Էջ:Հանրամատչելի բժշկական հանրագիտարան (Popular medical encyclopedia).djvu/77

Այս էջը հաստատված է

ֆունկցիաների իրականացման գործում լրիվ բացահայտված են: Այսպես՝ ուղղակի (կենտրոնաձիգ) Ա. թուլացնում է հակադիր ֆիզիոլոգ. ֆունկցիա իրականացնող տարրերի դրդումը և նպաստում դրանց համաձայնեցված փոխներգործությանը: Որոշ մկաններ նյարդավորող նյարդային տարրերում ծագած դրդումը նպաստում է հակազդիչ-մկանների (օրինակ՝ հոդի ծալիչ և տարածիչ մկաններ) Ա-մանը: Կենտրոնախույս (արտատար) և միջադիր նեյրոնների հետադարձ նյարդային թելիկների համակարգի միջոցով իրականացող հետադարձ Ա. նպաստում է որևէ ֆունկցիոնալ խմբի նեյրոնների դրդման մակարդակի կայունացմանը:

Ա-ման, ինչպես նաև դրդման գործընթացները կարող են լինել պայմանառեֆլեքսային ծագման (տես Բարձրագույն նյարդային գործունեություն): Ռուս ֆիզիոլոգ Ի. Պավլովն առանձնացրել է արտաքին (անպայման), ներքին (պայման.) և հատուկ 1 տեսակ՝ պաշտպան. Ա-ներ: Վերջինս նպաստում է արտակարգ գրգիռներից կամ գերհոգնածությունից նյարդային համակարգի նախապահպանությանը: Ա-ման պաշտպանահարմարվող. ֆունկցիայի տեսությունը գործն. հետաքրքրություն է ներկայացրել բժշկագիտության համար: Մասնավորապես, հիմնավորվել է քնաբեր և հանգստացնող դեղանյութերի կիրառումը վնասվածքային շոկի, որոշ տեսակի նևրոզների բուժման համար:

ԱՐԵՎԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ, տես Ջերմահարություն հոդվածում:

ԱՐԵՎԱՅՐՈՒԿ, մաշկի թխացումը՝ վերնամաշկում մելանին գունակի ավելցուկային առաջացման հետևանքով: Տեղի է ունենում անդրամանուշակագույն ճառագայթների կամ լույսի արհեստ. աղբյուրների (սնդիկաքվարցային լամպեր ևն) ազդեցության տակ: Ա., որպես կանոն, օրգանիզմի վրա նշված ճառագայթների բարենպաստ ազդեցության արդյունք է, որի դեպքում առաջանում են կենսաբանորեն ակտիվ նյութեր և խթանում նյարդային ու ներզատիչ համակարգերի գործունեությունը, լավացնում նյութափոխանակությունը, բարձրացնում դիմադրողականությունը վարակիչ և այլ հիվանդությունների նկատմամբ: Դա կատարվում է ինչպես անդրամանուշակագույն ճառագայթների վարակազերծող ազդեցության հաշվին, այնպես էլ օրգանիզմի ոչ առանձնահատուկ ռեակտիվության բարձրացման հետևանքով: Նշված ճառագայթների ազդեցության տակ ճարպագեղձերի արտազատուկի կազմության մեջ մտնող էրգոստերինից առաջանում է վիտամին D, որն իր հերթին նպաստում է աղիքներից կալցիումի ներծծմանը: Վերջինս անհրաժեշտ է ոսկրային համակարգի (վիտամին D-ի անբավարարության դեպքում առաջանում է ռախիտ), արյան մակարդող համակարգի (տես Արյուն, արյունաստեղծ համակարգ), շատ ֆերմենտների բնականոն ակտիվության համար:

Ա. օրգանիզմի պաշտպան. հակազդեցություն է: Անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ խթանվում է վերնամաշկի (տես Մաշկ) հիմնային շերտի բջիջների աճումը, որտեղ կան մելանինով հարուստ հատուկ բջիջներ՝ մելանոֆորներ: Դրա հետ միաժամանակ տեղի ունեցող մաշկի եղջերաշերտի հաստացումը և ջերմային ճառագայթներ կլանելու մելանինի ունակությունն օրգանիզմը պաշտպանում են երկարալիք անդրամանուշակագույն ճառագայթներից (որոնց երկարատև ներգործությունը կարող է առաջացնել ենթամաշկային շերտի բջիջների ոչնչացում և արևային այրվածք), ինչպես նաև ենթակարմիր ճառագայթներից, որոնք գերտաքացման և արևահարության հիմն. պատճառներից են (տես Ջերմահարություն): Արևի ճառագայթներից պաշտպանության լրացուցիչ միջոց է քրտնարտադրությունը: Քրտինքի բաղադրիչ մասը՝ ուրոկանինաթթուն, ակտիվորեն կլանում է անդրամանուշակագույն ճառագայթները: Ա-ի պետք է ենթարկվել աստիճանաբար: 1-ին օրը արևի ուղղակի ճառագայթների տակ կարելի է մնալ 10-15 ր, հաջորդ օրերին այդ տևողությունն ավելացնել 5-10 ր-ով, առավելագույնը 1-1,5 ժ-ից չպետք է անցնի: Հավասարաչափ թխանալու համար մաշկին կարելի է քսել որևէ բուս. յուղ (դեղձի, ընկույզի ևն): Ա-ի համար ամենաբարենպաստ ժամանակն առավոտյան ժ 11-12-ն է: Արևի լոգանք ընդունելիս պետք է գլուխը ծածկել գլխաշորով կամ ծղոտե գլխարկով, դնել մուգ ապակիներով ակնոց: Արևի ճառագայթների ուղղակի ներգործությունից կարող է առաջանալ շաղկապենաբորբ: Ուտելուց անմիջապես հետո կամ քաղցած վիճակում չի կարելի մնալ արևի տակ, խիստ վնասակար է նաև քնելը: Չափից ավելի ճառագայթվելը, որքան կարելի է արագ թխանալը, բացի ընդհանուր հիվանդագին երևույթներից (տկարություն, գրգռվածություն, անքնություն, գլխացավ, ջերմաստիճանի բարձրացում, դող), կարող են առաջացնել նաև մաշկի այրվածք և արևահարություն: Մաշկի կայուն կարմրության (էրիթեմա) դեպքում այդ հատվածներին պետք է քսել մածուն, օդեկոլոն կամ օղի:

Ա. օգտակար է ոչ բոլորի համար: Տարեց մարդկանց, մինչև 2 տարեկան երեխաներին, հղի կանանց, ինչպես նաև թոքերի քրոնիկ. հիվանդություն (հատկապես՝ տուբերկուլոզ), սիրտանոթային համակարգի հիվանդություններ, նյարդաթուլություն, կարմիր գայլախտ ունեցող մարդկանց հակացուցված է երկար ժամանակ արևի տակ մնալը: Նշված դեպքերում պետք է պարտադիր խորհրդակցել բժշկի հետ: Երբեմն նկատվում է բարձր զգայնություն արևի ճառագայթների նկատմամբ, որը սովորաբար կապված է մաշկում մելանինի անբավարար քանակության կամ լրիվ բացակայության հետ: Այդպիսի մարդկանց մաշկը չի թխանում, այլ կարմրում է, և արագ այրվածք առաջանում: Բարձր զգայնությունը կարող է առաջանալ նաև հիվանդությունների հետևանքով լյարդի ֆունկցիայի խանգարման, ալկոհոլի չարաշահման, պորֆիրինային փոխանակության ժառանգ. խախտումների դեպքերում: Դա արտահայտվում է ճառագայթման ենթարկված մաշկի բաց հատվածների վրա այրոցի, կարմրության, այտուցի, բշտիկների և մաշկաբորբի այլ ախտանշանների առաջացմամբ: Բարձր զգայնության դեպքում չպետք է արևի տակ մնալ, անհրաժեշտ է հագնել բաց գույնի, թեթև կտորից կարված հագուստ, մաշկի բաց հատվածներին քսել պաշտպան. քսուքներ, օգտագործել հովանոց և ակնոց:

Որոշ մարդկանց մաշկում մելանին պարունակող բջիջներն անհավասար են բաշխված, և արևի տակ մնալուց առաջանում են պեպեններ: Նրանց խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ քսուքներ, իսկ անհավասար գունակավորումը փոքրացնելու համար մաշկի բաց հատվածները շփել կիտրոնի հյութով կամ մածունով: Տես նաև Օդային և արևային լոգանքներ:

ԱՐԹՐՈԶ, տես Հոդախտ:

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԵՐԻԿԱՄ, սարք՝ արյունը դիֆուզիայի և գերզտման (ուլտրաֆիլտրում) միջոցով նյութափոխանակության վերջն. արգասիքներից կամ օտարածին թունավոր նյութերից մաքրելու, ինչպես նաև ջրաէլեկտրոլիտային և թթվահիմնային հավասարակշռությունը շտկելու համար: Այն հնարավորություն է տալիս ժամանակավորապես փոխարինել երիկամների ֆունկցիան, պահպանել հոմեոստազը՝ ներքին միջավայրի (արյուն, ավիշ, հյուսվածքային հեղուկ) հարաբեր. շարժուն կայունությունը և դրանով բավարար պայմաններ ապահովել մարդու