ձգաձողեր: Բեռնաթափող O.u. (նկ 3) իրենց վրա են ընդունում մարմի քաշի մի մասը: Դրանցից են ստորին վերջույթները բեռնաթափող, նստաթմբի վրա հենվող սարքերը:
O.u-ի հիմն. տարրը վերջույթը կամ նրա մասն ընդգրկող կաշվե կամ պլաստմասսայե պարկուճն է: Նույն սարքում պարկուճներն իրար են միանում հոդերի բարձրությամբ անցնող հոդակապերով կամ առանց հոդակապերի մետաղե թիթեղներով: 1-ին դեպքում հոդերում հնարավոր է կատարել շարժումներ, օրինակ՝ ազդրի և սրունքի սարքերում շարժել ծնկահոդը: Հոդակապերի շարժունակությունը կարելի է դադարեցնել փականի օգնությամբ:
O.u. պատրաստում և նորոգում են պրոթեզաօրթոպեդ. հատուկ ձեռնարկություններում: O.u-ից օգտվելիս (հատկապես 1-ին անգամ) մաշկի վրա կարող են առաջանալ հարուկներ, կոշտուկներ, խոցեր, որոնք անհրաժեշտ է ժամանակին վերացնել: Երբեմն դրանք առաջանում են Օ.ս-ի չափերը ճշտորեն չպահպանելուց: Բոլոր դեպքերում բարդացումների մասին հարկավոր է խորհրդակցել օրթոպեդի հետ: Մաշկի հարուկը կանխելու համար ոտքի վրա՝ սարքի տակ, հագնում են հատուկ գուլպա: Աճող երեխաների Օ.ս. հարկավոր է ավելի հաճախ փոխել, քան մեծերինը, մանավանդ, եթե դրանք չունեն չափերը մեծացնող հատուկ շարժ. հանգույց:
Հարկավոր է հիշել, որ Օ.ս. կրելը, մկանները պարկուճով մշտապես սեղմվելուց, հանգեցնում է սարքերի տակ մկանների որոշակի ապաճման (թուլացում և նիհարում): Ուստի ամեն օր սարքը հագնելուց առաջ և հանելուց հետո հարկավոր է մերսել մկանները և բժշկի խորհրդով կատարել դրանք ամրացնող հատուկ բուժ. մարմնամարզություն: Մերսումն ու մարմնամարզությունը հատկապես անհրաժեշտ են Օ.ս. կրող երեխաներին, որոնց համար բուժ. այս գործողությունները, որպես կանոն, պետք է կատարեն ծնողները: Քերծվածքների, հարուկների դեպքում մերսումը հակացուցված է: Օ.ս-ի խնամքը. մեքենայի յուղով հոդակապերը յուղել, կաշվե մասերը թրջվելուց (որից դրանք ձևախախտվում են) պահպանել և մաշված մեքենամասերը ժամանակին փոխել:
ՕՐԽԻՏ, տես Ամորձաբորբ:
ՕՐՆԻԹՈԶ, տես Թռչնախտ:
ՖԱՐԻՆԳԻՏ, տես Ըմպանաբորբ:
ՖԵՐՄԵՆՏՆԵՐ, խմորիչներ, էնզիմներ, առանձնահատուկ սպիտակուցներ, որոնք օրգանիզմում կատարում են կենսբ. կատալիզատորների ֆունկցիա՝ արագացնում են տարբեր քիմ. ռեակցիաների ընթացքը:
Ֆ. առկա են բոլոր կենդանի բջիջներում: Դրանք կատալիզում են կենսական գործընթացներում ընթացող բոլոր ռեակցիաները: Շնչառությունը և սրտի աշխատանքը, բջիջների աճումն ու բաժանումը, մկանային կծկումը, սննդի մարսումն ու յուրացումը, բոլոր կենսբ. նյութերի, այդ թվում Ֆ-ի սինթեզն ու քայքայումը պայմանավորված են որոշակի ֆերմենտային համակարգերի արագ և անխափան ազդեցությամբ: Այսպիսով, բջիջներում և օրգաններում տեղակայված ֆերմենտային ռեակցիաների ամբողջությունը կազմում է օրգանիզմի կենսագործունեության մոլեկուլային հիմքը:
Ի տարբերություն քիմ. կատալիզատորների՝ Ֆ. ազդում են որոշակի նյութի կամ խիստ որոշակի քիմ. կապի վրա: Օրինակ՝ լակտազ ֆերմենտը ճեղքում է միայն կաթնաշաքարը՝ առաջացնելով խաղողաշաքար և գալակտոզ, իսկ ամիլազը ներգործում է բազմաշաքարների վրա՝ առաջացնելով գլիկոգեն և օսլա (տես Ածխաջրեր): Ֆ-ի խիստ յուրատիպությունն ունի կարևոր կենսբ. նշանակություն: Դրանց ազդեցությունից բարդ նյութերը հաջորդաբար ճեղքվում են ավելի պարզերի, որոնք ներծծվում են աղիքներում կամ հեռացվում օրգանիզմից: Օրինակ՝ սննդի սպիտակուցները սկզբում սպիտալուծիչ Ֆ-ով (պեպսին, տրիպսին, քիմոտրիպսին) ճեղքվում են պոլիպեպտիդային բնույթի խոշոր հատվածների: Վերջիններս պեպտիդազ Ֆ-ի ազդեցությամբ աղիքներում ճեղքվում են մինչև ամինաթթուների, որոնք ներծծվում են արյան մեջ ու տարվում տարբեր օրգաններ՝ օգտագործվելով տվյալ օրգանիզմին բնորոշ սպիտակուցների սինթեզի համար:
1-ին ֆերմենտային պատրաստուկը (գարու ծիլերի մզվածքը, որը նպաստում է օսլայի փոխարկմանը շաքարի) ստացել է (1814) Կ. Կիրխհոֆը:
Երկար ժամանակ չէր հաջողվում Ֆ. անջատել առանձին նյութերի ձևով, և դրանց քիմ. բնույթը մնում էր անհայտ: 1920-ական թթ. ամեր. կենսաքիմիկոսներ Ջ. Սամները և Ջ. Նորթրոպն 1-ինը ստացան ուրեազ և պեպսին Ֆ.՝ բյուրեղական վիճակում, որով վերջնականապես ապացուցվեց Ֆ-ի սպիտակուցային բնույթը: Հայտնի ավելի քան 1500 Ֆ-ից գրեթե 100-ը ստացվել են բյուրեղական (առավել մաքուր) վիճակում:
Մյուս սպիտակուցների նման Ֆ. նույնպես կազմված են ամինաթթուներից, որոնց մնացորդները յուրաքանչյուր ֆերմենտի մոլեկուլում որոշակի հաջորդականությամբ միացած են պոլիպեպտիդային շղթայում, որտեղ ամինաթթուների հաջորդման կարգը և քանակը յուրահատուկ են յուրաքանչյուրի համար:
Ֆ. լինում են պարզ (բաղկացած միայն սպիտակուցից) և բարդ: Բարդ Ֆ-ի մոլեկուլը կազմված է սպիտակուցային բաղադրիչից (ապոֆերմենտ) և ոչ սպիտակուցային մասից (պրոսթետիկ կամ ակտիվ խումբ): Եթե վերջինս հեշտորեն անջատվում է ապոֆերմենտից, կոչվում է կոֆերմենտ: Կոֆերմենտներ կարող են լինել ածխաջրերը, նուկլեոտիդները, տարբեր մետաղների իոնները և այլ միացություններ, ինչպես նաև վիտամինները կամ դրանց ածանցյալները: Վիտամինային անբավարարության դեպքում խանգարվում է շատ Ֆ-ի գործունեությունը, որը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության խախտման:
Ֆ-ի ազդեցությունը պայմանավորված է մի շարք գործոններով, առավել կարևոր են ջերմաստիճանը և միջավայրի ռեակցիան (pH-ի մեծությունը): Ֆ-ի ակտիվության լավագույն ջերմաստիճանը 40-60°C է: Ավելի բարձր կամ ցածր ջերմաստիճաններում ֆերմենտային ռեակցիաները դանդաղում են և դադարում: Բարձր ջերմաստիճանում Ֆ., որպես կանոն, բնազրկվում են և կորցնում ակտիվությունը: Սակայն որոշ Ֆ. (օրինակ՝ ռիբոնուկլեազը, միոկինազը) դիմանում են մինչև 100°C տաքացմանը: Մարդու և տաքարյուն կենդանիների մեծամասնության համար Ֆ-ի գործունեության լավագույն ջերմաստիճանը 37—38°C է:
Շատ Ֆ. ակտիվ են միջավայրի չեզոք ռեակցիայի պայմաններում (pH-ը մոտ 7,0): Թթվային և հիմնային միջավայրում դրանք կորցնում են իրենց ակտիվությունը (ապաակտիվանում են): Բացառություն են կազմում պեպսինը, որոշ հյուսվածքային սպիտալուծիչ Ֆ. (օրինակ՝ կատեպսին D) ևն, որոնք ազդում են թթվային միջավայրում