Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/751

Այս էջը հաստատված է

Օ.կ-ման ռեժիմը սահմանում է բժիշկը՝ հաշվի առնելով տարիքը, անհատ. առանձնահատկությունները և առողջ. վիճակը: Հիվանդության նշաններ ի հայտ գալուն պես կոփումը պետք է ժամանակավորապես դադարեցնել, առողջանալուց հետո՝ նորից վերսկսել սկզբն. շրջանից:

Կոփումը տարեց հասակում կատարվում է զգուշությամբ և բժշկի խիստ հսկողությամբ: Այդ տարիքում անհրաժեշտ է հաշվի առնել հարմարվող. հնարավորությունների նվազումը ֆիզ. գրգռիչների ազդեցության հանդեպ և բուժարարողություններից հետո ֆիզիոլոգ. ֆունկցիաների դանդաղ վերականգնումը: Առավել գերադասելի են օդային լոգանքները շինություններում, պատշգամբներում, ծառերի ստվերում կամ վրանածածկի տակ (ամռանը), զբոսանքները թեթև հագուստով ևն: Արևի ճառագայթումից ավելի լավ է օգտվել արևաօդային ցրված լոգանքների ձևով: Ֆիզ. վարժություններն ավարտել ջրային բուժարարողություններով՝ շփումով, ջրցողումով կամ ցնցուղումով, իսկ շոգ եղանակին սահմանափակ տևողությամբ լողանալ ջրում՝ 20-22°C ջերմաստիճանի պայմաններում:

Երեխաների կոփումը նպաստում է առողջ սերնդի դաստիարակմանը: Երեխաները շատ զգայուն են մաքուր օդի անբավարարության հանդեպ: Երկար ժամանակ գտնվելով վատ օդափոխված սենյակում՝ նրանք դառնում են թույլ, գրգռված: Խանգարվում է քունը, վատանում ախորժակը, նկատվում են գլխացավեր, սրտխառնոց, առաջանում է սակավարյունություն: Վաղ տարիքի երեխաների հարմարումը շրջակա միջավայրի ֆիզ. գործոնների հանդեպ մշակվում է աստիճանաբար, քանի որ նրանց պաշտպան. հակազդեցությունները թույլ են զարգացած: Տարիքի հետ տեղի է ունենում կենտր. նյարդային համակարգի զարգացում և տարբերակում, կատարելագործվում են օրգանիզմի ֆունկցիոնալ, այդ թվում ջերմակարգավորման համակարգերը, որն առանձնապես կարևոր է Օ.կ-ման համար: Երեխայի կոփումը սկսում են նրա կյանքի 1-ին օրերից և կատարում են մշտապես, զգուշորեն՝ հաշվի առնելով, որ նրա որոշ օրգաններ ու համակարգեր ֆունկցիոնալապես դեռ չեն զարգացել: Թերսնմամբ, ռախիտով, քրոնիկ. հիվանդություններով տառապող թույլ երեխաներն ավելի կարիք ունեն կոփման, բուժարարողությունների: Սակայն կոփման միջոցների օգտագործումը նրանց առողջացման համար պահանջում է հատուկ մոտեցում: Մաքուր օդը բարերար ազդեցություն է ունենում բոլոր հիվանդությունների դեպքում, այն լայնորեն օգտագործվում է ցերեկային քնի ժամանակ: Առանձնապես անհրաժեշտ է մաքուր օդում գտնվելը (թե՛ ամռանը և թե՛ ձմռանը) արյան շրջանառության ու շնչառության օրգանների հիվանդությունների (բնածին սրտի արատներ, ռևմատիզմ, քրոնիկ. թոքաբորբ, բրոնխային հեղձուկ) դեպքերում, որոնց ժամանակ խանգարվում է գազափոխանակությունը: Ընդհանուր օդային լոգանքները շինություններում, կախված երեխայի ինքնազգացողությունից, պետք է կրճատել և սահմանափակվել հագուստը փոխելիս մարմնի կարճատև մերկացումով:

Լուսաօդային և արևային լոգանքները պետք է խիստ չափավորել, երեխաները դրանք ընդունում են պառկած վիճակում՝ որոշակի ժամանակ անց շրջվելով: Թույլ և հիվանդ երեխաներին հիմնականում նշանակվում են թույլ ազդող ջրային բուժարարողություններ՝ լվացում, խոնավ շփումներ, ոտնաթաթերի ջրցողումներ: Ջրի ջերմաստիճանը ելակետայինից (35-36°C) իջեցնում են ավելի դանդաղ, և երբ երեխայի ընդհանուր վիճակը լավանում է, այն հասցնում են առողջների համար հանձնարարվող մակարդակին: Բորբոքահեղուկալորձենաբորբային նախատրամադրվածությամբ տառապող երեխաներին (մաշկի արտահայտված փոփոխություններով) ջրով շփում են միայն մաշկի չախտահարված հատվածները:

Մարմնի ջերմաստիճանի բարձրացումով ուղեկցվող սուր հիվանդությունների ժամանակ կոփման բուժարարողությունները պետք է դադարեցնել: Առողջանալուն զուգընթաց, հաշվի առնելով երեխայի օրգանիզմի անհատ. առանձնահատկությունները, վերականգնվում է կոփման բուժարարողությունների կատարման կարգը, որը խորհուրդ է տրվում առողջ երեխաների համար: Տարբեր տարիքի երեխաների Օ.կ-ման առանձնահատկությունները տես Կրծքի երեխա, Մսուրային տարիք, Նախադպրոցական տարիք, Դպրոցական տարիք հոդվածներում:

ՕՐԹՈՊԵԴԻԱԿԱՆ ԿՈՇԻԿ, տես Կոշիկ հոդվածում:

ՕՐԹՈՊԵԴԻԱԿԱՆ ՍԱՐՔԵՐ, հենաշարժ. օրգանների կորցրած կամ թուլացած ֆունկցիայի վերականգնման, դյուրացման, ինչպես նաև այդ օրգանների արատների շտկման հատուկ սարքեր: Կիրառվում են հենաշարժ. օրգանների բազմապիսի հիվանդությունների, հենաշարժ. ապարատի վնասվածքներից առաջացած բարդությունների դեպքերում: Օ.ս. նշանակում է օրթոպեդը կամ վնասվածքաբանը, որի հսկողությամբ հիվանդին սովորեցնում են նաև օգտվել սարքից:

Կան տարբեր նպատակների համար նախատեսված բազմապիսի Օ.ս.: Մարմնի տվյալ մասի ձևով մոդելավորված, աշխատանքային վիճակում վերջույթը կամ իրանը կիպ գրկող կոշտ կամ կիսակոշտ սարքերն իրենց վրա են ընդունում ոսկրահոդային ապարատի վրա ընկնող ծանրաբեռնվածության մի մասը, դրանց անվանում են սևեռող սարքեր կամ թութորներ (նկ. 1): Օ.u-ի այս տեսակին է պատկանում ողնաշարի հիվանդությունների բուժման համար նախատեսված իրանակալների մեծ մասը: Ստորին վերջույթների պակասող մասերը լրացնող պրոթեզները հնարավորություն են տալիս քայլելիս վերականգնել հենումը, վերին վերջույթների պրոթեզները՝ այդ վերջույթների ձևերը, իսկ երբեմն էլ՝ գործունեությունը: Վերջույթների, ողնաշարի ձևախախտումները կանխարգելելու կամ շտկելու համար կան ուղղող Օ.u. (նկ. 2): Ձևախախտումները դանդաղ և մշտապես ուղղելու համար վերջիններն ունեն առաձգական (ռետինե կամ զսպանակային)