Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/754

Այս էջը հաստատված է

կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումների ուսումնասիրությամբ: Հակատուբերկուլոզային ծառայությունը Հայաստանում կազմակերպվել է Գ. Սաղյանի նախաձեռնությամբ. Դիլիջանում 1921-ին բացվել է 1-ին հակատուբերկուլոզային առողջարանը, 1926-ին՝ հակատուբերկուլոզային, 1927-ին՝ Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերները: 1929-ին Ռ. Գյանջեցյանի ջանքերով Երևանում կազմակերպվել է հանրապետ. հակատուբերկուլոզային դիսպանսերը: 1936—40-ին գործել է տուբերկուլոզի հանրապետ. ԳՀԻ: 1963-ին Բժիշկների կատարելագործման ինստ-ում (1997-ից՝ Ազգային առողջապ-յան ինստ.), իսկ 1967-ին՝ ԵԲԻ-ում (1995-ից՝ ԵՊԲՀ) ստեղծվեցին Ֆ-ի ամբիոններ, որոնց կլինիկ. հենակետը 1967-ից հանրապետ. հակատուբերկուլոզային դիսպանսերն է՝ ստացիոնարով (ք. Աբովյան):

Ուսումնասիրվել են տուբերկուլոզի (մասնավորապես նրա թոքային ձևերի) վաղ հայտնաբերման, կանխարգելման և բուժման հարցերը, Դիլիջան առողջավայրում տուբերկուլոզով հիվանդների բուժման արդյունքները (Գ. Սաղյան): Պարզվել են Դիլիջան և Գյուլագարակ առողջավայրերում տուբերկուլոզով հիվանդների բուժման ցուցումներն ու հակացուցումները (Ռ. Գյանջեցյան): Աշխատանքներ են կատարվել Ստեփանավանի շրջանում տուբերկուլոզի վերացման, Ստեփանավանն առողջավայր դարձնելու ուղղությամբ (Ա. Հակոբյան): Պարզվել են տուբերկուլոզով վարակված և չվարակված մեծահասակների ԲՑԺ-վակցինացման նպատակահարմարության և արդյունավետության հարցերը (Գ. Կարապետյան): Մշակվել և 1956-ին ՀՀ-ում 1-ին անգամ կիրառվել է (Է. Կարապետյան) թոքերի մասնահատման վիրահատությունը՝ թոքերի տուբերկուլոզի տարբեր ձևերի ժամանակ: Զբաղվել են (Ալ. Կայծակով) թոքերի տուբերկուլոզով և ուղեկցող ստամոքսաղիքային հիվանդություններով տառապողների, ինչպես նաև տուբերկուլոզի ախտորոշման, բուժման և կանխարգելման (Ե. Ստամբոլցյան), տուբերկուլոզի արտաթոքային տեղակայումների, մասնավորապես ոսկրահոդային տուբերկուլոզի (Ֆ. Յաղուբյան) բուժման հարցերով:

Աշխատանքներ են կատարվում թոքերի տուբերկուլոզի ժամանակ լիպիդային և սպիտակուցային փոխանակության, ՀՀ-ում տուբերկուլոզի համաճարակաբանության և հակատուբերկուլոզային պատրաստուկների արդյունավետության ուսումնասիրության բնագավառում (Մ. Սաֆարյան):

ՖԻԲՐՈՄԱ, տես Թելքուռուցք:

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ, հիմն. միջոցները ֆիզ. վարժություններն են՝ մկանային շարժումների հատուկ ընտրված համալիրներ, որոնք կիրառվում են օրգանիզմի ընդհանուր ամրապնդման, ֆիզ. զարգացման, սպորտով պարապելու համար՝ կյանքում անհրաժեշտ ունակություններ ձեռք բերելու նպատակով: Ֆիզ. վարժություններն օգտագործում են հիվանդ և թուլացած մարդկանց առողջությունը վերականգնելու համար (տես Բուժական ֆիզկուլտուրա): Ֆ.կ-ի միջոցներից է նաև օրգանիզմի կոփման նպատակով բնության բնական գործոնների՝ արևի, օդի և ջրի օգտագործումը: Ֆ.կ. կիրառվում է մարմնամարզության, սպորտի տարբեր տեսակների, զբոսաշրջության, շարժուն մարզական խաղերի և այլ ձևերով:

ՀՀ կառավարությունը բոլոր միջոցներով խրախուսում է զանգվածային Ֆ.կ-ի և սպորտի զարգացումը, օգնում դրանք ամենօրյա կենցաղում ներդնելու համար:

Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր մարդ երիտասարդ տարիքից հոգ տանի իր ֆիզ. կատարելագործման մասին, գիտելիքներ ունենա հիգիենայի և բժշկ. օգնության վերաբերյալ, առողջ կենսակերպ վարի: ՀՀ-ում գործում են մարզադաշտեր, լողավազաններ, մարզահրապարակներ և այլ կառույցներ: Ամեն տարի այդ նպատակով պետությունը միջոցներ է հատկացնում: 1999-ի օգոստոսին Երևանում մեկնարկեցին Համահայկական 1-ին խաղերը, որոնց մասնակցում էին աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ հայ մարզիկներ:

Ֆիզ. դաստիարակության գլխ. սկըզբունքներից մեկը առողջարար. ուղղվածությունն է, որն ապահովվում է Ֆ.կ-ի ողջ էությամբ ու կազմակերպվածությամբ, մասնավորապես, պարտադիր բժշկական հսկողությամբ: Ֆիզ. դաստիարակությունը կառուցվում է միասնական, յուրաքանչյուր տարիքային խմբի համար բժշկ. տեսակետից գիտականորեն հիմնավորված համակարգի հիման վրա՝ Ֆ.կ-ի տարբեր միջոցների օգտագործման հաջորդականության պահպանմամբ: Մշակված է կրծքի և մսուրային, նախադպրոց., դպրոց. տարիքի երեխաների ֆիզ. դաստիարակության համակարգ (տես Կրծքի երեխա, Մսուրային տարիք, Նախադպրոցական տարիք, Դպրոցական տարիք): Բոլոր բարձրագույն և միջնակարգ մասնագիտ ուս. հաստատություններում ֆիզ. դաստիարակությունն իրականացվում է պետ. ծրագրով և կազմում է միասնական ուսումնադաստիարակչ. գործընթացի անբաժանելի մասը: ՀՀ ազգային բանակում Ֆ.կ. անձնակազմի մարտ. պատրաստականության կարևորագույն մասն է: Ընտանիքը ևս պետք է նպաստի երեխաների ֆիզ. դաստիարակությանը, նրանց մեջ ամրապնդի Ֆ.կ-ով կանոնավոր զբաղվելու սովորույթ և սեր հանգստի ակտիվ ձևերի նկատմամբ: Ֆ.կ. և սպորտն ավելի խորը պետք է թափանցեն հայ մարդու ամենօրյա կենցաղ և դառնան նրա կյանքի անբաժանելի մասը:

Ֆիզ. վարժությունները և սպորտն ամրապնդում են երեխաների առողջությունը, նպաստում նրանց ճիշտ զարգացմանը: Մտավոր, նյարդային մեծ բեռնվածությունները, որոնք չեն համակցվում համապատասխան ֆիզ. բեռնվածություններով, ծայրահեղ անբարենպաստ են ազդում երեխաների և անչափահասների առողջության վրա: Ֆ.կ-ով և սպորտով կանոնավոր պարապելը բոլոր տարիքներում բարձրացնում է շրջակա միջավայրի և վարակի նկատմամբ օրգանիզմի բնական դիմադրողականությունը: Գիտ. դիտարկումներն ապացուցում են, որ կանոնավորապես ֆիզ. վարժություններով զբաղվող մարդիկ, որոնք պահպանում են անձն. հիգիենայի կանոնները, ավելի հազվադեպ են հիվանդանում, ավելի լավ են աշխատում, ավելի երկար են ապրում:

Ֆ.կ-ով և սպորտով պարապելը հատկապես մեծ նշանակություն է ձեռք բերում մեքենաների դարում, երբ մկանային գործունեությունը դուրս է մղվում տեխնիկայի կիրառմամբ: Ֆ.կ. կանխում է ախտաբան. և նախաախտաբան. այն փոփոխությունները, որոնց առաջացման մեջ դեր է խաղում անբավարար շարժող. ակտիվությունը (տես Թերշարժունություն):

Բուժ. նպատակներով Ֆ.կ-ի կիրառումը հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, առողջարանային հիմնարկներում՝ հենաշարժ. ապարատի, սիրտանոթային և շնչառ. համակարգերի, նյութափոխանակության խանգարումների ժամանակ, հետվիրահատ. շրջանում բարձրացնում է համալիր բուժման արդյունավետությունը, նպաստում բարդացումների կանխարգելմանը, արագացնում առողջացումը և աշխատունակության վերականգնումը: Ֆ.կ. հիվանդների առողջության վերականգնման միջոցառումների բաղադրիչներից մեկն է:

Ֆ.կ-ի բնագավառի ողջ աշխատանքը կառուցվում է գիտ. հիմքերի վրա՝ օգտագործելով մարզ. բժշկության և բուժ. ֆիզկուլտուրայի գիտ. նվաճումները: Առողջապահությունը և Ֆ.կ. անխզելիորեն կապված են միմյանց և կոչված են լուծելու