկի եղջերաշերտի որոշ հաստացման հաշվին, որը մեծացնում է դրա ջերմամեկուսիչ հատկությունները: Ցրտին չհարմարված մարդկանց մարմնի նույնիսկ սահմանափակ հատվածների սառեցումը, ինչպես և ընդհանուր գերսառեցումը, հանգեցնում են քթի լորձաթաղանթի անոթների լայնացման, այնտեղից հեղուկի արտազատման շատացման և կարող են առաջացնել վերին շնչուղիների սուր կատառ: Իսկ կոփված մարդկանց օրգանիզմում վերին շնչուղիների լորձաթաղանթի նման հակազդեցություն չի նկատվում, որը բացատրվում է ցրտի հանդեպ կոփված և չկոփված մարդկանց ռեֆլեքսային, անոթային հակազդեցությունների տարբեր բնույթով: Ցրտի հանդեպ կարելի է կոփվել արևի, օդի (տես Օդային և արևային լոգանքներ) և ջրի (տես Ջրային բուժարարողություններ) արդյունավետ օգտագործմամբ: Առավել առողջարար են ջրային բուժարարողությունները շփումները, ջրցողումները, ցնցուղումը, լողանալը, որոնք պետք է սկսել սենյակային ջերմաստիճանի ջրով՝ այն աստիճանաբար նվազեցնելով, իսկ արարողության տևողությունը մեծացնելով:

Օդի բարձր ջերմաստիճանի դեպքում օրգանիզմի գերտաքացման վտանգ է առաջանում, որն անսովոր երևույթ է (տես Ջերմահարություն): Ջերմության բազմակի և տևական ազդեցության հետևանքով կայունությունն օդի բարձր ջերմաստիճանի հանդեպ մեծանում է, բարձրանում է ջերմատվությունը քրտնարտադրության ուժեղացման հաշվին: Բարձր ջերմաստիճանի հանդեպ կոփված մարդկանց ջերմատվության լավացումն ապահովում է անոթազարկի չափավոր հաճախացումը շոգ կլիմայի պայմաններում աշխատելու ընթացքում, աշխատունակության պահպանումը նախկին մակարդակում:

Ցածր մթն. ճնշման հանդեպ Օ.կ-ման համար հաճախ կիրառվում է լեռներ բարձրանալը և այնտեղ մնալը, դա կատարվում է աստիճան. հարմարվողականության մեթոդով, երբ լեռնագնացների տարբեր բարձրություններում եղած ճամբարներում ապրում են և մարզվում՝ սկսելով առավել ցածր վայրից (տես Ալպինիզմ):