Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/756

Այս էջը հաստատված է

օպտիկայի օգնությամբ, ֆլուորագրի վրա պատկերը, ռենտգենյանի համեմատ, փոքրացած է: Դրա հետ կապված՝ ֆլուորագրի թողունակությունը (մանրամասները նկատելի դարձնելու ունակությունը) ավելի փոքր է, քան սովոր. ռենտգենագրինը, բայց փոքր ինչ ավելին է, քան լուսարկող էկրանի պատկերինը (ռենտգենադիտման ժամանակ): Զանգվածային հետազոտության ժամանակ Ֆ. թոքերի և սրտի մի շարք հիվանդությունների հայտնաբերման առավել արդյունավետ մեթոդներից է, որի համար կանխարգելիչ միջոցառումների համակարգում Ֆ-յանը մեծ Նշանակություն է տրվում: Աշխատանքի ընդունվելիս և հետագայում 6 ամիսը 1 անգամ պարտադիր Ֆ-ական հետազոտության են ենթարկվում՝ 1. մանկ. հիմնարկների, ինչպես նաև հիվանդանոցների մանկ. և ծննդատների մանկ. բաժանմունքներում աշխատողները, որոնք անմիջականորեն կապված են երեխաների սպասարկման և սննդի հետ, 2. դպրոցների, երեխաների ու դեռահասների դաստիարակչ. այլ հիմնարկների մանկավարժները, դաստիարակներն ու տեխ. անձնակազմը:

Աշխատանքի ընդունվելիս և հետագայում տարին 1 անգամ հետազոտության ենթակա են՝ 1. սննդի ձեռնարկություններում, հաս. սննդի օբյեկտներում աշխատողները, սննդամթերքի պատրաստմամբ, ինչպես նաև պահպանմամբ, տեղափոխմամբ ու վաճառքով զբաղվողները, 2. բուժկանխարգելիչ հիմնարկներում աշխատողները, 3. դեղատներում դեղորայք պատրաստողները և բաժնեծրարավորողները, 4. բնակչության սանհիգիենային սպասարկման ձեռնարկությունների աշխատողները, 5. հանրակացարաններում, մարզ. կառույցներում աշխատողները, 6. մանկ. խաղալիքներ արտադրողները և վաճառողները, մանկ. գրադարաններում աշխատողները:

Ամեն տարի պարտադիր կարգով Ֆ-ական հետազոտության են ենթարկվում բարձր դասարանների աշակերտները (12 տարեկանից սկսած), միջին և բարձրագույն ուս. հաստատությունների ուսանողները: Բացի այդ, Ֆ-յան ենթակա են նախազորակոչիկները և զորակոչիկները, ինչպես նաև ուսումնարանների և բուհերի դիմորդները, առողջարան ու հանգստյան տուն մեկնողները: Թոքի քաղցկեղի բարձր ռիսկով անձանց (տարեց ծնողներ, թոքերի քրոնիկ. հիվանդություններով տառապողներ) և կաթնագեղձի քաղցկեղով հիվանդանալու բարձր ռիսկով կանանց ամենամյա կանոնավոր Ֆ. հնարավորություն է տալիս այդ հիվանդությունները հայտնաբերել վաղ շրջանում և ժամանակին բուժել:

Հիվանդանոցային Ֆ-ական սարքերից բացի գոյություն ունեն նաև շարժ. սարքեր, որոնք հնարավորություն են տալիս բանվորներին, ուսանողներին հետազոտել աշխատավայրում կամ ուս. հաստատությունում: Հատուկ փոքրածավալ արկղերում տեղադրված շարժ. Ֆ-ական սարքը հնարավոր է ուղղաթիռով հասցնել դժվարամատչելի և բարձրլեռնային շրջաններ: Այն հարմարեցնում են հատուկ վրաններում, այդ նպատակով առանձնացված շենքերում և նույնիսկ բաց երկնքի տակ: Ֆ-ական հետազոտությամբ հիվանդության որևէ ախտանշան հայտնաբերելիս հիվանդին ուղարկում են բուժհիմնարկ՝ լրացուցիչ հետազոտման և բուժման:

Ֆ-ական հետազոտությունը բացարձակապես վտանգավոր չէ մարդու համար, քանի որ ժամանակակից սարքերում ճառագայթային բեռնվածությունը հասցված է նվազագույնի:

ՖՈԼԻԿՈՒԼԻՏ, տես Մազապարկի բորբոքում:

ՖՈՒՏԲՈԼ, տարածված մարզախաղ գնդակով: Ընդգրկում է վազք (արագության և ուղղության հաճախակի փոփոխություններով), տարբեր ձևի ցատկեր, ոտքով և գլխով հարվածներ գնդակին, գնդակի համար պայքարի ուժային հնարքներ ևն: Ֆ. նպաստում է ամբողջ մարմնի, հատկապես ոտքերի և կոնքային գոտու մկանների զարգացմանը, ամրապնդում սիրտանոթային, շնչառ. համակարգերը, հենաշարժ. ապարատը: Բացի այդ, դաստիարակում է կամային հատկանիշներ, զարգացնում ուժ, արագություն, ճարպկություն, տոկունություն:

Մանկապատանեկան մարզադպրոցներում Ֆ-ի պարապմունքների համար երեխաներին ընդունում են 10 տարեկանից: Բայց քանի որ նրանք սեփական նախաձեռնությամբ ավելի վաղ են սկսում Ֆ. խաղալ, ուստի անհրաժեշտ է հոգալ հատուկ խաղահրապարակներ հարմարեցնելու մասին: Դա ավելի հեշտ է կազմակերպել մեծ բակերում, ինչպես նաև դպրոցներին կից խաղահրապարակներում ու ճամբարներում: Երեխաների և պատանիների խաղերը կարելի է անցկացնել պարզեցված կանոններով՝ ավելի փոքր խաղադաշտերում ու փոքր չափի գնդակով, կարճ տևողությամբ: Ֆ. խաղացողների և 1-ին հերթին երեխաների համար անհրաժեշտ է կանոնավոր բժշկական հսկողություն: Բժշկ. զննումները կարելի է անցկացնել հանրակրթ. դպրոցներին կամ շրջանային պոլիկլինիկաներին կից: Ֆ-ի պարապմունքները պետք է զուգակցվեն այլ մարզաձևերի, հատկապես լողի, թեթև աթլետիկայի, դահուկային սպորտի ևն հետ:

Խաղի կանոնները խախտելիս հաճախ առաջանում են վնասվածքներ՝ հատկապես ամորձապարկի, սրունքի ստորին մասի, ծնկահոդի ևն: Դրանց կանխարգելման համար անհրաժեշտ են հատուկ մարզահագուստ, ծնկակապեր և վահանիկներ:

ՖՈՒՐՈՒՆԿՈՒԼՈԶ, մաշկի թարախաբշտիկային հիվանդություն, բնորոշվում է բազմաթիվ ֆուրունկուլների (չիբաններ) առաջացմամբ: Ֆուրունկուլը մազապարկի (ֆոլիկուլ) և դրա հետ կապված ճարպագեղձի ու շրջապատող բջջանքի սուր թարախամեռուկային բորբոքում է, որի հարուցիչները թարախածին մանրէներն են՝ ստաֆիլոկոկերը: Ֆ-ի առաջացմանը նպաստում են մաշկի մշտ. անմաքրությունը և հագուստի հետ անընդհատ շփվելը (տես Հարուկ), մաշկի գրգռումը քիմ. նյութերով, քերծվածքները, քորվածքները և այլ մանր վնասվածքներ, ինչպես նաև մաշկի քրտնագեղձերի ու ճարպագեղձերի ֆունկցիայի ուժեղացումը, վիտամինային անբավարարությունը, նյութափոխանակության խանգարումները (տես Շաքարախտ), օրգանիզմի ցածր դիմադրողականությունը: Եզակի ֆուրունկուլը կարող է առաջանալ մաշկի մազածածկ մասի ցանկացած հատվածին, սակայն առավել հաճախ դրանք ի հայտ են գալիս պարանոցի (ծոծրակի շրջանում), դեմքի, գոտկատեղի վրա: Ֆուրունկուլի առաջացումն սկսվում է՝ ալ կարմիր, 0,5-2 սմ տրամագծով ցավոտ, պինդ հանգույցի ի հայտ գալով, որը կոնաձև բարձրանում է մաշկի վրա, 3-4-րդ օրը հանգույցի կենտրոնում գոյանում է փափուկ հատված՝ թարախային «գլխիկ»: Այնուհետև ֆուրունկուլը պատռվում է, տեղում